Բարեխոսություն (քրիստոնեություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարեխոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեխոսությունը միջնորդություն է Աստծո և մարդու միջև՝ հանուն վերջինիս փրկության։ Բարեխոսական-փրկչական առաքելությունն ի վերուստ՝ ըստ Հայր Աստծո կամքի, տրված է Հիսուս Քրիստոսին։ Ինչպես հավաստում է առաքելական թուղթը՝ «... Աստծու առաջ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոսին՝ Արդարին և Անարատին և նա՛ է քավությունը մեր մեղքերի, և ոչ միայն մեր մեղքերի, այլև՝ ամբողջ աշխարհի»։ Հիսուսի բարեխոսական-միջնորդական առաքելությունն է մատնանշվում նաև հրեշտակների բերած ավետիսի մեջ՝ Փրկչի ծննդյան ժամանակ. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղությու՜ն և հաճություն մարդկանց մեջ»։

Պայմանավորված է աստվածային երեք Անձերի միակամությամբ՝ վերաբերում է նաև Սուրբ Հոգուն։ Պողոս առաքյալը վկայում է. «... Հոգին ինքը բարեխոս է լինում մեզ անմռունչ հառաչանքով» «... ըստ Աստծո կամքի է բարեխոսում սրբերի համար»։ Բացի աստվածային Բարեխոսությունից, բարեխոսական գործառույթ է վերագրվում նաև սրբերին և հավատացյալներին առհասարակ՝ թե՛ կենդանի և թե՛ ննջեցյալ։

Դա Սուրբ Հոգու միջոցով կատարվող Բարեխոսություն է։ Միմյանց համար աղոթելը, բարձրյալ Աստծո առաջ բարեխոսելը պատվիրված է Աստվածաշնչի բազմաթիվ տեղիներով։ Այսպես, Աբրահամը բարեխոսում է սոդոմացիների համար, որ Աստված չոչնչացնի նրանց, Եզեկիա թագավորը Զատկի տոնին աղոթում է չմաքրված ժողովրդի համար. «Բարերա՛ր Տեր, ողորմի՛ր բոլոր ուղիղ սիրտ ունեցողներին... թեև, ըստ սրբարանի մաքրության, մաքրված չեն» և ստանում է ներումն, Պողոս առաքյալն աղոթում, այսինքն՝ բարեխոսում է իր ժողովրդի համար, հավատացյալ ժողովուրդը աղոթում է բանտարկյալ Պետրոսի ազատման համար։

Իսկ Հակոբոս առաքյալը հավատացյալներին հորդորում է. «Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղոթք արեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է»։ Տվյալ պարագայում խոսքը բարեխոսական աղոթքի մասին է։ Սուրբ գրային ճշմարտությանը հետևելով՝ Հայ եկեղեցին, ինչպես և Ընդհանրական սուրբ եկեղեցին, ընդունում է, որ ՝

  • 1) Ի Քրիստոս հավատացյալ եղբայրներն ու քույրերը պետք է աղոթքով բարեխոսեն միմյանց համար,
  • 2) երկրային կամ Զինվորյալ (կոչվում է նաև Մարտնչող) եկեղեցին, հագած լինելով Աստծու սպառազինությունը, բարեխոսում է եկեղեցու անդամների և աշխարհի համար, բոլոր փորձությունների և նեղությունների մեջ դավանում Հիսուսին և քարոզում փրկության Ավետարանը։
  • 3) Երկնային կամ Հաղթական եկեղեցին (կոչվում է նաև Անդրանկաց), որ ննջեցյալ հավատացյալների՝ սրբերի բազմությունն է, հավետ կենդանի է Աստծո առաջ և բարեխոսում է Զինվորյալ եկեղեցու համար։ Զինվորյալ և Հաղթական եկեղեցիները մի են ի Հիսուս Քրիստոս, մի է նրանց առաջնորդը՝ Սուրբ Հոգին, մի է նրանց նպատակը՝ Երկնքի թագավորության հաստատումը երկրի վրա։
Գրիգոր Լուսավորիչ
  • 4) Ըստ Սուրբ Գիրքի և եկեղեցու՝ բարեխոսում են նաև հրեշտակները։ Այսպես, Հին ուխտում հրեշտակը բարեխոսում է Աստծուն, որպեսզի ժողովուրդն ազատվի բաբելոնյան գերությունից Նոր ուխտում Հիսուսը զգուշացնում է՝ մանուկների նկատմամբ վարվել ակնածությամբ, որովհետև նրանց հրեշտակները երկնքում տեսնում են Աստծո երեսը, որը նշանակում է, թե նրանք բարեխոսում են մանուկների համար։ Երկրի վրա ապաշխարող անձանց համար երկնայինները՝ հրեշտակները, ուրախանում են, այսինքն՝ բարեխոսում են ցնծալով։

Հայ եկեղեցին ընդունում է աստվածաշնչյան համաքրիստոնեական սրբերի հետևյալ աստիճանակարգումը՝ Մարիամ Աստվածածին, Հովհաննես Մկրտիչ առաքյալներ, մարգարեներ, վկաներ, Ստեփանոս Նախավկա, Գրիգոր Ա Լուսավորիչ, ապա մաքրակրոն վանականներ և խոստովանողներ, որոնց Բարեխոսությունը խնդրվում է եկեղեցու և բանավոր հոտի համար։

Այդ խնդրվածքները ներկայացվում են միակ և ճշմարիտ Աստծո՝ Սուրբ Երրորդության անունից, ինչպես և ներկայացվում է Գրիգոր Նարեկացու՝ Սուրբ Երրորդության Անձերից յուրաքանչյուրին ձոնված տաղերում, որոնցից, օրինակ, «Գրիգորի Նարեկացւոյ ասացեալ ի գալուստ Սուրբ Հոգւոյն» տաղում ասվում է. Գերազանց կոչում և ձայն կենդանի, Ահաւոր, մեծանուն, հզաւր. Հոգի հեզութեան, մարդասիրութեան եւ ողորմութեան. Բարեխաւսութեամբ Կուսի Իսկուհւոյ, մաւրդ կենդանեաց Հանդերձելոյդ ի քէն Տիրամաւրդ և Աստուածածնիդ Մաղթողական աղերսարկութեամբ մեծին ի ծնունդս կանանց, Մկրտութեանն Կարապետի և համագոյակցիդ քո ձեռնադրողի. Խնկանուէր հայցմամբ երջանկացն առաքելոց եւ մարգարէից, Մարտիրոսական հանդիսիւ սրբոյն Ստեփանոսի Եւ որք նովաւ զաւրացան՝ վկայք. Մեծավաստակ առաքինութեամբ դավանողին զքեզ՝ Սրբոյն Գրիգորի և ամենեցուն մեր Լուսաւորչի. Մաքրակրաւնից ազանց միանձանց և զքեզ Աստուած խոստովանողաց, Որ ի վերջնումն աւուր մեծի Յայտնիս նորոգել, միայն ողորմած, զ’ի քէն գոյացեալքս։ Եւ այժմ ողորմեաց մեզ, Տէր Աստուած մեր, Ըստ մեծի ողորմութեան քում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: