Բիոէթիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բիոէթիկա, գիտություն կենսաբանության և բժշկության մեջ առաջընթաց գրանցելիս ծագած էթիկական խնդիրների մասին։ Բիոէթիկան նաև բարոյագիտական տարակարգ է և առնչություն ունի առողջապահական քաղաքականության ու պրակտիկայի հետ։ Բիոէթիկան վերաբերում է այնպիսի էթիկական հարցերին, որոնք ծագում են բնական գիտությունների և բիոտեխնոլոգիայի, բժշկության և բժշկական էթիկայի, քաղաքականության, իրավունքի, կրոնագիտության և փիլիսոփայության միջև փոխհարաբերություններում[1]։ Այն իր մեջ ներառում է այնպիսի արժեքների ուսումնասիրությունը, որոնք վերաբերելի են բժշկական օգնության և սպասարկման տրամադրմանը և բժշկական գիտությունների այլ ճյուղերին (այլ խոսքով՝ ընդհանուր էթիկա)։ Էթիկան կապված է նաև այլ գիտությունների հետ, որոնք դուրս են կենսաբանական գիտությունների ուսումնասիրման առարկայից։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիոէթիկա եզրույթը (հունարենից bios նշանակում է կյանք, իսկ ethos վարքագիծ) առաջին անգամ ներմուծվել է գիտություն 1926 թվականին Ֆրինց Յարիի կողմից իր բիոէթիկական իմպերատիվի մասին հոդվածով, որը վերաբերում էր գիտական փորձերի ժամանակ կենդանիների և բույսերի օգտագործմանը[2]։ 1970 թվականին ամերիկացի բիոքիմիկոս Վան Ռենսելաեր Պոտերը օգտագործեց սույն տերմինը նկարագրելու համար բիոմթնոլորտի և բնակչության թվի աճի միջև եղած կապը։ Պոտերի աշխատությունը հիմք դրեց գլոբալ էթիկայի սկզբնավորմանը, որը գիտություն է կենսաբանության, էկոլոգիայի, բժշկության և մարդկային արժեքների միջև եղած փոխհարաբերությունների մասին[3][4]։

Սարգենտ Շրիֆերը՝ Յունիս Քենեդի Շրիֆերի կինը, պնդում է, որ «բիոէթիկա» տերմինն ինքն է հայտնագործել 1970 թվականին Մերիլենդի Բաթեսդայի իր տան հյուրասենյակում։ Նա նշում է, որ այդ տերմինի մասին սկսեց մտածել այն ժամանակ, երբ երեկոյան տուն վերադարձավ Ջորջթաունի համալսարանում տեղի ունեցած քննարկումից հետո, որտեղ քննարկման առարկա է դարձել Քենեդի ընտանիքի կողմից հնարավոր հովանավորությունը համալսարանում, որը կենտրոնացած էր բժշկության մեջ առկա երկընտրելի իրավիճակների նկատմամբ բարոյական փիլիսոփայության կիրառման վրա[4]։

Նպատակ և շրջանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիոէթիկայի բնագավառն ուղղված է մարդկային ուսումնասիրությունների լայն շրջանակին՝ սկսած մարդու կյանքի սահմաններին, փոխնակությանը, օրգանների փոխպատվաստումներին վերաբերող բանավեճերից մինչև բժշկական միջամտություններից հրաժարվելը կրոնական կամ մշակութային պատճառներով։ Բիոէթիկայի մասնագետները շատ հաճախ վիճում են այն հարցի շուրջ, թե բիոէթիկայի սահմանները արդյոք կարող են ձգվել և արծարծել բժշկության ու կենսաբանության էթիկական բոլոր հարցերը, թե միայն դրանց մի մասը[5]։ Մի շարք մասնագետներ կարծում են, որ բիոէթիկայի առաքելությունը սահմանափակվում է միայն բժշկական միջամտության, տեխնոլոգիական առաջընթացի և բժշկական միջամտություն իրականացնելու կամ բուժման ժամկետների հետ կապված էթիկական հարցերով։ Մասնագետների մեկ այլ խումբ այն կարծիքին է, որ բիոէթիկան ավելի լայն է և պետք է ներառի էթիկական հարցերի այն շրջանակը, որը վերաբերում է բժշկական ցանկացած միջամտությանը, որը այս կամ այն կերպ կարող է վնասել կամ բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա կամ վախ առաջացնել կենդանի օրգանիզմի մոտ։

Բիոէթիկայի շրջանակը կարող է ընդլայնվել բիոտեխնոլոգիայի բնագավառում՝ ընդգրկելով կլոնավորումը, գենային թերապիան, կյանքի տևողության երկարաձգումը, մարդու գենային ինժիներիան, աստրոէթիկան և կյանքը տիեզերքում[5], ինչպես նաև բազային կենսաբանության մանիպուլյացիան ԴՆԹ-ն, ՌՆԹ-ն և սպիտակուցներ փոփոխելու միջոցով[6]։ Այս զարգացումները ազդեցություն կունենան հետագա էվոլյուցիայի վրա, և կարող են այնպիսի նոր սկզբունքներ ստեղծելու պահանջ առաջացնել՝ ուղղված կյանքին՝ որպես ամեն ինչի հիմքի, ինչպիսիք են կենսաբանական էթիկա, որն արժևորում է կյանքը հենց իր կենսաբանական գործընթացների և կառուցվածքի վրա հիմնված, և ձգտում է դրա ընդլայնմանը[7]։

Սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից բիոէթիկայի մասնագետների կողմից առաջին թիրախավորված ոլորտներից է մարդու նկատմամբ փորձարկումներ կատարելը։ Կենսաբժշկական և վարքագծային հետազոտությունների սուբյեկտների իրավունքների պաշտպանության ազգային կոմիտեն առաջին անգամ հիմնադրվեց 1974թ.-ին հետազոտելու համար այն հիմնական էթիկական սկզբունքները, որոնք պետք է ելակետ և ուղենիշ հանդիսանան մարդու վրա կենսաբժշկական և վարքագծային հետազոտություններ իրականացնելու համար։ Ինչևէ, հիմնական սկզբունքները, որոնք հրապարակվել են Բելմոնդի Զեկույցում (1979), հատկապես մարդու նկատմամբ հարգանքը, կարեկցանքը և արդարությունը, մեծ ազդեցություն են թողել բիոէթիկայի շրջանակներում ձևավորված մտածողության վրա։ Այս հիմնական արժեքների ցանկին ավելացել են նաև վնաս հասցնելուց զերծ մնալը, մարդկային արժանապատվության հարգումը, ինչպես նաև կյանքի անձեռնմխելիությունը։ Ընդհանուր առմամբ, Բելմոնդի զեկույցն առաջնորդում է հետազոտությունների իրականացումն այն ուղղությամբ, որը կենտրոնացած է խոցելի սուբյեկտների վրա, ինչպես նաև ապահովում է թափանցիկությունը հետազոտողի և փորձարկման սուբյեկտի միջև։

Հիպոկրատը հրաժարվում է նվերից

Սակայն վերջինի 40 տարիների ընթացքում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ տեխնոլոգիական առաջընթացով պայմանավորված Բելմոնդի զեկույցով ամրագրված սկզբունքները վերանայման կարիք ունեն[8]։ Բիոէթիկայի մյուս կարևոր սկզբունքը վերջինիս ներկայացումն ու քննարկումն է։ Բիոէթիկայի բազում քննարկումների վրա հիմնված բազում խմբեր գոյություն ունեն Միացյալ Նահանգների համալսարաններում` հենց այդպիսի նպատակներին հասնելու համար։ Որպես օրինակ կարող են ծառայել Օհայոյի նահանգի Բիոէթիկայի Պետական Կազմակերպությունը[9] և Կորնելի Կենսաէթիկայի Կազմակերպությունը[10]։ Սույն կազմակերպությունների մասնագիտական մակարդակն անհամեմատ բարձր է։

Բիոէթիկայի բազում մասնագետներ, հատկապես բժիշկ-գիտնականներ, նախապատվությունը տալիս են ինքնավարության սկզբունքին։ Նրանք խորապես համոզված են, որ յուրաքանչյուր պացիենտ ինքնուրույն պետք է որոշի, թե բժշկական ինչ միջամտություն պետք է կատարվի իր նկատմամբ։ Այլ խոսքով, պացիենտը պետք է միշտ ազատ լինի իր բուժման տարբերակն ընտրելու հարցում[11]։

Բժշկական էթիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթիկան մեծ ազդեցություն ունի բուժաշխատողների և պացիենտների կողմից կայացրած բժշկական որոշումների վրա[12]։ Բժշկական էթիկան գիտություն է այնպիսի բարոյական արժեքների ու որոշումների մասին, որոնք կիրառելի են բժշկության մեջ։ Հիմնական բարոյական սկզբունքները չորսն են։ Դրանք են ինքնավարության հարգումը, օգտակարությունը, չվնասելը և արդարությունը։ Այս չորս սկզբունքների օգտագործումը և բուժաշխատողի վերաբերմունքը, գործնականում ուղղված լինելով վերջինիս բաժին հասած ֆունկցիայի ճիշտ կատարմանը, հնարավորություն կտան նրան բարոյական որոշումներ կայացնել[13]։

Որպես գիտական ուսմունք, բժշկական էթիկան իր մեջ ներառում է գործնական կիրառելիությունը կլինիկական պայմաններում, ինչպես նաև պատմության, փիլիսոփայության, կրոնագիտության և սոցիոլոգիայի ոլորտներում ունեցած իր ահռելի դերակատարությունը։

Բժշկական էթիկան նեղ իմաստով հանդես է գալիս որպես կիրառական գիտություն, մինչդեռ բիոէթիկան ավելի լայն հասկացություն է և արծարծում է գիտության փիլիսոփայությունը և բիոտեխնոլոգիայի հարցերը։ Երկու գիտություններն էլ իրենց կարգավորման առարկայով համընկնում են, և դրանց տարբերությունները կրում են ավելի շատ ձևական բնույթ, քան մասնագիտական։ Բժշկական էթիկայի սկզբունքները կիրառելի են առողջապահական էթիկայի այլ ճյուղերում, ինչպես օրինակ բուժքույրական էթիկա։ Բիոէթիկայի մասնագետները օգնում են առողջապահությանն ու գիտահետազոտական հանրությանը բարոյական հարցերի հետազոտման հարցում, որոնք վերաբերում են մեր պատկերացումներին կյանքին և մահվան մասին, ինչպես նաև հնարավորություն են տալիս լուծել այնպիսի էթիկական խնդիրներ, որոնք առողջապահության և գիտության ոլորտում առաջացնում են երկընտրանք։ Որպես օրինակ կարող են ծառայել առողջապահության ոլորտում իրավահավասարության և խտրականության արգելման հիմնախնդիրները, ինչպես նաև մշակութային հարցերի ու բժշկական օգնության խաչվելը, կենսաբանական ահաբեկչության հարցերը և այլն[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wynar, Bohdan S. (2007). American Reference Books Annual, Volume 38. Libraries Unlimited.
  2. Sass, Hans-Martin (2007). Fritz Jahr's 1927 concept of bioethics. Kennedy Inst Ethics J. 17 (4): 279-95.
  3. Lolas, Fernando (2008). "Bioethics and animal research: A personal perspective and a note on the contribution of Fritz Jahr". Biological Research (Santiago). 41 (1): 119–23. doi:10.4067/S0716-97602008000100013. PMC 2997650. PMID 18769769
  4. 4,0 4,1 Goldim, J. R. (2009). Revisiting the beginning of bioethics: The contributions of Fritz Jahr (1927). Perspect Biol Med, Sum, 377–80.
  5. 5,0 5,1 Bracanovic, T (June 2012). "From integrative bioethics to pseudoscience". Developing World Bioethics. 12 (3): 148–56. doi:10.1111/j.1471-8847.2012.00330.x. PMID 22708689.
  6. Freemont PF, Kitney RI (2012). Synthetic Biology. New Jersey: World Scientific. ISBN 978-1-84816-862-6.
  7. Mautner MN (October 2009). "Life-centered ethics, and the human future in space" (PDF). Bioethics. 23 (8): 433–40. doi:10.1111/j.1467-8519.2008.00688.x. PMID 19077128. Archived (PDF) from the original on 2012-11-02.
  8. Friesen P, Kearns L, Redman B, Caplan AL (July 2017). "Rethinking the Belmont Report?". The American Journal of Bioethics. 17 (7): 15–21. doi:10.1080/15265161.2017.1329482. PMID 28661753.
  9. "The Bioethics Society of Ohio State". Thebioethicssociety.org.ohio-state.edu. Archived from the original on 2013-06-13. Retrieved 2013-09-17.
  10. "Bioethics Society of Cornell". Cornell University. Archived from the original on 17 June 2012.
  11. Entwistle VA, Carter SM, Cribb A, McCaffery K (July 2010). "Supporting patient autonomy: the importance of clinician-patient relationships" (PDF). Journal of General Internal Medicine. 25 (7): 741–5. doi:10.1007/s11606-010-1292-2. PMC 2881979. PMID 20213206.
  12. "Medical Ethics". medlineplus.gov. Retrieved 2019-05-06.
  13. Gillon R (July 1994). "Medical ethics: four principles plus attention to scope". BMJ. 309 (6948): 184–8. doi:10.1136/bmj.309.6948.184. PMC 2540719. PMID 8044100.
  14. Horne LC (October 2016). "Medical Need, Equality, and Uncertainty". Bioethics. 30 (8): 588–96. doi:10.1111/bioe.12257. PMID 27196999.