Բերինգերյան բրածոներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերինգերյան բրածոներ` ցուցադրված Թեյլերի թանգարանում, Հաառլեմ

Բերինգերյան բրածոներ, 18-րդ դարում հայտնաբերված քարի կտորներ, որոնց հայտնաբերումը համարվում է 18-րդ դարի ամենահայտնի գիտական խաբեություններից մեկը։

Բերինգերյան բրածոները իրենցից ներկայացնում են կրաքարի վրա տարբեր կենդանիների տեսքով փորագրված քարե կտորներ, որոնք 1725 թվականին հայտնաբերել է գերմանացի պրոֆեսոր, Վյուրցբուրգի համալսարանի Բժշկության ֆալուկտետի դեկան Յոհան Բարտոլոմեուս Ադամ Բերինգերը։ Բերինգերը հավատացած էր, որ դրանք բրածոներ են, և քանի որ դրանցից մի քանիսի վրա եբրայերենով գրված էր «աստված» բառը, նա ենթադրեց, որ դրանք աստվածային ծագման են։ Սակայն իրականում Բերինգերը խաբեության զոհ էր դարձել, որը նախապատրաստել էին նրա գործընկերները` մաթեմատիկոս Իգնաց Ռոդերիկը և պատմաբան Յոհան Գեորգ ֆոն Էկխարդտը։ Երբ Բերինգերը իմացավ ողջ ճշմարտությունը, մեծ աղմուկ բարձրացավ, որի արդյունքում Իգնացն ու Յոհանը պատասխանատվության ենթարկվեցին և արժանացան հանրության ամոթանքին ու արհամարհանքին։

Քարերից մի քանիսն այժմ ցուցադրվում են Օքսֆորդի համալսարանի թանգարանում և Թեյլերի թանգարանում (Նիդերլանդներ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1725 թվականին Բերինգի խաբեբա գործընկերները կրաքարի բեկորների վրա մողեսի, գորտի և սարդի տեսքով փորագրություններ են անում։ Մի քանիսի վրա նրանք եբրայերեն, լատիներեն և արաբերեն «աստված» բառն են փորագրում։ Անգամ որոշ պատկերներ իրենցից ամբողջական պատմություն էին ներկայացնում. մեղուն թռչում էր ծաղկի ուղղությամբ, սարդը հարձակվում էր սարդոստայնում խճճված ճանճի վրա։ Նրանք այս քարերը թաղում են Այբելշտադտ սարի մոտ, որտեղ Բերինգերը հաճախ գնում էր պեղումներ կատարելու նպատակով։

Մասամբ Բերինգերի սխալմունքի պատճառ է հանդիսանում այն փաստը, որ այդ ժամանակաշրջանում բրածոների պեղումներն ու գիտական հետազոտությունները նոր-նոր էին ձեռնարկվում և գիտությանը շատ քիչ բաներ էին հայտնի պեղումների մասին։ Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ Բերինգերը իր հայտնաբերած քարերին երբեք «բրածո» անվանումը չի տվել։ Նա համոզված էր, որ դրանք աստվածային ծագում ունեն։ Նա նաև քննարկել է մեկ այլ վարկած, ըստ որի դրանք հեթանոսական փորագրություններ են։ Սակայն շուտով բացառել է այդ տարբերակը, քանի որ այդ ժամանակ հեթանոսները գաղափար չունեին «աստված» բառի վերաբերյալ։

Ռոդերիկն ու Էկխարդտը շարունակում էին կեղծ բրածոներ ստեղծել, սակայն տեսնելով, որ Բերինգերը լրջորեն տարվել է պեղումներով, նրան ճշմարտությունն են ասում`չնշելով, որ այդ ամենի հեղինակները հենց իրենք էին։ Սակայն Բերինգերը նրանց չի հավատում, չնայած որ ինքն էլ որոշ տարօրինակություններ էր նկատել և իր գրքի առաջին հրատարակությունում նշում է, որ պատկերներն այնքան հստակ են, որ կարելի է մտածել, թե դրանք շատ բծախնդիր քանդակագործի ձեռքի աշխատանք են։ Բերինգերն իր գրառումներում իր կոլեգաներին որակում է որպես երկու անտագոնիստներ, ովքեր ցանկանում են վարկաբեկել իրեն։ Նա նրանց դատի է տալիս իր արժանապատվությունը վիրավորելու համար։ Դատավարության որոշ փաստաթղթեր պահպանվել են։ Իրենց ցուցմունքներում երկու խաբեբաները նշում են, որ իրենց նպատակն էր վարկաբեկել Բերինգերին, քանի որ «նա այնքան գոռոզ էր և բոլորիս արհամարհում էր»[1]։

Արդյունքում խայտառակվեց ոչ միայն Բերինգերը, այլ նաև Ռոդերիկն ու Էկխարդտը։ Ռոդերիկը ստիպված էր լքել Վյուրցբուրգը։ Էկխվարդտը կորցրեց իր պաշտոնը և գրադարանների արխիվներից օգտվելու իր արտոնությունը։ Այս ամենը խոչընդոտեց իր իսկ գիտական հետազոտություններին, որոնք այդպես էլ անավարտ մնացին։ Քարերը հայտնի դարձան Լյուգենշտայն (գերմ.՝ Lügensteine) անվամբ, որը թարգմանաբար նշանակում է կեղծ քարեր։ Դրանցից մի քանիսը հասել են մինչև մեր օրեր։

Այս պատմությունը ներառված է աշխարհագրության և երկրաբանության որոշ դասագրքերում։ Ասում են`Բերինգերը մինչև կյանքի վերջ փորձել է գտնել և գնել այդ քարերի բոլոր օրինակները, որպեսզի խուսափի հետագա խայտառակությունից։

1768 թվականին`Բերինգերի մահից հետո, լույս է տեսնում նրա գրքի երկրորդ հրատարակությունը, որը 1963 թվականին թարգմանվում է անգլերեն։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Beringer Hoax». Archaeological Institute of America. 2009. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]