Jump to content

Բիլլի Մերեդիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիլլի Մերեդիտ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ուիլյամ Հենրի Մերեդիտ
Քաղաքացիությունը Ուելս Ուելս
Մականուն Welsh Wizard (Ուելսցի կախարդ)
Old Skinny
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 30, 1874(1874-07-30)
Ծննդավայր Chirk, Wrexham County Borough, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահվան ամսաթիվ ապրիլի 19, 1958(1958-04-19) (83 տարեկան) կամ ապրիլի 17, 1958(1958-04-17)[1] (83 տարեկան)
Մահվան վայր Մանչեսթեր, Hundred of Salford, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 175 սմ
Դիրք աջ եզրային հարձակվող
Պատանեկան կարիերա
Ուելս Բլեք Պարկ
1890-1892 Ուելս Չերկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1892-1894 Ուելս Չերկ 0 (0)
1894 Ուելս Ռեկսեմ 0 (0)
1894 Անգլիա Նորտուիչ Վիկտորիա 11 (5)
1894-1905 Անգլիա Մանչեսթեր Սիթի 338 (145)
1906-1921 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 303 (35)
1921-1924 Անգլիա Մանչեսթեր Սիթի 28 (0)
1892-1924 Ընդհանուրը կարիերայում 680 (185)
Ազգային հավաքական
1895-1920 Ուելս Ուելս 48 (10)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ուիլյամ Հենրի Մերեդիտ (անգլ.՝ William Henry Meredith, 1874 թվական, հուլիսի 30, Ուելս - 1958 թվական, ապրիլի 19, Մանչեսթեր, Անգլիա), ավելի հայտնի որպես Բիլլի Մերեդիտ (անգլ.՝ Billy Meredith), 20-րդ դարասկզբի ուելսցի ֆուտբոլիստ, ով դարձել է ֆուտբոլի պատմության «սուպերաստղերից» մեկը։ Իր ավելի քան 30 տարվա պրոֆեսիոնալ կարիերայում, որը նա անցկացրել է այնպիսի ակումբներում ինչպիսիք են՝ «Չերկը», «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը», Մերեդիտը հաղթել է անգլիական ֆուտբոլում գոյություն ունեցող բոլոր տիտղոսները։ Պրոֆեսիոնալ հարթակում հանդես է եկել մինչև համարյա հիսուն տարեկանը (իր վերջին խաղը Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում անցկացրել է 49 տարեկան հասակում)։ Շուրջ 25 տարի հանդես է եկել Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, որի հետ միասին 1907 և 1920 թվականներին հաղթանակ է տարել Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունում։

Վաղ տարիներ և կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլլի Մերեդիտը ծնվել է 1874 թվականին Բլեք Պարկում, որը Հյուսիսային Ուելսի հանքափորային փոքր քաղաքներից էր։ 12 տարեկան հասակից աշխատել է ածխային հանքափորում։ Նրա մեծ եղբայրները զբաղվում էին ֆուտբոլով, ինչը Բիլլիի մոտ հետաքրքրության մեծ առիթ է դառնում։ Մեծ եղբայրը՝ Էլիասը, Լանկաշիրի և Յորկշիրի երկաթուղիում աշխատել է, որպես մեքենայավար։ Աշխատանքը թույլ էր տալիս Բիլլիին իր հետ տանել պրոֆեսիոնալ ֆուտբոլային խաղերի։ Նրանք հիմնականում ներկա էին գտնվում «Էվերթոնի» խաղերին[2]։ Ֆուտբոլը այն ժամանակ հանքափորների համար ազատ ժամանակն անցկացնելու հարմար տարբերակներից էր, և սիրողական ակումբների մակարդակը բավականին բարձր էր։ «Չերկ» ֆուտբոլային ակումբը 1887 թվականից 1894 թվականը հաղթել էր Ուելսի գավաթի խաղարկությունում հինգ անգամ, ընդ որում թիմերը մեծ մասամբ բաղկացած էին հանքափորների աշխատողներից[2]։ Մերեդիտի բոլոր եղբայրները զբաղվում էին ֆուտբոլով, սակայն առաջին զգալի հաջողությանը հասնում է Սեմը, ով Բիլլից երկու տարով մեծ էր։ Նա լքում է «Չերկը» և սկսում է իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան անգլիական «Սթոք Սիթիի» կազմում, որտեղ հանդես էր գալիս եզրային պաշտպանի դիրքում[3]։

Բիլլի Մերեդիտը մարզվում էր Չերկի՝ տեղի ֆուտբոլային դպրոցի տնօրեն Տ․ Է․ Թոմասի գլխավորության ներքո։ Պարոն Թոմասը մարզումներ էր անցկացնում հետևյալ ձևով․ նա մետաղադրամը տեղադրում էր դպրոցի բակի վերջում և խնդրում էր իր աշակերտներին գնդակով հարվածել դրան։ Աշակերտը, որը առավել չափով մոտ էր կարողանում ուղարկել գնդակը մետաղադրամին, նվեր էր ստանում։ Բացի դրանից Թոմասը համարում էր, որ ֆուտբոլիստի համար բավականին կարևոր է պահպանել գնդակը գետնի հարթության վրա․ այսպես եթե աշակերտներից որևէ մեկի հարվածից հետո գնդակը լքում էր դպրոցի բակի սահմանները՝ տնօրենը միանգամից ուղարկում էր նրան դպրոցական նստարաններին հանգստանալու որպես պատիժ[4]։

Բիլլին սկսում է հանդես գալ «Չերկի» պահեստային կազմում 16 տարեկան հասակում, իսկ երկու մրցաշրջան անց հրավիրվում է արդեն հիմնական կազմ[4]։ 1892 թվականի սեպտեմբերին նա կատարում է իր նորամուտը ակումբի հիմնական կազմում։ Ակումբը հանդես էր գալիս առաջնությունում, որը բաղկացած էր մի քանի փոքր քաղաքների ֆուտբոլային ակումբներից, ինչպես նաև խոշոր քաղաքների պահեստային թիմերից։ 1892-93 թվականների մրցաշրջանի վերջում Մերեդիտը մասնակցում է Ուելսի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղին, որում «Չերկը» պարտվում է «Ռեկսեմին» 1-2 հաշվով։ 1893 թվականին հանքափորները բողոքի ակցիա են սկսում, որն ուղղված էր աշխատավարձերի ցածրությանը։ «Չերկը» լքում է առաջնության հարթակը և սկսում է հանդես գալ Ուելսի ֆուտբոլային լիգայի նախագծում։ Մերեդիտը որոշում է հանդես գալ Անգլիայի ֆուտբոլային լիգայում և ընդունում է «Նորտուիչ Վիկտորիայի» կատարած տեղափոխության առաջարկը[5]։ Նորտուիչը աութսայդեր էր համարվում և 1893-94 թվականների մրցաշրջանի ավարտից հետո լքում է պայքարը Անգլիայի ֆուտբոլային լիգայում։ Ակումբը առաջնության շրջանակներում անցկացված խաղերում հաղթել էր ընդամենը երեք անգամ․ Մերեդիտը մասնակցել էր բոլոր հաղթական խաղերին[5]։ Այս տարի նա նաև հանդես է գալիս «Ռեկսեմի» կազմում[4]։ Վերադառնալով «Չերկ» Մերեդիտը Ուելսի լիգայի շրջանակներում տեղի ունեցած երեք հանդիպումներում դառնում է 11 գոլի հեղինակ[4]։ Ինչպես նաև նա վաստակում է նաև իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին տիտղոսը․ 1894 թվականին վերջինս մասնակցություն է ունենում Ուելսի գավաթի խաղարկության եզրափակչին, որում նրանք պարտության են մատնում «Վեստմինստեր Ռովերսին»[6]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մանչեսթեր Սիթի» (1894—1905)

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նորտուիչի» կազմում ցուցադրած հաջող ելույթների շնորհիվ, Մերեդիտը հետաքրքրություն է առաջացնում Ֆուտբոլային լիգայում հանդես եկող մի շարք ակումբների շրջանում։ Դի Ջոնսը «Բոլթոն Ուոնդերերսից» առաջարկում է Մերեդիտին միանալ իրենց, սակայն Բոլթոնի քարտուղար Ջոն Բենթլին համարում է Մերեդետին անփորձ, ինչպես նաև վտիտ[7]։ Լոուրենս Ֆերնիսը՝ «Արդուիկա» ակումբի ադմինիստրատորը, առաջին անգամ նկատել էր տաղանդավոր ուելսցուն, Նորտուիչի խաղերից մեկում, երբ ինքը հանդես էր գալիս որպես մրցավար[3]։ Մերեդիտը նաև մասնակցել էր Նորտուիչի և Արդուիկի միջև 1893-94 թվականների մրցաշրջանի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը[8]։ 1894 թվականին Արդուիկ ակումբում տեղի է ունենում անվանափոխում, և ակումբը ստանում է իր նոր անունը՝ «Մանչեսթեր Սիթի»։ Ակումբը ակտիվորեն փորձում էր ձեռք բերել հարձակվողին։ Վերջինիս հետ բանակցություններ վարելու նպատակով Ուելս են ուղևորվում Մանչեսթեր Սիթիի քարտուղար Ջոշուա Պարլբին և ակումբի ներկայացուցիչ Ջոն Չեպմենը[3][8]։ Ըստ լեգենդի, սկզբում նրանց վախեցնում են տեղի ոչ վստահելի բնակիչները, սակայն հետո ի վերջո նրանց թույլատրվում է խոսել Մերեդիտի հետ անմիջապես այն բանից հետո, երբ նրանք Բիլլիի հանքափոր աշխատակիցներին խմիչք են հյուրասիրում[3]։ Մերեդիտը չէր ցանկանում լքել Չերկը։ Հատկապես նրա տեղափոխությանը դեմ էր Բիլլիի մայրը․ «Ջենթլմեններ, ձեր համար հեշտ է հենց այնպես լքելը ձեր մեծ քաղաքները, գալ մեր գյուղերը և գողանալ մեր տղաներին։ Մեր տղաները առողջ և երջանիկ են, նրանք բավարարված են իրենց աշխատանքով և անմեղ զբաղմունքներով։ Եթե Բիլլին հետևի իմ խորհրդին, ապա կշարունակի աշխատել և ֆուտբոլ խաղալ իր հայրենի քաղաքում»[3]։ Այնուամենայնիվ Մերեդիտը վերջիվերջո որոշում է համաձայնվել նրանց հետ և պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ, սակայն միայն սիրողականի կարգավիճակով։ Նա դեռևս շարունակում էր որպես հանքափոր աշխատել։

«Մանչեսթեր Սիթիի» կազմում Բիլլին նորամուտը կատարում է 1894 թվականի հոկտեմբերի 27-ին կայացած «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում, որում նրանք պարտվում են 5-4 հաշվով[9]։ Մեկ շաբաթ անց նոյեմբերի 3-ին, Մերեդիտը անցկացնում է իր առաջին տնային հանդիպումը «Սիթիի» կազմում․ դա «Նյուտոն Հիթի» (ներկայիս «Մանչեսթեր Յունայթեդը») դեմ կայացած խաղն էր։ Այս խաղը մանչեսթերյան դերբիների պատմության մեջ լիգայի շրջանակներում առաջին հանդիպումն է դառնում։ Այս խաղում Մերեդիտը դառնում է երկու գոլի հեղինակ, սակայն 2-5 հաշվով հաղթանակը տանում է մրցակիցը։ 1895 թվականի հունվարին Մերեդիտը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքում «Սիթիի» հետ[9]։

1895-96 թվականների մրցաշրջանում Մերեդիտը դառնում է ակումբի լավագույն ռմբարկուն[10], չնայած այն բանին, որ հանդես էր գալիս եզրում և ոչ թե կենտրոնական հարձակվողի դիրքում։ Հաջորդ մրցաշրջանում նա կրկին դառնում է ակումբի լավագույն ռմբարկու, սակայն 1897-98 թվականների մրցաշրջանում իր տեղը զիջում է Բիլլի Գիլեսպուն։ Մրցաշրջանի վերջին խաղում Մերեդիտը ձևակերպում է իր կարիերայի առաջին հետ-տրիկը Սիթիի կազմում[11]։ Այդ խաղում թիմը 9-0 ջախջախիչ հաշվով հաղթանակ է տանում «Բերտոն Սվիֆտսի» նկատմամբ։ Այս ժամանակահատվածում նա դառնում է երկրպագուների սիրելին, ովքեր էլ նրան տալիս են «Ուելսցի կախարդ» (Welsh Wizard) մականունը։ Բիլլին բազում հետևորդներ էր հավաքում իր կողքին ոչ միայն ֆուտբոլային խաղադաշտում, այլ նաև դրանից դուրս։

1898-99 թվականների մրցաշրջանի արդյունքում «Մանչեսթեր Սիթին» դուրս է գալիս Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոն։ Մերեդիտը այդ մրցաշրջանի առաջնությունում հեղինակում է 29 գոլ, որոնց թվի մեջ էին մտնում նրա երեք հետ-տրիկները[12]։

1899-1900 թվականների մրցաշրջանում Սիթին առաջին դիվիզիոնի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ մեկ տարի անց՝ արդեն 11-րդը։ 1900-01 թվականների մրցաշրջանում ակումբի լավագույն ռմբարկու է ճանաչվում Ջո Կեսիդին, ով դարձել էր 14 գոլի հեղինակ, սակայն նա 75 հազար ֆունտ սթերլինգի դիմաց համալրում է «Միդլսբրոյի» կազմը, քանի որ Մանչեսթեր Սիթիի տնօրինությունը համարում էր, որ նա արժանի չէ շաբաթական 4 ֆունտ աշխատավարձի[12]։ Մերեդիտը այդ մրցաշրջանում դառնում է 7 գոլի հեղինակ։

1901-02 թվականների մրցաշրջանում Մանչեսթեր Սիթին դուրս է մնում Առաջին դիվիզիոնից։ Ակումբի գլխավոր մարզիչ Սեմ Օրմերոդը լքում է իր պաշտոնը, իսկ նրան փոխարինում է Թոմ Մելին, ով Պրեստոն ակումբի նախկին ֆուտբոլիստն էր։ Մինչմրցաշրջանային խաղում Դի Ջոնսը, ով Մերեդիտի հետ միասին հանդես էր գալիս Ուելսի ազգային հավաքականի կազմում ծնկի խորը վնասվածք է ստանում։ Չնայած բուժմանը՝ ֆուտբոլիստի մոտ ամեն ինչ այնքան է խորանում, որ այդ շաբաթվա ընթացքում վերջինս մահանում է։ Թոմ Մելին որոշում է կառուցել թիմի կազմը աստղային ֆուտբոլիստների շուրջ՝ Բիլլի Գիլեսպիի և Բիլլի Մերեդիտի[12]։ Ինչպես նաև Սիթիի այդ կազմում հայտնի ֆուտբոլիստներ էին համարվում նաև Բիլլի Ջոնսը, Հերբերտ Բերջեսը, Սենդի Տերնբուլը, Իրվին Տորնլին և Ջիմի Բենիստերը։ 1902-03 թվականների մրցաշրջանում Սիթին հաղթում է երկրորդ դիվիզիոնում, իսկ թիմի լավագույն ռմբարկուներն են դառնում Գիլեսպին (30 գոլ), Մերեդիտը (22 գոլ), Տերնբուլը և Բենիստերը (յուրաքանչյուրը 12 գոլ)[12]։

1903-04 թվականների մրցաշրջանում «Սիթին» ավարտում է առաջնությունը մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրած։ Ակումբը նաև դուրս է գալիս Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ «Բոլթոնին» կողմից պարտության են մատնում։ Մերեդիտը հանդիսանալով ակումբի թիմի ավագը՝ հեղինակում է այդ խաղի միակ գոլը, որն է դառնում է հաղթական։ Հաշվի առնելով Սիթիի անսպասելի և սպառիչ հաջողությունները, Անգլիայի ֆուտբոլային միությունը հետախուզում է սկսում ակումբի գործունեության շրջանակներում, որպեսզի գրանցի հնարավոր խախտումները թիմի կողմից, սակայն ինչ-որ լուրջ բան չի հայտնաբերվում[12]։

Կոռուպցիոն սկանդալ և որակազրկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1904-05 թվականների մրցաշրջանում Մանչեսթեր Սիթին կրկին պայքարում էր չեմպիոնական տիտղոսի համար։ Առաջնության վերջին տուրում Սիթին պետք է հաղթեր «Աստոն Վիլլային»։ Այդ խաղում Սենդի Տերնբուլը «Աստոն Վիլլայի» թիմի ավագի ընդհարում է ունենում։ Լիկը դիմում է Տերնբուլին ոչ ցենզուրային արտահայտությամբ, ինչին վերջինս պատասխանում է անհարգի ժեստով։ Դրանից հետո Լիկը հարվածում է Տերնբուլին։ Մի քանի լրագրողների նշմամբ, խաղից հետո Վիլլայի ֆուտբոլիստները Տերնբուլին հանդերձարանում ծեծի էին ենթարկել։ Խաղն ավարտվում է «Աստոն Վիլլայի» 3-1 հաշվով հաղթանակով, իսկ Սիթին ավարտում է մրցաշրջանը առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը զբաղեցրած[12]։

Խաղից հետո Ալեքս Լիկը հայտարարում է, որ Բիլլի Մերեդիտը առաջարկել էր իրեն 10 ֆունտ սթերլինգ խաղում «Վիլլայի» պարտությունը ապահովելու համար։ Չնայած այն բանին, որ Մերեդիտը իրեն մեղավոր է ճանաչում, այնուամենայնիվ Անգլիայի ֆուտբոլային միությունը տուգանում է նրան և որակազրկում է մեկ տարով[13]։ Մանչեսթեր Սիթին հրաժարվում է Մերեդիտին ֆինանսապես օգնել, և նա որոշում է հրապարակավ ակումբի ներսում տիրող իրավիճակի մասին արտահայտվել․ «Ինչու՞մ է Մանչեսթեր Սիթիի հաջողության գաղտնիքը, իմ կարծիքով նրանում, որ ակումբը չի պահում այն կանոնը, ըստ որի ֆուտբոլիստը չի կարող ստանալ շաբաթական չորս ֆունտից ավելի։ Թիմը հաջողության էր հասել, ակումբը վճարեց այդ հաջողությունների առթիվ և բոլորը բավարարված էին»[14]։

Մերեդիտի հայտարարությունը ցնցում է բոլորին, քանի որ 1901 թվականին Անգլիայում նշանակվել էր ֆուտբոլիստների առավելագույն աշխատավարձի չափը․ շաբաթական 4 ֆունտ։ Անգլիայի ֆուտբոլային միությունը ստիպված է լինում նոր ֆինանսական հետախուզում սկսել կապված այս դեպքի հետ։ Հայտնաբերվում է, որ ակումբը իրականացնում է անօրինական լրացուցիչ վճարումներ թիմի ֆուտբոլիստների նկատմամբ։ Դրանից հետո ակումբի գլխավոր մարզիչ Թոմ Մելին ցմահ որակազրկվում է, իսկ թիմի 17 ֆուտբոլիստները տուգանվում են և մինչև 1907 թվականի հունվարը ժամկետով որակազրկվում[14]։

Մանչեսթեր Սիթին ստիպված է լինում ներկայացնել իր բոլոր ֆուտբոլիստների վաճառքի։ Աճուրդը տեղի է ունենում Մանչեսթերի «Քուինս» հյուրանոցում։ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրնեստ Մանգնելը ձեռք է բերում Բիլլի Մերեդիտին աճուրդով ընդամենը 500 ֆունտ սթերլինգի դիմաց։ Բացի դրանից «Յունայթեդի» մարզիչը ձեռք է բերում «Սիթիի» ևս երեք ֆուտբոլիստների․ Հերբերտ Բերջեսին, Սենդի Տերնբուլին և Ջիմի Բենիստերին[12]։

«Մանչեսթեր Յունայթեդ» (1906-1921)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերեդիտը «Մանչեսթեր Յունայթեդի» մարզշապիկով։

1906 թվականի մայիսին, դեռևս ունենալով որակազրկված կարգավիճակ՝ Բիլլի Մերեդիտը դառնում է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը։ Որակազրկումը ձգվում է մինչև 1906 թվականի վերջը և 1907 թվականի հունվարի 1-ին Մերեդիտը կատարում է իր նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Առաջին խաղը Մերեդիտի համար դառնում է «Աստոն Վիլլայի» դեմ հանդիպումը, որում «Յունայթեդը» 1-0 հաշվով հաղթանակ է տանում, իսկ թիմի միակ գոլը հեղինակում է Սենդի Տերնբուլը, ընդ որում Բիլլի Մերեդիտի փոխանցման արդյունքում։ 1906-07 թվականների մրցաշրջանի մնացած մասում «Յունայթեդը» պարտվում է ընդամենը չորս անգամ և ավարտում է առաջնությունը 8-րդ հորիզոնականում։ Մերեդիտը անցկացրած 16 հանդիպումներում դառնում է 5 գոլի հեղինակ[15]։

1907-08 թվականների մրցաշրջանը «Մանչեսթեր Յունայթեդը» մեկնարկում է երեք անընդմեջ հաղթանակներով, որոնց հաջորդում է «Միդլսբրոյից» կրած 2-1 հաշվով պարտությունը։ Դրանից հետո ակումբը տանում է 10 անընդմեջ հաղթանակ։ Մրցաշրջանային արդյունքներով «Մանչեսթեր Յունայթեդը» դառնում է առաջնության չեմպիոն։ Մերեդիտը չեմպիոնական տիտղոսը վաստակելու հարցում հանդիսանում է առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ իր հեղինակած 10 գոլերով և մի շարք գոլային փոխանցումներով[16]։

Հաջորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» հանդես է գալիս Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում իր հաջող ելույթներով։ Եզրափակչի ճանապարհին «կարմիրները» հաղթում են «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնին», «Էվերթոնին», «Բլեքբեռն Ռովերսին», «Բեռնլիին» և վերջապես «Նյուքասլ Յունայթեդին», որը այս մրցաշրջանում հաղթանակ է տանում առաջնությունում։ Կիսաեզրափակչային խաղի ավարտից հետո «Նյուքասլի» պարտված ֆուտբոլիստները 15 րոպե են անցկացնում ուժեղ անձրևի տակ, որպեսզի հարգանքի տուրք տալու նպատակով սպասեն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների խաղադաշտ դուրս գալուն[12]։ Եզրափակչում Յունայթեդը հանդիպում է «Բրիստոլ Սիթիին»։ Այդ խաղի միակ գոլը հանդիպման 22-րդ րոպեին հեղինակում է Սենդի Տերնբուլը։ Այդպիսով Յունայթեդը իր ակումբային պատմության մեջ առաջին անգամ դառնում է Անգլիայի չեմպիոն, իսկ Բիլլի Մերեդիտի համար այս տիտղոսը կարիերայում արդեն երկրորդն էր։

1909-10 թվականների մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ Մերեդիտը դառնում է հինգ գոլի հեղինակ[17]։

1910 թվականի հունիսին Էրնեստ Մանգնելը «Նոթինգհեմ Ֆորեստ» ակումբի կազմից ձեռք է բերում Ինոկ Ուեստին։ Ուեստը կազմում է ուժեղ հարձակվողական տրիո Սենդի Տերնբուլի և Հարոլդ Հալսի հետ, իսկ Մերեդիտը ապահովում էր նրանց գոլային փոխանցումներով։ 1910-11 թվականների մրցաշրջանում Ուեստը դառնում է 20 գոլի հեղինակ, Տերնբուլը՝ 19, Հալսը՝ 10, իսկ Մերեդիտը 5 գոլի հեղինակ։ Մրցաշրջանի վերջին տուրից առաջ «Աստոն Վիլլան» մեկ միավորով ավելի էր «Յունայթեդից»։ «Յունայթեդը» իր հարկի տակ ընդունում էր երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Սանդերլենդին», իսկ «Վիլլան» անցկացնում էր «Լիվերպուլի» դեմ արտագնա հանդիպում։ Իր խաղը «Յունայթեդը» հաղթում է 5-1 հաշվով։ Չառլի Ռոբերտսը պատմում է Manchester Saturday Post թերթի գլխավոր թղթակցին, թե ինչ էր պատահել խաղի եզրափակիչ սուլիչից հետո․ «Խաղի ավարտից հետո մեր թիմի երկրպագուները մտան խաղադաշտ, որպեսզի իմանան Լիվերպուլի խաղի մասին որևէ նորություն։ Հանկարծ խաղադաշտում բոլորը սկսեցին ճչալ, իսկ մենք հասկացանք, որ ևս մեկ անգամ չեմպիոն ենք դարձել»[12]։ Աստոն Վիլլան պարտվել էր Լիվերպուլին 3-1 հաշվով և Յունայթեդը իր ակումբային պատմության մեջ երկրորդ անգամ դառնում է Անգլիայի չեմպիոն, իսկ Մերեդիտի հավաքածուի մեջ կար արդեն երկու չեմպիոնական տիտղոս և երկու Անգլիայի գավաթ[18]։

Հաջորդ չորս մրցաշրջաններում «Յունայթեդը» ինչ-որ լուրջ հաջողությունների չի կարողանում հասնել, իսկ հետո ֆուտբոլային մրցաշարերը դադարեցվում են անցկացվել Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։ Պատերազմի մեկնարկի ժամանակ Մերեդիտը 40 տարեկան էր։ Պատերազմական շրջանում Մերեդիտը անգամ խաղում է ընդդեմ «Յունայթեդի», հանդես գալով, որպես «Պորտ Վեյլի» ակումբի կողմից հրավիրված ֆուտբոլիստ[19]։ Պատերազմի ավարտից հետո Մերեդիտը ևս երկու մրցաշրջան է անցկացնում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, ինչից հետո վերադառնում է «Մանչեսթեր Սիթի»։

Ընդհանուր հաշվով Բիլի Մերեդիտը «կարմիրների» կազմում անցկացրել է 355 հանդիպում, որոնց շրջանակներում հեղինակել է 36 գոլ[20][21]։

Վերադարձ «Մանչեսթեր Սիթի»

[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին 47 ամյա Մերեդիտը վերադառնում է «Սիթի», որտեղ դառնում է խաղացող մարզիչ (այսինքն համ ֆուտբոլիստ համ էլ թիմի մարզիչ)։ 1924 թվականին նա գոլի հեղինակ է դառնում Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում տեղի ունեցող «Բրայթոնի» դեմ խաղում։ Նրա վերջին խաղը պրոֆեսիոնալ կարիերայում դառնում է Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Նյուքասլ Յունայթեդի» դեմ հանդիպումը, որը տեղի է ունենում 1924 թվականի մարտի 29-ին։ Այդ ժամանակ նա 49 տարեկան և 245 օրական էր, ինչը Անգլիայի գավաթի պատմության մեջ ռեկորդ է հանդիսանում։ Ընդհանուր հաշվով Մերեդիտը «Սիթիի» կազմում անկցացրել է 393 հանդիպում և դարձել է 151 գոլի հեղինակ[12]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերեդիտը Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 48 հանդիպման և դարձել է վեց գոլի հեղինակ։ Ուելսի հավաքականի միությունը, որն այն ժամանակ ընտրում էր խաղացողներին, կանչում է Մերեդիտին 71 անգամ, սակայն փաստացի վերջինս մասնակցում է ընդամենը 48 հանդիպման։ Հիմնական պատճառը այս դեպքի այն էր, որ ակումբները չէին ցանկանում բաց թողնել իրենց ֆուտբոլիստներին միջազգային խաղերի մասնակցելու նպատակով[22]։ 1907 թվականին Մերեդիտը Ուելսի հավաքականի հետ միասին հաղթանակ է տանում Մեծ Բրիտանիայի տնային առաջնության շրջանակներում։ Մերեդիտը հանդիսանում է Ուելսի հավաքականի կազմում ռեկորդի հեղինակ, որպես ամենամեծ տարիքով ֆուտբոլիստ․ նա իր վերջին հանդիպումը հավաքականի կազմում անցկացնելիս եղել է 45 տարեկան և 229 օրական։

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին նախկին ակումբակից Չառլի Ռոբերտսի հետ աշխատանքի է անցնում «Մանչեսթեր Սենտրալի» մարզչական շտաբում։ Մերեդիտի փեսան, «Սիթիի» նախկին թմավագը Չառլի Պրինգլը նույնպես հանդես էր եկել այս ակումբի կազմում[23]։

1931 թվականին Բիլլին վերադառնում է «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ սկսում է աշխատել մարզչական շտաբում և դառնում է ակումբի գործակալը։ Կյանքի մնացած հատվածում Մերեդիտը խիստ զբաղված էր երկու մանչեսթերյան ակումբերով, մասնավորապես հրավիրվում էր ակումբների կարևոր խաղերին[4]։

Մերեդիտը Մանչեսթերում հանդիսանում էր «Ստրետֆորդ Ռոուդ» հյորանոցում գտնվող փաբի տնօրենը, իսկ հետո արդեն դառնում է սեփականատերը։ Հաճախ որպես ֆուտբոլային փորձագետ ելույթներ է ունեցել ռադիոյում։ 1940-ական թվականներին ֆինանսական ծանր վիճակում էր, ինչի համար մասնակցել է մի քանի բարեգործական հանդիպումների միջոցներ հավաքելու նպատակով[4]։

Պրոֆմիութենական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլլի Մերեդիտը զբաղեցնում էր ակտիվ հասարակական դիրք։ Նա անարդար էր համարում ֆուտբոլիստների և նրանց ընտանիքների ֆինանսական ցածր մակարդակը։ 1902 թվականին Մերեդիտի նախկին ակումբակիցներ Ջիմի Ռոսի և Դևիդ Ջոնսի մահից հետո, «Սիթին» հրաժարվում է ֆինանսական օգնություն հասցնել նրանց ընտանիքներին։ 1907 թվականի ապրիլին պահեստային թիմի խաղերից մեկի ժամանակ մահանում է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Թոմաս Բլեքստոկը։ Մահվանը վերջաբերվող փաստաթղթում ներկայացված էին իրական պատճառները, ինչի պատճառով ֆուտբոլիստի ընտանիքը փոխհատուցում չի ստանում[12]։

1907 թվականին Մերեդիտը իր ակումբակիցներ Չառլի Ռոբերտսի, Չառլի Սեգարի, Հերբերտ Բերջեսսի և Սենդի Տերնբուլի հետ հիմնում է ֆուտբոլիստների պրոֆմիություն (անգլ.՝ Players' Union), որի նպատակը ֆուտբոլիստների իրավունքների պաշտպանությունն էր և աշխատավարձերին և տրանսֆերներին վերաբերող հարցերի վերանայումը[24]։ 1907 թվականի դեկտեմբերի 2-ին Մանչեսթերի Իմպերիալ հյուրանոցում տեղի է ունենում միության առաջին ժողովը։ Բացի «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից հավաքին ներկա էին նաև «Մանչեսթեր Սիթի», «Նյուքասլ Յունայթեդ», «Բրեդֆորդ Սիթի», «Վեստ Բրոմվիչ Ալբիոն», «Նոթս Քաունտի», «Շեֆիլդ Յունայթեդ» և «Տոտենհեմ Հոտսպուր» ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչները[12]։

Մերեդիտի համար պրոֆմիության մասնակից լինելը նորություն չէր։ Ավելի վաղ նա մասնակցություն էր ունեցել ֆուտբոլիստների պրոֆմիության ասոցիացիայի (Association Footballers' Union) կողմից կազմակերպված տարբեր հավաքների, որոնք գործում էին 19-րդ դարի վերջում։ Նոր պրոֆմիության քարտուղար է նշանակվում Հերբերտ Բրումֆիլդը։ Բիլլի Մերեդիտը ներկա էր գտնվում Լոնդոնում և Նոթինգհեմում տեղի ունեցող հավաքներին։ Մի քանի շաբաթների ընթացքում Ֆուտբոլային լիգայի մի շարք ֆուտբոլիստներ մտնում են պրոֆմիության կազմի մեջ[12]։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան աջակցություն է ստանում մի քանի ակումբների տնօրինությունների կողմից։ Ջոն Բենթլին և Ջոն Հենրի Դեյվիսը «Մանչեսթեր Յունայթեդից» նույնպես կողմ էին, որ փոփոխություններ կատարվեն ֆուտբոլիստների աշխատավարձերի հարցում։ Ֆրենկ Լևիկի մահից հետո 1908 թվականին պրոֆմիությունը 20 ֆունտ սթերլինգ չափով նվիրաբերում է կատարում վերջինիս ընտանիքին, ինչպես նաև ակումբի հետ վարում էին բանակցություններ նրա կնոջը փոխհատուցելու հարցով[12]։

1908 թվականին Անգլիայի ֆուտբոլային միությունը որոշում է ընդունում պահպանել ֆուտբոլիստների առավելագույն աշխատավարձերի նշանակված չափը։ Պրոֆմիությունը շարունակում էր իր բանակցությունները Ֆուտբոլային ասոցիացիայի հետ, սակայն ապրիլին նրանք փակուղու առաջ են կանգնում։ 1909 թվականի հունիսին Ֆուտբոլային ասոցիացիան պահանջում է բոլոր ֆուտբոլիստներից դուրս գալ պրոֆմիության կազմից, հակառակ դեպքում նրանք կկորցնեին իրենց պրոֆեսիոնալ ֆուտբոլային գրանցումը։ Մի շարք ֆուտբոլիստներ ընդունեցին այդ պահանջը և դուրս եկան կազմից։ Նրանց թվում էին մեծ մասամբ «Աստոն Վիլլայի» ֆուտբոլիստները․ բոլոր 28 ֆուտբոլիստները ներկայացնում են իրենց հրապարակավ պայմանագիրը պրոֆմիության կազմից դուրս գալու նպատակով։ Կային նաև ֆուտբոլիստներ, որոնք հրաժարվում են այդ քայլից։ Նրանց թվում էին «Մանչեսթեր Յունայթեդի» որոշ ֆուտբոլիտների և «Սանդերլենդի» 17 ֆուտբոլիստները[12]։

Ֆուտբոլային ասոցիացիան կառավարում է մեզ, ինչպես հնում վատ բարոնները կառավարում էին իրենց մարդկանց։ Այսպես չպետք է շարունակվի։ Ֆուտբոլիստները չեն ընդունում, որ կարելի է իրենց վերաբերվել ինչպես ստրուկների կամ էլ երեխաների։

— Բիլլի Մերեդիտ[25]

Պրոֆմիության կազմի մեջ մնացած ֆուտբոլիստների կարիերան վտանգի տակ էր․ կորցնելով իրենց պրոֆեսիոնալ կարգավիճակը նրանք կորցնում էին աշխատավարձ և միջոցներ ստանալու իրենց իրավունքը։ Բիլլի Մերեդիտը նույնպես ֆինանսական ծանր վիճակում էր այդ ժամանակահատվածում․ հրդեհը ոչնչացնում է Մանչեսթերում գտնվող նրա սպորտային խանութը, որը ապահովագրված չէր։ Փաստացի Մերեդիտը գտնվում է սնանկացման եզրին[12]։ Չնայած սրան «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները հրաժարվում է հանձնվել և հիմնում են «Օտշեպեցի» ֆուտբոլային ակումբը, որում նրանք պլանավորել էին զբաղվել ֆուտբոլով։ Այդ ժամանակահատվածում «Նյուքասլի» ֆուտբոլիստ Կոլին Վեյտչը շարունակում էր բանակցություններ վարել Ֆուտբոլային միության հետ, որպեսզի ինչ-որ կերպ կարողանա վերականգնել պրոֆմիության անդամների իրավունքները։ Արդյունքում 1909 թվականի օգոստոսի 31-ին Ֆուտբոլային միությունը թույլ է տալիս ֆուտբոլիստներին մնալ պրոֆմիության կազմի մեջ։ Ընդհարումը ստանում է իր վերջնական տեսքը, իսկ պրոֆեսիոնալ կարգավիճակը կորցրած ֆուտբոլիստները վերականգնում են այն[12]։

Բիլլի Մերեդիտը, սակայն, դիտարկում էր այսպիսի վերջաբանը, որպես պրոֆմիության անդամների պարտություն․

Ցավալին այն է, որ շատ ֆուտբոլիստներ հրաժարվում են լուրջ վերաբերվել այս հարցին և բավարարվում են նրանով, որ ապրում են դպրոցականների նման, անում են այն, ինչը նրանց ասում են։ Սրա փոխարեն պետք է մտածել և գործել սեփական հետաքրքրությունների և դասակարգի շրջանակներում[12]։

Անձնական և խաղային բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերեդիտը հակասական տեսակի մարդ էր, չնայած իր ֆուտբոլային տաղանդի։ Երկու մանչեսթերյան ակումբների կազմում նա մեկ անգամ չէ, որ ընդհարումներ է ունեցել մարզիչների հետ, որոնք սպառնում էին նրան հեռացնել ակումբից, ինչպես նաև համառորեն պահանջել է աշխատավարձի բարձրացում։ Հայտնի է նաև, որ նա դեմ է եղել, որ կանայք ֆուտբոլային խաղերին ներկա լինեն և դիտեն այն[25]։

Իր ֆուտբոլային կարիերայի սկզբում Մերեդիտը ձեռք էր բերել ծխախոտ ծամելու սովորություն անգամ ֆուտբոլային խաղերի ժամանակ։ Սակայն այն բանից հետո, երբ ակումբի աշխատակիցները հրաժարվում են մաքրել իր մարզաշապիկի թքի հետքերը, նա սկսում է ատամնաքչփորիկ ծամել։ Իր խոսքերով դա օգնում էր նրան կենտրոնանալ խաղի ժամանակ։ Արդյունքում Բիլլի Մերեդիտը չի կարողանում բաժանվել ատամնաքչփորիկներից, որոնք թափառում էին իր բերանում[13][26]։

Խաղային որակների հարցում Մերեդիտը տարբերվում է իր արդյունավետ դրիբլինգով և բարձր արագությամբ, որը թույլ էր նրան շրջանցել մրցակցի պաշտպաններին և ստեղծել գոլային պահեր իր և ակումբակիցների համար։ Հանդես է եկել եզրային հարձակվողի դիրքում։ Շնորհիվ իր արդյունավետ խաղի ձեռք է բերել շատ երկրպագուներ և դարձել է ֆուտբոլային աշխարհի առաջին «սուպերաստղերից» մեկը[12][13]։

Ֆուտբոլ է խաղացել բարձր մակարդակի վրա մինչև 50 տարեկանը։ Անձամբ ինքը բնութագրել է իր ֆուտբոլային երկարակեցությունը ճիշտ մարզումներով, որոնք թույլ են տվել նրան բարձր մակարդակի վրա պահել ֆիզիկական պատրաստվածության աստիճանը։

Այն պահից սկսած, երբ ես սկսեցի ֆուտբոլ խաղալ պատանի հասակում, ես միշտ հասկանում էի, որ լավ խաղի համար ֆուտբոլիստը պետք է ֆիզիկապես պատրաստ լինի։ Ես ֆիզիկապես պատրաստ եմ եղել շուրջ 25 տարի և զգում եմ, որ այս պատրաստվածությունը մնալու է ինձ հետ երկար ժամանակ։ Ես երբեք ալկոհոլ չեմ օգտագործել, չնայած ծխամորճ եմ ծխել։ Ես պարբերաբար մարզվում եմ՝ շաբաթական երկու անգամ։ Իմ մարզումների նպատակը միշտ գնդակի հետ վարվելաձևի կատարելագործումն է։ Դուք չեք կարող բավական շատ աշխատել գնդակի հետ, ես կցանկանայի, որ երիտասարդությունը լավ հասկանար այս փաստը։ Երբ ես դպրոցական էի, պարոն Թոմասը ընդգծում էր գնդակը կառավարելու կարողությունը։ Երբ մեր հարվածներից գնդակը դուրս է թռնում պատնեշից մենք մի անգամից գնում էին դպրոց դասերը շարունակելու համար․ «Գնդակը գետնի վրա պահիր», ասում էր պարոն Թոմասը և նա ճիշտ էր։ Եթե դու չես կարողանում ընդհանուր լեզու գտնել գնդակի հետ, ապա դու վատ ֆուտբոլիստ ես։ Սկզբում դու կարող ես դանդաղ լինել, սակայն արագությունը ժամանակի ընթացքում կզարգանա, իսկ արագ ֆուտբոլիստը գնդակը լավ կառավարելու կարողությամբ միշտ օգտակար է թիմի համար, քան արագ ֆուտբոլիստը, որ շուտով կկորցնի գնդակը[4]։

Մահ և ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլլի Մերեդիտը մահացել է Ուիտիտգտոնում, Մանչեսթերում 1958 թվականի ապրիլի 19-ին՝ 83 տարեկան հասակում։

Երկար ժամանակ նրա գերեզմանը չուներ անգամ հատուկ շիրիմաքար։ Միայն 2001 թվականին Պրոֆեսիոնալ ֆուտբոլային միության, Ուելսի ֆուտբոլի միության, «Մանչեսթեր Սիթի» ակումբի և «Մանչեսթեր Յունայթեդի» ակումբի համատեղ ջանքերով տեղադրվում է Մերեդիտի շիրիմաքարը։ Շիրիմաքարի պատրաստման ժամանակ անցկացվում էին ակտիվ խորհրդակցություններ Մերեդիտի 94 տարեկան աղջկա հետ։

1998 թվականին Բիլլի Մերեդիտը ներառվում է Ֆուտբոլային լիգայի 100 լեգենդների կազմի մեջ։ 2004 թվականին նրան ներառում են Փառքի սրահի անդամների կազմ, որը գտնվում էր «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում[27]։ 2007 թվականի օգոստոսին Մերեդիտը մտնում է անգլիական ֆուտբոլի Փառքի սրահի անդամների կազմի մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Find A Grave — 1996.
  2. 2,0 2,1 John Harding Football Wizard – The Billy Meredith Story. — London: Robson Books, 1998. — P. 14. — ISBN 1-86105-137-9
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gary James The Official Manchester City Hall of Fame. — Hamlyn, 2005. — P. 88. — ISBN 0-600-61282-1
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Chapter Five - Chirk's Billy Meredith» (անգլերեն). ChirkAAAFC.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  5. 5,0 5,1 Harding, Football Wizard, p. 16.
  6. Andrew Ward The Manchester City Story. — Derby: Breedon, 1984. — P. 10. — ISBN 0-907969-05-4
  7. Harding, Football Wizard, p. 22.
  8. 8,0 8,1 Harding, Football Wizard, p. 23.
  9. 9,0 9,1 Ian Penney The Maine Road Encyclopedia. — Edinburgh: Mainstream, 1995. — P. 139. — ISBN 1-85158-710-1
  10. Gary James Manchester City – The Complete Record. — Derby: Breedon, 2006. — ISBN 1-85983-512-0
  11. James Manchester City – The Complete Record, pp. 280–81.
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 «Billy Meredith» (անգլերեն). Spartacus Educational. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  13. 13,0 13,1 13,2 «Billy Meredith» (անգլերեն). BBC North Wales Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
  14. 14,0 14,1 «Corruption in Football» (անգլերեն). Spartacus Educational. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
  15. «Season 1906/07» (անգլերեն). StretfordEnd.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
  16. «Season 1907/08» (անգլերեն). StretfordEnd.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  17. «Season 1909/10» (անգլերեն). StretfordEnd.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  18. «Season 1910/11» (անգլերեն). StretfordEnd.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  19. Jeff Kent Port Vale Personalities. — Witan Books, 1996. — P. 198. — ISBN 0-9529152-0-0
  20. «Billy Meredith» (անգլերեն). StretfordEnd.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 12-ին.
  21. «William Henry Meredith» (անգլերեն). MUFCInfo.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  22. Derek Brandon A–Z of Manchester Football: 100 Years of Rivalry. — London: Boondoggle, 1978. — P. 170.
  23. Gary James Manchester – A Football History. — Halifax: James Ward, 2008. — P. 147–166.
  24. «How players won football's 100 years war» (անգլերեն). The Independent. 2007 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
  25. 25,0 25,1 «Billy Meredith shirt will earn Manchester United millions» (անգլերեն). The Sun. 2009 թ․ հուլիսի 29.
  26. «Billy Meredith» (անգլերեն). ManUtd.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  27. «Winifred weeps as dad joins legends» (անգլերեն). Manchester Evening News. 2004 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլլի Մերեդիտ» հոդվածին։