Բարդ համադասական նախադասություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բարդ համադասական նախադասություն է կոչվում այն նախադասությունը, որը իր կազմում պարունակում է քերականորեն համարժեք երկու կամ ավելի բաղադրիչ֊նախադասություններ։ Բարդ համադասական նախադասության բաղադրիչները իրենց ներքին բովանդակությամբ փոխադարձաբար կապված են միմյանց հետ։ Բայց քերականորեն նրանք կախում չունեն միմյանցից և բարդ ամբողջի մեջ պահում են շարահյուսական միևնույն գործառույթը։ Ինչպես պարզ նախադասության մեջ բազմակի անդամներն են համարժեք և շարահյուսորեն համահավասար, այդպես բարդ համադասական նախադասության բաղադրիչները յուրատեսակ բազմակի անդամներ են ամբողջ բարդ կառույցի համար։

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարդության մեջ մտնող բաղադրիչներից մեկը ո՛չ քերականորեն, ո՛չ իմաստային առումով չի կապվում կից բաղադրիչի որևէ անդամի, անդամների կամ զուգորդությունների հետ, ինչ որ առկա է բարդ ստորադասական նախադասությունների ճնշող մասում, այլ կապվում է իրեն նախորդող կամ հաջորդող կամ թե՛ նախորդող և թե՛ հաջորդող բաղադրիչների հետ՝ ամբողջությամբ։ Համադասական կապակցության նվազագույն կառույցը երկբաղադրիչ բարդ նախադասությունն է, օրինակ՝«Ուժեղ ցնցումներ էին պետք՝ ինձ այդ անտարբերությունից հանելու համար, և այդ ցնցումները ես գտա գիշերները լուսացնող ընկերներիս շրջանում։(Ն․Դ․)»։ Այս օրինակում առկա բաղադրիչներից ոչ մեկը մյուսի և ո՛չ մի անդամի հետ, առանձին վերցրած, չի կապվում, չի առնչվում որևէ զուգորդության կամ բառակապակցության հետ, այլ կապակցվում է կից պարզ նախադասության հետ ամբողջությամբ։ Այդ կապը իրացվել է և համադասական շաղկապով, որը կապակցում է նախադասության բազմակի անդամներ։ Առաջին հայացքից թվում է, որ համադաս բաղադրիչները ունեն անկախություն, և հեշտ ու հանգիստ կարելի է դրանք փակել վերջակետով և վերածել անկախ պարզ նախադասությունների։ Նման անկախությունը թվացյալ է։ Մեկը մյուսի նկատմամբ շարահյուսորեն համադաս հարաբերության մեջ գտնվելը ամենևին չի նշանակում միմյանցից լիապես անկախ լինել։ Բաղադրիչների իմաստների ներքին տրամաբանական կապը և մեկ միասնական֊ավարտուն հնչերանգը, այլև կապակցության բառական միջոցները բարդության եզրերը կապում են միմյանց հետ նաև քերականորեն։ Կապակցության բառական միջոցների բացակայության դեպքում գործում են կապակցության մըուս միջոցները, որոնք նույնպես թույլ չեն տալիս տրոհել բարդությունը և վերածել անկախ նախադասությունների։ Բարդ համադասական նախադասությունը կարող է բաղադրված լինել նաև երեք կամ ավելի բաղադրիչներից։ Այսպիսի կառույցներում սովորաբար նշվում են տարաժամանակյա կամ ՝ համաժամանակյա։

  • Տարաժամանակյա գործողությունը հաջորդաբար կատարվող գործողություններն են, օրինակ՝«Արեգակն իջնում, փարվում է սարին, սարի ստվերը ժայռին է փարվում, ժայռի ստվերը փարվում է ծառին, ծառի ստվերը գետի հետ գնում, գլուխը հովի կրծքին է դնում (Հ․Ս․)»։
  • Համաժամանակյա գործողությունը միաժամանակ կատարվող գործողություններն են, օրինակ՝«Կարոտում եմ քեզ և կարոտում եմ շատ, քո համբույրները դեռ թաց են շրթունքներիս վրա, մինչև հիմա աչքերիցս չի հեռանում պայծառ հայելու մեջ ցոլուն քո գլուխը, ականջներիս մեջ դեռ շնչում է քո մանդոլինը (Գ․Մ․)»։

Ըստ բաղադրիչների՝ միմյանց նկատմամբ ունեցած իմաստային հարաբերության՝ բարդ համադասական նախադասությունները ներկայացնում են բաց և փակ շարքեր։

  • Բաց շարք սովորաբար ներկայացնում են այն բարդ համադասական նախադասությունները, որոնց կազմում եղած երկու կամ ավելի բաղադրիչները արտահայտում են համաժամանակյա կամ տարաժամանակյա մամյանց չհակադրվող գործողություններ։
  1. Երկբաղադրիչ բաց շարքի նախադասություն,օրինակ՝ «Հասունացած արտը մնացել էր կիսաքաղ, և անվաստակելի արորը անգործ ընկած էր դեռ չվերջացրած ակոսների մեջ(Րաֆֆի)»։
  2. Բաց շարքի բազմաբաղադրիչ նախադասություն, օրինակ՝ «Գլխին գդակ չուներ, արևառ արեսը թավամազ էր, մորուքն ու բեղերը կարծես խառնվել էին իրար, կուրծքը բաց էր, կապույտ արխալուղ ուներ հագին և լայն շալվար (Ն․Դ․)»։

Բաց շարքի թե՛ երկբաղադրիչ թե՛ բազմաբաղադրիչ նախադասությունների բաղադրիչները կարող են կապակվել և՛ շարահյուսությամբ, և՛ շաղկապներով։

  • Փակ շարք ներկայացնում են այն բարդ նախադասությունները, որոնք բաղկացած են հակադրության հիմքով միավորված երկու բևեռներից։ Յուրաքանչյուրում սովորաբար առկա է լինում մեկական բաղադրիչ, օրինակ՝«Եվ նա մի օր ընկավ մահով հերոսական թշնամու շարքերում մեր դիրքերից հեռու, սակայն մահից հետո նրա մայրը երկա՜ր, դեռ շարունակ որդուց նամակ էր սպասում (Պ․Ս․)»։ Փակ շարքով կառույցի բևեռներից մեկը իր հերթին կարող է կազմված լինել բաց շարքին բնորոշ երկու կամ ավելի բաղադրիչներից։

Բարդ համադասական նախադասության բաղադրիչների կապակցության եղանակներն ու միջոցները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համադասական կապակցությունը բարդ նախադասություններում իրացվում է երկու եղանակով
  • Սպասարկու բառերով որոնք կոչվում են նաև զոդվածական կամ նշույթավոր կապակցություն։
  • Առանց սպասարկու բառերի որոնք կոչվում են նաև շարահարական կամ աննշույթ։

Զոդվածական կապակցության մեջ որպես սպասարկու բառեր հանդես են գալիս համադասական շաղկապները, որոնք իրենց կիրառական հատկությամբ ստորաբաժանվում են երեք տարատեսակների

  1. մենադիր շաղկապներ֊և, ևս, ու, էլ, նաև, այլև, մինչ, մինչդեռ, այլապես, այսինքն, բայց, սակայն, կամ, կամ թե չէ և այլն։
  2. կրկնադիր շաղկապներ֊և՛․․․և՛, ո՛ւ․․․ո՛ւ, թե՛․․․թե՛, կա՛մ․․․կա՛մ, ո՛չ․․․ո՛չ, է՛լ․․․է՛լ ու:
  3. զուգադիր շաղկապներ֊ոչ միայն․․․այլև, ոչ միայն․․․այլ նաև, ոչ թե․․․այլ, եթե ոչ․․․ապա, եթե․․․ապա։

Զուգադիր շաղկապների առաջին եզրը դրվում է սովորաբար առաջին բաղադրիչի սկզբում, երկրորդը՝ երկրորդ։ Շաղկապները ոչ միայն կապակցում են բարդ համադասական նախադասության մասերը, այլև հաճախ կանխորոշում վերջիններիս իմաստային հարաբերությունների բնույթը։ Համադասական շաղկապները, ըստ իմաստային ընդհանրության և կապակցական դերի, ստորաբաժանվում են չորս խմբերի․

  • Միավորական շաղկապներ֊ սրանց գերակշռող իմաստը շարահյուսական բաղադրիչների միավորումն է մեկ ընդհանուր ամբողջության մեջ։ Այդ պատճառով էլ սրանք կոչվում են նաև հավելական։
  • Տրոհական շաղկապներ֊ Սրանց գերակշռող նշանակությունը կապակցող եզրերի իմաստների փոխադարձ բացառումն է կամ երկընտրանքի արտահայտությունը։
  • Ներհատական շաղկապներ֊Սրանք արտահայտում են կապակցվող բաղադրիչների միջև եղած իմաստային այլևայլ հակադրություններ։
  • Մեկնական շաղկապներ֊ Սրանք թվով քիչ են, կապակցում են այնպիսի բաղադրիչներ, որոնք մի կողմից՝ բնորոշվում են իմաստային նույնականությամբ, մյուս կողմից՝ երկրորդ եզրով որոշակիացնում են առաջին եզրի բովանդակությունը։

Շարահարական կապակցությունը բնորոշվում է շաղկապների ու շաղկապական բառերի բացակայությամբ։ Շարահարությամբ կապակցվում են առավելապես բաց շարքի, սրա մեջ էլ հիմնականում միավորական և հավելական հարաբերությամբ կապակցված բաղադրիչներ։

  • Միավորական հարաբերություն֊օրինակ՝«Աղջիկն ասես քաշում էին, տղեն ասես՝ տանում, շատ անգամ թուրքացնում, հավատից հանում, շատ անգամ էլ գլուխը կտրում, նահատակում (Խ․Ա․)»։
  • Հավելական հարաբերություն֊օրինակ՝«Գիշերն եկավ, զով հովն ընկավ, Աստղունք լուսնին ձայն տվին, (․․․) Մով ծովն ընկավ, Հավքերն ինձի ձայն տվին (Ա․Ի․)»։

Բարդ համադասական նախադասության դասակարգման սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարդ համադասական նախադասության բաղադրիչների շարահյուսական հարաբերությունները բնորոշվում են իմաստային և ձևակազմական ո՛չ միասեռ, այլ խիստ տարասեռ ու տարատեսակ իրականություններով։ Համադասական նախադասությունը էությամբ ճանաչելու համար հարկ է հաշվի առնել և՛ ձևակազմական գործոնը, և՛ իմաստային հարաբերությունների բնույթը։ Այս սկզբունքով առաջնորդվելով առանձնացվում են ձևակազմական և իմաստաբանական հիմնական և երկրորդային հատկանիշներ։

Բաղհյուսական կապակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղհյուսական կոչվում է այն կապակցությունը, որի բաղադրիչները իրենց ներքին տրամաբանությամբ ու իմաստներով միավորվում, շարակցվում են իրար՝ առանց հակադրության, փոխադարձ ժխտման։ Բաղահյուսական բարդ համադասական նախադասությունների բաղադրիչների կապակցությունը լինում է

  1. միավորական
  2. հավելական
  3. մեկնական
  4. մակաբերական
  5. մասնական
  6. բաղդատական

Միավորական կապակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորական է կոչվում այն կապակցությունը, որի բաղադրիչները միավորվում են մեկ ընդհանուր ամբողջի մեջ՝ արտահայտելով այնպիսի գործողություններ, եղելություններ, որոնք ունենում են մեկ և նույն ենթական։ Կառուցվածքային տեսակետից այս նախադասությունները բնութագրվում են նրանով, որ բաղադրիչներից մեկում մեկ և նույն ենթակային վերագրվում են երկու կամ ավելի հատկանիշներ։ Կապակցությունն իրացվում է և, ու, այլև, նաև, ևս, և․․․և, թե․․․թե,էլ, էլ․․․էլ, ո՛չ․․․ո՛չ, ո՛չ միայն․․․այլև՛, և նման միավորիչ շաղկապներով։ Օրինակ՝«Գնում էին կալանավոր նախարարների կողքով դեպի քաղաք և չէին կարողանում զսպել իրենց վի՛շտն ու ցասումը(Դ․Դ․

Հավելական կապակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավելական է կոչվում այն կապակցությունը, որի բաղադրիչները, հաջորդելով մեկը մյուսին, ծավալում են հաղորդման սահմանները՝ բովանդակությամբ չհակասելով ու չհակադրվելով միմյանց։ Այս նախադասությունները բնորոշվում են նրանով, որ բաղադրիչներում ունենում են երկու կամ ավելի ենթականեր, որոնց վերագրվում են երկու կամ ավելի հատկանիշներ՝ օրինակ «Դաշտից սուրում է զով մարմանդ քամին առավոտի, Ու վառվում է վերջին լույսով կրակն այն կարմիր կետի (Ե․Չ․)»։

Մեկնական կապակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկնական կոչվում է այն կապակցությունը, որի բաղադրիչներից մեկը կամ մի քանիսը բացատրում կամ ճշգրտում են նախորդի կամ նախորդների իմաստը։ Կապակցությունը զոդվածական է։ Որպես սպասարկու բառեր կիրառվում են մեկնական շաղկապներ։ Մեկնական կապակցությունը բնորոշվում է իմաստային հետևյալ կառուցվածքով։

  1. Երկրորդ բաղադրիչը կարող է կրկնել առաջին բաղադրիչի իմաստը, սակայն այլ արտահայտությամբ։
  2. Երկրորդ կամ մեկնող բաղադրիչը կարող է ներկայացնել առաջին բաղադրիչում առկա որևէ բառի, բառակապակցության բացատրություն, ստուգաբանություն։
  3. Երկրորդ բաղադրիչը նեղացնում և դրանով իսկ ավելի որոշակի է դարձնում մեկնվող հատվածի որևէ բառի, բառակապակցության իմաստը, այլ կերպ ասած՝ ընդհանուրը դրսևորվում է մասնավորով։
  4. Երկրորդ բաղադրիչը լուսաբանում է, մեկնաբանում նախորդի բովանդակությունը, խոսողի կամ հեղինակի տեսանկյունով՝ ավելի հստակ ու ստույգ ձևակերպում ասելիքը։
  5. Երկրորդ բաղադրիչը կարող է ո՛չ միայն մեկնել ու ճշտել նախորդ հատվածում ասածը, այլև կատարել իմաստային հավելում։
  6. Ինչպես նշվեց, բացի շաղկապներից, մեկնական կապակցությունը կարող է իրացվել նաև մի քանի բառակապակցություններով՝մի խոսքով, ուրիշ խոսքով և այլն։

Մակաբերական կապակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակաբերական կոչվում է այն կապակցությունը, որի բաղադրիչներից նախորդում նշվում է մի գործողություն, որից իբրև հետևանք կամ հետևություն բխում է հաջորդ բաղադրիչում արտահայտված գործողությունը։ Ունի իմաստային հետևյալ հատկանիշները։

  1. Մակաբերական կապակցությունը ներկայացնում է փակ շարքի կառույցներ։
  2. Կապակցությունն իրացվում է առավելապես և կամ ու շաղկապներով։
  3. Կազմված է լինում երկու բաղադրիչներից, որոնց մեջ առկա է պատճառահետևանքային հարաբերություն։ Առաջին բաղադիրչում հայտնվում է մի գործողություն կամ եղելություն, որը պատճառ է դառնում երկրորդ բաղադրիչում արտահայտված գործողության կամ եղելության՝ օրինակ «Սենյակում շատ տոթ էր, և մենք դուրս եկանք պատշգամբ՝ թարմ օդ շնչելու»։
  4. Եվ շաղկապով կապակցված պատճառահետևանքային հարաբերություններ արտահայտող նախադասությունները հարում են, մի կողմից՝միավորական կապակցություններից, մյուս կողմից՝ հավելական։
  5. Բաղադրիչների կապակցությունը կարող է իրացվել նաև ուստի, ուստի և, ուրեմն և, ապա ուրեմն շաղկապներով, այդ իսկ պատճառով, դրա համար, դրա համար էլ շաղկապական բառերով։
  6. Կապակցությունը կարող է արտահայտել նաև հետևության հարաբերություն։
  7. Կապակցության երկու եզրերը սովորաբար ներկայացնում են երկկազմ պարզ նախադասություններ։
  8. Մակաբերական հարաբերություն արտահայտող նախադասության առաջին եզրում կարող է լինել կամային֊զգայական իմաստի բայ֊ստորոգյալ, որ արտահայտում է ներգործություն, հրաման, հորդոր, կոչ, աղերսանք, հոգեկան տվայտանք և այլն։
  9. Կապակցությունը հազվադեպ կարող է իրացվել նաև շարահարությամբ։

Մասնական կապակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնական է կոչվում այն կապակցությունը, որտեղ առաջին, երկրորդ և հաջորդ բաղադրիչները արտահայտում են մեկ ընդհանուր մտքի առանձնացված մասերը, որոնք և ամբողջացնում են նախադասությունը։ Ունի իմաստային հետևյալ հատկանիշները։

  1. Բովանդակելով մեկ ընդհանուր միտք՝ առանձին֊առանձին կամ մաս առ մաս ընդգծում են այդ միտքը կազմող բաղադրիչներից յուրաքանչյուրը։
  2. Բաղադրիչներում ներկայացվում է երևույթների, իրողությունների հաջորդականություն, որ արտահայտում է ենթակայի և նրան վերագրվող հատկանիշի հաջորդական փոփոխություններով, հերթագայություններով։
  3. Ի տարբերություն համադասական այլ կապակցությունների, այստեղ բաղադրիչների բայ֊ստորոգյալների նշած գործողությունները իրենց ժամանակային հատկությամբ գերազանցապես նույնական են։
  4. Կազմում են առավելապես բաց շարքեր։
  5. Ունեն կապակցության խիստ յութահատուկ եղանակ։ Բաղադրիչները սովորաբար չեն կապակցվում շաղկապներով կամ շաղկապական բառերով։

Բաղդատական կապակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղդատական է կոչվում այն կապակցությունը, որի բաղադրիչները հարաբերակցում են գործողության, եղելության ձևի, որակի, չափի ու քանակի կամ նման այլ մի հատկանիշի համեմատության հիմքի վրա։ Ունի իմաստակառուցվածքային հետևյալ ձևերը։

  1. Ձևի, չափի ու քանակի հարաբերությունները բարդ նախադասություններում դրսևորվում են առավելապես ստորադասական կապակցությամբ՝ ձևի կամ չափի պարագա կախյալ նախադասությունների միջոցով։
  2. Այս կապակցությունը ներկայացնում է փակ շարք՝ օրինակ ««Հարազատ» եմ ասում և այնուհետև լռում․ Սիրող սիրտն է այդպես խոսքը շուտ սպառում(Պ․Ս․)»։
  3. Կապակցությունը, թեև հազվադեպ, բայց կարող է իրացվել առանց հիշյալ կապակցական բառերի՝ շարահարությամբ՝ օրինակ «Ասեղներ են հոսում ամեն ջրհորդանից, Ասեղների հոսք է և իմ ներսում(Պ․Ս․[1]։
  4. Նախադասությունը արտաբերվում է հավելական կապակցությանը հատուկ հնչերանգով։

Ներհական կապակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներհական կոչվում է այն կապակցությունը, որի բաղադրիչները իրենց ներքին տրամաբանությամբ ու իմաստներով հակադրվում են իրար կամ բացառում են միմյանց։ Ներհակական բարդ համադասական նախադասությունները լինում են՝

  1. ժխտական
  2. տրոհական
  3. հակադրական
  4. սահմանափակման
  5. պայմանահակադրական

Ժխտական կապակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժխտական կոչվում է այն կապակցությունը, որի բաղադրիչներից մեկում ժխտվում է այն, ինչ որ հաստատվում է մյուսում՝ օրինակ «Իրար գլխով տալով հին ու նոր բաներ, իրար հիշեցնելով հին ու նոր պարտքեր՝ ոչ մեկը մյուսին չէր լսում, այլ ամեն մեկը փորձում էր բարձր գոռալով՝ խեղդել հարևանի ձայնը(Ս․Զ․)»։

Տրոհական կապակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրոհական է կոչվում այն կապակցությունը, որի բաղադրիչներում արտահայտված գործողություններից, եղելություններից, երևույթներից միայն մեկն է համապատասխանում իրականությանը, մյուսը կամ մյուսները անիրական են։ Ունի իմաստակառուցվածքային հետևյալ կառուցվածքները։

  1. Բաղադրիչների իմաստային հարաբերությամբ տրոհական կապակցությունը հարում է ժխտական կապակցությանը։
  2. Ժխտական և տրոհական կապակցությունների ձևակազմական տարբերությունը այն է, որ առաջին կառույցում կապակցությունըիրացվում է ժխտական շաղկապով,երկրորդում՝ տրոհական։
  3. Տրոհական կապակցությունը իրացվում է կամ, կամ թե, և կամ, կամ թե չէ, թե մենադիր, կամ․․․կամ, ոչ այն է․․․ոչ այն է (թե) կրկնադիր շաղկապներով, մերթ․․․մերթ, երբեմն․․․երբեմն մակբայներով։

Հակադրական կապակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակադրական կոչվում է այն կապակցությունը, որի բաղադրիչներում արտահայտված գործողությունները, եղելությունները, երևույթները ներկայացնում են հակադրության հիմունքով։ Ունի իմաստակառուցվածքային հետևյալ հատկանիշները։

  1. Իր բաղադրիչներում արտահայտված իմաստների հարաբերությամբ հակադրական կապակցությունը հարում է մի կողմից՝ ժխտականին, մյուս կողմից՝ տրոհական կապակցություններին։
  2. Բաղադրիչների կապակցությունն առավելապես իրացվում է սպասարկու բառերով, հազվադեպ՝ նաև շարահարությամբ։

Սահմանափակման կապակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակման է կոչվում այն կապակցությունը, որի բաղադրիչներից երկրորդում արտահայտված գործողությունը, եղելությունը, երևույթը չեն մակաբերվում նախորդ բաղադրիչում ասվածից, այլ չափավորվում, սահմանափակվում են նրա բովանդակությունը։

Պայմանահակադրական կապակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանահակադրական կոչվում է այն կապակցությունը, որի բաղադրիչների իմաստային կառուցվածքում, ներհակությունից բացի, առկա է նաև պայմանահետևանքային հարաբերություն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշես Պապոյան, Խաչիկ Բադիկյան, Ժամանակակից հայոց լեզվի շարահուսություն, Երևան 2003, էջ 229֊273

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]