Բեսեմերյան պրոցես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բեսեմերյան պրոցես, թուջի բեսեմրում, առանց վառելիքի ծախսի հեղուկ թուջից պողպատ ստանալու եղանակ։ Առաջարկել է Հ․ Բեսեմերը 1856-ին։ Բեսեմերյան պրոցեսը կատարվում է կոնվերտերում, որի մեջ լցված հեղուկ թուջի միջով կոնվերտերի հատակին արված հատուկ անցքերով՝ ֆուրմերով, փչվում է խտացված օդ (մթնոլորտային կամ թթվածնով հարստացված)։ Թուջի խառնուկները (սիլիցիում, մանգան, ածխածին) օքսիդանալով՝ անջատում են զգալի քանակությամբ ջերմություն, որի շնորհիվ պակասում են խառնուկները և բարձրանում է մետաղը հեղուկ վիճակում պահելու համար անհրաժեշտ ջերմաստիճանը (մինչև 1600-1650°С), այսինքն՝ առանց վառելիք ծախսելու ստացվում է հեղուկ պողպատ։ Ձևավոր ձուլման պողպատը ստանում են կողմնային փչահարմամբ փոքր կոնվերտերներում։ Այդ պրոցեսը կոչվում է փոքր բեսեմերում։ Բեսեմերյան պրոցեսի ընթացքը կախված է ջերմաստիճանային ռեժիմից։ Ջերմաստիճանը կարգավորվում է փչվող օդի քանակը փոփոխելով կամ կոնվերտերի մեջ եղած մետաղին հավելանյութ ավելացնելով (հաճախ ավելացնում են սիլիցիումով հարուստ ֆեռոհամաձուլվածքներ)։ Փչահարված մետաղը՝ բեսեմերյան պողպատը, լուծույթում պարունակում է թթվածնի ավելցուկ՝ երկաթի ենթօքսիղի ձևով։ Ուստի հալման վերջին փուլում մետաղն ապօքսիդացնում են ֆեռոհամաձուլվածքներով։ Մի շարք առավելությունների (հալում առանց վառելիքի, կոնվերտերի պարզ կառուցվածք, պատրաստման ու շահագործման փոքր ծախսեր ևն) կողքին Բեսեմերյան պրոցեսն ունի նաև թերություններ (վնասակար խառնուկների՝ ֆոսֆորի և ծծմբի հեռացման անհնարինություն, լեգիրված պողպատ ստանալու և մետաղաջարդոնը վերահալելու դժվարություններ ևն)։ Բեսեմերյան պողպատի արտադրությունը (%-ով՝ պողպատի ընդհանուր արտադրության նկատմամբ) ԱՄՆ–ում՝ 0,2 է, Ֆրանսիայում՝ 0,3, Անգլիայում՝ 0,6։ Առավել հեռանկարային են մարտենյան, իսկ վերջին տասնամյակներում՝ թթվածնա–կոնվերտերային պրոցեսները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավանեսյան Տ․ Գ․, Ընդհանուր մետալուրգիայի հիմունքները, Ե․, 1959։
  • Афанасьев С․ Г․, Исследование бессемеровского процесса, М․, 1957․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 408