Բժշկական զննում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուժզննման սենյակ, Վաշինգտոն, ԱՄՆ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներ

Բժշկական զննում, բնակչության առողջական վիճակի ակտիվ հետազոտման ձև։ Բժշկական զննումը պոլիկլինիկաների, ամբուլատորիաների, դիսպանսերների, բժշկասանիտարական մասերի, առողջապահական, կետերի և բուժկանխարգելիչ այլ հիմնարկների բուժանձնակազմի գործունեության պարտադիր տարրն է։ Ըստ խնդիրների և բնույթի՝ տարբերում են նախնական, պարբերական և նպատակային բժշկական զննումներ։

Բժշկական զննումը բաղկացած է մարմնի զննումից, հետազոտվողի հարցումից, մարդաբանական, չափումներից (հասակը, քաշը), պարզագույն գործիքային և լաբորատոր հետազոտություններից։ Նպատակային բժշկական զննման դեպքում, ինչպես նաև հիվանդության նկատմամբ որոշակի կասկածի դեպքում, բժիշկը հետազոտվողին ուղարկում է այլ մասնագետների մոտ։

Նախնական բժշկական զննում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանադա ռիլոքեյշն սենթրի բժիշկը զննում է այցելուի կոկորդը

Նախնական բժշկական զննում կատարում են այնպիսի ձեռնարկություններ ընդունելիս, որտեղ աշխատանքի համար ներկայացվում են առողջության նկատմամբ բարձր պահանջներ, այլ կերպ ասած՝ ստուգվում են մարդու՝ աշխատանքի որևէ տեսակով զբաղվելու ունակությունները։ Դրանք ամենից առաջ գործարաններն են, ֆաբրիկաները, հիմնարկները (օրինակ՝ քիմիական արդյունաբերական ձեռնարկություններ, տաք արտադրամասեր և այլն), որտեղ կան մասնագիտական վնասակարություններ։ Նախնական բժշկական զննում են անցնում այն անձինք (օրինակ՝ վարորդներ, օդաչուներ, ձկնորսներ և ուրիշներ), որոնց մասնագիտությունը պահանջում է ֆիզիկական բարձր դիմացկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն, գերազանց տեսողություն և լսողություն։ Դեռահասներն աշխատանքի ընդունվելիս անցնում են նախնական բժշկական զննում՝ անկախ արտարության բնույթից։ Նախնական բժշկական զննում պարտադիր է նաև սննդարդյունաբերությունում, հասարակական սննդի և սննդամթերքի վաճառքի ձեռնարկություններում, բաղնիքներում, վարսավիրանոցներում, ջրամատակարարման կառույցներում, բուժկանխարգելիչ, մանկական հիմնարկներում և այլ օբյեկտներում աշխատանքի ընդունվողների համար։ Այդպիսի դեպքերում զննումների նպատակն է վարակիչ, թարախային և ճիճվային հիվանդություններով հիվանդներին (որոնք կարող են զանգվածային վարակման աղբյուր դառնալ) թույլ չտալ վերոհիշյալ հիմնարկներում աշխատել։ Զննումների ժամանակ, որպես կանոն, ստուգվում է հետազոտվողների՝ վարակիչ հիվանդությունների հարուցչակրությունը։ Նախնական բուժզննման պարտադիր ենթարկվում են նաև բարձրագույն և միջնակարգ հատուկ ուսուսմնական հաստատություն ընդունվողները, ինչպես նաև զինակոչիկները։ Վերջին դեպքում զննման արդյունքում որոշվում է զինծառայության պիտանիությունը, և այն հաշվի է առնվում զինակոչիկներին ըստ զինված ուժերի և զորքի տեսակների բաշխելիս։

Նախնական բժշկական զննումից հետո աշխատանքի (ծառայության) ընդունված բանվորները, ծառայողները, սովորողները որոշակի ժամկետից հետո սովորաբար մի քանի ամիս անց (բայց 2 տարուց ոչ ավելի), պարբերաբար ենթարկվում են բժշկական զննման։

Պարբերական բժշկական զննում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիետնամում հիվանդաի աուսկուլտացիա

Պարբերական բժշկական զննումները կանխարգելիչ բնույթ ունեն։ Դրանք անցկացվում են առողջական վիճակին հետևելու, հիվանդությունների (այդ թվում՝ մասնագիտական) վաղ ախտանշաններն ի հայտ բերելու և ժամանակին բուժելու նպատակով։

Պարբերական բժշկական զննման գլխավոր ձևը դիսպանսերացման ժամանակ կատարվող զննումներն են։ Դիսպանսերային բժշկական զննումների նշանակությունը հիվանդությունների կանխարգելման, հիվանդությունների հանդեպ նախատրամադրվածության (այդ թվում՝ ժառանգական) ի հայտ բերման, ինչպես նաև հիվանդությունների վաղ ախտորոշման գործում հատկապես աճում է ողջ ազգաբնակչության պլանային դիսպանսերացման ժամանակ։

Պարբերական բժշկական զննումների արդյունքները վերլուծում են, համեմատում նախորդ, ինչպես նաև նախնական բժշկական զննումման արդյունքների հետ։ Հիվանդության ախտանշաններ հայտնաբերելիս պարզում են՝ կապված է դա արդյոք արտադրության առանձնահատկությունների հետ։ Մասնագիտական հիվանդությունների ախտանշաններով աշխատողներին վերցնում են դիսպանսերային հաշվառման, իսկ արտադրությունում անցկացնում են այդ հիվանդությունները կանխարգելող համապատասխան սանհիգիենային և կազմակերպչական միջոցառումներ։

Զանգվածային բժշկական զննում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկը ստատոսկոպով զննում է տասնհինգամյա աղջկա որովայնի խոռոչը։

Զանգվածային բժշկական զննում տագնապալի (բնականոնի սահմաններից դուրս) ցուցանիշների բացահայտման դեպքում հետևողականորեն ներգրավում են անհրաժեշտ մասնագետներ և նպատակային լաբորատոր հետազոտություններ։ Պարբերական բժշկական զննումները ուղեկցվում են նաև բերանի խոռոչի հիվանդությունների բուժմամբ, իսկ երեխաների մոտ՝ տարին 1 անգամ, նաև ճիճվաթափությամբ։

Նախնական և պարբերական բժշկական զննումներն իրականացնում են տվյալ հիմնարկը սպասարկող բժշկասանիտարական մասերի, պոլիկլինիկաների, ամբուլատորիաների, առողջապահական կետերի և այլ բուժհիմնարկների ու ստորաբաժանումների բուժաշխատողների ուժերով։ Անհրաժեշտության դեպքում բժշկական զննում անցկացնելու համար ստեղծում են տարածքային կամ գերատեսչական հանձնաժողովներ (օրինակ՝ զինակոչիկների բժշկական զննումների ժամանակ)։ Բնակչության կանխարգելիչ բժշկական զննումների անհրաժեշտությունը որոշված է առողջապահության օրենսդրությամբ։ Երեխաների պարբերական բժշկական զննումները սկսվում են ծննդյան պահից։ Մինչև 1 տարեկանը բժշկական զննում հարկավոր է անցկացնել ամիսը 1 անգամից ոչ պակաս, 2-րդ տարում՝ 3 ամիսը 1, 3-րդ տարում՝6 ամիսը 1, այնուհետև՝ տարին 1 անգամ։ Դպրոցներում ամեն տարի ամառային արձակուրդներից հետո անցկացնում են մանրակրկիտ բժշկական զննումներ՝ մարդաչափական չափումներով, տեսողության և լսողության ստուգումներ։

Նպատակային բժշկական զննումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ տեղ են գրավում նպատակային կանխարգելիչ բժշկական զննումները, որոնց խնդիրը առանձին հիվանդությունների (տուբերկուլոզ, չարորակ նորագոյացություններ, սիրտանոթային, գինեկոլոգիական, և այլն) վաղ հայտնաբերումն է։ Այդ զննումներին ենթարկվում են որոշակի տարիքի և մասնագիտության անձինք, առանձին դեպքերում՝ բժշկական այլ պատճառներով և որոշակի հիվանդության հայտնաբերման նպատակով բուժհիմնարկ դիմած անձինք։ Բժշկական զննումները հնարավորություն են ստեղծում հիվանդությունները առաջացման վաղ շրջանում հայտնաբերելու և արդյունավետ բուժելու համար։

Կանացի կանխարգելիչ զննումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց կանխարգելիչ զննումների նպատակը բուժման կարիք ունեցողների հայտնաբերումն է։ Առանձին գինեկոլոգիական, հիվանդություններ (օրինակ՝ արգանդի թելքուռուցք, արգանդի հավելումների բորբոքում) առաջանում են գաղտնի, առանց ընդհանուր զգացողության փոփոխությունների։ Դրանց վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս բուժումը ժամանակին սկսել և դրանով նպաստել առողջացմանն ու կնոջ աշխատունակության պահպանմանը։ Յուրաքանչյուր կին, անկախ տարիքից, եթե նույնիսկ իրեն համարում է բացարձակ առողջ, պետք է կանոնավոր, տարին 2 անգամ, այցելի գինեկոլոգին։ Կանանց բժշկական զննումներն անցկացնում են կանանց կոնսուլտացիաների բժիշկները՝ անմիջական ընդունելությունների ժամանակ կամ արտադրություններում առանձնացված հատուկ սենյակներում, աշխատավայրում։ Շրջանային պոլիկլինիկաներում, գործարանների և ֆաբրիկաների բժշկասանիտարական մասերում գործում Են, այսպես կոչված, զննման առանձնասենյակներ, ուր կնոջն ուղարկում են առանց որևէ պատճառի։ Գյուղական վայրերում բժշկական զննումները կազմակերպում են տեղամասային հիվանդանոցները, ամբուլատորիաները, բուժակամանկաբարձական կետերը և կանանց արտագնա կոնսուլտացիաները։

Հայտնաբերված հիվանդություններով կանայք ենթակա են դիսպանսերային հսկողության սահմանվում է պարբերական հսկողություն՝ մինչև լրիվ առողջանալը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։