Բենգալական նոր տարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենգալական ամանորի տոնակատարություն Դաքքայում, Բանգլադեշ

Բենգալական Նոր տարի, (բենգալերեն՝ বাংলা নববর্ষ — Bangla Nôbobôrsho) կամ Պոյլա Բոյշակխ[1] (բենգալերեն՝ পহেলা বৈশাখ — Pôhela Boishakh), տոնվում է Արևմտյան Բենգալիայում, Բանգլադեշում և բենգալական Ասամ և Տրիպուրա համայնքներում։ Տոնը նշում են բոլոր բենգալացիները` անկախ կրոնական պատկանելությունից։ Բանգլադեշում այն համարվում է ազգային տոն և տոնվում է ապրիլի 14-ին, իսկ Արևմտյան Բենգալիայում և Ասամում պաշտոնապես ճանաչվել է պետական տոն և նշվում է ապրիլի 15-ին։ Բենգալական Նոր տարին ամրագրված է հինդուների արևային օրացույցում և տոնվում է Հնդկաստանի (Կերալա, Թամիլ-Նադու, Ասամ, Մանիպուր, Օրիսսա) և Հարավ-արևելյան Ասիայի (Կամբոջա, Լաոս, Մյանմա, Թայլանդ) շրջանների փառատոների հետ միասին։

2016 թվականի նոյեմբերի 30-ին ՅՈւՆԵՍԿՕ-ն, նշելով, որ տոնը մեծ ազդեցություն ունի համընդհանուր համերաշխության և ժողովրդավարական սկզբունքների ձևավորման վրա, «Բենգալական Նոր տարին» ընդգրկել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակի մեջ[2].

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ մողոլների կայսրության կառավարման ժամանակաշրջանում գյուղատնտեսական հարկերը հավաքագրվում էին մուսուլմանների կողմից, իսլամական օրացույցի` հիջրայի հիման վրա։ Բայց քանի որ իսլամական օրացույցը լուսնային էր, հարկերի հավաքագրման ժամանակը չէր համընկնում բերքահավաքի հետ։ Արդյունքում, գյուղացիների համար չափազանց դժվար էր հարկերը սեզոնից դուրս վճարել։ Հարկերի հավաքագրման գործընթացը հեշտացնելու համար կայսր Աքբարը հրամայում է օրացույցի փոփոխություն կատարել։ Հայտնի գիտնական և աստղագետ Ֆաթհուլլա Շիրազին, իսլամական լուսնային և հինդու արևային օրացույցների հիման վրա ստեղծում է բենգալական օրացույցը։ Նոր գյուղատնտեսական տարին ներկայացվել է 1584 թվականի մարտի 10/11-ին, բայց հաշվարկվել է այն օրվանից, երբ Աքբարը գահ է բարձրացել (1556 թվական)։ Նոր տարին հետագայում անվանվեց «Բենգալական Նոր տարի»։

Այնուհետև Աքբարի կառավարման օրոք սկսվում է Նոր տարին նշելու ավանդույթը։ Ավանդույթի համաձայն՝ բենգալացիները հին տարվա վերջին օրը վճարում էին իրենց բոլոր պարտքերը, իսկ նոր տարվա առաջին օրը մեծահարուստ բենգալացիները իրենց աշխատողներին քաղցրավենիք էին հյուրասիրում։ Ամանորին կազմակերպվում էին հսկայական տոնավաճառներ և տոնակատարություններ։ Աստիճանաբար, Նոր տարին դառնում է բենգալացիների կյանքի բաղկացուցիչ մասը։ Ավանդույթներից մեկն էլ Ամանորին հարսանիքներ կազմակերպելն էր։ Վաճառականներն ու առևտրականները որոշում են Նոր տարվա առաջին օրվանից սկսել օգտագործել հաշվապահության նոր գիրք։ Նրանք հրավիրում էին իրենց հաճախորդներին և առևտրային գործընկերներին, հյուրասիրում նրանց քաղցրավենիք և նոր պայմանագրեր կնքում։ Այս ավանդույթը գոյատևում է մինչ օրս, հատկապես զարդեր վաճառողների շրջանում։

Տոնակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենգալական ամանորի գունագեղ տոնակատարություն Դաքքայում

Պատրաստվելով դիմավորել Նոր տարին՝ բենգալացիները մաքրում են իրենց տները, առավոտյան լոգանք ընդունում և հագնում նոր, ամենաթանկ հագուստները։ Օրվա ընթացքում նրանք այցելում են հարազատներին, ընկերներին և հարևաններին։ Հյուրերի համար բենգալացիները պատրաստում են բենգալական խոհանոցի ամենահամեղ ուտեստները։ Երբեմնի գյուղական այս փառատոնն այժմ հսկայական մասշտաբով նշվում է Արևմտյան Բենգալիայի և Բանգլադեշի խոշոր քաղաքներում` Կալկաթայում և Դաքքայում, որտեղ Ամանորին անցկացվում են մեծ թվով մշակութային ծրագրեր։ Կալկաթայում կանայք հագնում են սպիտակ սարի (հագուստ)` կարմիր եզրագծերով, իսկ տղամարդիկ դհոթի և կուրթա (հագուստ) և վաղ առավոտվանից մասնակցում են Նոր տարվա առաջին օրվա տոնակատարության հանդիսավոր արարողություններին։ Դեռևս նախորդ օրվա երեկոյից շատ հնդկացիներ այցելում են տաճարներ, որտեղ օրհնություն ստանալու համար աստվածներին առաջարկում են փուջա, աղոթում են ընտանիքի բարեկեցության և բարգավաճման համար։ Այս օրը կազմակերպվում են նաև մեծ տոնավաճառներ։ Դրանցից ամենամեծը Արևմտյան Բենգալիայում գտնվող Բանգլա Սանջիտ Մելան է, որը կազմակերպվել է Բենգալիայի կառավարության կողմից Կալկաթայում։ Տոնավաճառներում վաճառում են գյուղատնտեսական ապրանքներ, խաղալիքներ, կոսմետիկա, ինչպես նաև մի շարք սննդամթերքներ, հատկապես Բենգալիայի ավանդական քաղցրավենիքներից։ Երգիչները, երաժիշտներն ու պարողները հանդես են գալիս նաև տոնավաճառներում, բեմադրվում են թատրոնի և տիկնիկային ներկայացումներ` ժողովրդական և կրոնական մոտիվներով (օրինակ Ռադհա-Կրիշնա և ուրիշներ)։

Ամանորի օրը շատ բարենպաստ է համարվում բոլոր տեսակի նախաձեռնարկությունների համար, իսկ տարվա առաջին ամիսը համարվում է առավել բարենպաստ հարսանիքների համար։ Բենգալացիները նախորդ ամիս նվիրում էին գնումներին, իսկ առևտրականները վաճառում էին իրենց ապրանքը։ Ամանորի օրը բենգալացիները ստեղծում են նոր գործարաններ, վաճառականները ձեռք են բերում հաշվապահական նոր գրքեր։ Միևնույն ժամանակ, անցկացվում է ավանդական փուջան, որի ընթացքում քահանա-բրահման արտասանում է մանտրա և նոր հաշվապահական գրքերի վրա գծում հինդուական սվաստիկա։

Մեծ Բրիտանիայի բենգալական հասարակությունը տոնում է Նոր տարին` անցկացնելով փառատոներ Լոնդոնի փողոցներում, որոնք համարվում են Եվրոպայի ամենախոշոր ասիական փառատոնները` Արևմտյան Բենգալիայի սահմաններում։ Բենգալական Նոր տարին մեծ շուքով տոնվում է նաև Ավստրալիայում (Սիդնեյ, Մելբուրն, Կանբերրա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Новикова В. А. Бонкимчондро Чоттопаддхай: Жизнь и творчество. — Изд. Ленингр. ун-та, 1969. — С. 16. — 210 с.
  2. «Пять новых элементов внесены в Репрезентативный список культурного нематериального наследия человечества». UNESCO.Org. ЮНЕСКО. 2016 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենգալական նոր տարի» հոդվածին։