Բեննի Անդերշոն
Բեննի Անդերշոն | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | շվեդ.՝ Benny Andersson |
Ի ծնե անուն | շվեդ.՝ Göran Bror Benny Andersson |
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1946[1][2][3][…] (78 տարեկան) Ստոկհոլմ, Շվեդիա[4] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռոք, փոփ և փոփ երաժշտություն |
Մասնագիտություն | երգիչ, դաշնակահար, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, երգեհոնահար և գործադիր պրոդյուսեր |
Գործիքներ | ակորդեոն, դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | Polar? և Mono Music? |
Անդամակցություն | Hep Stars?, ABBA և Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա |
Ամուսին | Անի Ֆրիդ Լինգստադ և Mona Nörklit?[5] |
Պարգևներ | |
Կայք | monomusic.se |
Ստորագրություն | |
![]() |
Յորան Բրուր Բեննի Անդերշոն (շվդ.՝ Göran Bror Benny Andersson, դեկտեմբերի 16, 1946[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4]), շվեդ երաժիշտ, երգահան, ռեժիսոր, առավել հայտնի որպես ABBA փոփ խմբի անդամ և Chess, Kristina från Duvemåla և Mamma Mia! մյուզիքլների համահեղինակ։ Mamma Mia!-ի 2008 թվականի կինոտարբերակի և դրա 2018 թվականի շարունակության համար (Mamma Mia! Here We Go Again) նա նաև աշխատել է որպես գործադիր պրոդյուսեր։ 2001 թվականից ի վեր նա ակտիվ գործունեություն է ծավալում իր սեփական երաժշտական խմբում՝ Benny Anderssons orkester-ում։
Վաղ կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Յորան Բրուր Բեննի Անդերշոնը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 16-ին Ստոկհոլմ-ի Վասաստան շրջանում՝ ինժեներ-շինարար Յոստա Անդերշոնի (1912-1973) և իր կնոջ՝ Լեյլայի (1920–1971) ընտանիքում։ 1948 թվականին էլ ծնվեց նրա քույրը՝ Եվա-Լիս Անդերսոնը։ Երաժշտության հանդեպ սերն Անդերսոնին փոխանցվել է իր հայրիկից ու պապիկից՝ Էֆրաիմից, նրանք երկուսն էլ սիրում էին ակորդեոն նվագել, այնուհետև՝ վեց տարեկանում Բեննին ձեռք է բերում իր սեփական ակորդեոնը։ Բեննիի հայրիկն ու պապիկն իրեն սովորեցրել էին շվեդական ժողովրդական ու ավանդական երգեր և շլագեր։ Բեննիի առաջին ձայնագրություններն իտալացի շլագեր երգչուհի Կատերինա Վալենտեի Du Bist Musik և Էլվիս Փրեսլիի Jailhouse Rock երգերն էին[8]: Նա հատկապես տպավորված էր Treat Me Nice ոչ հայտնի տողով, քանի որ այն ուղեկցվում էր դաշնամուրային կատարմամբ։ Այս բազմաոճ երաժշտությունները տարիների ընթացքում նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել։
Տասը տարեկանում Անդերշոնը ձեռք է բերել իր սեփական դաշնամուրը և ինքն իրեն նվագել սովորել։ Նա ոգեշնչվել է Բրայան Ջոնսից,15 տարեկանում լքել է դպրոցը և սկսել հանդես գալ երիտասարդական ակումբներում։ Հենց այդ ժամանակ էլ նա հանդիպել է իր առաջին ընկերուհուն՝ Քրիստինա Գրյոնվալին, որը նրան պարգևեց երկու զավակ՝ Փիթրին (ծնված՝ 1963 թվականին) և Հելենին (ծնված՝ 1965 թվականին)։ 1964 թվականի սկզբին Բենին և Քրիստինան միացան «Elverkets Spelmanslag» («The Electricity Board Folk Music Group») երաժշտական խմբին, խմբի անունն իրենց էլեկտրական գործիքների անուններից կազմված բառախաղ է։ Նրանց երգացանկը, այդ թվում ՝ Baby Elephant Walk-ը, հիմնականում բաղկացած էին գործիքային կատարումներից[9], ինչպես նաև Բեննին գրել է իր առաջին երգերը։
Կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Hep Stars (1964–1969)
[խմբագրել | խմբագրել կոդը]
1964 թվականի հոկտեմբերին նա միացել է Hep Stars ռոք խմբին՝ նվագելով ստեղնաշարային գործիքների վրա, և 1965 թվականի մարտին նրանք իրենց Cadillac երգով մեծ հաջողության հասան՝ ի վերջո դառնալով 1960-ականների շվեդական փոփ խմբերից ամենահայտնին։ Անդերշոնը խմբի հուսալի նվագողն էր, երաժշտական շարժիչ ուժը, ինչպես նաև դեռահասների կուռքը։ Խումբը հիմնականում հանդես էր գալիս միջազգային հիթերի կատարումներով, բայց շուտով Անդերշոնը սկսեց գրել իր սեփական երգերն, ու խումբը ձեռք բերեց դասական երգեր, ինչպիսիք էին՝ No Response, Sunny Girl, Wedding, Consolation, It's Nice To Be Back, She Will Love You երգերը և այլն։
Մինչև ABBA-ն (1969–1972)
[խմբագրել | խմբագրել կոդը]1966 թվականի հունիսին Անդերշոնը հանդիպեց Բյորն Ուլվեուսին, և նրանք երկուսով սկսեցին միասին երգեր գրել. նրանց առաջին երգը՝ Isn't It Easy To Say-ը, ի վերջո Hep Stars-ը ձայնագրեց։ Նա նաև երգարվեստում բեղուն համագործակցություն է ունեցել Լասե Բերիհոգենի հետ, ում հետ նա մի քանի երգ է գրել և 1969 թվականի Մելոդիֆեստիվալենի՝ շվեդական Եվրատեսիլի եզրափակչի համար ներկայացրել Hej, Clown երգը։ Այդ երգը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Այս մրցույթի ժամանակ Բեննին հանդիպել է վոկալիստ Անի Ֆրիդ Լինգստադին, և նրանք շուտով մտերմանում են։ Միևնույն ժամանակ Բեննիի երգ գրելու ընկեր Ուլվեուսն էլ հանդիպել է վոկալիստ Ագնետա Ֆելտսկուգին։
Անձնական հարաբերություններն ու երգարվեստում Անդերշոնի և Ուլվեուսի համագործակցությունը հետագա տարիների ընթացքում չորս ընկերների միջև հանգեցրին բավականին սերտ համագործակցության։ 1969 թվականի գարնանը, արդեն որպես երգահաններ, Բեննին ու Բյորնը ներկայացրին իրենց առաջին հիթերը՝ Ljuva sextital- ը (Բրիտա Բորգի կատարմամբ հիթը) և Speleman- ը (հիթ՝ Hep Stars ռոք խմբի համար)։ Քանի որ երկու զույգերն էլ սկսեցին ձայնագրությունների ժամանակ միմյանց աջակցել, կանանց ձայնը երգահաններին համոզեց իրենց երգերը ցուցադրել նաև MOR ռադիոյի բազմաթիվ եթերներում, որտեղ հանդես էին գալիս նաև Blue Mink, Middle of the Road փոփ խմբերն ու Sweet ռոք խումբը։
ABBA (1972–1982)
[խմբագրել | խմբագրել կոդը]
Խումբը մեծ հաջողության հասավ, երբ 1974 թվականի ապրիլի 6-ին Եվրատեսիլում Շվեդիան ներկայացնելիս իրենց Waterloo երգը հաղթեց։ Հաջորդ ութ տարիների ընթացքում Անդերշոնը (Ուլվեուսի հետ) ABBA-ի համար գրեց երաժշտություն և ստուդիայում ձայնագրեց ութ ալբոմ։ Խումբն ամբողջ աշխարհով մեկ մեծ հռչակ ձեռք բերեց և դարձավ ամենահիթային երգեր ունեցող խումբը։
ABBA-ում Բեննին հիմնական երգիչ է եղել միայն մեկ երգում ՝ Suzy-Hang-Around-ում, որը Waterloo ալբոմից է[10]։
ABBA-ից հետո: Chess, Kristina and Mamma Mia! (1983–ից առ այսօր)
[խմբագրել | խմբագրել կոդը]ABBA-ից հետո Անդերշոնը շարունակեց Ուլվեուսի հետ երգեր գրել։ Նրանց առաջին երգը Թիմ Րայսի հետ գրված Chess բեմական մյուզիքլն էր։ Էլեյն Փեյջի, Բարբարա Դիքսոնի, Մյուրեյ Հեդի և շվեդներ Թոմի Շորբերի ու Բյորն Սկիֆսի վոկալային կատարմամբ Chess հայեցակարգային ալբոմը թողարկվել է 1984 թվականի հոկտեմբերին և ամբողջ աշխարհում վաճառվել երկու միլիոն օրինակով։ Փեյջի և Դիքսոնի զուգերգ I Know Him So Well-ը դարձավ Մեծ Բրիտանիայի համար մեկ հիթը, իսկ Մյուրեյ Հեդի One Night in Bangkok-ն ԱՄՆ-ում դարձավ երրորդ ամենահայտնի երգը։
Chess մյուզիքլը 1986 թվականի մայիսին բեմականացվել է Լոնդոնի արևմտյան ծայրամասում գտնվող Էդուարդ արքայազնի թատրոնում և արժանացել մարդկանց համակրանքին՝ այնտեղ ցուցադրվելով գրեթե երեք տարի։ 1988 թվականի ապրիլին նույն մյուզիքլի Բրոդվեյում ցուցադրված փոփոխված տարբերակի բեմականացումն արժանացավ մարդկանց ավելի թույլ գնահատանքի և ցուցադրվեց ընդամենը երկու ամիս։
1985 թվականին Անդերշոնը քույր և եղբայր Անդերշ և Կարին Գլենմարկների հետ ստեղծեց և թողարկեց ալբոմ՝ ցուցադրելով իր և Ուլվեուսի գրած նոր երգերը։ Գլենմարկներն իրենց խումբն անվանեցին Gemini, ապա Բյորնի ու Բեննիի գրած ավելի շատ երգերով երկրորդ ալբոմը լույս տեսավ 1987 թվականի ապրիլին՝ իր մեջ ներառելով նաև Անդերշոնի համահեղինակած հայտնի հիթ Mio My Mio-ն՝ Mio in the Land of Faraway ֆիլմի սաունդրեքը։
1987թվականին Անդերշոնը թողարկեց իր առաջին սոլո ալբոմը՝ Klinga Mina Klockor (Chime, My Bells)-ը։ Ամբողջ երաժշտությունը Բեննին է գրել և ակորդեոնով նվագել՝ Orsa Spelmän (Օրսա ժողովրդական երգիչներ) խմբի ջութակային նվագակցմամբ։ 1989 թվականի նոյեմբերին էլ դրան հաջորդեց երկրորդ սոլո ալբոմը։
1990 թվականին Անդերշոնի Lassie հիթը դարձավ շվեդական համար մեկ հիթը՝ Ainbusk կաբարե խմբի կանանց կատարմամբ, որոնց համար նա նաև գրել է Älska Mig և Drömmarnas Golv Svensktoppen երաժշտական աղյուսակի հիթերը։ Նա որոշեց այդ քառյակի անդամներից Ժոզեֆին Նիլսոնի հետ ալբոմ ստեղծել, և դրա արդյունքում 1993 թվականին թողարկվեց անգլալեզու Shapes ալբոմը, որում ընդգրկվեցին Անդերշոնի և Ուլվեուսի տասը նոր գրված հիթերը։
1992 թվականին Շվեդիայում կազմակերպված Եվրոպայի ֆուտբոլի առաջնության համար նա գրեց բացման արարողության երաժշտությունը։
Սկսած ուշ 1980-ականներից՝ Անդերշոնն աշխատել է մի շվեդական էպիկական մյուզիքլի վրա, քանի որ նա շատ էր սիրում ավանդական ու ժողովրդական երաժշտություն, և դրա արդյունքում 1995 թվականի հոկտեմբերին Շվեդիայում տեղի ունեցավ Kristina från Duvemåla երգի պրեմիերան։ Այդ մյուզիքլը ստեղծվել է շվեդ գրող Վիլհելմ Մոբերգի The Emigrants վեպերի ժողովածուի հիման վրա։ Մինչև 1999 թվականի հունիսին փակվելը մյուզիքլը հաջողությամբ գրեթե հինգ տարի շարունակ հնչել է։ Այդ մյուզիքլի անգլերեն տարբերակը՝ պարզապես վերնագրված Kristina, 2009 թվականի սեպտեմբերին շուրջ երկու գիշեր բեմականացվել է Նյու Յորքի Քարնեգի հոլում՝ կենդանի կատարմամբ, ապա 2010 թվականի ապրիլին էլ մեկ գիշեր բեմականցվել Ալբերտ թագավորական սրահում։
Անդերշոնի հաջորդ նախագիծը Mamma Mia!-ն էր՝ ABBA-ի 24 երգերի հիման վրա ստեղծված մյուզիքլը, որը մի շարք երկրներում տարբեր լեզուներով ներկայացվելու շնորհիվ՝ ներառյալ Մեծ Բրիտանիան (Ուեսթ Էնդում 1999 թվականի ապրիլին), Կանադան (2000 թվականի Տորոնտոյի պրեմիերան), ԱՄՆ-ն (Բրոդվեի պրեմիերան 2001 թվականին) և Շվեդիան (շվեդերեն տարբերակի պրեմիերան 2005 թվականին) ամբողջ աշխարհով մեկ դարձավ ամենահաջողված մյուզիքլը։
ABBA-ի՝ Բրայթոնում կայացած երգի մրցույթում հաղթելուց երեսուն տարի անց՝ 2004 թվականին, Ստամբուլում անցկացվող Եվրատեսիլի կիսաեզրափակչի շրջանակում Բեննին կարճ ժամանակով երևաց ընդմիջման ելույթի համար նախատեսված Our Last Video հատուկ կատակերգական տեսանյութում։ Խմբի չորս անդամներից յուրաքանչյուրն էլ մյուսների պես կարճ ժամանակով հայտնվեցին, ինչպես օրինակ՝ Շերն ու Ռիկ Մայալը։ Տեսանյութը Եվրատեսիլի պաշտոնական DVD սկավառակում ընդգրկված չէր, բայց այն առանձին DVD սկավառակով է թողարկվել։ Դա խմբի կազմալուծումից ի վեր առաջին անգամն էր, որ չորսով միասին ելույթ ունեցան, բայց Ֆրիդայի ելույթն առանձին նկարահանվեց։
Mamma Mia! -ի կինոտարբերակի պրեմիերան տեղի ունեցավ 2008 թվականի հուլիսի 18-ին։ 2007 թվականի ապրիլ և մայիս ամիսներին Անդերշոնն աշխատել է ֆիլմի սաունդրեքի վրա՝ վերաձայնագրելով ABBA-ի երգերը ABBA բնօրինակ սեսիայի երաժիշտների հետ։ Մամա Միա (ֆիլմ)-ը դարձավ բոլոր ժամանակների ամենաստացված երաժշտական ֆիլմը և Մեծ Բրիտանիայում երբևէ ամենաշատ վաճառված DVD սկավառակը։
Benny Anderssons Orkester (2001–ից առ այսօր)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Անդերշոնն իր շվեդ ընկերներ Հելեն Շոյհոլմի ( Kristina from Duvemåla երգից) և Թոմի Շորբերի հետ (Chess մյուզիքլից) հանդես է գալիս 16 երաժիշտներից բաղկացած իր սեփական նվագախմբում՝ Benny Anderssons Orkester (Benny Andersson's orchestra, BAO)-ում, և նրանց նոր երգերի բառերը երբեմն Ուլվեուսն է գրում։ BAO-ն թողարկել է Շվեդիայում մեծ հաջողության արժանացած հինգ ալբոմ, որոնցում առկա են հիթ սինգլներ։
2009 թվականին BAO-ն Շվեդիայում նոր ռեկորդ գրանցեց՝ մոտ 243 շաբաթ Շոյհոլմի կատարմամբ Du är min man (You Are My Man) երգով մնալով Svensktoppen երաժշտական աղյուսակում[11]։
Նոր հիթեր (1984–ից առ այսօր)
[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդերշոնն իր վոկալիստների՝ Շոյհոլմի ու Շորբերի հետ, հիմնականում իր նվագախմբի՝ BAO-ի համար է երգեր գրում, բայց և չի մոռանում իր հին հիթերը, ինչպես օրինակ՝ Mamma Mia!-ն ու Chess-ի շվեդական տարբերակը։
Գլենմարկ դուետի Gemini խմբի ծաղկաքաղ ալբոմի համար Անդերշոնը Բյորն Ուլվեուսին խնդրել է, որ 1984 և 1987 թվականներին ձայնագրված երկու երգերի վերաձայնագրման համար նոր շվեդերեն բառեր գրի։
Անդերշոնն ու Ուլվեուսն անընդհատ նոր հիթեր են գրում, բոլորովին վերջերս երկուսով Անդերշոնի BAO-ի՝ 2011 թվականի O klang och jubeltid ալբոմի համար յոթ երգ են գրել, որոնք, ինչպես միշտ, կատարեցին վոկալիստներ Շոյհոլմը, Շորբերը և Քալե Մորեուսը։ 2009 թվականի հուլիսին այլևս "The Benny Andersson Band" վերանվանված BAO-ն թողարկեց իր առաջին միջազգային ռեկորդը՝ The Story of a Heart ալբոմը։ Այդ ալբոմն Անդերշոնի 1987-2007 թվականների ընթացքում հինգ շվեդերեն թողարկված ալբոմների 14 երգերից բաղկացած ծաղկաքաղ էր՝ ներառյալ Ուլվեուսի գրած բառերով այժմ անգլերեն ձայնագրված հինգ երգ և BBC2's Ken Bruce Show-ում առաջին անգամ հնչած նոր վերնագրով երգը։ Նախքան անգլերեն տարբերակը՝ Sommaren Du Fick (The Summer You Got) երգի շվեդերեն տարբերակը որպես սինգլ թողարկվել է Շվեդիայում՝ Հելեն Շոյհոլմի վոկալային կատարմամբ։
2009 թվականի գարնանն Անդերշոնը նաև թողարկել է 2nd Best to None վերնագրով սինգլը, որն իր խմբի անդամները ձայնագրել էին Ստոկհոլմի հյուրանոցներից մեկում՝ Անդերշոնին պատկանող Ռայվլ հյուրանոցում, որն ուղեկցվել է խմբի աշխատանքի ընթացքը ցուցադրող մի տեսանյութով։ 2008 թվականին շվեդ երգչուհի Սիսելա Քայլի Your Days Are Numbered Ստոկհոլմի բեմական շոուի համար Անդերշոնն ու Ուլվեուսը երգ գրեցին՝ Jag vill bli gammal (I Wanna Grow Old)-ը, որը չնայած երբեք չձայնագրվեց և չթողարկվեց, բայց TV-ում ցուցադրվեց։ Ուլվեուսը նաև գրել է ABBA-ի 1976 թվականին թողարկված գործիքային ալբոմ Arrival-ի բառերը Սառա Բրայթմանի 2008 թվականին թողարկված A Winter Symphony ալբոմի համար ձայնագրված տարբերակի համար։ Նոր անգլերեն խոսք գրվեց նաև Անդերշոնի 1999թ.-ի Innan Gryningen երգի համար (հետագայում կոչվեց Millennium Hymn), և նոր The Silence of the Dawn վերնագրով այն հնչեց Բարբարա Դիքսոնի կենդանի կատարմամբ, բայց դեռևս չի ձայնագրվել ու չի թողարկվել։ 2007 թվականին դերասան և երգիչ Անդերս Էկբորգի համար Անդերշոնն ու Ուլվեուսը նոր երգ գրեցին՝ Han som har vunnit allt (He Who's Won It All)-ը։
Ուլվեուսն անգլերեն բառեր է գրել նաև Անդերշոնի սոլո ալբոմների երկու ավելի հին երգերի համար (Walk with You Mama (Stockholm by Night, 1989) և After the Rain (Efter regnet, 1987)), որոնք Անդերշոնին նվիրված ալբոմի (Let the Music Speak) համար կատարելու էր օպերային երգչուհի Անն Սոֆի Վոն Օթերը։ Բարբարա Դիքսոնը ձայնագրել է Ուլվեուսի և Անդերշոնի երգը՝ The Day The Wall Came Tumbling Down-ը, որը ի վերջո, թողարկվեց Mamma Mia! մյուզիքլի ավստրալացի աստղ Անն Վուդի կողմից՝ ABBA-ի քավրների համար նախատեսված ալբոմի՝ Divine Discontent -ի շրջանակերում։ 2012 թվականի հոկտեմբերին Ուլվեուսը նշել էր, որ Անդերշոնի հետ նոր երգ էին գրում BAO-ի Սուրբծննդյան առթիվ (նաև հայտնի որպես BAO box անունով), իսկ Անդերշոնը Քրիստինա Լունի և Լարս Ռուդոլֆսոնի հետ զբաղված էր շվեդերեն անհայտ մյուզիքլի՝ Hjälp Sökes (Help is Wanted)-ի համար երաժշտություն գրելով, որի պրեմիան կայացավ 2013 թվականի փետրվարի 8-ին։

Անդերշոնը նաև երգ է գրել Շվեդիայի նախկին վարչապետ Ուլոֆ Պալմեիի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմի համար՝ իր վերջին ալբոմի համանուն Sorgmarch երգը վերաձայնագրելով որպես ամբողջ ֆիլմի թեմատիկ երաժշտություն։ 2004 թվականին BAO-ի հետ Հելեն Շոյհոլմի ձայնագրած Kärlekens Tid երգը նույնպես անգլերենով բարիտոն երգիչ Բրին Տերֆելի օպերային կատարմամբ ներկայացվեց համերգի ժամանակ (Խոսք՝ Իլվա Էգգեբորնի)։ 2013 թվականի ապրիլի 15-ին Եվրոպական հեռարձակողների միությունն ու Շվեդիայի ազգային հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտարարեցին, որ Անդերշոնը, Ուլվեուսը և Ստոկհոլմում ապրած ու գործունեություն ծավալած DJ և ձայնագրման հեղինակ հանգուցյալ Ավիչիի հետ ստեղծել են Եվրատեսիլ 2013 երգի մրցույթի հիմնը։ Երգը հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվեց մրցույթի եզրափակչի ժամանակ՝ մայիսի 18-ին[12]։
Անդերշոնի երգչախմբով ներկայացված հիթերի նոր ալբոմը թողարկվեց 2015 թվականի սեպտեմբերի 18-ին։ Kärlekens Tid երգը ստեղծվեց Անդերշոնի մոնո երաժշտական ստուդիայում՝ դիրիժոր Գուստաֆ Սյոկվիստի ղեկավարությամբ, որը, ցավոք, մինչև ալբոմի թողարկվելը հեռացավ կյանքից։ Դիրիժոր Սեսիլիա Ռայդինգեր Ալինի ղեկավարությամբ Գուստաֆ Սյոկվիստի երգչախումբը սեպտեմբերի 20-ին Սկեպսհոլմենում երկու համերգով ելույթ ունեցավ, որոնց ժամանակ Բեննի Անդերշոնը դաշնամուր էր նվագում։ Այդ ալբոմն իր մեջ ներառում է Անդերշոնի բազմաթիվ նախագծերից հայտնի շվեդերեն և անգլերեն մի շարք երգեր, օրինակ՝ Chess, Kristina մյուզիքլները և BAO-ի երգերը։
2018 թվականի նոյեմբերին Deutsche Grammophon երաժշտական լեյբլը թողարկեց Piano ալբոմը՝ ABBA-ի մեղեդիների հավաքածուն, որտեղ առկա էին Chess մյուզիքլից մեղեդիներ ու Անդերշոնի սոլո դաշնամուրային կատարմամբ ուղեկցվող բնօրինակ հիթերը։
Անդերշոնը ABBA-ին կրկին միացավ 2018 թվականին։ 2021 թվականի սեպտեմբերի 2-ին յութուբյան ուղիղ հեռարձակմամբ ABBA-ն հայտարարեց իրենց գալիք վիրտուալ համերգային շրջագայության՝ ABBA Voyage-ի և 2017-2021 թվականներիի ընթացքում ձայնագրված համանուն ալբոմի մոտալուտ թողարկման մասին։ Նոր ալբոմը՝ 40 տարի անց ստուդիայում ձայնագրած նրանց առաջին ալբոմը, ներկայացնում է տասը երգեր, ներառյալ՝ I Still Have Faith In You և Don't Shut Me Down երգերը, որոնք նաև առաջին անգամ ներկայացվել են վերոնշյալ ուղիղ հեռարձակմամբ ելույթի ժամանակ և թողարկվել որպես կրկնակի առանձին սինգլներ։ 2021 թվականի նոյեմբերի 5-ին Voyage ալբոմն ամբողջ աշխարհով մեկ թողարկվեց։ 2022 թվականի մայիսի 27-ին Լոնդոնում՝ Եղիսաբեթ թագուհու օլիմպիական այգում, հատուկ նպատակով կառուցված վայրում՝ ABBA Arena-ում, բացվեց ABBA Voyage համերգային համալիրը։
Ֆիլմի երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդերշոնը մի քանի ֆիլմերի էկրանավորման և հեռուստատեսությամբ ցուցադրվելու համար գրել է երաժշտություն, նրա առաջին փորձը վաղ 1970-ականներին նկարահանված շվեդական էրոտիկ ֆիլմ The Seduction of Inga -ն էր, ֆիլմը մեծ հաջողություն չգրանցեց, բայց Բյորնի ու Բեննի գրած սինգլը՝ She's My Kind of Girl-ը, թողարկվելով Ճապոնիայում և դառնալով թոփ տասը ամենահայտնի երգերից մեկը (երգը Ճապոնիայում վերանվանվել է The Little Girl of the Cold Wind), երգահաններին զարմացրեց։
1987 թվականին Անդերշոնը շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի գրած Միո, իմ Միո գրքի հիման վրա գրեց Mio in the Land of Faraway ֆիլմի երաժշտությունը և երաժիշտ Անդերս Էլյասի հետ համատեղ ստեղծեց ֆիլմի սաունդրեքը։ Gemini խմբի կատարմամբ համանուն վերնագրով երգը Շվեդիայում դարձավ հայտնի հիթ։
2000 թվականին նա երաժշտություն է գրել իր շվեդ ընկեր (ոչ ազգական) Ռոյ Անդերսոնի ֆիլմի՝ Songs from the Second Floor -ի համար (երաժշտությունը հետագայում վերաձայնագրվեց՝ BAO-ի և Հելեն Շոյհոլմի վոկալային կատարմամբ՝ ցուցադրելով երգի նոր բառերը)։ Նա նաև գրել է Ռոյ Անդերսոնի հաջորդ ֆիլմի՝ You, the Living (2007 թվական)-ի թեմատիկ երաժշտությունը։
Անդերշոնն աշխատել է Mamma Mia! մյուզիքլի կինոտարբերակի վրա։ Նա նաև երաժշտություն է գրել 2012 թվականին թողարկված Շվեդիայի վարչապետ Ուլոֆ Պալմեիի մասին պատմող Palme վավերագրական ֆիլմի համար[13]։ Հետագայում այդ ֆիլմի համար «Ոսկե բզեզ» մրցանակի 48-րդ մրցանակաբաշխության ժամանակ նա լավագույն օրիգինալ երաժշտության համար արժանացել է «Ոսկե բզեզ» մրցանակի[14]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուլվեուսն ու Անդերշոնը «Լավագույն երգ» (Chess մզուզիքլի համար) անվանակարգում առաջադրվել են Դրամա Դեսկ մրցանակի, իսկ «Լավագույն նվագախմբային կատարումներ» (Mamma Mia! մյուզիքլի համար) անվանակարգում ՝ Թոնի մրցանակի։ Երկու մյուզիքլների բնօրինակ կազմի ձայնագրություններն նոմինացվել են Գրեմմի մրցանակաբաշխությանը։ Mamma Mia (լավագույն երգ) մյուզիքլի համար Անդերշոնն ու Ուլվեուսի արժանացել են Touring Broadway Award -ի։
ABBA խմբի հետ աշխատելուց հետո Անդերշոնն արժանացել է չորս շվեդական Գրեմմի մրցանակի, իսկ Ուլվեուսի հետ «Կոմպոզիտորների և երգահանների բրիտանական ակադեմիա» -ի կողմից «Հատուկ միջազգային» անվանակարգում արժանացել Ivor Novello մրցանակի, երկու անգամ Շվեդիայի արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից (2008 թվական)՝ The Music Export Prize մրցանակի, ինչպես նաև Շվեդական երգեր թողարկողների ասոցիացիայի կողմից արժանացել Lifetime Achievement մրցանակի[15]։ 2002 թվականին ամբողջ աշխարհը նվաճած բարձրակարգ երաժշտություն ստեղծելու տաղանդի համար Շվեդիայի կառավարությունն Անդերշոնին շնորհել է Պատվավոր պրոֆեսորի կոչում։

2007 թվականին նա ընտրվել է Շվեդական Թագավորական Ակադեմիայի անդամ, և շվեդական ժողովրդական երաժշտության ավանդույթի տարածմանն, ու ամենակարևորը, պահպանմանը նպաստելու համար 2008 թվականին Ստոկհոլմի համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կողմից ստացել է Պատվավոր դոկտորի կոչում։
2010 թվականի մարտի 15-ին Նյու Յորքում Անդերշոնն ու իր նախկին կին Անի Ֆրիդ Լինգստադը միասին հայտնվել են բեմում, որպեսզի ստանան ABBA-ի Ռոքնռոլի փառքի սրահի ընդունման մրցանակը։ Մրցանակի շնորհման ելույթի շրջանակում Անդերշոնն անդրադարձավ ABBA-ի փոփ երաժշտության վրա ավանդական եվրոպական երաժշտության և շվեդական ոգու մելամաղձության թողած կարևոր ազդեցությանը։ «Եթե դուք ապրում եք Շվեդիայի պես մի երկրում, որտեղ տարվա հինգ-վեց ամիսը ձյուն է, և արևը մոտ երկու ամիս ամբողջությամբ անհետանում է, ապա, բնականաբար, դրա մասին արվեստագետներն իրենց աշխատանքներում կանդրադառնան», - նշել է վերջինս։ «Դա, անկասկած, շվեդական ժողովրդական երաժշտության մեջ է, դուք կարող եք այն ռուսական ժողովրդական երգերում էլ լսել, կարող եք այն լսել նորվեգացի Յան Սիբիլիուսի կամ Էդվարդ Գրիգի երգերում, կարող եք տեսնել Գրետա Գարբոյի աչքերում և նաև կարող եք այն լսել Յուսսի Բրյորլինգի ձայնում։ Եվ դուք կարող եք այն մեր մի քանի երգերի մեջ էլ լսել ՝ Ֆրիդայի և Ագնետայի ձայներում»։
2012 թվականին Լուլեայի տեխնոլոգիական համալսարանի Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետը Անդերշոնին շնորհել է փիլիսոփայության Պատվավոր դոկտորի կոչում[16]։
2012 թվականին որպես Palme ֆիլմի երաժշտության կոմպոզիտոր՝ Անդերշոնն արժանացել է շվեդական «Ոսկե բզեզ» մրցանակի[17]։
Իր Piano ալբոմի համար 2018 թվականին Անդերշոնն արժանացել է Opus Klassik մրցանակի[18]։
2024 թվականի մարտի 21-ին ABBA խմբի բոլոր անդամները Շվեդիայի Նորին մեծություն թագավոր Կառլ XVI Գուստաֆի կողմից արժանացան Վասայի ասպետական շքանշանին։ Գրեթե 50 տարվա մեջ առաջին անգամն էր, որ Շվեդիայի թագավորական շքանշանները շնորհվեցին շվեդներին, ինչպես նաև այդ տարի լրացավ ABBA-ի Եվրատեսիլում հաղթելու 50 տարին։ Եվս ինը մարդ ABBA խմբի անդամների հետ միևնույն պատվին արժանացան[19]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդերշոնը նշանված է եղել Քրիստինա Գրյոնվալի հետ։ Նրանք երկու զավակ ունեն։ Զույգն ամուսնալուծվել է 1966 թվականին, և երեխաների խնամակալությունը հանձնվել է Քրիստինային, քանի որ հենց այդ ժամանակ էր, որ Անդերշոնը Hep Stars խմբում հասավ նվաճումների։ 1990-ականներին նրանց որդին՝ Փիթեր Գրյոնվալը, ստեղծեց One More Time փոփ խումբը, որը ABBA-ի նման իրենց Highland երգով Եվրոպայում հաջողություն ձեռք բերեց, իսկ ավելի ուշ նույն հաջողությամբ Եվրատեսիլ 1996 երգի մրցույթում ներկայացրեց Շվեդիան[21]։
1969 թվականից մինչև 1980 թվականը՝ մոտ 11 տարի, Անդերշոնը հարաբերությունների մեջ էր ABBA խմբի Անի Ֆրիդ Լինգստադի հետ։ Նրանք ամուսնացան 1978 թվականի հոկտեմբերի 6-ին, բայց 1980 թվականի նոյեմբերի 26-ից սկսեցին առանձին ապրել, ապա 1981 թվականին օրենքով ամուսնալուծվեցին[22][23]։
1981 թվականին նա ամուսնացավ շվեդ հեռուստահաղորդավարուհի Մոնա Նորկլիտի հետ, որը նրան որդի պարգևեց՝ Լյուդվիգին։ Լյուդվիգը նաև ABBA Voyage համերգային համալիրի պրոդյուսերներից մեկն է[24]։
Իր չափահաս կյանքի մեծ մասն Անդերշոնը եղել է հարբեցող։ 2001 թվականից ի վեր նա ալկոհոլ չի օգտագործել[25]։ Անդերշոնն իր թմրամիջոցների չարաշահման խնդիրը թաքցրել է մինչև 2011 թվականի հարցազրույցը, որի ժամանակ նա արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ ալկոհոլ չէր օգտագործում[25]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաև ընդգրկված է
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beginner's Guide to Scandinavia (3CD, Nascente 2011)
Տե՛ս նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11884749X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.insider.com/abba-reunion-then-and-now-2021-9#benny-andersson-was-the-other-half-of-the-bands-successful-songwriting-duo-as-well-as-its-pianist-7
- ↑ 6,0 6,1 https://www.regeringen.se/regeringens-politik/musikexportpriset/tidigare-vinnare-av-musikexportpriset/
- ↑ H.M. Konungen har beslutat om ordensförläningar för exceptionella insatser (շվեդերեն)
- ↑ Tobler, John (2012). Abba – Uncensored on the Record. Henley in Arden, Warwickshire, UK: Coda Books Limited. ISBN 9781908538239. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Team, uDiscover (2020 թ․ փետրվարի 6). «Benny Andersson». uDiscover Music (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Suzy-Hang-Around». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Rekord på Svensktoppen Արխիվացված 23 Ապրիլ 2009 Wayback Machine, Sveriges Radio. Retrieved 5 April 2009.
- ↑ «ABBA's Benny, Björn and Avicii to write 'Eurovision anthem'». EBU. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Filmare spanar in personen Palme». Dagens Nyheter. 2012 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Nomineringarna till Guldbaggen». Sydsvenskan (շվեդերեն). Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «The Government's Music Export Prize for 2008 goes to». Sweden.gov.se. 2009 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Benny Andersson, Honorary Doctor of Philosophy 2012 – LTU – Luleå University of Technology». Ltu.se. 2012 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Bästa Musik 2012 Vinnare». guldbaggen.se. 2012 թ․ հունվարի 23. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Gottschalk präsentiert neuen Musikpreis Opus Klassik. Die Presse, 14 October 2018 (German)
- ↑ «Ordnar till tretton exceptionella svenskar». Kungl. Maj:ts Orden. Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Ordnar till tretton exceptionella svenskar». Kungl. Maj:ts Orden (շվեդերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Final of Oslo 1996 - Eurovision Song Contest». eurovision.tv. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «How ABBA's two marriages and divorces split the group apart for nearly 40 years». Smooth (անգլերեն). Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Roach, Martin (2008 թ․ նոյեմբերի 6). The Virgin Book of British Hit Singles. London: Virgin Books. էջեր 22. ISBN 978-0-7535-1537-2.
- ↑ «About Ludvig Andersson | Producer of the ABBA Voyage Show». London Theatre Tickets. Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
- ↑ 25,0 25,1 Orange, Richard (2011 թ․ սեպտեմբերի 16). «Abba's Benny Andersson reveals extent of alcohol addiction». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բեննի Անդերշոն կատեգորիայում։ |
- Deutsche Grammophon page on Benny Andersson
- BBC Radio 3 New Generation Artists page
- icethesite (Benny Andersson and Björn Ulvaeus news site)
- The Hep Stars International Official website (Benny before ABBA)
- Chronology: Benny Andersson
- Official ABBA site
Պարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող:![]() with "Tu te reconnaîtras" |
Winner of the Eurovision Song Contest 1974 (as part of ABBA) |
Հաջորդող:![]() with "Ding-A-Dong" |
Նախորդող: Nova with "You're Summer" |
Sweden in the Eurovision Song Contest 1974 (as part of ABBA) |
Հաջորդող: Lars Berghagen with "Jennie, Jennie" |
|
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեննի Անդերշոն» հոդվածին։ |
|