Բժիշկը. Ավիցենայի աշակերտը
Բժիշկը. Ավիցենայի աշակերտը անգլ.՝ The Physician | |
---|---|
Երկիր | Գերմանիա |
Ժանր | արկածային ֆիլմ[1][2], պատմական ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում և դրամա |
Հիմք | Բժիշկը |
Թվական | 2013 և դեկտեմբերի 25, 2013[3][4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ֆիլիպ Շտյոլցլ[1][5][6][…] |
Պրոդյուսեր | Վոլֆ Բաուեր և Նիկո Հոֆման[7] |
Սցենարի հեղինակ | Յան Բերգեր, Նոյ Գորդոն[7], Կրիստոֆ Մյուլլեր[8] և Jan Berger? |
Դերակատարներ | Աարոն Կիսյով[9], Բեն Քինգսլի[5][9], Էմմա Ռիգբի[9], Օլիվիե Մարտինես[5][9], Ստելլան Սկարսգորդ[5][9], Թոմ Փեյն[9][2], Մայքլ Մարկուս[9], Էլիաշ Մ’Բարեկ[9], Ֆարի Յարդիմ[9], Մաքրամ Խուրի[9], Սթենլի Թաունսենդ[9], Ռամին Յազդանի[8], Սիբիլա Շեդվիլ[8], Վիլֆրիդ Հոխհոլդինգեր[8], Էրկան Դուրմազ[8], Բարբարա Ֆիլիպ[8], Կլաուդիա Ֆրիցշե[8], Peter Bankole?, Ռենու Սեթնա և Ադամ Թոմաս Ռայթ |
Օպերատոր | Հեգեն Բոգդանսկի |
Երաժշտություն | Ինգո Լյուդվիգ Ֆրենզել |
Մոնտաժ | Սվեն Բուդելման |
Պատմվածքի վայր | Իրան |
Նկարահանման վայր | Բեռլին |
Կինոընկերություն | Universum Film AG |
Տևողություն | 150 րոպե |
Հաջորդ | Q126963769? |
Պաշտոնական կայքէջ |
Բժիշկը. Ավիցենայի աշակերտը (անգլ.՝ The Physician, գերմ.՝ Der Medicus), 2013 թվականին նկարահանված գերմանական ֆիլմ-դրամա։ Սյուժեի հիմքում Նոյ Գորդանի համանուն վեպն է[10]։ Ֆիլմը համահեղինակվել և նկարահանվել է Ֆիլիպ Սթյոլցլի կողմից։ Ֆիլմի կենտրոնում 11-րդ դարի անգլիական քաղաքում ապրող մի որբ է, ում մայրը մահացել է անբացատրելի հիվանդությունից։ Մեծանալով` տղան երդվում է բժիշկ դառնալ և որոշում է մեկնել Պարսկաստան[11]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիայի թագավորություն, 11-րդ դար։ Այն բանից հետո, երբ տասնմեկամյա Ռոբերտ Կոուլի մայրը մահանում է ստամոքսի հիվանդությունից, տղան խնդրում է թափառական հեքիմ Բարբերին դառնալ նրա ուղեկիցը, և վերջինս նրան սովորեցնում է իր արհեստը։ Բայց շուտով այդ ամենը Ռոբերտին չի բավականացնում, քանի որ նա հասկանում է, որ շատ հիվանդությունների դեպքում այդպիսի կարողություններն անզոր են։ Հեքիմ Բարբեռի կուրությունը բուժած հրեա բժիշկներից նա իմանում է, որ հեռու արևելքում` Պարսկաստանում, ապրում է աշխարհի մեծագույն բժիշկը` Ավիցեննան։ Ռոբերտը անցնում է Ֆրանսիայով, Միջերկրական ծովի տարածքով և Եգիպտոսով, որպեսզի հասնի իր նպատակին։
Ճանապարհը երկար էր և վտանգավոր։ Կոուլը իրեն հրեա է ներկայացնում, ինքն իրեն թլպատում է և իրեն կոչում Բենիամինի որդի Իեսիեյ` ի պատիվ հրեա երեխաների, որոնք ցույց էին տվել արևելքի ճանապարհը։ Ռոբերտը Եգիպտոսից Պարսկաստան գնում է քարավանով` ճանապարհին ծանոթանալով գեղեցկուհի Ռեբեկայի հետ, որը պետք է դառնար հարուստ հրեա Բար-Կապարի կինը։ Ճանապարհին ավազե փոթորիկը սպանում է ճանապարհորդներին, և միայն Ռոբերտին է հաջողվում հասնել Սպահան։
Արդեն քաղաքում Ռոբը դիմում է Ավիցենայի մեդրեսե` իրեն որպես աշակերտ ընդունելու խնդրանքով, սակայն արդյունքում դուրս է հրավիրվում քարտուղարի կողմից, իսկ պահակախումբը ծեծում է անգլիացուն։ Ավիցենան նրան հանդիպում է փողոցում, բժշկական օգնություն է ցուցաբերում և տեսնելով երիտասարդի հետաքրքրությունը դեպի բժշկությունը` համաձայնում է ուսուցանել նրան։ Ապրելու համար գումար չունենալու պատճառով Ռոբերտը շարունակում է հրեա ձևանալ և ապաստան է գտնում հրեական համայնքում, որտեղ իմանում է, որ Ռեբեկան չի մահացել և փրկվել է քարավանի ուղեկցորդի կողմից։ Շուտով աղջկան իր կամքին հակառակ ամուսնացնում են Բար-Կապարի հետ։
Սյուժեում զուգահեռաբար զարգանում է հանդուրժող և գիտությունները հովանավորող շեյխ Ալ-Ադ-Դաուլի և քոչվոր սելջուկների հետ դաշնակցող արմատական մուսուլմանական վերնախավի պայքարը։ Այս պայքարի ընթացքում քաղաք են ուղարկում ժանտախտով հիվանդ մարդու։ Բժիշկ Ավիցենան իր աշակերտների հետ մնում է քաղաքում և նրանց հաջողվում է հաղթահարել համաճարակը։ Նրանք պարզում են, որ ժանտախտը տարածում են առնետները և վերացնում են նրանց։ Միևնույն ժամանակ Ռոբերտը հասկանում է, որ վարակված դիակները պետք է այրել, քանի որ ժանտախտի միջատները սկսում են նոր զոհեր փնտրել։
Մեդրեսեում բուժվում էր նաև Ռեբեկան։ Ամուսինը լքել էր նրան` փախչելով քաղաքից։ Բարեբախտաբար համաճարակը նրան շրջանցում է։ Երբ հիվանդության ճգնաժամային պահերն անցնում են, Ռոբերտը նրան թույլէ տալիս դուրս գալ զբոսնելու։ Այդ զբոսանքներից մեկի ժամանակ նրանք չեն կարողանում զսպել կիրքը, և Ռեբեկան հղիանում է։ Արդյունքում Ռեբեկայի ամուսինը իմանում է այդ մասին, և գործը հասնում է դատարան։
Այս ժամանակ բժիշկը և Ռոբերտը մեղադրվում են մոգությամբ զբաղվելու համար։ Իսլամը թույլ չէր տալիս դիակները հերձել, մինչդեռ Ռոբերտը գիտության զարգացման համար գաղտնի հերձում է զրադաշտական ծերուկի մարմինը, որը մահից առաջ ցանկացել էր իր մարմինը գիշատիչ թռչուններին թողնել։ Գլխատմանը սպասող զնդանում կալանավորված բժիշկն ու Ռոբերտը քննարկում են հերձման արդյունքները և գալիս են այն եզրահանգմանը, որ դրանից առաջ ունեցած գիտելիքները մարդու անատոմիայի վերաբերյալ սխալ են եղել։
Միևնույն ժամանակ սելջուկների դեմ պայքարին պատրաստվող շեյխը որովայնում սուր ցավեր է զգում։ Իմանալով Ռոբերտի և բժշկի հանդեպ սկսված դատաստանի մասին` նա պահակախմբին ուղարկում է դատավարությանը։ Նետաձիգները սպանել էին դավաճան մարգարեի հրոսակախմբի մեծ մասին, բայց հենց նա կարողացել էր փրկվել։ Ռոբերտը շեյխին խնդրում է փրկել Ռեբեկային, և պահակախումբը կանգնեցնում է դատավարությունը։ Բժիշկն ու աշակերտը հաջողությամբ իրականցնում են շեյխի վիրահատությունը` հեռացնելով կույր աղիքը։ Ռոբերտին մի պահ թվում է, թե նա իրականացնում է իր մոր վիրահատությունը, որը նույն հիվանդությունից էր մահացել։
Սելջուկներն արդեն սկսել էին գրոհել քաղաքը։ Բժիշկը, Ռոբերտը և պահակախումբը հսկում էին քաղաքի թաղամասերը, որպեսզի փրկեն բնակչությանն ու հեռանում են Արևելյան դարպասներով։ Վիրակապված, հազիվ ոտքերի վրա կանգնող Ալա-ադ-Դաուլ շեյխը զորքի հետ անձամբ դուրս է գալիս կռվի և հերոսաբար ընկնում։ Կռվի տեսարանը ֆիլմում չի ցուցադրվում, սակայն ցույց է տրվում դաշտը` լի հազարավոր դիակներով, որոնց մեջ էր նաև նետահարված շեյխը։
Ռոբերտը, հիշելով բժշկի մասին, արագ գնում է մեդրեսե և տեսնում, որ նա արդեն խմել է թույնը` հասկանալով, որ իր ժամանակն անցել է։ Ծեր բժիշկը նրան տալիս է իր աշխատանքներով գիրքը և խնդրում Ռոբերտին ավարտել իր գործը։ Սելջուկները գրավում են Սպահանը և սկսում են Պարսկաստանում լայնածավալ արշավանքները։ Ռոբերտը կնոջ հետ մեկնում է Անգլիա և Լոնդոնում հիվանդանոց է հիմնում։ Այս ամենի մասին իր ելույթներից մեկի ժամանակ իմանում է նաև ծեր Բարբերը։ Ֆիլմի վերջին կադրերում նա ուղևորվում է Լոնդոն` իր աշակերտին տեսնելու։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոմ Փեյն` Ռոբերտ Կաուլ
- Բեն Քինգսսի` բժիշկ
- Էմմա Ռիգբի` Ռեբեկա
- Օլիվիե Մարտինես` շեյխ Ալ-ադ-Դաուլ
- Ստելլան Սկարսգորդ` Բարբեր
- Էլյաս Մ'Բարեկ` Քարիմ
- Սախին Էրիյլմազ` «Խակիմ»
- Յեն Տ. Դիկինսոն`«հայր»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt2101473/
- ↑ 2,0 2,1 http://www.filmaffinity.com/en/film356759.html
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://www.adorocinema.com/filmes/filme-207809/
- ↑ http://www.filmstarts.de/kritiken/207809.html
- ↑ 7,0 7,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 http://www.imdb.com/title/tt2101473/fullcredits
- ↑ Haderer, Stephan (2013 թ․ դեկտեմբերի 29). «Film review: "Der Medicus" ("The Physician", GER 2013)». panopticumlight.wordpress.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Der Medicus (The Physician)». filmaffinity.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
|
- Բեռլինում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- 2010-ականների պատմական ֆիլմեր
- 2013 դրամա ֆիլմեր
- 2013 ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Գերմանական արկածային ֆիլմեր
- Գերմանական դրամա ֆիլմեր
- Գերմանական պատմական ֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ֆիլմեր կրոնի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Գերմանական անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների գերմանական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 11-րդ դարում