Բժշկական միջատազերծում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջատազերծում, դեզինսեկցիա (դեզ և լատ․ insectum—միջատ), վարակիչ հիվանդություններ փոխանցող, սննդամթերքներին, գյուղատնտեսական մթերքներին ու մարդկանց վնաս պատճառող հոդվածոտանիների դեմ պայքարի մեթոդներ ու միջոցներ։ Տարբերում են բժշկական, անասնաբուժական և գյուղատնտ․ միջատազերծումներ։ Միջատազերծման մեթոդների նպատակը հոդվածոտանիների աճման ու բազմացման համար անբարենպաստ պայմանների ստեղծումն է (կանխարգելիչ միջատազերծում) և լրիվ ոչնչացումը (ոչնչացնող միջատազերծում)։ Բժշկական կանխարգելիչ միջատազերծում ընդգրկում է հագուստի ոջիլների, փայտոջիլների, լվերի, խավարասերների, ցեցերի բազմացումը կանխող սիստեմատիկ միջոցառումներ։ Բնակավայրերի պլանային մաքրումը, կոյուղու համակարգի կարգավորումը կանխում են տնային են ճանճերի բազմացումը։ Ճահիճների չորացումը, գետերի մաքրումն ու հունի խորացումը պակասեցնում են մոծակների, մլակների են բազմացումը։ Ոչնչացնող միջատազերծում ընդգրկում է քիմիական, ֆիզիկական և կենսաբանական միջոցների կիրառումը, որոնք ազդում են հոդվածոտանիների զարգացման բոլոր փուլերի վրա։ Քիմիական միջոցները հոդվածոտանու օրգանիզմ են թափանցում կուտիկուլայով (կոնտակտային միջատասպաններ), շնչառական ուղիներով (ֆումիգանտներ) կամ աղիքային համակարգով (աղիքային թույներ)։ Որոշ պատրաստուկներ օժտված են վերոհիշյալ բոլոր հատկություններով։ Միջատասպանմի ջոցներն օգտագործվում են լուծույթների, փոշիների և աերոզոլների ձեով։ Միջատազերծման ֆիզիկական մեթոդը հիմնված է հիմնականում բարձր (50°C), հազվադեպ նաև ցածր ջերմաստիճանի (տաք ջուր, օդ, գոլորշի) օգտագործման վրա։ Կիրառում են նաև մեխանիկական միջոցներ՝ միջատներ որսող թակարդներ, կպչուն թղթեր, պատուհանների և դռների ցանցապատում ևն։ Կենսաբանաան մեթոդի դեպքում օգտագործում են հոդվածոտանիների բնական թշնամիներին (ախտածին մանրէներ, վիրուսներ, մակաբույծ և գիշատիչ միջատներ ևն)։ Կիրառում են նաև իոնացնող ճառագայթման մեթոդը և քիմիական մի շարք նյութեր, որոնք հոդվածոտանիներին զրկում են սերունդ տալու հատկությունից։ Միջատազերծումը անասնաբուժական միջատների և տզերի ոչնչացումը կենդանիների վրա, անասնապահական, թռչնաբուծական շենքերում, ֆերմաների տարածքում, պահեստներում, կենդանական ծագման հումքի վերամշակման ձեռնարկություններում, սպանդային կետերում, մսի կոմբինատներում ևն։ Լինում է կանխարգելիչ (կատարվում է պարբերաբար՝ միջատների և տզերի զանգվածային բազմացումը և տարաբնակեցումը կանխելու նըպատակով) և ոչնչացնող (միջատներին և տզերին զարգացման բոլոր փուլերում վնասազերծելու նպատակով)։ Միջատազերծում կատարվում է քիմիական, ֆիզիկական, մեխանիկական, կենսաբանական մեթոդներով։ Լայնորեն կիրառվում է քիմիական մեթոդը (օգտագործվում են քլորօրգանական, ֆոսֆորօրգանական, անօրգանական միացություններ, ինչպես նաև բուսական միջատասպաններ)։ Մշակումը կատարվում է հականեխիչ մեքենաներով։ Միջատազերծումը գյուղատնտեսական պահեստներում, ալրաղաց և այլ ձեռնարկություններում սերմնանյութի, տնկանյութի, սննդի, կերի պաշարների, տեխ․ հումքի մեջ եղած վնասակար միջատների ոչնչացումը։ Սովորաբար կատարվում է քիմիական միջատազերծում՝ ֆումիգացում, շենքերի մշակում աերոզոլերով և սրսկում միջատասպան հեղուկներով, սերմերի փոշոտում դուստերով և այլն։ Հատիկի և հատիկային մթերքների վնասատուների դեմ արդյունավետ է նաև մեխանիկական միջատազերծում՝ շենքերի մաքրումը թափված մթերքներից, հատիկների մաքրումը հատիկազտիչ մեքենաներով և այլն (տես նաև ախտահանում սերմերի, վարակազերծում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 585