Բելմոնտեի ամրոց (Իսպանիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելմոնտեի ամրոց
իսպ.՝ Castillo de Belmonte
Նկարագրություն
Տեսակհուշարձան և դղյակ
Վարչական միավորԲելմոնտե
Երկիր Իսպանիա[1]
Կառուցված1456 թվական
ԿառուցողԽուան Պաչեկո
Ճարտարապետական ոճՄուդեխար
Կայքcastillodebelmonte.com
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Belmonte (Cuenca) Վիքիպահեստում

Բելմոնտեի ամրոց (իսպ.՝ Castillo de Belmonte), պաշտպանական շինություն Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքի Կուենկա պրովինցիայի Բելմոնտե մունիցիպալիտետում՝ Կուենկա քաղաքից ոչ հեռու։ Կառուցվել է 1456-70 թվականներին Էնրիկե IV թագավորի ֆավորիտ մարքիզ Խուան Պաչեկոյի կողմից։ Ներքին բակն ունի հավասարակողմ եռանկյան տեսք և շրջապատված է վեցաթև աստղի ձևով կառուցված պատերով։

Բելմոնտեի ամրոցը գտնվում է Կաստիլիա-Լա Մանչայի Կուենկա և Տոլեդո պրովինցիաների սահմանի վրա՝ Ալարկոն ջրամբարից ոչ հեռու, տեղակայված է Բելմոնտեի Սան Կրիստոբալ բլրի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տարածքում, որտեղ ներկայում տեղակայված է ամրոցը, ժամանակին եղել է ոսկու հանք, որ մշակել են դեռ հռոմեացիները, ովքեր էլ կառուցել են առաջին պաշտպանական կառույցները ներկայիս ամրոցի տարածքում։ Խուան Պաչեկոն, ով ծնվել է Բելմոնտեում, ներկա ամրոցի շինարարությունն սկսել է 1456 թվականին և ավարտին հասցրել 14 տարի անց։ Բացառված չէ, որ ճարտարապետը եղած լինի այն ժամանակ մեծ համբավ վայելած Խուան Գուասը։

Բելմոնտեի ամրոցում Պաչեկոն մի որոշ ժամանակ թաքցրել է Խուանա Բելտրանեխային, որպեսզի պաշտպանի նրան Կաստիլիայի ազնվականներից, ովքեր չէին ընդունում նրա՝ օրինական ժառանգ լինելը։ Ամրոցի դարպասներից մեկը հետագայում կոչվել է Խուանայի պատվին։ Լեգենդի համաձայն՝ աղջիկը կիսամերկ փախել է ամրոցից՝ չվստահելով իր հովանավորին ու թագավորի վստահված անձին՝ Խուան Պաչեկոյին։

Պաչեկոյի հետնորդները՝ Էսկալոնի դուքսերը, ամրոցին քիչ ուշադրություն են դարձրել և հազվադեպ են եղել այնտեղ։ 1622 թվականին այն Մանուելես տոհմից անցել է Մանրիկե դե Լարա ընտանիքին, որի անդամները թագավորից ստացել են դե Բելմոնտեի մարքիզի կոչում։ Մինչ 19-րդ դարը ամրոցը վերջնականապես ավերվել է ու լքվել։

Իր ներկայիս տեսքն ամրոցն ստացել է Եվգենյա Մոնտիխոյի շնորհիվ։ 1857 թվականին՝ Նապոլեոն III-ի հետ ամուսնանալուց հետո, կայսրուհին նախաձեռնել է իր նախնիներին պատկանած ամրոցի վերականգնումը։ Ներքին բակը սալապատվել է, մի քանի աշտարակների համար կառուցվել են սանդուղքներ, վերանորոգվել են աշտարակների տանիքները։ Մոնտիխոյից հետո ամրոցը ժառանգել են նրա ավագ քրոջ սերունդները՝ Պենյարանդա դուքսերը (Ալբա տան կրտսեր ճյուղը)։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան «Էլ Սիդ» (1961) ֆիլմից

Ամրոցը կառուցվել է մոսարաբական ոճով, ինչը մասնավորապես լավ է արտահայտված շրջանաձև աշտարակների շնորհիվ, որոնք ունեն դեպի դուրս ուղղված բաստիոններ։ Ներքին բակը եռանկյունաձև է և զարդարված է քարե բուխարիներով, կեսոններով, մավրիտանագոթական ծեփածո զարդարանքներով։ Ամրոցի գլխավոր դարպասների վրա պահպանվել են Վիլենա մարքիզների զինանշանները։

Ժամանակակից շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականի հունիսի 3-ին ամրոցը հայտարարվել է Իսպանիայի ազգային հուշարձան[2]։ Ներկայում ամրոցում գործում է թանգարան, որի սրահներից մեկում ցուցադրվում է ամրոցում եղած կահույքն ու կահավորանքը, որ պահպանել ու թարմացրել է Եվգենյա կայսրուհին։ Հյուսիսային աշտարակից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Բելմոնտե գյուղն ու նրա շրջակայքը։

Բելմոնտեի ամրոցում ու նրա շրջակայքում են նկարահանվել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Էլ Սիդ» (1961), «Մարմին և արյուն» (1985), «Խենթ Խուանա»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Decreto del Ministerio de Instrucción Pública y Bellas Artes publicado en la Gaceta de Madrid n.º 155 de 4 de junio de 1931, disponible en línea en: [1].

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Джанни Гуадалупи, Габриеле Рейна (перевод А.Борисовой) // Замки мира. — М.: ООО «АСТ», ООО «Астрель», 2005. — С. 28-29. — 272 с. — ISBN 978-5-17-033048-5, 978-5-271-12588-1, 88-544-0097-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելմոնտեի ամրոց (Իսպանիա)» հոդվածին։