Բարդի դափնետերև
Բարդի դափնետերև | |
![]() Բարդի դափնետերև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մալպիգիածաղկավորներ (Malpighiales) |
Ընտանիք | Ուռազգիներ (Salicaceae) |
Ցեղ | Բարդի (Populus) |
Տեսակ | Բարդի դափնետերև (P. laurifolia) |
Միջազգային անվանում | |
Populus laurifolia |
Բարդի դափնետերև (լատ.՝ Populus laurifolia Ldb), ուռազգիներ ընտանիքի, բարդի ցեղի բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերևաթափ ծառ է՝ մինչև 20-25 մ բարձրությամբ և 1-1,5 մ բնի տրամագծով։ Բունը և առաջին կարգի ճյուղերը հաստ են, ծածկված մոխրավուն կեղևով։ Սաղարթը վրանաձև է։ Բնի ներքին մասի կեղևը մուգ մոխրագույն է, խոր ճաքճքված։ Երիտասարդ ընձյուղները բաց դեղնավուն են կամ դեղնագորշավուն, սովորաբար 3 երկայնական, թևանման, խցանային ելուստներով, որոնց միջև կեղևը ցրված մազմզուկապատ է։ Բազմամյա ճյուղերի կեղևը գորշականաչավուն է, հարթ։ Բողբոջները երկարավուն-ձվաձև են, սրածայր, 1-2 սմ երկարությամբ, կպչուն, ծածկված դեղնագույն խեժով։ Տերևները ձվաձև են, երկարավուն-ձվաձև, նշտարաձվաձև, հիմքում կլորավուն կամ լայն-սեպաձև, գագաթում աստիճանաբար սրվող, մանր-սղոցաեզր, ատամիկների եզրերին կլոր գեղձիկներով։ Նոր բացված տերևները ծածկված են թեթև աղվամազով կամ մերկ են, հետագայում լրիվ մերկ կամ թարթիչաեզր, վերևի կողմից մուգ կանաչ, փայլուն, ներքևի կողմից սպիտակավուն, 13-15 սմ երկարությամբ և 2-7 սմ լայնությամբ։ Տերևակոթունները 2,5-9 անգամ ավելի կարճ են, քան տերևաթիթեղները, համարյա գլանաձև են, վերևից ամբողջ երկարությամբ ակոսիկավոր, չռված-մազմզուկապատ։ Ծաղկակից թեփուկները մանր են, 3-5 մմ երկարությամբ, ձվաձև կամ կլոր։ Առէջների թիվը հասնում է 60-ի։ Փոշանոթները ծիրանագույն են։ Ծաղկում է ապրիլին, պտուղները հասունանում են հունիս-հուլիսին։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնական պայմաններում տարածված է Սիբիրում, Արևելյան Ղազախստանում, Մոնղոլիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում։ Աճում է գետահովիտներում, խոնավ վայրերում։ Շատ է տարածված Շիրակի դաշտում, որտեղ ամենահեռանկարային ծառատեսակներից մեկն է համարվում։ ճանդիպում է նաև Սևանի ավազանում, Ջանգեզուրում, Աշոցքում, Կալինինոյում և այլ վայրերում։ Ամենուրեք միանգամայն ցրտադիմացկուն է և լավ է դիմանում բարձրլեռնային շրջանների էկոլոգիական աննպաստ պայմաններին։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աչքի է ընկնում արտակարգ ցրտադիմացկունությամբ։ խոնավասեր է և լուսասեր, պահանջկոտ է հողի նկատմամբ։ Չորադիմացկուն չէ. վատ է աճում Արարատյան դաշտի կանաչ տնկարկներում։ Նույնիսկ առատ ոռոգման դեպքում ամեն տարի նկատվում է վաղաժամկետ, հարկադրական տերևաթափ։ ճամեմատաբար լավ է աճում հանրապետության բարձրլեռնային շրջաններում։ Էկոլոգիական խումբը՝ XII ա։ Մշակության հավանական շրջանները՝ 1-17, 19-21, 29-31[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։
|