Jump to content

Բերկիտի լիմֆոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերկիտի լիմֆոմա
Տեսակհազվադեպ հիվանդություն, հիվանդության տեսակը և չարորակ ուռուցք
ՊատճառEpstein–Barr virus infection?
Բժշկական մասնագիտությունարյունաբանություն
ՀՄԴ-9200.2200.2
ՀՄԴ-10C83.783.7 և C91.8
Անվանվել էDenis Parsons Burkitt?
 Burkitt's lymphoma Վիքիպահեստում

Բերկիտի լիմֆոմա, ավշային համակարգի քաղցկեղ, որն ախտահարում է մասնավորապես սաղմնային կենտրոնի B լիմֆոցիտներին: Այն անվանվել է ի պատիվ իռլանդացի վիրաբույժ Դենիս Պարսոնս Բերկիտի, որը 1958 թվակաանին՝ հասարակածային Աֆրիկայում աշխատելիս, առաջին անգամ նկարագրել է այս հիվանդությունը[1]: Այն քաղցկեղի խիստ ագրեսիվ ձև է, որը հաճախ դրսևորվում է, երբ անձի մոտ ձեռքբերովի իմունային անբավարարություն է զարգանում՝ Էպշտեյն-Բարի վիրուսով կամ Մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակման հետևանքով[2][3]:

Զարգացած երկրներում Բերկիտի լիմֆոմայի բուժման ընդհանուր մակարդակը կազմում է մոտ 90%: Բերկիտի լիմֆոման հազվադեպ է հանդիպում մեծահասակների մոտ, որոնց դեպքում այն ավելի վատ կանխատեսում ունի[4]:

Յոթնամյա նիգերիացի տղա՝ ծնոտի այտուցվածության մի քանի ամսվա պատմությամբ, որը բուժվել էր հակաբիոտիկներով. ուռուցքը խոցոտված էր և արտադրություն ուներ:
Բերկիտի լիմֆոմայով բուժառու, ում մոտ առկա է ատամների ձևախախտում և շնչուղիների մասնակի խցանում:

Բերկիտի լիմֆոման կարելի է բաժանել երեք հիմնական կլինիկական տեսակի՝ էնդեմիկ, հազվադեպ հանդիպող (սպորադիկ) և իմունոդեֆիցիտի հետ ասոցացված[4]: Ըստ ձևաբանության, իմունաֆենոտիպի և գենետիկայի՝ Բերկիտի լիմֆոմայի տեսակներ ունեն նմանություններ[4]:

  • Էնդեմիկ տեսակը (նաև կոչվում է «աֆրիկյան տեսակ») առավել հաճախ հանդիպում է այն տարածաշրջաններում ապրող երեխաների մոտ, որտեղ մալարիան էնդեմիկ է (օրինակ՝ հասարակածային Աֆրիկա, Բրազիլիա և Պապուա Նոր Գվինեա)[5]։ Էպշտեյն-Բարի վիրուսով (EBV) վարակվածություն հայտնաբերվում է գրեթե բոլոր հիվանդների մոտ[4]: Համարվում է, որ քրոնիկ մալարիան նվազեցնում է EBV-ի նկատմամբ դիմադրողականությունը՝ թույլ տալով վիրուսային վարակի զարգացումը: Հիվանդությունը բնորոշ կերպով ախտահարում է ծնոտը կամ դեմքի այլ ոսկրեր, որովայնը, կույր աղիքը, զստաղիքի հեռակա հատվածը, ձվարանները, երիկամները կամ կաթնագեղձը[2][5]: Դեպքերի ավելի քան 10%-ի մոտ դրսևորվում է կենտրոնական նյարդային համակարգի ներգրավվածություն, որը սովորաբար արտահայտվում է գանգուղեղային նյարդերի կաթվածով կամ ողնուղեղի ճնշմամբ[2]:
  • Բերկիտի լիմֆոմայի սպորադիկ տեսակը (հայտնի է նաև որպես «ոչ աֆրիկյան») առավել տարածված է այն վայրերում, որտեղ մալարիան էնդեմիկ չէ, օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայի որոշ մասերում[4]: Հիվանդության մեկնարկի միջին տարիքը 10 տարեկանն է, սակայն առկա են նաև գագաթնակետեր 40 և 75 տարեկանում[2]: Տղամարդիկ 3-4 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան կանայք[2]: Ուռուցքային բջիջներն ունեն դասական էնդեմիկ Բերկիտի լիմֆոմայի բջիջներին նման տեսք: Սպորադիկ տիպի Բերկիտի լիմֆոմաները ավելի քիչ են կապված EBV վիրուսի հետ, քան էնդեմիկ լիմֆոմաները, որոնց դեպքերի 20-30%-ն է վերագրվում EBV-ին (առավել հաճախ 50-ից բարձր մեծահասակների մոտ)[2]: Այս տեսակի դեպքում ծնոտը հազվադեպ է ներգրավվում[4]: Որովայնի շրջանը ախտահարման ամենատարածված վայրն է, հաճախ՝ աջ ստորին քառորդում[2][4]: Ոսկրածուծը ներգրավված է դեպքերի 30-35%-ում, իսկ կենտրոնական նյարդային համակարգը՝ մոտ 20%-ում (սովորաբար ախտահարվում է ուղեղապատյանները կամ գլխուղեղի և ողնուղեղի ծածկույթը)[2]:
  • Իմունային անբավարարությամբ պայմանավորված Բերկիտի լիմֆոման սովորաբար կապված է ՄԻԱՎ վարակի հետ, բայց կարող է հանդիպել նաև օրգանների փոխպատվաստումից հետո[2][4]: Իմունային անբավարարությամբ տեսակի զարգացման միջին տարիքը 40-45 տարեկանն է և այն հավասարապես տարածված է տղամարդկանց և կանանց մոտ[2]: Այն կազմում է ՄԻԱՎ-ի հետ կապված լիմֆոմաների 40%-ը և սովորաբար հանդիպում է CD4+ T բջիջների նորմալ քանակ ունեցողների մոտ[2]: EBV-ն հայտնաբերվում է դեպքերի 25-40%-ում, իսկ ներգրավման ընդհանուր տարածքները ներառում են ստամոքս-աղիքային ուղին, ավշային հանգույցները և ոսկրածուծը, ընդ որում՝ ախտահարվածների 20-30%-ն ունի կենտրոնական նյարդային համակարգի ներգրավվածություն[2]:

Բերկիտի լիմֆոման հաճախ կապված է EBV-ով B լիմֆոցիտների վարակման հետ և այս դեպքերում համարվում է Էպշտեյն-Բարի վիրուսի հետ կապված լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների ձևերից մեկը[6]։ Բերկիտի լիմֆոմայի էնդեմիկ տեսակը գրեթե բոլոր դեպքերում կապված է EBV վարակի հետ[7]: Այն փաստը, որ Բերկիտի լիմֆոմայի որոշ դեպքեր չեն ներառում EBV, թույլ է տալիս ենթադրել, որ հիվանդության շատ դեպքեր չեն առաջանում և/կամ չեն խթանվում EBV-ի կողմից, այսինքն վիրուսն այս դեպքերում կարող է լինել պարզապես «անմեղ ուղեկից»: Այնուամենայնիվ, վիրուսի գրեթե համատարած ներկայությունը Բերկիտի լիմֆոմայի էնդեմիկ տեսակում հուշում է, որ այն նպաստում է այս տեսակի զարգացմանը և/կամ առաջընթացին[8]: Վերջերս պարզվել է, որ Բերկիտի լիմֆոմայի մուտացիոն պատկերը տարբերվում է EBV վարակով և առանց դրա ուռուցքների միջև, ինչն էլ ավելի է հիմնավորում հիվանդության ծագման մեջ վիրուսի դերը[9]։

Ախտաֆիզիոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերկիտի լիմֆոմայի գրեթե բոլոր դեպքերը բնութագրվում են c-myc գենի կարգավորման խանգարմամբ՝ երեք քրոմոսոմային տրանսլոկացիաներից մեկի միջոցով, որը myc գենը դնում է իմունոգլոբուլինի գենի էնհանսերի հսկողության տակ[3][10]: MYC գենը գտնվում է 8q24 դիրքում:

  • Ամենատարածված տարբերակը t(8;14)(q24;q32)-ն է, որին բաժին է ընկնում դեպքերի մոտ 70-80%-ը[2]։ Սա ներառում է c-myc օնկոգենի տրանսլոկացիան 8-րդ քրոմոսոմից դեպի 14-րդ քրոմոսոմի Ig ծանր շղթայի շրջան: Հայտնաբերվել է նաև սրա մի տարբերակ՝ եռակողմ տրանսլոկացիա՝ t(8;14;18)[11]:
  • Մեկ այլ տարբերակ է t(2;8)(p12;q24)-ը[12]: Սա ներառում է myc օնկոգենի տրանսլոկացիան՝ 8-րդ քրոմոսոմից դեպի 2-րդ քրոմոսոմի Ig կապպա լոկուս: Տրանսլոկացիայի այս տեսակը հանդիպում է Բերկիտի լիմֆոմայի 15% դեպքերում:
  • Հազվադեպ հանդիպող տարբերակ է t(8;22)(q24;q11)-ը[12]: Այս տեսակը ներառում է myc օնկոգենի տրանսլոկացիան 8-րդ քրոմոսոմից դեպի 22-րդ քրոմոսոմի Ig լյամբդա լոկուս: Տրանսլոկացիայի այս տեսակը ներգրավված է Բերկիտի լիմֆոմայի դեպքերի 5%-ի մոտ։

8-րդ քրոմոսոմի վրա գտնվող c-myc գենը MYC գեների ընտանիքի մի մասն է, որոնք ծառայում են որպես բջջային տրանսկրիպցիայի կարգավորիչներ և կապված են Բերկիտի լիմֆոմայի հետ[13][14]: c-myc գենի էքսպրեսիան հանգեցնում է տրանսկրիպցիոն գործոնների սինթեզի, որոնք մեծացնում են թթվածնային գլիկոլիզում ներգրավված այլ գեների էքսպրեսիան[13]: Վերջնական արդյունքում թթվածնային գլիկոլիզի աճը դեր է խաղում բջջային աճի համար անհրաժեշտ էներգիայի ապահովման գործում[13]: c-myc գենի տրանսլոկացիան դեպի IGH, IGK կամ IGL շրջաններ գենը տեղափոխում իմունոգլոբուլինի Էնհանսերների մոտ, ինչը մեծացնում է c-myc գենի էքսպրեսիան[13]։ Ընդհանուր առմամբ, այս տրանսլոկացիան հանգեցնում է բջիջների ուժեղացված բազմացման, որը բնորոշ է Բերկիտի լիմֆոմային[13]: Տրանսլոկացված c-myc գենում կարող են առկա լինել նաև կետային մուտացիաներ, ինչի հետևանքով սինթեզված c-myc սպիտակուցը դառնում է գերակտիվ[13]:

Bcl-2 տրանսլոկացիաները, որոնք հաճախ են հանդիպում ֆոլիկուլային լիմֆոմաների և այլ B-բջջային ոչ հոջկինյան լիմֆոմաների ժամանակ, Բերկիտի լիմֆոմաների դեպքում չեն հանդիպում[2]:

MYC-ի վերը նշված տրանսլոկացիաներից մեկը հանդիպում է Բերկիտի լիմֆոմայի դեպքերի 90%-ում, սակայն այս ուռուցքածին տրանսլոկացիաները սովորաբար բավարար չեն լիմֆոմա առաջացնելու համար. պետք է առկա լինեն նաև այլ մուտացիաներ[2]: Այս լրացուցիչ մուտացիաները ներառում են ուռուցքային ճնշիչ (սուպրեսոր) TP53-ի մուտացիաները, որը փոխազդում է ուռուցքային սուպրեսոր p53-ի հետ (վերջինս սովորաբար առաջացնում է ապոպտոզ այն B-բջիջներում, որոնք կրում են խանգարված MYC ուռուցքային սպիտակուցը): Սակայն TP53-ի և p53-ի մուտացիայի դեպքում ապոպտոզը արգելափակվում է և ուռուցքածին B-բջիջներին թույլատրվում է անվերահսկելիորեն բազմանալ[2]: Ուռուցքային սուպրեսորներ ARF-ը և USP7-ը նույնպես հաճախ են մուտացված լինու՝մ Բերկիտի լիմֆոմայի ժամանակ, ինչը հանգեցնում է MDM2-ի կողմից p53 ուռուցքային սուպրեսորի ընկճմանը, որն էլ իր հերթին բերում է ուժեղացված ուռուցքածնություն (օնկոգենեզ)[2]: SIN3A-ն՝ MYC-ի կարգավորիչը, որը գործում է MYC-ն ընկճելու միջոցով՝ այն ապաացետիլացնելով, հաճախ ապակտիվացված է լինում Բերկիտի լիմֆոմայի ժամանակ[2]: Նաև ՌՆԹ հելիկազների (ներգրավված են ՌՆԹ սինթեզում)՝ DDX3X-ի (գտնվում է X քրոմոսոմի վրա) և DDX3Y-ի (գտնվում է Y քրոմոսոմի վրա) հաջորդական մուտացիաները հանգեցնում են MYC ուռուցքածնության Բերկիտի լիմֆոմայի ժամանակ[15]: Ախտածնության գործընթացի սկզբում DDX3X մուտացիաները սահմանափակում են տրանսլյացիան (սպիտակուցի սինթեզը)՝ թույլ տալով լիմֆոմայի բջիջներին խուսափել MYC-ով հարուցված սպիտաթունային (պրոտեոտոքսիկ) սթրեսից և ապոպտոզից, այնուհետև ավելի ուշ՝ DDX3Y մուտացիաները վերականգնում են սպիտակուցի սինթեզի բարձր մակարդակը (արտադրելով տրանսլյացիոն մեխանիզմը) և հանգեցնում ուռուցքային բջիջների ուժեղացված բազմացման[15]: Ենթադրվում է, որ DDX3X-ի և DDX3Y-ի այս հաջորդական մուտացիաները մասնակիորեն բացատրում են, թե ինչու է Բերկիտի լիմֆոման ավելի տարածված տղամարդկանց մոտ, քանի որ DDX3Y ՌՆԹ հելիկազը գտնվում է միայն Y քրոմոսոմի վրա[2]:

TCF3 տրանսկրիպցիոն գործոնի և դրա բացասական կարգավորիչ ID3-ի վրա ազդող մուտացիաներ հայտնաբերվում են Բերկիտի լիմֆոմայի դեպքերի մոտ 70%-ում[2][3]: Այս մուտացիաները թույլ չեն տալիս ID3-ին կապվել TCF3-ի հետ և ընկճել այն։ Հետևաբար գերակտիվ TCF3-ն ակտիվացնում է B-բջջային ընկալիչները, որոնք ակտիվացնում են PI3K-ն և mTOR-ը, ինչպես նաև Ig ծանր և թեթև շղթաների գեները, ինչը նպաստում է օնկոգենեզին[2][13]: TCF3 և ID3 մուտացիաները հանգեցնում են շարունակաբար ակտիվ B-բջջային ընկալիչների առաջացմանը, ինչը բացատրում է Բերկիտի լիմֆոմայի ժամանակ բազմացման բարձր մակարդակը[2]: ID3-ի և TCF3-ի մուտացիաները հազվադեպ են հանդիպում այլ ագրեսիվ B-բջջային լիմֆոմաների դեպքում, հետևաբար դրանք կարող են օգտագործվել հետագա ախտորոշիչ հետազոտությունները ուղղորդելու համար[3]:

Բջջային ցիկլի կարգավորիչներ Cyclin D3-ը և p16-ը նույնպես կարող են համապատասխանաբար ակտիվանալ և ապակտիվանալ Բերկիտի լիմֆոմայի ժամանակ՝ հանգեցնելով ուռուցքային բջիջների զանգվածային բազմացման[2]:

Պարզվել է, որ որոշ էպիգենետիկ մեխանիզմները նույնպես դեր են խաղում Բերկիտի լիմֆոմայի պաթոգենեզում: FBXO11-ը քրոմատինի կարգավորիչ է: Ակտիվացնելով ուբիքվիտին լիգազը՝ FBXO11-ն առաջացնում է BCL6-ի ուբիքվիտինացում, ինչը հանգեցնում է նրա թիրախավորմանը պրոտեասոմային դեգրադացիայի (քայքայման) համար[2]: BCL6-ը սովորաբար օգնում է B-բջիջներին հասունանալ սաղմնային կենտրոնում և արտադրել հանդիպած հակածիններին հատուկ հակամարմիններ: Բերկիտի լիմֆոմայի ժամանակ FBXO11-ն ապակտիվացված է, ինչը բերում է BCL6-ի ակտիվացման մեծացմանը, որն էլ իր հերթին հանգեցնում է սաղմնային կենտրոնի B-բջիջների բազմացման աճին և հասունացման նվազմանը՝ այդպիսով նպաստելով լիմֆոմաների առաջացման[2]:

EBV-ի հետ կապված Բերկիտի լիմֆոման ունի ակտիվացմամբ հարուցված ցիտիդին դեամինազի (մուտատոր) էքսպրեսիոն բարձր ակտիվություն։ Սա հանգեցնում է նրան, որ EBV-ի հետ կապված Բերկիտի լիմֆոմաներն ունենում են ավելի շատ մուտացիաներ, քան ոչ EBV տեսակները: Բերկիտի լիմֆոմայի ոչ EBV ենթատիպերը ավելի հաճախ ունենում են cyclin D3-ի ապակարգացորում և մուտացված, ապակտիվացված p53[2]:

Վիրուսաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդեմիկ Բերկիտի լիմֆոմայի պաթոգենեզում EBV-ի (Էպշտեյն-Բարի վիրուս) ամբողջական դերը դեռևս լիովին պարզաբանված չէ, սակայն ապացուցված է, որ այն առաջացնում է ԴՆԹ-ի վնասում, տելոմերների գործունեության խանգարում և գենոմի անկայունություն[14][16]: Չնայած Բերկիտի լիմֆոմայի ժամանակ EBV-ի յուրահատուկ պաթոգեն մեխանիզմներն անհայտ են, վերջին շրջանում, հատկապես տրանսկրիպտոմիկայի զարգացմանը զուգընթաց, մեծացել է հետաքրքրությունը դրանց պարզաբանման նկատմամբ: BART miRNA-ները կոդավորվում են EBV գենոմի կողմից և բարձր մակարդակով արտահայտվում են EBV-ով վարակված բջիջներում[17]: Կոմպլեմենտար իՌՆԹ հաջորդականություններին կապվելու և դրանով իսկ գեների էքսպրեսիան կանխելու իրենց ունակության շնորհիվ՝ BART miRNA-ները օգնում են EBV-ով վարակված բջիջներին խուսափել իմունային համակարգի կողմից հայտնաբերումից: Այսպիսով, BART miRNA-ները նպաստում են EBV-ով վարակված բջիջների գոյատևմանը և բազմացմանը[17]։ BART miRNA-ները կարող են դառնալ նոր բուժական թիրախ կամ յուրահատուկ կենսամարկեր Բերկիտի լիմֆոմայով բուժառուների համար: Այնուամենայնիվ, նախքան վերջնական եզրակացություններ անելը, հետագա հետազոտություններ են անհրաժեշտ այն մասին, թե ինչպես են BART miRNA-ները փոխազդում ներբջջային ազդանշանային ուղիների հետ և նպաստում չարորակացմանը:

EBV-ով B բջիջների վարակումը գաղտնի է և վիրուսը ռեպլիկացիայի չի ենթարկվում[17]: Լատենտ վարակված B բջիջները հետագայում կարող են արտադրել սպիտակուցներ, որոնք նպաստում են բջջային աճին՝ փոփոխելով բնականոն ազդանշանային ուղիները[16]: EBV-ն նպաստում է չարորակ B բջիջների զարգացմանը այնպիսի սպիտակուցների միջոցով, որոնք սահմանափակում են ապոպտոզը (բջջային ծրագրավորված մահը) այն բջիջներում, որոնք ունեն c-myc տրանսլոկացիա[14]: Ապոպտոզը սահմանափակվում է EBV-ի կողմից տարբեր միջոցներով, ինչպիսիք են EBNA-1 սպիտակուցը, BHF1 սպիտակուցը, EBER տրանսկրիպտները, vIL-10 գենը, BZLF1-ը և LMP1-ը[14]: Վերջին հետազոտությունները նաև ցույց են տվել, որ EBV-ի չկոդավորող ՌՆԹ-ն՝ EBER2-ը, կարող է խթանել Բերկիտի լիմֆոմայի բջիջների աճը՝ ուժեղացնելով UCHL1-ի՝ բջջային դեզուբիքվիտինազի ակտիվությունը[18]: Պարզվել է, որ մալարիան գենոմային անկայունություն է առաջացնում էնդեմիկ Բերկիտի լիմֆոմայի ժամանակ[19]: Մալարիան կարող է հանգեցնել լատենտ EBV-ի վերաակտիվացմանը, ինչպես նաև MYC տրանսլոկացիաների՝ toll-նման ռեցեպտոր 9-ի (toll-like receptor 9) ակտիվացման միջոցով[14]: Մալարիան նաև խթանում է B-բջջային բազմացումը՝ փոփոխելով սովորական իմունային պատասխանը[16]: Իմունային համակարգը թիրախավորում է անտիգենները (օրինակ՝ EBNA2 և LMP-1) և ոչնչացնում EBV-ով վարակված B բջիջների մեծ մասը[14]: Իմունային համակարգի կողմից թիրախավորված հակածինների էքսպրեսիայի նվազեցումը (down regulation) հանգեցնում է կայուն B բջիջների զարգացմանը[14]: Այս B բջիջները հետագայում կարող են ենթարկվել նոր մուտացիաների (օրինակ՝ c-myc տրանսլոկացիա), որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը[14]:

Իմունաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերկիտի լիմֆոմայի բջիջները բնականոն կերպով էքսպրեսում են HLA I դասի մոլեկուլներ, ինչպես նաև որոշ HLA II դասի համալիրներ, սակայն CD4+ T բջիջները պատշաճ կերպով չեն ակտիվանում: Բերկիտի լիմֆոմայի բջիջները էքսպրեսում են միայն EBNA 1-ը՝ թույլ հակածինային հատկություններով օժտված EBV-ի հետ կապված հակածին, որն ունակ է խուսափել HLA I դասի ներկայացումից (պրեզենտացիայից)՝ այդպիսով խուսափելով իմունային պատասխանից: EBNA 1-ը կարող է ներկայացվել HLA II դասի մոլեկուլների միջոցով, սակայն HLA II դասի ուղին ի վիճակի չէ ակտիվացնել CD4+ T բջիջները[20]:

Բերկիտի լիմֆոմայի բարձր խոշորացմամբ տեսքը՝ «աստղալից երկնքի» պատկերով: Հեմատոքսիլին-էոզինով ներկում:
Բերկիտի լիմֆոման երիկամի բիոպսիայի նմուշում:

Չարորակ B բջիջների բնութագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաղմնային կենտրոնի բնականոն B բջիջները օժտված են վերադասավորված իմունոգլոբուլինի ծանր և թեթև շղթաների գեներով և յուրաքանչյուր մեկուսացված B բջիջ ունի IgH գենի եզակի վերադասավորում: Քանի որ Բերկիտի լիմֆոման և B-բջջային այլ լիմֆոմաները կլոնային բազմացման գործընթաց են, մեկ բուժառուի բոլոր ուռուցքային բջիջները պետք է ունենան նույնական IgH գեներ: Երբ ուռուցքային բջիջների ԴՆԹ-ն վերլուծվում է էլեկտրոֆորեզի միջոցով, կարող է հայտնաբերվել կլոնային շերտ, քանի որ նույնական IgH գեները կտեղաշարժվեն դեպի նույն դիրքը: Ընդհակառակը, երբ բնականոն կամ ռեակտիվ ավշային հանգույցն է վերլուծվում նույն տեխնիկայով, հստակ շերտի փոխարեն քսուկ է երևում: Այս տեխնիկան օգտակար է, քանի որ երբեմն դժվար է լինում տարբերակել բարորակ ռեակտիվ գործընթացները (օրինակ՝ ինֆեկցիոն մոնոնուկլեոզը) չարորակ լիմֆոմայից:

Մանրադիտակային հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուռուցքը բաղկացած է միատարր (այսինքն՝ չափերով և ձևաբանությամբ նման) միջին չափի լիմֆոիդ բջիջների շերտերից, որոնք բարձր պրոլիֆերատիվ և ապոպտոտիկ ակտիվություն ունեն: Փոքր խոշորացման տակ երևացող «աստղալից երկնքի» պատկերը[21] պայմանավորված է ցրված ներկվող մարմնիկներ պարունակող մակրոֆագերով (մակրոֆագեր, որոնք պարունակում են մահացած ապոպտոտիկ ուռուցքային բջիջներ): «Փոքր չճեղքված բջիջ» հին նկարագրական տերմինը մոլորեցնող է: Ուռուցքային բջիջները հիմնականում միջին չափի են (այսինքն՝ ուռուցքային բջիջների կորիզների չափը նման է հիստիոցիտների կամ էնդոթելային բջիջների կորիզների չափին): «Փոքր չճեղքված բջիջները» համեմատվում են բնականոն սաղմնային կենտրոնի լիմֆոցիտների «մեծ չճեղքված բջիջների» հետ: Ուռուցքային բջիջներն ունեն փոքր քանակությամբ բազոֆիլ ցիտոպլազմա՝ երեքից չորս փոքր կորիզակներով: Բջջային եզրագիծը սովորաբար քառակուսի է երևում:

Իմունահյուսվածաքիմիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերկիտի լիմֆոմայի ուռուցքային բջիջները սովորաբար ուժեղ էքսպրեսում են B-բջջային տարբերակման ցուցիչները (CD20, CD22, CD19), ինչպես նաև CD10 և BCL6: Ուռուցքային բջիջները սովորաբար բացասական են BCL2-ի և TdT-ի համար: Բերկիտի լիմֆոմայի բարձր միտոտիկ ակտիվությունը հաստատվում է նրանով, որ բջիջների գրեթե 100%-ը դրական են ներկվում Ki67-ի համար[22]:

Ընդհանուր առմամբ, Բերկիտի լիմֆոմայի բուժման առաջին գիծը քիմիաթերապիան է: Այդ գծագրից մի քանիսն են՝ GMALL-B-ALL/NHL2002 արձանագրությունը, փոփոխված Magrath սխեման (R-CODOX-M/IVAC)[23]: COPADM-ը[24], հիպեր-CVAD-ը[25] և Քաղցկեղի և լեյկեմիայի խումբ (Cancer and Leukemia Group B, CALGB) 8811 սխեման[25]. սրանք կարող են զուգակցվել ռիտուքսիմաբի հետ[25][26]: Տարեց բուժառուների դեպքում բուժումը կարող է իրականացվել EPOCH սխեմայով՝ դեղաչափի ճշգրտմամբ և ռիտուքսիմաբի կիրառմամբ[27]:

Քիմիաթերապիայի ազդեցությունը, ինչպես բոլոր քաղցկեղների դեպքում, կախված է ախտորոշման ժամանակից: Արագ աճող քաղցկեղների դեպքում, ինչպիսին է Բերկիտը, քաղցկեղն իրականում ավելի արագ է արձագանքում, քան դանդաղ աճողների դեպքում: Քիմիաթերապիայի այս արագ արձագանքը կարող է վտանգավոր լինել բուժառուի համար, քանի որ կարող է առաջանալ մի երևույթ, որը կոչվում է «ուռուցքի քայքայման համախտանիշ» (tumor lysis syndrome): Գործընթացի ընթացքում էական է բուժառուի խիստ հսկողությունը և համարժեք հիդրատացիան (հեղուկների մատակարարումը): Քանի որ Բերկիտի լիմֆոման կենտրոնական նյարդային համակարգ տարածվելու մեծ հակում ունի (լիմֆոմատոզ մենինգիտ), համակարգային քիմիաթերապիայի հետ մեկտեղ ներմուծվում է ինտրատեկալ (ողնուղեղային խողովակի մեջ) քիմիաթերապիա՝ մեթոտրեքսատով և/կամ ARA-C-ով և/կամ պրեդնիզոլոնով:

Քիմիաթերապիա

Բերկիտի լիմֆոմայի բուժման այլ մեթոդները ներառում են իմունոթերապիան, ոսկրածուծի փոխպատվաստումը, ցողունային բջիջների փոխպատվաստումը, ուռուցքը հեռացնելու համար նախատեսված վիրահատությունը և ճառագայթային թերապիան:

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերկիտի լիմֆոման շատ ագրեսիվ քաղցկեղ է, որը կարող է արագորեն մետաստազավորվել և տարածվել ամբողջ մարմնով, եթե հիվանդությունը արագ չի բուժվում: Եթե բուժառուն մնում է առանց բուժման, կամ եթե բուժումը սկսվում է շատ ուշ, Բերկիտի լիմֆոման կարող է մահացու լինել[3]: Երեխաների մոտ Բերկիտի լիմֆոման հաճախ ունենում է ավելի լավ կանխատեսում, քան նույն քաղցկեղը մեծահասակների մոտ[14][29]: Զարգացած երկրներում սպորադիկ Բերկիտի լիմֆոմայի բուժման ընդհանուր մակարդակը կազմում է մոտ 90%[4]:

Բերկիտի լիմֆոման տարածված չէ մեծահասակների մոտ, սակայն ունի ավելի վատ արդյունքներ, քան երեխաների դեպքում[4]: Եթե ցիկլոֆոսֆամիդի, վինկրիստինի, պրեդնիզոլոնի և/կամ այլ դեղամիջոցների քիմիաթերապիայի նախնական սխեմայով բուժումը չի հանգեցնում նշանակալի ամոքման (ռեմիսիայի) կամ հետաճի, սա սովորաբար վկայում է ավելի ծանր ելքի մասին[14]: Ավելին, նախնական անհաջող բուժումը և Բերկիտի լիմֆոմայի կրկնությունը վեցամսյա ժամանակահատվածից հետո ծառայում են որպես վատ կանխատեսման ցուցիչ[14]։ Նախնական բուժման ընթացքում թերապևտիկ դեղամիջոցների համարժեք օգտագործումը սահմանափակում է լրացուցիչ բուժման տարբերակները հիվանդության վերադարձից հետո[14]: Հատկանշական է, որ աշխարհի այն տարածքներում, որտեղ Բերկիտի լիմֆոմայի նախնական բուժումն անբավարար է, հիվանդության վերադարձի դեպքում կարող են պահպանվել հետագա բուժման տարբերակներ[14]: Լաբորատոր հետազոտությունները, ինչպիսիք են լակտատ դեհիդրոգենազը (ԼԴՀ), CD4-ի քանակը և այլ ցիտոգենետիկական հետազոտությունները, նույնպես կանխատեսման ցուցիչներ են[14]: Անբավարար արդյունքները կապված են ԼԴՀ-ի այնպիսի մակարդակի հետ, որը երկու անգամ գերազանցում է նորմայի վերին սահմանը[14]: Մասնավորապես, վատ կանխատեսում կա կապված CD4-ի քանակի նվազման հետ՝ Բերկիտի լիմֆոմայի իմունային անբավարարության հետ կապված տարբերակի դեպքում[14]: Գենետիկական մուտացիաները, որոնք դուրս են գալիս նախկինում նկարագրված MYC տրանսլոկացիայի սահմաններից, նույնպես կարող են ծառայել որպես բացասական կանխատեսման ցուցիչներ[14]: Որոշ նշանակալի գենետիկական հայտնաբերումներ, որոնք կարող են կապված լինել վատ արդյունքների հետ, ներառում են՝ 13q դելեցիան, 7q գեյնը (ավելացումը), ID3 և CCND3 կրկնակի հարված մուտացիաները և 18q21 CN-LOH մուտացիաները[14]: Բերկիտի լիմֆոմայի կանխատեսումը կարող է ավելի լավ որոշվել փուլայնացումից հետո՝ օգտագործելով պատկերավորման մեթոդներ, ինչպիսիք են պոզիտրոն-էմիսիոնային շերտագրություն (ՊԷՇ) և համակարգչային շերտագրություն (ՀՇ), որտեղ ուռուցքի տարածվածությունը և կենտրոնական նյարդային համակարգի ինվազիան վկայում են վատ կանխատեսման մասին[14][29]:

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ոչ հոջկինյան լիմֆոմա (ՈՀԼ)՝ Բերկիտի լիմֆոման կազմում է դեպքերի 1-5%-ը և ավելի տարածված է տղամարդկանց մոտ, քան կանանց՝ 3-4-ը 1-ի հարաբերակցությամբ[14]: Էնդեմիկ տարբերակը հիմնականում ախտահարում է Աֆրիկայի և Պապուա Նոր Գվինեայի այն տարածքները, որտեղ առկա է մալարիայի և EBV-ի (Էպշտեյն-Բարի վիրուս) բարձր տարածվածություն.[14][30]: Հասարակածային Աֆրիկայի մինչև 18 տարեկան երեխաների շրջանում Բերկիտի լիմֆոմայի տարեկան հաճախականությունը կազմում է 4–5/100,000[30]: Բացի այդ, հասարակածային Աֆրիկայում մանկական տարիքում ախտորոշված ուռուցքների 50%-ը, ինչպես նաև լիմֆոմայի դեպքերի 90%-ը կարող են վերագրվել Բերկիտի լիմֆոմային[30]: Էնդեմիկ Բերկիտի լիմֆոմայի հանդիպման պիկը 4-ից 7 տարեկանն է՝ 6 տարեկան միջին տարիքով[14][30]։ Սպորադիկ տարբերակը, որն ունի տարեկան 2-3/միլիոն հ աճախականություն, ավելի հաճախ հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում՝ կազմելով մեծահասակների լիմֆոմաների 1-2%-ը և ՈՀԼ դեպքերի 30-40%-ը[14][30]: Այս տարբերակը 3,5 անգամ ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ՝ համեմատած կանանց հետ, և ավելի հաճախ է պատահում երիտասարդների շրջանում[30]: Երեխաների մոտ սպորադիկ տարբերակի հանդիպման պիկը 11 տարեկանն է, իսկ ախտորոշումը սովորաբար տեղի է ունենում միջինում 3–12 տարեկանում[14][30]: Մեծահասակների համար սպորադիկ Բերկիտի լիմֆոմայի ախտորոշման միջին տարիքը 45-ն է[14]: Իմունոդեֆիցիտի հետ կապված տարբերակը գերազանցապես ախտահարում է ՄԻԱՎ-ով վարակված բնակչությանը[30]: Այն անձանց մոտ, ովքեր բնակվում են ԱՄՆ-ում և ունեն ՁԻԱՀ, այս տարբերակի հաճախականությունը կազմել է 22/100,000 մարդ-տարի[14][30]: Գոյություն ունի նաև Բերկիտի լիմֆոմայի այս տարբերակի զարգացման բարձր ռիսկ այն անձանց համար, որոնք օրգանների փոխպատվաստում են ստացել 4-5 տարի առաջ[30]:

EBV վարակը կապված է Բերկիտի լիմֆոմայի հետ[31] և նհայտնաբերվում է էնդեմիկ Բերկիտի լիմֆոմայի գրեթե բոլոր դեպքերում[30], իսկ Բերկիտի լիմֆոմայի սպորադիկ տարբերակը կապված է EBV-ի հետ դեպքերի միայն 10-20%-ում[30]: Իմունային անբավարարության հետ կապված Բերկիտի լիմֆոմայի դեպքերի մոտավորապես 30%-ը կապված է եղել EBV-ի հետ[32]:

Հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենային թիրախներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենետիկական յուրահատուկ փոփոխությունները խթանում են բջիջների գոյատևումը Բերկիտի լիմֆոմայի ժամանակ, ի տարբերություն լիմֆոմայի այլ տեսակների[33]: Բերկիտի լիմֆոմայի դեպքում TCF3 և ID3 գեների այս մուտացիաները համապատասխանում են բջիջների գոյատևման այնպիսի ուղուն, որը կարող է հարմար լինել թիրախային թերապիայի համար[34]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Burkitt D (1958). «A sarcoma involving the jaws in African children». The British Journal of Surgery. 46 (197): 218–23. doi:10.1002/bjs.18004619704. PMID 13628987. S2CID 46452308.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 Roschewski, Mark; Staudt, Louis M.; Wilson, Wyndham H. (2022 թ․ սեպտեմբերի 22). «Burkitt's Lymphoma». New England Journal of Medicine. 387 (12): 1111–1122. doi:10.1056/NEJMra2025746. PMID 36129999. S2CID 252437964.
  3. 1 2 3 4 5 Gonzales, Blanca; Wang, Luojun; Campo, Elias (2021). «Chapter 95: Pathology of Lymphomas». Williams Hematology (English) (10th ed.). New York: McGraw Hill.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 1 2 3 4 5 6 7 8 9 10 Molyneux E, Rochford R, Griffin B, Newton R, Jackson G, Menon G, Harrison C, Israels T, Bailey S (2012 թ․ ապրիլ). «Burkitt's lymphoma» (PDF). The Lancet. 379 (9822): 1234–1244. doi:10.1016/S0140-6736(11)61177-X. PMID 22333947. S2CID 39960470.
  5. 1 2 Dojcinov, SD; Fend, F; Quintanilla-Martinez, L (2018 թ․ մարտի 7). «EBV-Positive Lymphoproliferations of B- T- and NK-Cell Derivation in Non-Immunocompromised Hosts». Pathogens (Basel, Switzerland). 7 (1): 28. doi:10.3390/pathogens7010028. PMC 5874754. PMID 29518976.
  6. Vockerodt M, Yap LF, Shannon-Lowe C, Curley H, Wei W, Vrzalikova K, Murray PG (2015 թ․ հունվար). «The Epstein-Barr virus and the pathogenesis of lymphoma». The Journal of Pathology. 235 (2): 312–22. doi:10.1002/path.4459. PMID 25294567. S2CID 22313509.
  7. Casulo C, Friedberg J (2015 թ․ սեպտեմբեր). «Treating Burkitt Lymphoma in Adults». Current Hematologic Malignancy Reports. 10 (3): 266–71. doi:10.1007/s11899-015-0263-4. PMID 26013028. S2CID 21258747.
  8. Rezk SA, Zhao X, Weiss LM (2018 թ․ սեպտեմբեր). «Epstein-Barr virus (EBV)-associated lymphoid proliferations, a 2018 update». Human Pathology. 79: 18–41. doi:10.1016/j.humpath.2018.05.020. PMID 29885408. S2CID 47010934.
  9. Grande, Bruno M.; Gerhard, Daniela S.; Jiang, Aixiang; Griner, Nicholas B.; Abramson, Jeremy S.; Alexander, Thomas B.; Allen, Hilary; Ayers, Leona W.; Bethony, Jeffrey M.; Bhatia, Kishor; Bowen, Jay; Casper, Corey; Choi, John Kim; Culibrk, Luka; Davidsen, Tanja M.; Dyer, Maureen A.; Gastier-Foster, Julie M.; Gesuwan, Patee; Greiner, Timothy C.; Gross, Thomas G.; Hanf, Benjamin; Harris, Nancy Lee; He, Yiwen; Irvin, John D.; Jaffe, Elaine S.; Jones, Steven J. M.; Kerchan, Patrick; Knoetze, Nicole; Leal, Fabio E.; Lichtenberg, Tara M.; Ma, Yussanne; Martin, Jean Paul; Martin, Marie-Reine; Mbulaiteye, Sam M.; Mullighan, Charles G.; Mungall, Andrew J.; Namirembe, Constance; Novik, Karen; Noy, Ariela; Ogwang, Martin D.; Omoding, Abraham; Orem, Jackson; Reynolds, Steven J.; Rushton, Christopher K.; Sandlund, John T.; Schmitz, Roland; Taylor, Cynthia; Wilson, Wyndham H.; Wright, George W.; Zhao, Eric Y.; Marra, Marco A.; Morin, Ryan D.; Staudt, Louis M. (2019 թ․ մարտի 21). «Genome-wide discovery of somatic coding and noncoding mutations in pediatric endemic and sporadic Burkitt lymphoma». Blood. 133 (12): 1313–1324. doi:10.1182/blood-2018-09-871418. PMC 6428665. PMID 30617194.
  10. Hoffman, Ronald (2009). Hematology: basic principles and practice (PDF) (5th ed.). Philadelphia, PA: Churchill Livingstone/Elsevier. էջեր 1304–1305. ISBN 978-0-443-06715-0.
  11. Liu D, Shimonov J, Primanneni S, Lai Y, Ahmed T, Seiter K (2007). «t(8;14;18): a 3-way chromosome translocation in two patients with Burkitt's lymphoma/leukemia». Mol. Cancer. 6 (1): 35. doi:10.1186/1476-4598-6-35. PMC 1904237. PMID 17547754.
  12. 1 2 Smardova J, Grochova D, Fabian P, և այլք: (2008 թ․ հոկտեմբեր). «An unusual p53 mutation detected in Burkitt's lymphoma: 30 bp duplication». Oncol. Rep. 20 (4): 773–8. doi:10.3892/or_00000073. PMID 18813817.
  13. 1 2 3 4 5 6 7 Robbins & Cotran pathologic basis of disease. Vinay Kumar, Abul K. Abbas, Jon C. Aster (10th ed.). Philadelphia, PA. 2021. էջեր 583–633. ISBN 978-0-323-53113-9. OCLC 1191840836.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ այլ (link)
  14. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 Graham, Brittney S.; Lynch, David T. (2022), «Burkitt Lymphoma», StatPearls, Treasure Island (FL): StatPearls Publishing, PMID 30844175, Վերցված է 2022-01-20-ին
  15. 1 2 Gong, Chun; Krupka, Joanna A.; Gao, Jie; Grigoropoulos, Nicholas F.; Giotopoulos, George; Asby, Ryan; Screen, Michael; Usheva, Zelvera; Cucco, Francesco; Barrans, Sharon; Painter, Daniel; Zaini, Nurmahirah Binte Mohammed; Haupl, Björn; Bornelöv, Susanne; Ruiz De Los Mozos, Igor; Meng, Wei; Zhou, Peixun; Blain, Alex E.; Forde, Sorcha; Matthews, Jamie; Khim Tan, Michelle Guet; Burke, G.A. Amos; Sze, Siu Kwan; Beer, Philip; Burton, Cathy; Campbell, Peter; Rand, Vikki; Turner, Suzanne D.; Ule, Jernej; Roman, Eve; Tooze, Reuben; Oellerich, Thomas; Huntly, Brian J.; Turner, Martin; Du, Ming-Qing; Samarajiwa, Shamith A.; Hodson, Daniel J. (2021 թ․ հոկտեմբեր). «Sequential inverse dysregulation of the RNA helicases DDX3X and DDX3Y facilitates MYC-driven lymphomagenesis». Molecular Cell. 81 (19): 4059–4075.e11. doi:10.1016/j.molcel.2021.07.041. PMID 34437837. S2CID 237327258.
  16. 1 2 3 Robbins & Cotran pathologic basis of disease. Vinay Kumar, Abul K. Abbas, Jon C. Aster, Ramzi S. Cotran, Stanley L. Robbins (10th ed.). Philadelphia, Pa. 2021. էջեր 267–338. ISBN 978-0-323-60995-1. OCLC 1161987164.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ այլ (link)
  17. 1 2 3 Piccaluga, Pier Paolo; Navari, Mohsen; Falco, Giulia De; Ambrosio, Maria Raffaella; Lazzi, Stefano; Fuligni, Fabio; Bellan, Cristiana; Rossi, Maura; Sapienza, Maria Rosaria; Laginestra, Maria Antonella; Etebari, Maryam; Rogena, Emily A.; Tumwine, Lynnette; Tripodo, Claudio; Gibellini, Davide (2015-07-31). «Virus-encoded microRNA contributes to the molecular profile of EBV-positive Burkitt lymphomas». Oncotarget (անգլերեն). 7 (1): 224–240. doi:10.18632/oncotarget.4399. ISSN 1949-2553. PMC 4807994. PMID 26325594.
  18. Li, Zhe; Baccianti, Francesco; Delecluse, Susanne; Tsai, Ming-Han; Shumilov, Anatoliy; Cheng, Xianliang; Ma, Sicong; Hoffmann, Ingrid; Poirey, Remy; Delecluse, Henri-Jacques (2021 թ․ հոկտեմբերի 26). «The Epstein–Barr virus noncoding RNA EBER2 transactivates the UCHL1 deubiquitinase to accelerate cell growth». Proceedings of the National Academy of Sciences. 118 (43) e2115508118. doi:10.1073/pnas.2115508118. PMC 8639328.
  19. Hematology: basic principles and practice. Ronald Hoffman, Edward J., Jr. Benz, Leslie E. Silberstein, Helen Heslop, Jeffrey I. Weitz, John Anastasi (7th ed.). Philadelphia, PA. 2018. էջեր 1187–1203. ISBN 978-0-323-50939-8. OCLC 1001961209.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ այլ (link)
  20. God, Jason; Haque, Azizul (2010). «Burkitt Lymphoma: Pathogenesis and Immune Evasion». Journal of Oncology. 2010: 1–14. doi:10.1155/2010/516047. PMC 2952908. PMID 20953370.
  21. Fujita S, Buziba N, Kumatori A, Senba M, Yamaguchi A, Toriyama K (2004 թ․ մայիս). «Early stage of Epstein–Barr virus lytic infection leading to the "starry sky" pattern formation in endemic Burkitt's lymphoma». Arch. Pathol. Lab. Med. 128 (5): 549–52. doi:10.5858/2004-128-549-ESOEVL. PMID 15086279.
  22. Steven H Swerdlow (2008). WHO classification of tumours of haematopoietic and lymphoid tissues. World Health Organization classification of tumours. Lyon, France : International Agency for Research on Cancer. ISBN 978-92-832-2431-0.
  23. Barnes, J.A.; LaCasce2, A.S; Feng, Y.; և այլք: (2011). «Evaluation of the addition of rituximab to CODOX-M/ IVAC for Burkitt's lymphoma: a retrospective analysis». Annals of Oncology. 22 (8): 1859–64. doi:10.1093/annonc/mdq677. PMID 21339382.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  24. Miles, Rodney R.; Arnold, Staci; Cairo, Mitchell S. (2012). «Risk factors and treatment of childhood and adolescent Burkitt lymphoma/leukaemia». British Journal of Haematology. 156 (6): 730–743. doi:10.1111/j.1365-2141.2011.09024.x. PMID 22260323. S2CID 6418151.
  25. 1 2 3 «Burkitt Lymphoma and Burkitt-like Lymphoma: Practice Essentials, Background, Etiology and Pathophysiology». 2017 թ․ հունիսի 29. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին via eMedicine.
  26. «BHS Guidelines for the treatment of Burkitt's lymphoma» (PDF). Bhs.be. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
  27. Wyndham H. Wilson; Kieron Dunleavy; Stefania Pittaluga; Upendra Hegde; Nicole Grant; Seth M. Steinberg; Mark Raffeld; Martin Gutierrez; Bruce A. Chabner; Louis Staudt; Elaine S. Jaffe; John E. Janik (2008). «Phase II Study of Dose-Adjusted EPOCH-Rituximab in Untreated Diffuse Large B-cell Lymphoma with Analysis of Germinal Center and Post-Germinal Center Biomarkers». Journal of Clinical Oncology. 26 (16): 2717–2724. doi:10.1200/JCO.2007.13.1391. PMC 2409217. PMID 18378569.
  28. Yustein JT, Dang CV (2007). «Biology and treatment of Burkitt's lymphoma». Curr. Opin. Hematol. 14 (4): 375–81. doi:10.1097/MOH.0b013e3281bccdee. PMID 17534164. S2CID 8778208.
  29. 1 2 Hematology: basic principles and practice. Ronald Hoffman, Edward J., Jr. Benz, Leslie E. Silberstein, Helen Heslop, Jeffrey I. Weitz, John Anastasi (7th ed.). Philadelphia, PA. 2018. էջեր 1309–1317. ISBN 978-0-323-50939-8. OCLC 1001961209.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ այլ (link)
  30. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Saleh, Khalil; Michot, Jean-Marie; Camara-Clayette, Valérie; Vassetsky, Yegor; Ribrag, Vincent (2020-03-06). «Burkitt and Burkitt-Like Lymphomas: a Systematic Review». Current Oncology Reports. 22 (4): 33. doi:10.1007/s11912-020-0898-8. ISSN 1534-6269. PMID 32144513. S2CID 212420935.
  31. Pannone, Giuseppe; Zamparese, Rosanna; Pace, Mirella; Pedicillo, Maria; Cagiano, Simona; Somma, Pasquale; Errico, Maria; Donofrio, Vittoria; Franco, Renato; De Chiara, Annarosaria; Aquino, Gabriella; Bucci, Paolo; Bucci, Eduardo; Santoro, Angela; Bufo, Pantaleo (2014). «The role of EBV in the pathogenesis of Burkitt's Lymphoma: an Italian hospital based survey». Infectious Agents and Cancer. 9 (1): 34. doi:10.1186/1750-9378-9-34. ISSN 1750-9378. PMC 4216353. PMID 25364378.
  32. Navari M, Etebari M, De Falco G, Ambrosio MR, Gibellini D, Leoncini L, Piccaluga PP (2015). «The presence of Epstein-Barr virus significantly impacts the transcriptional profile in immunodeficiency-associated Burkitt lymphoma». Frontiers in Microbiology. 6: 556. doi:10.3389/fmicb.2015.00556. PMC 4462103. PMID 26113842.
  33. «NIH study shows Burkitt lymphoma is molecularly distinct from other lymphomas». National Cancer Institute. Արխիվացված է օրիգինալից 2012-08-16-ին. Վերցված է 2012-10-19-ին.
  34. Staudt L; և այլք: (2012). «Burkitt Lymphoma Pathogenesis and Therapeutic Targets from Structural and Functional Genomics». Nature. 490 (7418): 116–120. Bibcode:2012Natur.490..116S. doi:10.1038/nature11378. PMC 3609867. PMID 22885699.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերկիտի լիմֆոմա» հոդվածին։