Բելառուսական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելառուսական գրական միության «Полоцкая ветвь» պատկերանշանը

Բելառուսական գրականություն (բելառուս․՝ Беларуская лiтаратура, Bielaruskaja litaraturaբելառուսերեն գրականություն՝ գրված բելառուս հեղինակների կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնավորվել է 11-13-րդ դդ․, երբ Բելառուսիան մտնում էր Կիևյան Ռուսիայի կազմի մեջ։ Ինչպես և սլավոնական մյուս ժողովուրդների մոտ, սկզբնական շրջանում զարգացել է կրոնական և աշխարհիկ բովանդակությամբ գրավոր հուշարձանների ընդօրինակությունների ձևով։ Առաջին ինքնուրույն գրավոր հուշարձանը Կիրիլ Տուրովսկու «Քարոզներ» կրոնական երկն է։

Մինչև 17-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

14- 16-րդ դարերում, երբ Բելառուսիան մտնում էր Լիտվական Մեծ իշխանության կազմի մեջ, բելառուսերենը դարձավ նրա պետական լեզուներից մեկը։ Այդ ժամանակ են ստեղծվել այնպիսի սկզբնաղբյուրներ, ինչպիսիք են «Լիտվական ժամանակագրություն» (14-15-րդ դարեր) և եվրոպական ճանաչում գտած Լիտվական Մեծ իշխանության օրենսգրքի երեք տարբերակները (1529 թվական, 1566 թվական, 1588 թվական)։ 1517-1519 թվականներին Ֆրանցիսկ (Գեորգի) Սկորինան Պրագայում բելառուսերեն հրատարակել է Աստվածաշունչը։ Հետագայում, իր տպարանը փոխադրելով Վիլնո, լույս է ընծայել «Առաքյալ» կրոնական երկը և «Ճամփորդական փոքրիկ գրքույկ»-ը (1525)։ Կարևոր իրադարձություն էր ժողովրդական լեզվով Ավետարանի հրատարակությունը Վասիլի Տյապինսկու (մոտ 1570) և Կատեխիզիսի հրատարակությունը՝ Սիմոն Բուդնու կողմից։ 17-րդ դարի հայտնի դեմքերից էր բանաստեղծ և դրամատուրգ Սիմեոն Պոլոցկին։

18-րդ դար, 20-րդ դարի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվական Մեծ իշխանությունը Լեհաստանին միացվելուց հետո լեհական սեյմն արգելեց բելառուսերենը։ Դադարեցվեց բելառուսերեն գրքերի հրատարակումը։ 18-րդ դարի վերջում Բելառուսիան միացավ Ռուսաստանին։ Թեև ցարիզմը խոչընդոտում էր ազգային լեզվով գրի ու գրականության զարգացումը, սակայն Բելառուսիայում գրականությունը շարունակում էր զարգանալ։ 19-րդ դարի սկզբին Բելառուսում լայն տարածում գտավ Պավլյուկ Բագրիմի պոեզիան։ 19-րդ դարի կեսերի նշանավոր դեմքերից էր բանաստեղծ և դրամատուրգ Վ․ Դունին-Մարցինկևիչը։ Մինչհոկտեմբերյան Բելառուսական գրականության մեջ կարևոր ներդրում ունեն Յանկա Կուպալան, Ցակուբ Կոլասը և Մաքսիմ Բոգդանովիչը, որոնց ստեղծագործությամբ վերջնականապես հաստատվեցին դեմոկրատիզմը և ռեալիզմը։

Այդ տարիների նշանավոր Բելառուս գրողներից էին նաև Զ․ Բյադուլյան (Ա․ Պլավնիկ), Տ․ Գարտնիյը (Զ․ Ժիլունովիչ), Մ․ Գորեցկին։

Մեծ հոկտեմբերը զարգացման լայն հնարավորություններ ստեղծեց բելառուսական գրականության համար։ Արդեն ճանաչում գտած գրողներին միացան շնորհալի երիտասարդներ, որոնք հիմնականում 1923 թվականին ստեղծված «Մոլոդնյակ» («Երիտասարդություն») կազմակերպության անդամներն էին։ 30-ական թվականներին Բելառուսի գրականության հիմնական մոտիվը սոցիալիստական աշխատանքի, կոլտնտեսային կարգերի և խաղաղ աշխատանքի գովերգումն էր։ Հետագա տարիներին Բելառուս գրողներն ստեղծեցին գեղարվեստական բարձրորակ գործեր (Պ․ Բրովկա, «Հերոսի գալուստը», 1935 թվական, Ա․ Կուլեշով, «Պատանեկան աշխարհ», 1939 թվական, Յանկա Կուպալա, բանաստեղծությունների շարք են)։ Գրական նշանակալի իրադարձություն էր Կ․ Կրապիվայի «Ով վերջինն է ծիծաղում» (1939) կատակերգությունը, որն այդ ժանրի լավագույն գործերից է խորհրդային գրականության մեջ։ 30-40-ական թվականների սկզբներին հանդես եկավ գրական նոր սերունդ՝ Պ․ Պանչենկո, Ա․ Աստրեյկո, Ա․ Բելեիչ, իսկ Արևմտյան Բելառուսիայի ազատագրումից հետո՝ Մ․ Տանկ, Վ․ Տավլայ, Ֆ․ Պեաորակ և ուրիշներ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բելառուսական գրականությունը բնութագրվում է խոր հայրենասիրությամբ, լավատեսությամբ, քաղաքացիական պաթոսով։ Մեծ նշանակություն ստացան Յանկա Կուպալայի, Յա․ Կոլասի, Մ․ Լինկովի հրապարակախոսությունները, Կ․ Կրապիվայի երգիծական բանաստեղծությունները։ Ա․Կուլեշովի «Բրիգադի դրոշը» (1942) պոեմը, Պ․ Բրովկայի, Մ․ Տանկի, Պ․ Գլեբկայի, Պ․ Պանչենկոյի բանաստեղծությունները, Կ․ Չոռնու «Հարդագողի ճանապարհը» (1943) և «Մեծ օր» (անավարտ) վեպերն արտացոլում են պատերազմական օրերի հերոսականությունը, պարտիզանական շարժումը։ Ետպատերազմյան տարիների բելառուսական գրականության մեջ, հատկապես արձակում, իշխում էր պատերազմական մոտիվը (Ի․ Շամյակին, «Խոր հոսանք», 1948 թվական, Ի․ Մելեժ, «Մինսկյան ուղղությունը», 1949-1952 թվականներ, Ա․ Կուլակովսկի, «Բաժանվում ենք ոչ երկար ժամանակով», մաս 1-2, 1953-1962 թվականներ, Մ․ Լինկով,«Անմոռանալի օրեր», հ․ 1-4, 1951-1958 թվականներ)։

Գեղարվեստական մի շարք երկեր նվիրվել են արևմտաբելառուսական մարզերի ժողովրդական մասսաների պայքարին՝ հանուն նոր կյանքի։ 1950-ական թվականներին Բելառուսական գրականության համար բնորոշ են հոգեբանական խորությունը, անցյալի և ներկայի վերլուծական ուսումնասիրությունը։ Այդ են վկայում Յա․ Բրիլի «Զաբոլոտյեում լուսանում է» (1950) վիպակը, Ա․ Չեռնիշնիչի «Մալինովկա տանջարանը» (1964), Մ․ Լոբանի «Ապագայի նախադռանը» (1961) և «Ուստրոն թաղամասը» (1967-1968), Ի․ Մելեժի «Մարդիկ ճահճի վրա» (1961), «Ամպրոպի շունչը» (1965) պատմավեպերը, Վասիլ Բիկովի «Ալպիական բալլադ» վիպակը։ ժամանակակից դրամատուրգներից աչքի է ընկնում Ա․ Մակայոնոկը («Ներեցեք խնդրեմ» կատակերգություն, 1953, «Հալածված առաքյալը»)։ Բելառուսական գրականագետներից են Ա․ Ադամովիչը, Ա․ Ալեքսանդրովիչը, Վ․ Բորիսենկոն, Գ․ Բերյոզկինը, Դ․ Բուգաևը, Յա․ Կազեկոն, Վ․ Կոլեսնիկը, Օ․ Լոյկոն, Ա․ Մալդիսը։ Խորհրդային իշխանության տարիներին դասական և ժամանակակից շատ գրողների մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են ԽՍՀՄ տարբեր ժողովուրդների լեզուներով, այդ թվում և հայերեն։

Հայկական մոտիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ ընթերցողը Բելառուսական գրականությանը հաղորդակից է դարձել Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ 30-ական թվականներին առաջին անգամ հայերեն են թարգմանվել Բելառուսի ժողովրդական բանաստեղծներ Յա․ Կուպալայի և Յա․ Կոլասի ստեղծագործությունները։ 1935 թվականին Յա․ Կուպալայի և Յա․ Կոլասի գրական գործունեության 30-ամյակի կապակցությամբ «Խորհրրդային գրականություն», «Գրական սերունդ» ամսագրերը, «Գրական թերթ», «Պրոլետար» թերթերը տպագրել են նմուշներ ականավոր բանաստեղծների ստեղծագործություններից (Յա․ Կոլաս, «Մուժիկ», «Բատրակուհին», Յա․ Կուպալա, «Մանչն ու օդաչուն», «Օլեսյա»)։ Այս շրջանում թարգմանվել են նաև Պ․ Բրովկայի առանձին բանաստեղծություններ։ 1941 թվականին հայ մամուլում նշվել է Յա․ Կուպալայի գրական գործունեության 35-ամյակը։ Պատերազմի առաջին ամիսներին Հայպետհրատն առանձին գրքույկներով հրատարակել է Յա․ Կուպալայի հրապարակախոսական հոդվածները՝ «Բելառուսը երբեք գերմանական բարոնների ստրուկը չի դառնա», «Ելել է Բելառուսիան»։ 1942 թվականին հայ ժողովուրդը նշել է Յա․ Կուպալայի ծննդյան 60-ամյակը։ Ետպատերազմյան տարիներին հայ ընթերցողն ստացել է Ա․ Կուլեշովի «Բալլադ պայտի մասին», «Կոմերիտական տոմսը» ստեղծագործությունների թարգմանությունները։ 1949 թվականին, Բելառուսի խորհրդայնացման 30-ամյակի կապակցությամբ, հայերեն հրատարակվել են Յա․ Կոլասի, Մ․ Տանկի, Պ․ Բրովկայի, Ա․ Կուլեշովի և ուրիշների մի շարք բանաստեղծություններ։ 1951 թվականին Երևանի «Գրական թերթ»-ը նշել է ժողովրդական բանաստեղծ Պ․ Բրովկայի գրական գործունեության 25-ամյակը, իսկ Հայպետհրատը լույս է ընծայել Յա․ Կուպալայի բանաստեղծությունների «Հատընտիր»-ը։ 1953 թվականին լավ նվեր են ստացել հայ մանուկները, հրատարակվել է «Լուսավոր ուղի» ժողովածուն, որտեղ զետեղված են Յա․ Կուպալայի, Յա․ Կոլասի, Մ․ Տանկի, Ա․ Կուլեշովի, Պանչենկոյի և ուրիշների ստեղծագործությունները։ 1955 թվականին, Մոսկվայում անցկացված Բելառուսական արվեստի և գրականության տասնօրյակի կապակցությամբ «Գրական թերթ»-ը իր ընթերցողներին է ներկայացրել Պ․ Բրովկայի և է․ Օգնեցվետի բանաստեղծությունները։ 1956 թվականին Հայպետհրատն առանձին գրքով հրատարակել է Ա․ Կուլեշովի Պոեմները, իսկ 1957 թվականին՝ «Բելառուսական գրականության անթոլոգիա»-ն, որտեղ զետեղված են տարբեր սերունդների ներկայացուցիչների չափածո և արձակ ստեղծագործություններ։ 1957 թվականին Հայպետուսմանկհրատը «ԽՍՀՄ ժողովուրդների գրականություն» հատընտիր ժողովածուում զետեղել է Յա․ Կուպալայի բանաստեղծությունները և հատվածներ Յա․ Կոլասի պոեմներից։ Առանձին գրքերով հրատարակվել են Յա․ Մավրի «Պ․ Տ․ Մ․» պատմվածքը (1961), Մորոզովի «Հետախուզության էր գնում մանչուկը» վիպակը (1966), Ի․ Շամյակինի «Սիրտը ափի մեջ» վեպը (1970)։ 1950-1960-ական թվականներին մամուլում տպագրվել են Կ․ Կրապիվայի առակները, Պ․ Բրովկայի, Մ․ Տանկի, է․ Օգնեցվետի և ուրիշների բանաստեղծությունները։ Հայ ընթերցողը ծանոթացել է «Հայկական մոտիվներ» ստեղծագործություններին (Ա․ Բաչիլոյի՝ «Արաքսի ափին», Պ․ Բրովկայի՝ «Տոն Արտաշատում», Ա․ Ստավերի «Կիրովական», Մ․ Տանկի՝ «Կարդալով Նարեկացուն»)։ Իրենց հերթին Բելառուս գրողները պրոպագանդել են հայ դասականների և ժամանակակից հեղինակների երկերը։ 1958 թվականին Մինսկում Ա․ Կուչարի թարգմանությամբ բելառուսերեն հրատարակվել է Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս», 1964 թվականին Յա․ Բրիլի թարգմանությամբ՝ խորհրդահայ գրողների պատմվածքների ժողովածուն «Արարատի ծաղիկները» վերնագրով։ 1969 թվականին, Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակի տոնակատարության օրերին, «Երեկոյան Երևան»-ում տպագրվել է Ի․ Շամյակինի «Հայոց խինդն անհուն մի ծով» խորագիրը կրող հոդվածը։ Բելառուս դրամատուրգների որոշ ստեղծագործություններ ներկայացվել են հայ բեմերում։ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը բեմադրել է Ա․ Մովզոնի «Մի խուլ նրբանցքում» (1957) և Կ․ Կրապիվայի «Կոնդրատի կինը ուղեծրում» (1961) պիեսները։ Երևանի դրամատիկական թատրոնում հաջողությամբ ներկայացվել է Ա․ Մակայոնոկի «Հալածված առաքյալը» պիեսը (1972)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելառուսական մշակույթ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Александровіч, С. Х. Пуцявіны роднага слова. - Мн., 1971.
  • Александровіч, С. Х. Слова - багацце ։ Літ.-крытыч. арт. - Мн., 1981.
  • Александровіч, С. Х., Александровіч В. С. Беларуская літаратура ХІХ - пачатку ХХ ст.։ Хрэстаматыя крытыч. матэрыялаў. - Мн., 1978.
  • Беларуская літаратура ։ ХІ-ХХ стст.։ Дапам. для шк., ліцэяў, гімназій, ВНУ / А. І. Бельскі, У. Г. Кароткі, П. І. Навуменка і інш. - 2-е выд., дапрац. - Мн., 2001. 1994.
  • Беларускія пісьменнікі ։ Біябібліягр. слоўнік ։ У 6 т. - Мн., 1992-1995.
  • Гарэцкі, М. Гісторыя беларускае літаратуры. - Мн., 1992.
  • Гісторыя беларускай літаратуры ХХ стагоддзя ։ У 4 т. / Нац. акад. навук Беларусі. Ін-т літ. імя Я. Купалы. - Мн., 1999-2003. - Т. 1։ 1901-1920; - Т. 2։ 1921-1941; - Т. 3։ 1941-1965; - Т. 4, кн. 1։ 1966-1985; кн. 2 ։ 1986-[2000.
  • Гісторыя беларускай літаратуры ։ ХІХ - пачатак ХХ ст.։ / Пад агул. рэд. М. А. Лазарука, А. А. Семяновіча. - 2-е выд., дапрац. - Мн., 1998.
  • Гісторыя беларускай літаратуры ։ ХХ стагоддзе։ 20-50-я гг.։ / Пад агул. рэд. М. А. Лазарука, А. А. Семяновіча. 2-е выд., дапрац. - Мн., [2000.
  • Гісторыя беларускай савецкай літаратуры ։ 1941-1980 / Пад агул. рэд. М. А. Лазарука і А. А. Семяновіча. - Мн., 1983.
  • Грынчык, М. М. Фальклорныя традыцыі ў беларускай дакастрычніцкай паэзіі. - Мн., 1969.
  • Лазарук, М. А. Беларуская паэма ў другой палавіне ХІХ - пачатку ХХ стагоддзя. - Мн., 1970.
  • Лявонава, Е. А. Агульнае і адметнае ։ Творы беларус. пісьменнікаў ХХ ст. у кантэксце сусветнай літаратуры. - Мн., 2004.
  • Мальдзіс, А. І. На скрыжаванні славянских традыцый ։ Літаратура Беларусі пераходнага перыяду։ другая палавіна ХVII-ХVIII ст. - Мн., 1980.
  • Пачынальнікі ։ З гiст.-лiт. матэрыялаў XIX ст.։ Зборнiк / Нац. акад. навук Беларусі, Ін-т літ. імя Я.Купалы. - Мн.։ Беларус. навука, 2003.
  • Рагойша, В. І адгукнецца слова ў слове ։ Літ.-крытыч. арт., эсэ, дыялогі. - Мн., 1992.
  • Саверчанка, І. В. Кніжна-пісьмовая культура Беларусі. Адраджэнне і ранняе барока. - Мн., 1998.
  • Саверчанка, І. В. Старажытная паэзія Беларусі ։ ХVI - першая палова ХVII ст. - Мн., 1992].
  • Семяновіч, А. А. Гісторыя беларускай драматургіі. ХІХ - пачатак ХХ ст. - Мн., 1985.
  • Чамярыцкі, В. А. Беларускія летапісы як помнікі літаратуры. - Мн., 1969.
  • Яскевіч, А. А. Абранне вечнасці. Універсалізм традыцыі і гістарызм сучаснасці. - Мн., 1999.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։