Բելիզի պտտվող կամուրջ
| Երկիր | |
|---|---|
| Տեսակ | կամուրջ |
| 17°29′43″N 88°11′13″W / 17.4954°N 88.187°W | |
![]() | |
![]() | |

Բելիզի պտտվող կամուրջ, Բելիզի քաղաքի կենտրոնում գտնվող կամուրջ[1], որը միացնում է Բելիզ Սիթիի հյուսիսային և հարավային հատվածները՝ ձգվելով Բելիզ գետի վտակ Հոլովեր Քրիքի վրայով։
Լինելով Բելիզի զբոսաշրջային ձգողության վայրերից ու պատմական հուշարձաններից մեկը՝ Կենտրոնական Ամերիկայի ամենահին պտտվող կամուրջն է և աշխարհում մինչ օրս գործող եզակի ձեռքով կառավարվող կամուրջներից մեկը։ Հարևանությամբ է գտնվում Բելիզի ծովային թանգարանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը պատրաստվել է Անգլիայի Լիվերպուլ քաղաքում և Բելիզ Սիթի է տեղափոխել Նոր Օռլեանում գտնվող ամերիկյան մի ընկերություն։ Այն կառուցվել է բարձր կայմերով առագաստանավերին թույլ տալու համար անցնել կամրջի կողքով, շարունակել ճանապարհը գետով ի վեր և քաղաքին ապրանքներ ու ծառայություններ մատուցել։ Նոր կամրջի կառուցումով փոխարինվել են տեղացիների 19-րդ դարի կեսերին Հոլովեր Քրիքն անցնելու համար կառուցած մի քանի փայտե կամուրջները։
Հոլովեր Քրիքն իրականում Բելիզ գետի ծովախորշն է, սակայն այդպես է անվանվել, քանի որ անասնապահները պարաններով էին անասուններին քաշելով անցկացնում ջրի միջով։ Կամուրջը կառուցվել է 1922 թվականին, իսկ տեղադրումն ավարտվել է 1923 թվականին։ Այն բացվում էր ձեռքով պտտելով՝ չորս տղամարդկանց ֆիզիկական ուժի շնորհիվ։ Նավերի երթևեկությունն ապահովելու նպատակով կամուրջը պտտելով բացել են օրական երկու անգամ՝ մեկ անգամ առավոտյան, մեկ անգամ էլ՝ երեկոյան։
Վերանորոգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը վնասվել է 1931 թվականին քաղաքին հարվածած 5-րդ կատեգորիայի փոթորկից[2]։ Ասում են՝ փոթորկի ուժգնությունից այն նույնիսկ տեղաշարժվել էր՝ հայտնվելով փողոցում։ Կամուրջը կրկին վնասվել է 1961 թվականին «Հաթի», իսկ 1998-ին՝ «Միչ» փոթորիկներից․ «Միչ»-ից հետո իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, իսկ 21-րդ դարի առաջին տասնամյակում կամուրջը ենթարկվել է հետագա վերականգնման[3]:Քննարկումներ են ընթացել կամուրջն ավտոմատացնելու շուրջ, սակայն տեղացիները դեմ են արտահայտվել դրան՝ հասկանալով, որ դա քաղաքին կզրկի կարևորագույն զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկից։
1987 թվականին Չինաստանի կողմից հաստատված նվիրատվության արդյունքում նախագծվել, ապա պատրաստվել է Բելիզ Սիթիի հին բացվող կամրջի տեղում տեղադրվելիք ժամանակակից նոր փոխարինող կամուրջ։ 1989 թվականին այն ուղարկվել է Բելիզ, սակայն այդպես էլ տեղ չի հասել։ Կամուրջը հետ է վերադարձվել Չինաստան, քանի որ փոխադրման ընթացքում՝ հենց այդ նույն թվականին, Բելիզը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Թայվանի հետ։
Շահագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամրջը պտտելու համար անհրաժեշտ է առնվազն չորս տղամարդ, որոնք ձեռքով պտտում են մեխանիզմը, մինչև կամուրջը հայտնվի Հոլովեր Քրիքի նկատմամբ ուղղահայաց դիրքում[4]: Նավերի անցնելուց հետո կամուրջը նորից ձեռքով պտտեցնում են ետ, մինչև այն վերադառնա ջրանցքին զուգահեռ իր սկզբնական դիրքին։ Մինչ այս ամբողջ գործընթացն ավարտվում է, երթևեկությունը դադարեցվում է ավելի քան մեկ ժամով։ 2007 թվականից ի վեր կամուրջը ձեռքով բացվում է միայն հատուկ հայտերի դեպքում, քանի որ Հոլովեր Քրիքով նավերի երթևեկությունն այլևս այնքան ակտիվ չէ, որքան նախկինում։
Ֆիլմագրությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելիզի բացովի կամուրջը ցուցադրվել է 1980 թվականի «Պատերազմի շները» ֆիլմում, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Քրիստոֆեր Ուոքենը[5]: Հորինված աֆրիկյան Զանգարո երկրին վերաբերող տեսարանները նկարահանվել են Բելիզի Բելիզ Սիթի քաղաքում։ Տեսարանում կամուրջը սկզբում տեղադրվել էր ջրանցքին զուգահեռ, ապա ձեռքով պտտվելով՝ նորից վերադարձվել իր ելման դիրքին:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sutherland, Anne (1996). «Tourism And The Human Mosaic In Belize». Urban Anthropology and Studies of Cultural Systems and World Economic Development. 25 (3): 259–281. ISSN 0894-6019.
- ↑ Macpherson, Anne S. (2007). From Colony to Nation: Women Activists and the Gendering of Politics in Belize, 1912-1982. University of Nebraska Press. doi:10.2307/j.ctt1djmg1s.11. ISBN 978-0-8032-3242-6.
- ↑ Everitt, John C. (1986). «The Growth and Development of Belize City». Journal of Latin American Studies. 18 (1): 75–111. ISSN 0022-216X.
- ↑ Leslie, Vernon (1987). «The Belize River Boat Traffic». Caribbean Quarterly. 33 (3/4): 1–28. ISSN 0008-6495.
- ↑ Pariser, Harry S. (1997). Explore Belize. Harry S. Pariser. էջ 117. ISBN 978-1-55650-785-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելիզի պտտվող կամուրջ» հոդվածին։ |


