Բելգիայի երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բելգիայի երաժշտությունը կազմավորվել է ֆլամանդացիների և վալլոնների երաժշտական ավանդույթների հիման վրա։ Բելգիական երաժշտության զարգացման ընդհանուր հիմքը այսպես կոչված ֆրանկո–ֆլամանդական XV–XVI դարերի նիդերլանդական դպրոցն է (խոշորագույն ներկայացուցիչներն են՝ Յա․ Օբրեխաը, Ա․ Վիլլարտը, ժոսքեն Դեպրեն և Օռլանդո Լասսոն), որի պոլիֆոնիկ արվեստը ձևավորվելով Վերածննդի դարաշրջանում, մեծապես ազդել է Արևմտյան Եվրոպայի կոմպոզիտորական դպրոցների վրա։ Բելգիայի երաժշտության ազգային ինքնատիպությունը որոշակի դարձավ անկախ պետություն Բելգիայի կազմավորումից հետո (1830)։ Հին ավանդույթներ ունեցող օրատորիայի և կանտատի ժանրի, ինչպես և պաշտամունքային երաժշտության այլ ժանրերի զարգացման ազդակը եղել է խմբերգային արվեստը, որ շատ վաղուց տարածված էր Բելգիայում։ XIX–XX դդ․ սահմանագլխին կազմավորվել է ազգային վոկալ դպրոցը (երգիչներ՝ Է․ Դեյք, Է․ Բլաուվարտ, երգչուհի՝ Վ․ Բովի)։ Առավել զարգացել է գործիքային, հատկապես ջութակի կոնցերտը (Շ․ Բերիո, Ա․ Վիյոտան, Է․ Իգայի, Յ․ Լեոնար, Պ․ Մարսիկ, Ս․ Թոմսոն)։ Նշանավոր վիրտոզներ է տվել նաև բելգիայի թավջութակի դպրոցը (Ֆ․ Սերվե, Ա․ Բատտա, Ֆ․ Դեմունկ)։ XX դ․ Բելգիայի երաժշտություն են ներթափանցել իմպրեսիոնիզմը և ավանգարդիստական տարբեր հոսանքներ (ատոնալ, սերիական երաժշտություն են)։ ժամանակակից խոշոր երաժիշտներից են կոմպոզիտորներ՝ Ժ․ Աբսիլը, Ռ․ Դեֆոսեն, Ֆ․ Կինեն, Ա․ Սուրին, Մ․ Պոտը, դիրիժորներ՝ Ֆ․ Անդրեն, Դ․ Դեֆոն, ջութակահարներ՝ Ա․ Դրյումիոն, Կ․ Նեստեն։ Կոնսերվատորիաներ կան Բրյուսելում, Լիեժում, Դենտում, Անտվերպենում և Մոնսում (երաժշտագիտության ինստիտուտ), քաղաքային երաժշտության ակադեմիաներ՝ Տուրնեում, Շառլերուայում, եկեղեցական երաժշտության ինստուտուտ՝ Մեխելենում (Մալին)։ Երաժշտության խոշորագույն կենտրոնը Բրյուսելն է, ուր բացի Դլա Մոննե օպերային թատրոնից կան համերգային ընկերություններ, սիմֆոնիկ նվագախմբեր։ Երեք տարին մեկ կազմակերպվում են Ելիզավետա թագուհու անվան դաշնակահարների և ջութակահարների մրցույթներ։ Օպերային թատրոններ կան նաև Անտվերպենում (հիմնված 1893 թ.-ին) ու Դենտում (հիմնված 1900 թ.-ին)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png