Jump to content

Բարբարա Լոնգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբարա Լոնգի
Ծնվել էհոկտեմբերի 1, 1552 կամ սեպտեմբերի 21, 1552[1]
ԾննդավայրՌավեննա, Պապական մարզ[1]
Վախճանվել էդեկտեմբերի 23, 1638(1638-12-23)[2] (86 տարեկան)
Մահվան վայրՌավեննա, Պապական մարզ[1]
Ազգությունիտալացի
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
ՈճՎերածննդի շրջանի իտալական արվեստ[3]
Ժանրդիմապատկեր[4] և հոգևոր արվեստ[1][4]
Թեմաներգեղանկարչություն
Ներշնչվել էՌաֆայել Սանտի
 Barbara Longhi Վիքիպահեստում

Բարբարա Լոնգի (իտալ.՝ Barbara Longhi հոկտեմբերի 1, 1552 կամ սեպտեմբերի 21, 1552[1], Ռավեննա, Պապական մարզ[1] - դեկտեմբերի 23, 1638(1638-12-23)[2], Ռավեննա, Պապական մարզ[1])[5], Ուշ Վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ, Լուկա Լոնգայի դուստրը։ Կենդանության օրոք առավել հայտնի է դարձել որպես դիմանկարիչ, բայց այսօր նրա դիմանկարների մեծ մասը կորած են կամ անհայտ հեղինակությամբ արվեստի գործերից են։ Բարբարա Լոնգիին արվեստագետի համբավ են բերել հատկապես «Մադոննան ու մանկիկը» և բազմաթիվ այլ նկարներ։

Կենսագրություն և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա Լոնգին ծնվել է 1552 թվականի սեպտեմբերի 21-ին հյուսիսային Իտալիայի Ռավեննա քաղաքում, որտեղ անցկացրել է իր ողջ կյանքը[5]։ Նրա հայրը հայտնի մաներիստ նկարիչ էր (1507-1580)[6]։ Ավագ եղբայր Ֆրանչեսկոն (1544-1618) նույնպես նկարել է։ Քույր ու եղբայր արվեստը սովորել են իրենց հորից և աշխատել նրա արվեստանոցում[7]։ Բարբարան օգնել է իրականացնել եկեղեցական խորաններ նկարազարդելու մեծ պատվերներ[6]։ Բացի այդ, նա հմուտ է եղել և իմացել է, թե ինչպես առաջարկել իր դիմանկարները արվեստի մեկենասներին[5]։ Չնայած ուսումն ավարտվել է մինչև 1570 թվականը, բայց կապը հոր ընտանիքի և արվեստանոցի հետ շարունակվել է։ Բարբարայի անձնական կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել, նույնիսկ հայտնի չէ՝ ամուսնացած է եղել է թե՝ ոչ[5]։

Մարիամ Աստվածածինը մանկան և սուրբի հետ, մոտ 1590-1595 թվականներ

Բարբարան ճանաչվել է որպես դիմանկարիչ, բայց այժմ հայտնի է նրա վրձնի միայն մեկ դիմանկարը՝ «Կրոնական - կամալդոլացին» միակ նկարն է, որը հաստատված է որպես Բարբարա Լոնգիի հեղինակած նկար (նկարում պատկերված է չափահաս տղամարդ) և նկարչի եզակի կտավներից մեկն է, որ վրա երևում է ստեղծման տարեթիվը (վերջին նիշն անընթեռնելի է. 1570 կամ 1573)[6]։

Բարբարայի հայրը՝ Լուկա Լոնգին, նրան պատկերել է որպես Սուրբ Վարվառա 1570 թվականին նկարած «Կույս Մարիամը երեխաների հետ և գահակալված սրբերը» նկարում։ Ենթադրվում է նաև, որ Բարբարան կեցվածք է ընդունել իր հոր «Հարսանիքը Գալիլեայի Կանում» նկարում[5]։ Նրա «Սբ. Եկատերինա Ալեքսանդրիացին» հիմնականում դիտվում է որպես ինքնապատկեր և շատ նման է իր հայրիկի վերոնշյալ երկու կտավների պատկերներին, որոնց համար նա կեցվածք է ընդունել որպես բնորդուհի[5][6][8]։ Անդրադառնալով այն փաստին, որ Բարբարա Լոնգին իրեն ներկայացրել է ազնվական Եկատերինա Ալեքսանդրիացու կերպարում, Ի. Գրացիանին (իտալ.՝ Irene Graziani ) գրել է.

Ներկայանալով որպես առաքինի, նուրբ և բարձրագույն կրթություն ունեցող կնոջ կերպարի օրինակ՝ Բարբարան կրկին դիմում է այն թեմաներին, որոնք Լավինիան [Ֆոնտանան] մշակել էր մի քանի տարի առաջ Բոլոնիայում, որի աշխատանքները վերագրվում են ուշ մաներիզմի ոճին»[8]։ Ենթադրվում է, որ Լոնգին նկարել է իրեն արդարամիտ կնոջ համեստ կերպարում, որպեսզի թույլ չտա իրեն ընկնել փառամոլության մեղքի մեջ[8]։

Նկարը, որն ի սկզբանե նախատեսված է եղել Սբ. Ապոլինարիայի վանքի համար[5], ձեռք է բերվել Ռավեննայի արվեստի թանգարանի կողմից 1829 թվականին, վերականգնվել է 1980 թվականին[8]։ Գոյություն ունեն սուրբ Եկատերինա Ալեքսանդրիացիու նաև այլ նկարներ, որոնք արվել են նկարչուհու կողմից[6]։

Բարբարա Լոնգիի նկարների մեծ մասը ստորագրված չէ, բայց դրանցից մեկի վրա նա դրել է B.L.F տառերը։ (Barbara Longhi fecit - «Պատրաստել է Բարբարա Լոնգին»)[7], իսկ մյուսին՝ B.L.P. (Barbara Longhi pinxit - «Բարբարա Լոնգիի կողմից»)[8]։ Քանի որ նրա գրեթե բոլոր աշխատանքները չեն ունեցել ստորագրություն, հայտնի չէ, թե քանի կտավ է ստեղծել, և դրանցից քանիսն են պահպանվել։ Միայն մոտ տասնհինգ նկար է վստահորեն վերագրվում նրա վրձնին[6][9], որոնցից տասներկուսում պատկերված են Մադոննան և մանկիկը[6]։ Նման աշխատանքները շատ տարածված են եղել կաթոլիկ եկեղեցու հակառեֆորմացիայի շրջանում[7]։ Ենթադրվում է, որ Բարբարայի որոշ աշխատանքներ կարող էին սխալմամբ վերագրվել հոր գեղարվեստական ժառանգությանը։

Բարբարա Լոնգիի կտավների շարքում առանձնանում է «Յուդիթը Հոլոֆերնսի գլխով» (մոտ 1570-1575) կտավը՝ նվիրված Մադոննայի պատկերից տարբերվող այլ թեմաների։ Իտալացի շատ նկարիչներ, այդ թվում՝ Ֆեդե Գալիցիան, Էլիզաբետա Սիրանին և Արտեմիզիա Ջենտիլեսկին, նույնպես օգտագործել են աստվածաշնչյան նույն թեման իրենց ստեղծագործություններում։ Լոնգիի նկարը էապես տարբերվում է նույն թեմայով Ա. Ջենտիլեսկիի երկու պատկերային տարբերակներից. այստեղ չի պատկերվախ արյունոտ գործողությունը. փոխարենը, Բարբարա Լոնգիի Յուդիթը, թվում է՝ ներողություն է խնդրում Ամենակարողից՝ հայացքն ուղղելով դեպի երկինք։ Սա համապատասխանում է հակառեֆորմացիայի գաղափարախոսությանը։ Ապաշխարության պատրաստակամություն, ապաշխարությամբ ներման արժանանալու հավատ։

Մադոննայի երկրպագությունը Քրիստոս մանկան, մոտ 1600-1605 թվականներ

Կոմպոզիցիայի պարզությունն ու զսպված գույների ներկապնակը նույնպես բավարարել են ավանդական կաթոլիկ եկեղեցու պահանջները։ Ի տարբերություն իր հոր շքեղ զոհասեղանների, Բարբարայի համեմատաբար փոքր գործերը վկայում են աստվածաշնչյան թեմաների շորջ նրա ընդգծված մտորումների մասին։ Բարբարան ձգտել է համակրանք առաջացնել դիտողի մոտ և, հակառակ աստվածաշնչյան տեսարաններով հսկա կտավներ ստեղծելու միտմանը, նա կերտել է անխռով նկարներ, որոնք ցույց են տալիս Մարիամ Աստվածածնին և նորածնին[5]։

Բարբարա Լոնգիի ստեղծագործությունները կրել են Ռաֆայելի, Կոռեջոյի, Ֆրանչեսկո Պարմիջիանինոյի, Մարկանտոնիո Ռայմոնդիի և Ագոստինո Վենեցիանոյի զգալի ազդեցությունը[5][6]։ Միգուցե նրան ոգեշնչել է նաև իտալացի հայտնի նկարիչ Սոֆոնիսբա Անգվիսսոլայի միջազգային համբավը[10]։ Այնուամենայնիվ, Բարբարան կարողացել է զարգացնել իր ուրույն ոճը։ Նա զգուշորեն է ուրվագծել պատկերի մանրամասները, օրինակ՝ Մադոննայի պարանոցի ու ձեռքերի համար օգտագործել է «տաք և նուրբ ներկապնակ»[6]։ Նա «հետևում է ավանդական կոմպոզիցիային՝ դրանում բերելով զգացողությունների ինտենսիվությունն ու գունային նորացված սխեման»[10]։

Նկարչուհին մահացել է Ռավեննայում, 1638 թվականի դեկտեմբերի 23-ին, 86 տարեկան հասակում[5]։

Բարբարա Լոնգին այն եզակի նկարիչներից է, որոնք հիշատակվել են Ջորջո Վազարիի ամենահայտնի նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների լեգենդար կենսագրությունների երկրորդ հրատարակությունում (1568)։ Վազարին գրել է, որ Բարաբարա Լոնգին «գերազանց նկարում է, և նա սկսել է նկարել որոշ բաներ անթերի նրբագեղությամբ և կատարման լավ եղանակով»[11]։

Ժերմեն Գրիրը իր «Խոչընդոտներով մրցավազք. կին նկարիչների բախտը և նրանց ստեղծագործությունը» (անգլ.՝ The Obstacle Race: The Fortunes of Women Painters and Their Work) գրքում ասել է. «Նկարիչների այդպիսի «պատահական» ընտրություն, այդ թվում՝ Լոնգիի, դժվար թե ենթադրում է «լուրջ քննադատություն նրանց նվաճումների վերաբերյալ[12]։ Հետո նա տալիս է իր գնահատականները.

Բարբարայի նվաճումները նշանակալի էին, նրա բոլոր փոքրիկ նկարներն առանձնանում էին գծերի մաքրությամբ և գույնի փափուկ փայլով[12]։
Բարբարա Լոնգայի համար նկարչության նկատմամբ ծայրահեղ ավանդական մոտեցումը բնորոշ է, բայց նա դրան բերում է զգացմունքների պարզություն և ուժ, ինչը լիովին տարբերվում է իր մաներիզ հայրից կամ սիրողական եղբորից[12]։
Մադոննան ու մանկիկը

1575 թվականին Բոլոնիայում դասախոսության ժամանակ Մյուզիո Մանֆրեդին խոսեց Բ. Լոնգիի տաղանդի մասին.

Դուք պետք է իմանաք, որ այսօր Ռավեննայում ապրում է տասնութ տարեկան մի աղջնակ՝ ականավոր նկարիչ, մաեստրո Լուկա Լոնգիի դուստրը։ Նրա վարպետությունն այնքան զարմանալի է, որ նույնիսկ իր հայրը սկսում է հիանալ նրանով, հատկապես դիմանկարներով. հենց որ նա նայում է մարդուն, նա արդեն կարող է նկարել նրա դիմանկարը, և, ավելին, շատ ավելի մեծ հաջողությամբ, քան մեկ ուրիշը, ով նկարում է կեցվածք ընդունած մոդել։

Չնայած Ռավենայում իր համբավին, նկարչի կենդանության օրոք, նրա համբավը հիմնականում սահմանափակվել է հայրենի քաղաքի սահմաններով։ Նրա նկարը որոշակիորեն լույս է սփռել, թե ինչպես է կաթոլիկական հակառեֆորմացիոն շարժումը ազդել իտալացի նկարիչների աշխատանքի վրա[6]։

Նկարները աշխարհի թանգարաններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռավեննայի արվեստի թանգարանում պահվում են Բարբարա Լոնգիի յոթ աշխատանքներ, ինչպես նաև հոր տասնմեկ նկարներ և եղբոր՝ Ֆրանչեսկոյի, երեք նկարներ։

Նրա նկարները ներկայացված են Լուվրի (Փարիզ), Բրերա պատկերասրահում (Միլան), Բոլոնիայի ազգային պատկերասրահում, Բասանո դել Գրապայում, Ուոլթերսի արվեստի թանգարանում (Բալթիմոր, Մերիլենդ), Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարանում, ինչպես նաև Ռավենայի Սուրբ Աստվածածին տաճարում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Barbara Longhi — 2008.
  3. https://art.thewalters.org/detail/11457/madonna-adoring-the-child/
  4. 4,0 4,1 CLARA — 2008.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 National Museum of Women in the Arts
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Concise dictionary of women artists. London: Fitzroy Dearborn. 2001. ISBN 978-1-136-59894-4. OCLC 830322465.
  7. 7,0 7,1 7,2 «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Italian women artists : from Renaissance to Baroque (1st ed ed.). Milano: Skira. 2007. ISBN 978-88-7624-919-8. OCLC 76365689. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  9. «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  10. 10,0 10,1 The Northeastern dictionary of women's biography (3rd ed. ed.). Boston: Northeastern University Press. 1999. ISBN 1-55553-421-X. OCLC 41165272. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  11. Tinagli, Paola. (1997). Women in Italian Renaissance art : gender, representation, and identity. Manchester: Manchester University Press. ISBN 0-7190-4054-X. OCLC 35198514.
  12. 12,0 12,1 12,2 Greer, Germaine, 1939- (2001). The obstacle race : the fortunes of women painters and their work. London: Tauris Parke Paperbacks. ISBN 1-86064-677-8. OCLC 47178481.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Լոնգի» հոդվածին։