Բարբառագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարբառագրություն (ռուս.՝ диалектография), բարբառագիտության ընդերքում ձևավորված գիտակարգ, որն այժմ առավել հայտնի է լեզվաբանական աշխարհագրություն (лингвистическая география) անունով։ Նախապես սրա սկզբունքները մշակվեցին բարբառային նյութի քննության հետ կապված, երբ մանավանդ պարզ դարձավ, որ բարբառները չունեն որոշակիորեն սահմանագծված տարածք, և նրանց իրողությունները հաճախ թափանցում են բարբառախոս այլ տարածքներ։

Այպես, անհրաժեշտություն առաջացավ դիտարկելու բարբառային երևույթների տարածական ընդգրկումները։ Հաստատվեց այն գաղափարը, որ լեզվական փաստը (բառը) ունի ոչ միայն իր պատմությունը, այլև իր աշխարհագրությունը։ Հետագայում այդ սկզբունքները տարածվեցին նաև մերձավոր լեզուների, մանավանդ հնդեվրոպական «բարբառների» ուսումնասիրության բնագավառի վրա։

Քարտեզագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբառագրության մեջ կարևոր տեղ է գրավում բարբառագիտական-լեզվաբանական քարտեզագրությունը (ռուս.՝ лингвистическое картографирование), որի խնդիրն է կազմել բարբառագրական նյութը ցուցադրող քարտեզներ։ Յուրաքանչյուր բարբառագիտական քարտեզ (ռուս.՝ диалектологическая карта) ցուցադրում է բարբառային (լեզվական) այս կամ այն երևույթի, իրողության, տարածական ընդգրկումները՝ ուղիները, սահմանները, հաճախ նաև հնարավորություն է տալիս փաստը դիտարկելու ժամանակագրական տեսանկյունով (պատմականորեն)։

Քարտեզագրման նպատակով պետք է՝

  • ունենալ որոշակի ծրագիր, աշխատանքային պլան, նպատակադրումների հստակ պատկերացում,
  • բարբառային իրողությունները դիտել որպես համակարգի տարրեր, այլ ոչ թե մեխանիկորեն առնչվող միավորներ,
  • ձեռքի տակ ունենալ գիտական տառադարձական այբուբեն։

Զուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտեզում կողմնորոշող տարրը զուգաբանությունն է (ռուս.՝ изоглосса), այն գիծը, որը քարտեզի վրա նշանակում է միևնույն երևույթի տարածական ընդգրկումը, ժամանակագրական կտրվածքը, այսինքն՝ բացահայտում տվյալ երևույթի արեալը (ареал) կամ տարածույթը։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգաբանությունները կարող են լինել հնչյունական, բառային, քերականական և այլն։ Հնչյունական զուգաբանությունների նշանակման համար հաշվի են առնվում գրական լեզվի (հին, ժամանակակից) համեմատ եղած հնչյունական նույնություններն ու տարբերությունները բարբառախոս վայրերում։ Բառայինի դեպքում նկատի է առնվում, թե տվյալ բառն ինչ իմաստներով է տարածված, կամ էլ միևնույն բառիմաստի համար ինչ բառեր կան։ Քերականական զուգաբանությունները սովորաբար պարզում են տվյալ իմաստի համար եղած ձևերի, արտահայտության միջոցների տարածքը։

Տարբեր լեզվական իրողությունների զուգաբանությունները կարող են չհամընկնել, նույն ուղղությունը, տարածքը չունենալ, բայց կարող են նաև զուգահեռ ընթանալ, տարածքով մերձավոր լինել, նույնիսկ փունջ կազմել։ Այս հանգամանքով էլ որոշվում են բարբառների «սահմանագծերը»։

Քարտեզները որոշակի կարգով ամբողջացվում են մեկ ժողովածուի մեջ, որը կոչվում է բարբառագիտական ատլաս։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, էջ 132։