Բաքվի Հայոց մարդասիրական ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բաքվի Հայոց մարդասիրական ընկերություն
Eglise armenienne bacou.jpg
Տեսակկառույց
Հիմնադրված1864
Գլխադասային գրասենյակԲաքու, Ադրբեջան
Կոորդինատներ: 40°22′18.235200100005″ հս․ լ. 49°50′12.616800100001″ ավ. ե. / 40.37173200002777662° հս․. լ. 49.83683800002777531° ավ. ե. / 40.37173200002777662; 49.83683800002777531

Բաքվի Հայոց մարդասիրական ընկերություն (Մարդասիրական ընկերություն հանուն Ս. Գրիգոր Լուսավորչին Հայաստանի), հայկական բարեգործական կազմակերպություն։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվել է 1864 թվականի մայիսի 21-ին, Բաքվում` բժշկապետ Դ. Ռոստոմյանի (եղել է առաջին նախագահը), Մ. Զոհրապյանցի և տեղի այլ ազդեցիկ հայերի նախաձեռնությամբ` լուսավորական, մշակութային և բարեսիրական գործունեություն ծավալելու նպատակով։ Ըստ հաստատված կանոնադրության՝ ունեցել է հիմնադիր, պատվավոր, անփոփոխ և տարեկան անդամներ։ Ղեկավարել են հիմնադիր անդամները, խորհուրդը (3 տարի ժամկետով ընտրված նախագահը և 8 անդամները), ընդհանուր ժողովը։ Ընկերությունն իրավունք է ունեցել գործելու Ռուսական կայսրության հայաբնակ վայրերում։ Հաշվետու է եղել Կովկասի փոխարքային և Բաքվի նահանգապետին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1800-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1875 թվականը գործունեություն է ծավալել հիմնականում Բաքվում։ Նյութական օգնություն է ցույց տվել հայ մտավորականությանը, ուսանողներին, աշակերտներին, այրիներին, որբերին, գաղթականներին։ Կազմակերպել է համաճարակների դեմ պայքարի սանիտարական խմբեր, բացել հիվանդանոցներ, ճաշարաններ, կար ու ձևի դասընթացներ։ 1870 թվականին հիմնել է «Արոր» տպարանը, թանգարան, որտեղ հավաքել են ձեռագրեր, հնատիպ գրքեր, հայ գործիչների արխիվներ։ 1870 թվականին բացել է հանրային գրադարան, 1880 թվականին՝ կից ընթերցարան։ Գրադարանից և ընթերցարանից օգտվել են Բաքվի աշխատավորները (մոտ 32700 մարդ)։ 1914 թվականին գրադարանն ունեցել է 21800 գիրք, ստացել է 68 անուն պարբերական (1920 թվականից հետո գրադարանը վերանվանվել է Հանրապետական հանրային գրադարանի, որի հայկական բաժինը դադարել է գործելուց 1960-ական թվականներից)։ 1894 թվականին ստեղծվել է գրական ֆոնդ։ Մարդասիրական ընկերությունը մասնակցել է Բաքվի հասարակական քաղաքական կյանքին, ներկայացուցիչ ունեցել քաղաքային խորհրդում։ Կառուցել է դպրոցներ, դրանք ապահովել գույքով և դասագրքերով։ Օժանդակել է հայ ուսուցիչներին՝ ուսուցչական ցենզ ստանալու գործում։

Նյութական օգնություն է ցույց տվել Ղուբայի, Գանձակի, Նուխիի, Շամախու գավառների հայկական դպրոցներին, հրդեհից տուժած Էջմիածնի Գևորգյան ճեմարանին, Զեյթունի հայերին և այլն։ 1899 թվականին Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ի. Լ. Գորեմիկինը հաստատել է ընկերության նոր կանոնադրությունը (ունեցել է 500 անդամ), որով այն զրկվում էր մշակութային և ուսումնական գործունեության իրավունքից։ Այդ պատճառով ընկերությունն իր գումարների մի մասը նվիրաբերել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանին, Շուշիի հայոց հոգևոր դպրոցին և Բաքվի քաղաքային ինքնավարությանը։ Այդ տարիներին բացվել և մինչև 1920 թվականը գործել են բարեգործական հիմնարկներ՝ աշխատանքի տուն, մսուր, որբանոց, ճաշարան, լվացքատուն, խոհարարական դասընթացներ, կառուցվել տներ, որտեղ անվճար կամ մատչելի վճարով բնակվել են աղքատ ընտանիքներ (մոտ 200 հոգի)։

1900-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը նյութական օգնություն է ցույց տվել 1902 թվականին Շամախու երկրաշարժից և 1904 թվականին ու 1910 թվականին Բաքվում խոլերայի համաճարակից տուժած բնակիչներին, 1908-1911 թվականներին Բաքվից Արևմտյան Հայաստան վերադարձող գաղթականներին։ 1900-1917 թվականներին գործել է ընկերության թատրոնը՝ 420-տեղանոց դահլիճով։ 1913 թվականի հոկտեմբերին ցարական իշխանությունները վերականգնել են ընկերության մշակութային և ուսումնական գործունեության իրավունքը։ 1914 թվականին Մարդասիրական ընկերությունը մասնաճյուղ է բացել Շամախիում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) ընկերությունը հավաքագրել է կամավորներ, վիրավորների համար բացել ամբուլատորիաներ, հիվանդանոցներ, ֆելդշերական կետեր, դրանք ապահովել բժշկական անձնակազմով և գույքով։ 1914 թվականի հոկտեմբերին ընկերությանը կից ստեղծվել է հայ կանանց կոմիտե, 1915 թվականին՝ գաղթականական կոմիտե։ Գաղթականների համսր բացվել է հիվանդանոց, որբանոց, տրամադրվել անվճար կացարան, սնունդ և հագուստեղեն։ 1918 թվականին ընկերությունը կապ է հաստատել Բաքվի կոմունայի ղեկավարների (Ստեփան Շահումյան, Պ. Ջափարիձե) հետ, մասնակցել թուրքական բանակի դեմ Բաքվի պաշտպանությանը։ Ադրբեջանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո, 1920 թվականի մայիսին, ընկերությունը դադարել է գործելուց։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ Սփյուռք Հանրագիտարան, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2003, էջ 19-20։