Բեռլինի կոնֆերանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բեռլինի (Պոտսդամի) կոնֆերանս, տեղի է ունեցել 1945թհուլիսի 17-ից օգոստոսի 2-ը, Պոտսդամի Ցեցիլիենհոֆ պալատում (Բեռլինի մոտ. Գերմանիա)։ Կոնֆերանսին մասնակցել են ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումենը, Սեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը (հուլիսի 28-ից՝ նոր վարչապետ Կ. Էտլին), ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահ Իոսիֆ Ստալինը։ Դա հակահիտլերական «Մեծ եռյակ» կոալիցիայի երրորդ ու վերջին հանդիպումն էր։ Առաջին երկուսը տեղի էին ունեցել 1943 թվականի վերջում Թեհրանում (Իրան) և 1945 թվականի սկզբում Յալտայում (Խորհրդային միություն)։ Գերմանիայի կապիտուլյացիայից հետո կայացած Բեռլինի կոնֆերանսի նպատակն էր քննարկել Գերմանիայի ապառազմականացման, ապանացիստականացման, ժողովրդավարացման և մի շարք այլ, այդ թվում՝ տարածքային խնդիրներ։

Հայկական հարցը Բեռլինի կոնֆերանսում[խմբագրել]

ԱՄՆ-ի նախագահ Հարրի Տրումեն, Սեծ Բրիտանիայի վարչապետ Կ. Էտլի), ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահ Իոսիֆ Ստալին

Հայկական հարցը ևս քննարկվել է Բեռլինի կոնգրեսում՝ ԽՍՀՄ–Թուրքիա հարաբերությունների շրջանակում՝ որպես սևծովյան նեղուցների ու առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիայից բռնազավթած հայկական և վրացական տարածքների հարցը։ Դեռ երկրորդ համաշխարհային պատերազմում Թուրքիայի որդեգրած հակախորհրդային դիրքորոշումը հանգեցրեց նրան, որ Խորհրդային Միությունը 1945թմարտի 19-ին, չեղյալ հայտարարեց 1925թդեկտեմբերի 17-ի խորհրդա-թուրքական բարեկամության և չեզոքության պայմանագիրը։ Թուրքական կառավարությունը, հանդես բերելով նախաձեռնություն, խորհրդային կառավարությանը առաջարկեց կնքել դաշնակցային պայմանագիր։

1945թհունիսին ԽՍՀՄ արտգործնախարար Վյաչեսլավ Մոլոտովը երկու զրույց ունեցավ ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպանի հետ, որի ժամանակ թուրքական կողմը իր համար ճշտեց այն պայմանները, որոնցով ԽԱՀՄ-ը հնարավոր կհամարեր նման պայմանագրի կնքումը։ Ի պատասխան խորհրդային կառավարությունը հայտնեց, որ սևծովյան նեղուցների կանոնակարգի վերաբերյալ Մոնտրյոյի 1936թ․ կոնվենցիայի վերանայումից և նեղուցների շրջանում խորհրդային ռազմական բազաների ստեղծումից զատ ԽՍՀՄ կառավարությունը անհրաժեշտ է գտնում վերանայել Թուրքիայի հետ իր հարավային սահմանները։ Թուրքական կառավարությունը անհապաղ դիմեց Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ տեղեկացնելով խորհրդաթուրքական բանակցությունների և Խորհրդային Միության պահանջների բավարարմանը իր անհամաձայնության մասին։

Trumanstalin.jpg

Հարցի աոաջին քննարկումը տեղի ունեցավ Բեռլինի կոնֆերանսի բացման նախօրեին՝ հուլիսի 16-ին. Վ. Մոլոտովի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ա. Իդենի զրույցի ժամանակ։ Մոլոտովը նշեց, որ «այն տարածքը, որի մասին խոսք Է գնում, չի պատկանում թուրքերին։ Նրանք անարդարացի են վարվել՝ այդ տարածքը խլելով Խորհրդային Միությունից»։ Իդենի առարկությանը Մոլոտովը պատասխանեց, որ հենց ինքը «...անգլիական կառավարությունը նախկինում բազմիցս հանդես է եկել թուրքական տիրապետության տակ գտնվող հայ բնակչության պաշտպանությամբ»։ Այն հարցին, թե արդյոք շա՞տ հայեր են ապրում թուրքական տարածքում, Մոլոտովը պատասխանեց, որ «...դրանց թիվը այնտեղ 400-500 հազար է։ Ամբողջ Խորհրդային Հայաստանում ապրում է մոտ 1 միլիոն, իսկ Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս, արտասահմանում, ավելի քան 1 միլիոն հայ։ Երբ հայկական տարածքը ընդարձակվի, արտասահմանում ապրող շատ հայեր կձգտեն վերադառնալ հայրենիք։ Հայերը շատ ընդունակ և եռանդուն մարդիկ են, հատկապես տնտեսական հարցերում։ Թող թուրքերը հայերին վերադարձնեն Խորհրդային Միությանը, դա արդարացի կլինի» [1]

Թուրքիայի վերաբերալ հարցը քննարկվեց կառավարությունների ղեկավարների 6-րդ նիստում, հուլիսի 22-ին։ Պարզաբանելով Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը՝ Չերչիլը ձգտում էր հիմնական ուշադրությունը սևեռել նեղուցների կանոնակարգի վրա։ Շոշափելով Թուրքիայի արևելյան սահմանների փոփոխման հարցը՝ նա հայտարարեց, թե իրեն «միանգամայն պարզ է, որ եթե Թուրքիան խորհրդային կառավարությունից խնդրում է հարձակողական և պաշտպանական դաշինք կնքել, ապա խորհրդային կառավարության համար լավ հնարավորություն է ստեղծվում հայտարարելու այն մասին, թե ինչպես կարող է բարելավել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները»։ Պատասխանելով Չերչիլին՝ Մոլոտովը վերստին նշեց, որ ԽՍՀՄ-ը անարդարացի է համարում ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև սահմանը։ Ցուցադրելով բռնազավթված տարածքի՝ Կարսի մարզի, Արդվինի և Արդահանի (որոնք մինչև 1921-ը պատկանել են Հայաստանին և Վրաստանին) քարտեզը՝ Մոլոտովը հայտարարեց, որ խորհրդաթուրքական դաշնակցային պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է կարգավորել հարցը և «վերադարձնել այդ տարածքը», այնուհետև ավելացրեց, թե խորհրդային կառավարությունը համաձայն է, որ եթե «թուրքական կառավարությունը անընդունելի է համարում երկու հարցերի կարգավորումը... ապա համաձայնագիր ստորագրել միայն նեղուցների վերաբերյալ» (նույն տեղում, էջ 136)։ Խորհրդային Միության բարձրացրած հարցերի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետի դիրքորոշումը միանշանակ էր. «քանի որ առաջանում են միանգամայն այլ հարցեր», ապա ինքը իրեն «միանգամայն ազատ է զգում նոր առաջարկի նկատմամբ» (նույն տեդում. էջ 137)։ ԱՄՆ-ի պրեզիդենտը հայտարարեց, որ պատրաստ չէ կարծիք հայտնել այդ մասին։

Bundesarchiv Bild 183-R67561, Potsdamer Konferenz, Konferenztisch.jpg

Կոնֆերանսի 7-րդ նիստում, հուլիսի 23-ին Ի. Ստալինը, անդրադառնալով խորհրդաթուրքական սահմանների ճշգրտման խնդրին, կրկին ընդգծեց, որ խոսքը մինչև առաջին համաշխարհային պատերազմը եղած սահմանների վերականգնման մասին է։ Նա նշեց, որ նկատի ունի Կարսի շրջանը, որը մինչև պատերազմը գտնվում էր Հայաստանի կազմում, և Արդահանի շրջանը, որը մտնում էր Վրաստանի մեջ։ «..Մենք Թուրքիային հայտարարել ենք, որ եթե նա ուզում է դաշինք կնքել մեզ հետ, պետք է ճշգրտի այդ սահմանը, իսկ եթե նա չի ուզում ճշտել սահմանը, ապա դաշինքի հարցը դուրս է գալիս» (նույն տեղում, էջ 149)։ ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց, որ տարածքային հարցը վերաբերում է «միայն Խորհրդային Միությանն ու Թուրքիային և պետք է լուծվի նրանց կողմից» այն ժամանակ, երբ «սևծովյան նեղուցների հարցը վերաբերում է մեզ բոլորիս և շատ այլ երկրների» ( նույն տեղում. էջ 151)։

Բանակցությունները շարունակվեցին նաև հուլիսի 24-ին, բայց Թուրքիայի շահերը շոշափող որևէ հարցի շուրջ կոնֆերանսի մասնակիցներին այդպես էլ չհաջողվեց համաձայնության գալ։

Ավելի ուշ, 1953թ․ մայիսին, խորհրդային կառավարությունը, կրկին հաշվի չնստելով հայ ժողովրդի շահերի հետ, Թուրքիայի կառավարությանը հայտարարեց, որ ԽԱՀՄ-ը տարածքային պահանջ չունի Թուրքիայից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Берлинская (Потсдамская) конференция руководителей трех союзных держав..., 1904, с. 38
  2. Берлинская (ПОТСДАМСКАЯ) конференция руководителей трех союзных держав- СССР, США, Великобритании, 17 июля - 2 Августа 1945г., сб. Документов М., 1984.