Բեռլինի դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռլինի դրամահատարան
Տեսակդրամահատարան
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունՌայնիկենդորֆ
ՀասցեOllenhauerstraße
Ղեկավար կազմակերպությունSenate Department for Finances?
Հիմնադրված է1280
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
ԳԴՀ-ի 1 մարկ արժեքով մետաղադրամ, հատված Բեռլինի դրամահատարանում

Բեռլինի դրամահատարան (գերմ՝ Staatliche Münze Berlin (SMB)), դրամահատարան ԳՖՀ-ում, որը ներկայումս կատարում է Գերմանիայի ֆինանսների նախարարության կողմից եվրոյի հատման պատվերներ։ 1750 թվականից այս դրամահատարանում հատված մետաղադրամների վրա դրված է դրամահատարանի տարբերանշանը՝ «Ա»։

Բեռլինի դրամահատարանը գտնվում է Բեռլինի Սենատի ֆինանսների վարչության իրավասության ներքո։ Նրա գործառույթների մեջ է մտնում Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջանառու և հոբելյանական մետաղադրամների, ինչպես նաև մեդալների և տարբեր մետաղանշանների հատումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռլինի դրամահատարանը առաջին անգամ գրավոր հիշատակվել է 1280 թվականի ապրիլի 4-ին։ Մետաղադրամներն այն ժամանակ այստեղ հատվում էին մուրճի հարվածներով, ձեռքով։ 1356 թվականին Բրանդենբուրգի մարկկոմսությունը կայսերական Ոսկե բուլլայի դեկրետով բարձրացվեց կուրֆյուրության մակարդակի, «Մարկկոմսության» Բեռլինի դրամահատարանը վերածելով «կուրֆյուրականի»։ 1701 թվականին կուրֆյուրստ Ֆրեդերիկ III-ը ստանձնեց Պրուսիայի թագավորի կոչումը և կառուցեց նոր դրամահատարան։ 1750 թվականինին Ֆրեդերիկ II թագավորի օրոք այն վերակառուցվեց և այնտեղ արտադրված մետաղադրամները ստացան «Ա» դրամահատարանի տարբերանշան, որը պահպանվել է բեռլինյան մետաղադրամների վրա մինչև այսօր և հանդիսանում է ընդհանրապես ամենից հնագույն դրամանիշներից։

18-րդ դարում Բեռլինի դրամահատարանի տեղադրությունը մի քանի անգամ փոխվել է, բայց այն միշտ տեղակայված էր Շպրեե գետի մոտ, որտեղից վերցվում էր արտադրության համար անհրաժեշտ ջուրը։ 1802-1885 թվականներին այն գտնվում էր ճարտարապետ Հենրիխ Հենցի կողմից կառուցված վերդերյան շուկայում, Վեյդերյան այրված քաղաքապետարանի տեղում։ 1885 թվականին այս շենքը քանդվեց։ 1885-1934 թվականներին Բեռլինի դրամահատարանը գտնվում էր նույն շրջանում, Շպրեե գետով դեպի վեր։ 1934 թվականին այս շենքը ևս քանդվել է, տեղը զիջելով Ռեյխսբանկի շենքի կառուցմանը։

1820 թվականից Բեռլինում ներդրվել է մետաղադրամների արտադրության կատարելագործված տեխնոլոգիա. հատումն իրականացվում է մամլիչ ագրեգատների կողմից։ 1871 թվականին մետաղադրամները ստանում են «Պրուսական պետական դրամահատարան» նշումը։ 1870-ական թվականներին գերմանական կայսրության մետաղադրամների ընդհանուր թվի 55%-ը հատվել է Բեռլինի դրամահատարանում։ Բեռլինում հատվում էին նաև մետաղադրամներ այլ պետությունների կողմից տրված պատվերով։ 1875 թվականին դրամահատային մամլիչների արտադրողականությունը մեկ րոպեի ընթացքում կազմում էր 60-70 մետաղադրամ։ Այսպիսով, Բեռլինում մեկ օրվա ընթացքում թողարկվել է 750 հազար մետաղադրամ։ 1935 թվականին սկսվեց Գերմանական Կայսերական դրամահատարանի (Deutschen Reichsmünze) շինարարությունը, որը պետք է միավորեր Գերմանիայի բոլոր 6 դրամահատարանների արտադրությունները, սակայն երկրորդ համաշխարհային պատերազմը խանգարեց այդ ծրագրի իրականացմանը։ Այն ավարտվելուց հետո, 1947 թվականին վերսկսվեց դրամների հատումը Բեռլինի պետական դրամահատարանում, «Պրուսական պետական դրամահատարան»-ը փոխարինվեց «Բեռլինի դրամահատարան» անունով։ Արդեն 1947 թվականի դեկտեմբերին այստեղ սկսեցին հատել մանր մետաղադրամ (ցինկից), որը չափազանց սակավ էր տնտեսության մեջ։

Արևելյան Գերմանիայի 1948 թվականի դրամական բարեփոխումներից հետո Բեռլինի դրամահատարանում նոր մետաղադրամներ հատվեցին ալյումինից։ ԳԴՀ-ի կազմավորումից հետո այստեղ 1952 թվականից թողարկվեցին այս գերմանական պետության մետաղադրամները։ 1980 թվականին Բեռլինի դրամահատարանի 700-ամյակի առթիվ որպես հուշադրամ հատվեց լեգենդար, այսպես կոչված, «ոչ մանրուն պֆենիգ»՝ 1369 թվականի արծաթե պֆենիգի նմուշով։ ԳԴՀ-ի վերջին վերջին մետաղադրամները այստեղ հատվել են 1990 թվականին։ Նույն տարվա մայիսին ԳԴՀ-ի նախկին Բեռլինի Ժողովրդական ձեռնարկություն դրամահատարանը (VEB Münze der DDR) ԳՖՀ-ի ֆինանսների նախարարության կողմից գերմանական մարկով մետաղադրամների արտադրության պատվեր ստացավ, իսկ 1990 թվականի հունիսի 16-ին սկսվեց ԳՖՀ-ի 1 մարկանոց մետաղադրամների հատումը։ ԳԴՀ-ի Բեռլինի Ժողովրդական ձեռնարկություն դրամահատարանը (VEB Münze der DDR) վերափոխվեց Բեռլինի պետական դրամահատարանի (Staatliche Münze Berlin): Դաշնային մակարդակով, Բեռլինի ձեռնարկության մասնաբաժինը թողարկված մետաղադրամների ընդհանուր թվի 20 տոկոսն է։

Ներկայումս (2005 թվականից) Բեռլինի դրամահատարանը գտնվում է Ռայնիկենդորֆ քաղաքի շրջանում։ 2009 թվականին այստեղ թողարկվել է 361,4 միլիոն մետաղադրամ։