Բշտիկային խցիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բշտիկային խցիկ՝ լիցքավորված տարրական մասնիկների (պրոտոններ, էլեկտրոններ, մեզոններ) հետքերը գրանցելու սարք։ Հիմնական մասը թափանցիկ հեղուկով (հեղուկ ջրածին, հելիում, ֆրեոն, քսենոն, պրոպան են) լցված անոթ է։ Գերտաքացման վիճակում գտնվող հեղուկում լիցքավորված իոնացնող մասնիկներն իրենց թռիչքի հետագծի երկայնքով ստեղծում են շոգեգոյացման կենտրոններ, որոնց առաջացրած բշտիկները հնարավոր է դիտել կամ նկարահանել։ Բշտիկային խցիկի հեղուկը տարրական մասնիկների համար ծառայում է որպես թիրախ և միջուկային բախումների կամ այլ փոխազդեցությունների դետեկտոր։ Գործնականում բոլոր բշտիկային խցիկները տեղադրվում են մագնիսական դաշտում, և մասնիկի իմպուլսը որոշվում է մասնիկի հետագծի կորության շառավղով։ Եթե մագնիսական դաշտը բացակայում է, ապա մասնիկի իմպուլսը որոշվում է կուլոնյան բազմապատիկ ցրմամբ։ Բշտիկային խցիկի առավելությունը Վիլսոնի խցիկից համասեռ և խիտ միջավայրում տարրական պրոցեսներն ուսումնասիրելու հնարավորությունն է։

Կիրառությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բշտիկային խցիկները մեծ կիրառություն ունեն արագացուցիչներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Բշտիկային խցիկը նախագծել է Դ․ Ա․ Գլեզերը (1952 թ)[1], ինչի համար ստացել է ֆիզիկայի նոբելյան մրցանակ[2]։ Բշտիկային խցիկների ստեղծման և կատարելագործման ուղղությամբ մեծ ավանդ ունեն նաև հայ գիտնականները (Արտեմ Ալիխանյան և ուրիշներ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Donald A. Glaser (1952)։ «Some Effects of Ionizing Radiation on the Formation of Bubbles in Liquids»։ Physical Review 87 (4): 665–665։ Bibcode:1952PhRv...87..665G։ doi:10.1103/PhysRev.87.665 
  2. «The Nobel Prize in Physics 1960»։ The Nobel Foundation։ Վերցված է 2009-10-03 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png