Jump to content

Բավարիայի բանակային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բավարիայի բանակային թանգարան
ռազմական թանգարան Խմբագրել Wikidata
Ստեղծում1879 Խմբագրել Wikidata
Գործունեության հմտություններռազմական պատմություն Խմբագրել Wikidata
Director / managerAnsgar Reiß Խմբագրել Wikidata
ԵրկիրԳերմանիա Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավոր• Բավարիա
 • Վերին Բավարիա
  • Ինգոլշտադտ Խմբագրել Wikidata
Տեղակայված էParadeplatz Խմբագրել Wikidata
ՎայրNew Castle Խմբագրել Wikidata
Կոորդինատներ48°45′53″N 11°25′53″E Խմբագրել Wikidata
Դուստր ընկերությունMuseum of the First World War, Bavarian Police Museum Խմբագրել Wikidata
Փոստային դասիչ85049 Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.armeemuseum.de Խմբագրել Wikidata
Item operatedFort Prince Karl, Reduit Tilly Խմբագրել Wikidata
Կազմված էBavarian Army Library Խմբագրել Wikidata
Քարտեզ

Բավարիայի բանակային թանգարան, Բավարիայի Ազատ Պետության ռազմապատմական թանգարան: Այն հիմնադրվել է 1879 թվականին Մյունխենում: Այդ ժամանակ 1871 թվականին Գերմանական ռայխին միացած Բավարիան ուներ նշանակալի վերապահված իրավունքներ (ռեզերվատային իրավունքներ), այդ թվում՝ իր սեփական բանակը՝ իր միապետի գերագույն հրամանատարության ներքո: Մյունխենի թանգարանի նախկին շենքի մի մասն այսօր կազմում է Բավարիայի նոր պետական գրասենյակի (Bayerische Staatskanzlei) կենտրոնական հատվածը:

1972 թվականից թանգարանը գտնվում է Ինգոլշտադտում: Հիմնական հավաքածուն տեղակայված է Նոր ամրոցում (Neues Schloss), Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված մշտական ցուցադրությունը, որը բացվել է 1994 թվականին, գտնվում է Ռեդուիտ Տիլիում (Reduit Tilly), իսկ 2012 թվականին բանակային թանգարանին ինտեգրված Բավարիայի ոստիկանության թանգարանը՝ Տրիվա աշտարակում (Turm Triva): Պատմաբան Անսգար Ռայսի ղեկավարությամբ հաստատությունը վերածվեց ժամանակակից թանգարանային մանկավարժության մակարդակով ուսումնական կենտրոնի[1]:

«Պատերազմի ձևերը՝ 1600–1815 թթ.» ցուցասրահի տեսքը

Թանգարանը Մյունխենում

Թանգարանը հիմնադրել է 1879 թվականին Լյուդվիգ II թագավորը՝ գեներալ Ֆրիդրիխ ֆոն Բոտմերի և ռազմական նախարար Յոզեֆ Մաքսիմիլիան ֆոն Մայլինգերի նախաձեռնությամբ: Այն նպատակ է ունեցել մեկտեղել ամբողջ Բավարիայում սփռված հավաքածուները: Առաջին տնօրենն է եղել Յոզեֆ Վյուրդինգերը (1822–1889): Մինչև 1905 թվականը թանգարանը գտնվել է Մյունխենում՝ Բավարական բանակի զինանոցում (Zeughaus), իսկ հինգ տարվա շինարարությունից հետո տեղափոխվել է Մյունխենի Հոֆգարտենում գտնվող նորակառույց մոնումենտալ շենք, որը կառուցվել էր Լյուդվիգ ֆոն Մելինգերի նախագծով. այդ վայրում նախկինում եղել է Հոֆգարտենի զորանոցը (Hofgartenkaserne):

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շենքը մասնակիորեն ավերվել է: Մյունխենի թանգարանի հին շենքի պահպանված գմբեթն այսօր կազմում է Բավարիայի նորակառույց պետական գրասենյակի (Bayerische Staatskanzlei) կենտրոնական հատվածը:

1946-1969 թվականներին Բանակային թանգարանը տեղակայված է եղել Մյունխենի Բավարիայի ազգային թանգարանում և ղեկավարել է Ալեքսանդր ֆոն Ռայցենշտայնը:

Թանգարանը Ինգոլշտադտում

Ղեկավարությունը՝ Պետեր Յեկելի (1972–1979)

Ռազմական պատմության հավաքածուն 1969 թվականին փոխադրվել է Ինգոլշտադտի Նոր ամրոց (Neues Schloss): Քաղաքը եղել է Բավարիա-Ինգոլշտադտի դքսերի նստավայրը և, որպես Բավարիայի նախկին գլխավոր ամրոց, ունեցել է հարուստ ռազմական ավանդույթներ ու բազմաթիվ կապեր Բավարական բանակի հետ: 1972 թվականին թանգարանը բացվել է հնագետ Պետեր Յեկելի ղեկավարությամբ: Այդ ժամանակ մշակված և կազմակերպված մշտական ցուցադրությունն անփոփոխ պահպանվել է մինչև 2014 թվականը:

Ղեկավարությունը՝ Էրնստ Այխների (1979–2010)

1979 թվականին Էրնստ Այխները դարձել է թանգարանի տնօրեն և էապես ընդլայնել թանգարանի հավաքածուները: Հատուկ ուշադրություն էր դարձվում Առաջին համաշխարհային պատերազմին և բավարական ռազմական գեղանկարչությանը (օրինակ՝ այնպիսի նկարիչների գործերին, ինչպիսիք են Անտոն Հոֆմանը կամ Լուի Բրաունը): Այխների կողմից հավաքվել են նաև համեմատաբար անհայտ արվեստագետների գործեր, որոնք կտավներում հավերժացրել էին Բավարիայի և Եվրոպայի ռազմական պատմության իրադարձությունները, և այսօր դրանք կազմում են թանգարանի կարևոր ֆոնդը:

Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված ցուցադրությունը բացվել է 1994 թվականի դեկտեմբերին Ռեդուիտ Տիլիում (Reduit Tilly)[2]: Այս ցուցադրության համար կիրառվել է նաև դեռևս 1988 թվականին Բավարիայի լանդտագի կողմից հաստատված թանգարանային-մանկավարժական հայեցակարգը, մինչդեռ գլխավոր ցուցադրության համար այն իրագործվել է միայն 2015 թվականի երկրամասային ցուցահանդեսից (Landesausstellung) հետո իրականացված վերակազմավորման ընթացքում: Ռեդուիտ Տիլին վերջին տարիներին վերածվել է Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված սակավաթիվ մասնագիտացված թանգարաններից մեկի: Այն արժանացել է համընդհանուր ճանաչման, ոչ պակաս այն պատճառով, որ պատերազմի իրականությունն այնտեղ դարձվել է ֆիզիկապես ընկալելի: Պատերազմի իսկզբնավորման 100-ամյա տարելիցին ոչ միայն մեծացավ հանրության հետաքրքրությունը, այլև զգալիորեն ավելացավ այլ թանգարաններին ցուցանմուշների տրամադրումը:

Բացի այդ, 2007 թվականին Բամբերգից Բանակային թանգարան տեղափոխվեց Բավարիայի ոստիկանության պատմության հավաքածուն: Այն պարունակում է պատմական նյութեր բավարական ժանդարմերիայի, Նացիոնալ-սոցիալիզմի ժամանակաշրջանի բավարական ոստիկանության, ինչպես նաև ընդհանուր առմամբ համայնքային ու քաղաքային ոստիկանության, երկրամասային, ջրային, սահմանապահ և արագ արձագանքման ոստիկանության զարգացման մասին: Բանակային թանգարանի կազմակերպչական հովանու ներքո այս հավաքածուն՝ որպես առանձին «Բավարիայի ոստիկանության թանգարան», բացվել է միայն մի քանի տարվա հապաղումից հետո՝ 2011 թվականի դեկտեմբերի 19-ին՝ նոր տնօրեն Անսգար Ռայսի մշակած հայեցակարգով: Ոստիկանության թանգարանը տեղակայված է Տրիվա աշտարակում (Turm Triva)՝ Ռեդուիտ Տիլիի անմիջական հարևանությամբ[3]:

Կոթավոր զենքերի ցուցադրություն Նոր պալատի առաջին հարկում
Ճակատամարտ Երեսնամյա պատերազմում (Յան Մարտսեն դե Յոնգեի կտավը, մինչև 1647 թ.)
Բավարիայի կուրֆյուրստ Մաքսիմիլիան I-ի շքեղ ձիարշավային հանդերձանքը (մոտ 1620 թ.)

Անսգար Ռայսի ղեկավարությունը

2010 թվականի փետրվարի 1-ին Անսգար Ռայսը ստանձնել է թանգարանի տնօրենի պաշտոնը: 2014 թվականին թանգարանը հատուկ շեշտադրում է կատարել Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի հիշատակի տարվա վրա[4]: Բազմաթիվ ժամանակավոր ցուցահանդեսներ, միջոցառումներ և հրատարակություններ անդրադարձան այս հիշարժան տարուն՝ ապահովելով այցելուների հոսքի մեծ աճ:

Այսօր թանգարանն իր առաքելությունն է համարում «պատմության մեջ ռազմական ոլորտի ու պատերազմական բռնության, ինչպես նաև մարդու, հասարակության ու պետության վրա դրանց ազդեցության քննադատական և պատմականորեն ճշգրիտ անդրադարձը (ռեֆլեքսիան)»[5]: 2010–2014 թթ. և 2015–2019 թթ. երկու տարեկան հաշվետվությունների հրապարակման միջոցով թանգարանը հանրության առջև հաշվետու է դառնում իր գործունեության համար[6]:

2015 թվականի ապրիլի 30-ից հոկտեմբերի 31-ը Նոր ամրոցում անցկացվել է «Նապոլեոնը և Բավարիան» Բավարիայի երկրամասային ցուցահանդեսը, որը մեծ հաջողություն է ունեցել՝ ընդունելով գրեթե 150,000 այցելու[7]: Այդ նպատակով նախկին մշտական ցուցադրությունը ապամոնտաժվել է, և թանգարանը վերասարքավորվել է անարգել միջավայրի (հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելիության) ապահովման պահանջներին համապատասխան: Երկրամասային ցուցահանդեսի ավարտից հետո Բանակային թանգարանն աստիճանաբար նորացված ցուցադրությամբ վերադառնում է նույն տարածքներ: Այստեղ ցուցադրվելու են նաև այնպիսի ցուցանմուշներ, որոնք նախկինում համարյա կամ երբեք չեն ներկայացվել Բանակային թանգարանի ցուցահանդեսներում: Հատկապես ժամանակակից հայեցակարգը պետք է այցելուին ավելի լավ բացատրի ցուցանմուշները և դրանք դնի ավելի հստակ ընկալելի պատմական համատեքստում, քան դա արվել է նախկինում[1]: Առաջին հատվածը բացվեց 2019 թվականի հունիսի 3-ին[8]: 2021 թվականի ապրիլից կրկին ցուցադրվում է նաև Մեծ վեզիր Սարի Սուլեյման փաշայի հայտնի վրանը, որը հայտնի էր որպես «Թուրքական վրան»[9]:

2017 թվականի վերջին թանգարանը «Բավարիայի բանակային թանգարան. Վերածննդի և բարոկկոյի զենքերի ու զրահների ընտրանի» (The Bavarian Army Museum. A Selection of Baroque and Renaissance Arms and Armour) հատորով ներկայացրել է թանգարանի հին հավաքածուի վերաբերյալ մասնագիտական շրջանակներում մեծ արձագանք գտած հավաքածուի կատալոգ[10]:

2018 թվականի սեպտեմբերի 7-ին «Լուսանկարչի նշանառության տակ. Հին զենքերը նոր լույսի ներքո» հատուկ ցուցահանդեսով և թանգարանի նոր մուտքի բացմամբ իրականացվել են Նոր ամրոցի ցուցադրության նորացման երկու կարևոր նախագծեր: Նոր ամրոցի հիմնական սրահները կրկին հասանելի են, թանգարանն ապահովված է անարգել միջավայրով և ունի ժամանակակից մուտքի հատված:

Առաջին համաշխարհային պատերազմի թանգարանում գործող «Խաղաղությա՞ն սկիզբ. Բավարիան 1918-1923 թթ.» ցուցադրությունը Ազատ Պետության 100-ամյակին նվիրված ամենածավալուն ցուցադրությունն է:

Տարեկան 3-4 անգամ թանգարանը «Փոքրիկ ցուցանմուշներ» (Kabinettstücke) շարքի շրջանակներում կազմակերպում է հատուկ ցուցահանդեսներ՝ նվիրված իր հավաքածուների առանձնահատուկ թեմաներին: Դրանք սովորաբար տևում են ընդամենը 3-5 ամիս, որպեսզի հնարավորություն ստեղծվի ցուցադրելու բազմազան ցուցանմուշներ, որոնք սովորաբար պահվում են ֆոնդապահոցում:

Բուկլեր (կլոր փոքր վահան)՝ գանձարանից
Մեծ վեզիրի վրանը
Առաջին համաշխարհային պատերազմի դիրքերի վերաստեղծումը Ռեդուիտ Տիլիում

Հաստատություններ և միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտական ցուցադրություններ

Թանգարանն այսօր կազմված է երեք մասնաշենքից՝

Նոր ամրոցի գլխավոր մասնաշենքն իր նոր մշտական ցուցադրությունում (2019 թ. հունիսից) նվիրված է «Պատերազմի ձևերը 1600–1815 թթ.» թեմային[11]: Նոր ամրոցի առաջին հարկում, թանգարանի հավաքածուի հազվագյուտ ցուցանմուշներով[12] (այդ թվում՝ եվրոպացի կոնկիստադորի հագուստով) գանձարանից զատ, ներկայացված է ձողավոր զենքերի մեծ ցուցադրություն: Դյուրնիցում (Dürnitz) այցելուն շատ բան է իմանում թանգարանի հարուստ ու փոփոխական պատմության մասին: «Զինանոց և թանգարան» վերնագրով այս սրահի թեմատիկ ընդգրկումը ձգվում է բավարական զինանոցներում թանգարանի ակունքներից մինչև նոր մշտական ցուցադրության ստեղծումը:

Վերին հարկում գտնվող «Ճակատամարտը» ընդարձակ սրահում ներկայացված են 1600–1815 թվականների պատերազմական դարաշրջանի զենքեր, հանդերձանքի առարկաներ և կտավներ: Այցելուներին սպասում է ոչ միայն Երեսնամյա պատերազմից ճակատամարտի տեսարանի վերաստեղծումը, այլև Ալերհայմի ճակատամարտի (1645 թ.) եղբայրական գերեզմանից հայտնաբերված ցուցանմուշներ: Դրանք վկայում են այն տղամարդկանց տառապանքի և մահվան մասին, ովքեր կռվել ու զոհվել են այստեղ:

«Պաշարումը» աշտարակային սրահը ցույց է տալիս, որ մեծ ճակատամարտերն ավելի հազվադեպ են եղել, քան պաշարումները: Այստեղ, 1566 թվականի Ինգոլշտադտի ամրոցի նախագծային մոդելից զատ, գտնվում է նաև Եվրոպայում, թերևս, ամենահին պատգարակ-ձեռնասայլակը (1537 թ.), որը հայտնաբերվել է պեղումների ժամանակ՝ անմիջապես ամրոցի հարևանությամբ: Ավազակ-մարոդյորների սաղավարտ-գլխարկները, որոնց հավանաբար սպանել են գյուղացիները, ակնառու կերպով ցույց են տալիս պատերազմական առօրյայի դաժանությունը ամրոցներից ու ճակատամարտերից դուրս:

2021 թվականից 1-ին հարկում կրկին ցուցադրվում է Մեծ վեզիր Սարի Սուլեյման փաշայի վրանը («Մեծ վեզիրի վրանը» ցուցահանդեսի ներքո): Այս վրանն առգրավվել է 1687 թվականին Մոհաչի ճակատամարտում և որպես ռազմավար հանձնվել դրան մասնակցած Բավարիայի կուրֆյուրստ Մաքս Էմանուելին:

2022 թվականի հուլիսից թանգարանը ներկայացնում է Բավարիայի կուրֆյուրստ Մաքսիմիլիան I-ի շքեղ ձիարշավային հանդերձանքը, որը ստեղծվել է մոտ 1620 թվականին: Ավելի քան 300 տարվա ընթացքում առաջին անգամ թամբից, թամբատակդիրից, սանձից և թրից (պալաշ) կազմված այս շքեղ հավաքածուն կրկին ցուցադրվում է միասին: Այն «Բավարիան դառնում է կուրֆյուրստություն» սրահի կենտրոնական մասն է կազմում:

2025 թվականի հունիսին բացվեց մշտական ցուցադրության հերթական հատվածը՝ «Պատերազմ և խաղաղություն. Ռազմական ոլորտը Բավարիայում 1870-1914 թթ.», որն անդրադառնում է 1870/71 թթ. Ֆրանսիայի դեմ պատերազմի պատմությանը և դրան հաջորդած խաղաղության դարաշրջանին մինչև 1914 թվականը: Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ հավաքածուների առանցքային մաս կազմող 19-րդ դարի խոշոր ֆոնդերը ներկայացվում են նոր ձևաչափով[13]:

Ռեդուիտ Տիլիում (Reduit Tilly) այսօր տեղակայված է Առաջին համաշխարհային պատերազմի թանգարանը, որը Եվրոպայում Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված ամենամեծ մշտական ցուցադրություններից մեկն է: Բացի վերին հարկում գտնվող 1500 մ² մակերեսով մշտական ցուցադրությունից, թանգարանը ամրոցային շինության առաջին հարկում կազմակերպում է Առաջին համաշխարհային պատերազմի թեմային նվիրված տարբեր ժամանակավոր ցուցահանդեսներ:

Տրիվա աշտարակում (Turm Triva) տեղակայված է Բավարիայի ոստիկանության թանգարանը, որը Բանակային թանգարանի ստորաբաժանումն է, սակայն իր թեմատիկայի պատճառով կոչվում է թանգարան: Այստեղ այցելուն ավելի քան 600 մ² տարածքի վրա կարող է ծանոթանալ Բավարիայի ոստիկանության պատմության ակնարկին՝ 1918/19 թթ. հեղափոխական հուզումներից մինչև Վակերսդորֆի ատոմային վերամշակման գործարանի շուրջ մղվող պայքարը:

Բացի այդ, թանգարանն իր ֆոնդապահոցներում պահպանում է կտավների, գրաֆիկայի, երաժշտական գործիքների, տրանսպորտային միջոցների, մոդելների, խաղալիքների, զինվորիկների (կապարե/կլայեկե ֆիգուրների), լուսանկարչական ալբոմների, օրագրերի, արխիվային փաստաթղթերի և այլ նյութերի ընդարձակ հավաքածու, որը տրամադրվում է նաև գիտահետազոտական աշխատանքների համար:

Բավարիայի բանակային գրադարան

1822 թվականին Մյունխենում որպես Բանակի գլխավոր պահպանատուն (Hauptkonservatorium der Armee) հիմնադրված Բավարիայի բանակային գրադարանի ֆոնդերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին մեծամասամբ բռնագրավվել էին ԱՄՆ զինված ուժերի կողմից և վերադարձվել 1962 թվականին: Մինչև 1984/85 թվականները դրանք կառավարվում էին Բունդեսվեր (Bundeswehr) զինված ուժերի կողմից, այնուհետև Բավարիայի բանակային գրադարանը վերահիմնադրվել է որպես Բանակային թանգարանի մաս և տեղակայվել է Ինգոլշտադտի քաղաքամիջում գտնվող նախկին ռազմական հացաթխման շենքում:

Ժամանակավոր ցուցահանդեսներ

Ընտրանի 2010 թվականից սկսած՝

  • 2010: «Կառուցված ավազի վրա. Ատլանտյան պատնեշը»
  • 2010: «Հուշեր ծառայության տարիներից»
  • 2011: «Պայքար քաղաքացիական իրավունքների համար. Աֆրոամերիկացի ռազմիկները և Գերմանիան»
  • 2011: «Հանցագործության վայրից դեպի լաբորատորիա. Դատական բժիշկները բացահայտում են»
  • 2011: ««Այն, ինչ այն ժամանակ օրենք էր...». Զինվորներն ու քաղաքացիական անձինք Վերմախտի դատարանների առջև»
  • 2011: «Մի փոքր այլ դպրոց. Սակրավորական դպրոցի և Ցամաքային զորքերի շինարարական տեխնիկայի մասնագիտացված դպրոցի լուսանկարչական ցուցահանդես»
  • 2012: «Կարգուկանոն և ոչնչացում. Ոստիկանությունը նացիոնալ-սոցիալիստական պետությունում»[14]
  • 2012: «Երևույթ և էություն. Անդրեաս Կուհնլայնի փայտե քանդակները»[15]
  • 2012: «Աստվածների մայրամուտը. Լյուդվիգ II թագավորը»[16]
  • 2012: «(Ոչ) «Շնորհավոր Սուրբ Ծնունդ». Բացիկներ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից»
  • 2013: «Խղճի ապստամբություն. Ռազմական դիմադրությունը Հիտլերին և նացիոնալ-սոցիալիստական ռեժիմին 1933–1945 թթ.»[17]
  • 2013: «Յո Ռյոտգեր. Բնապատկերներ և հիշողություն»[18]
  • 2013: «Wanted. «Հայտարարություն, հետախուզման պլակատ, ֆոտոռոբոտ» անտիկ դարաշրջանից մինչև թվային դարաշրջանի սկիզբը»[19]
  • 2014: «Who cares (Ում է հուզում). Բուժքույրական գործի պատմությունն ու առօրյան»[20]
  • 2014: ««Դուք չեք կարող պատկերացնել այս սարսափը, և ոչ ոք, ով դա չի ապրել...» (Հետևակայինի դաշտային փոստի նամակ)»[21]
  • 2014: ««Այս դիրքային ու ամրոցային պատերազմը սարսափելի է». Պատերազմի սկիզբը 1914-ին»[22]
  • 2014: «Պատերազմի մեքենայական սրահում. Ինգոլշտադտ 1914–1918»[23]
  • 2014: «Ալպերը պատերազմում – Պատերազմն Ալպերում. Գերմանական լեռնային զորքերի ակունքները 1915-ին»
  • 2015: «Մեծ պատերազմը փոքր ձևաչափով. Գրաֆիկական և մեդալային արվեստը՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմին»[24]
  • 2015: «European Tribal Wars» (Եվրոպական ցեղային պատերազմներ)[25]
  • 2015: Բավարիայի երկրամասային ցուցահանդես՝ «Նապոլեոնը և Բավարիան»[26]
  • 2016: «Հյուսիսն ընդդեմ Հարավի. Գերմանական պատերազմը 1866 թ.»[17]
  • 2016: «Հինտերկայֆեկի առասպելը. Հանցագործության հետքերով»[17]
  • 2016: «Անդրե Բուտցեր. «...և տեսավ երկնքի խաղաղությունը»»[17]
  • 2017: «Այրված, աստվածացված, մոլորեցված. Գերմանական լեռնային զորքերը 1915–1939 թթ.»[27]
  • 2018: «Լուսանկարչի նշանառության տակ. Հին զենքերը նոր լույսի ներքո»[28]
  • 2018: «Խաղաղությա՞ն սկիզբ. Բավարիան 1918–1923 թթ.»[29]
  • 2021: «Զինվորական պատկերներ 1650–1820 թթ. Կտավներ Բավարիայի բանակային թանգարանի ֆոնդերից»[29]
  • 2022: «Դոնբաս. Պատերազմ Եվրոպայում»[30]
  • 2023: «Նոր ամրոցի զինանոցի պատմությունը»[31]

Աջակիցների միություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնամյակներ ի վեր թանգարանի գործունեությանն աջակցում է «Բավարիայի բանակային թանգարանի բարեկամների միությունը» (Verein der Freunde des Bayerischen Armeemuseums), որի նստավայրը Մյունխենում է: Բավարական բարձրասերունդ ազնվականության և սպայական կազմի տարբեր ներկայացուցիչներից զատ, 1967 թվականին միության հիմնադիր անդամների թվում էր նաև թանգարանի ապագա տնօրեն Էրնստ Այխները (այն ժամանակ՝ ուսանող):

1989-2016 թվականներին միության նախագահն էր CSU կուսակցության նախկին պատգամավոր և «Eurocopter» ընկերության արտաքին կապերի երկարամյա ղեկավար Մանֆրեդ Դումանը: Այն բանից հետո, երբ 2009 թվականից FDP (Ազատ դեմոկրատական կուսակցություն) կուսակցության ղեկավարության ներքո գտնվող Բավարիայի գիտության նախարարությունը առանց Բարեկամների միության մասնակցության ընտրել է Այխների հաջորդին, միության առաջատար անդամները (օրինակ՝ Ինգոլշտադտի երկրորդ քաղաքապետ Ալբերտ Վիտմանը) սկզբում զարմանք հայտնեցին և չեն բացառել FDP-ի դավադրությունը Հորստ Զեեհոֆերի դեմ:[32]

Թեև Դումանի և թանգարանի նոր տնօրենի միջև շփումը ժամանակավորապես կարգավորվել էր, Նացիոնալ-սոցիալիստական ռազմական արդարադատությանն ու դրա զոհերին նվիրված հատուկ ցուցահանդեսը լարվածության նոր ալիք է բարձրացրել: Դումանը, վկայակոչելով զոհված Վերմախտի զինվորի որդու իր կարգավիճակը, քննադատել է իրավաբանների «համատարած զրպարտումը» և ցուցահանդեսի կազմակերպիչների «կանխակալությունը», ինչին ի պատասխան Ռայսը հայտարարել է, որ թանգարանը «Վերմախտի վիրավորված հոգիների առողջարան չէ»: Կանոնադրական փոփոխությունների միջոցով թանգարանի և Բարեկամների միության հետագա համագործակցության հիմքերը վերանայվել են, և իրավասությունները դարձել են ավելի հստակ: Միության համար ստեղծվել է նոր հոգաբարձուների խորհուրդ՝ Բավարիայի արքայազն Վոլֆգանգի ղեկավարությամբ:[33]

2016 թվականի օգոստոսին Դումանը տարիքի պատճառով հեռացել է նախագահի պաշտոնից: Նոր նախագահ է դարձել Էրնստ Այխները՝ Բանակային թանգարանի նախկին տնօրենը: Խորհրդի կազմում ընդգրկվել են քաղաքապետ Ալբերտ Վիտմանը, ինչպես նաև պատգամավորներ Ռոբերտ Բրանեկեմպերը և Ռայնհարդ Բրանդլը (երկուսն էլ՝ CSU)[34]:

2017 թվականի հոկտեմբերի 7-ին «Donaukurier» թերթում հրապարակվել է հոդված, որտեղ մատնանշվում էին Բարեկամների միության կայքում տեղադրված ռևիզիոնիստական (պատմական ռևիզիոնիզմ) և աջակողմյան ծայրահեղական տեքստերը: Թերթի հարցմանն ի պատասխան՝ թանգարանի տնօրեն Ռայսը նշել է, որ դեռևս հուլիսին նամակով Այխների ուշադրությունն էր հրավիրել այս «ակնհայտ չարաշահման» վրա և պահանջել միությունից հեռացնել տեքստերը[35]: Երբ դա չի արվել, թանգարանի տնօրենը «հրապարակավ հեռավորություն է պահել միությունից» և «խստորեն քննադատել է այդ աջակողմյան տեքստերի հրապարակումը»: Թանգարանի պաշտոնական կայքից հեռացվել են միությանն ուղղված բոլոր հղումները:[36]

Այխնարն իր հերթին հայտնել է, որ Ռայսի զգուշացումից հետո հանձնարարել էր կայքի ադմինիստրատորին համացանցից հեռացնել այդ տեքստերը, որոնք, ի դեպ, իր կողմից հաստատված չէին եղել, և կարծել էր, թե հարցը փակված է: Իրականում, սակայն, հեռացվել էին միայն տեքստերի հղումները, իսկ ուղղակի հասանելիությունը պահպանվել էր[37]: Հետագայում, Այխների փոխանցմամբ, ադմինիստրատորը զրկվել է կայքի հասանելիության իրավունքից[38]:

2018 թվականից ի վեր միության վարչության նախագահի պաշտոնը զբաղեցնում է Ռոբերտ Բրանեկեմպերը:

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Margot Hamm u. a. (Hrsg.): Napoleon und Bayern (Veröffentlichungen zur Bayerischen Geschichte und Kultur 64) – ein Viertel der Objekte aus dem Bayerischen Armeemuseum. wbgTheiss, Darmstadt 2015, ISBN 978-3-8062-3058-1.
  • Franz Hofmeier: Im Maschinenraum des Ersten Weltkriegs. Eine Spurensuche in Ingolstadt. München 2017, ISBN 978-3-87707-114-4
  • Jürgen Kraus: Bayerische Fahnen. Die Fahnen und Standarten des bayerischen Heeres vom 16. Jahrhundert bis 1918. Verlag Militaria, Wien 2017, ISBN 978-3-902526-83-0.
  • Sarah Maria Lorenz u. a.: Das Zelt des Großwesirs. Lindenberg i. Allgäu 2023, ISBN 978-3-95976-444-5.
  • Carlo Paggiarino (Fotos) / Tobias Schönauer (Einleitung und Beschreibungen): The Bavarian Army Museum. A Selection of Medieval, Renaissance and Baroque Arms and Armour. Mailand 2017, ISBN 978-88-95191-04-1.
  • Ansgar Reiß (Hrsg.): Jahresbericht des Bayerischen Armeemuseums 2010–2014. Ingolstadt (PDF als kostenloser Download)
  • Ansgar Reiß (Hrsg.): Jahresbericht des Bayerischen Armeemuseums 2015–2020. Ingolstadt (PDF als kostenloser Download)
  • Tobias Schönauer und Ansgar Reiß (Hrsg.): Plattenrock, Buckler und Conquistador. Aus der Schatzkammer des Bayerischen Armeemuseums (PDF als kostenloser Download), ISBN 978-3-96049-090-6.
  • Tobias Schönauer und Daniel Hohrath: Formen des Krieges 1600–1815, Ingolstadt 2019 (PDF als kostenloser Download), ISBN 978-3-96049-067-8.
  • Tobias Schönauer: Schatzkammer und Inszenierung. Neue Präsentationsformen im Bayerischen Armeemuseum, in: Hieb- und Stichfest. Waffenkunde und Living History (Festschrift für Alfred Geibig), Jahrbuch der Coburger Landesstiftung 63 (2019), S. 267–283.
  • Dieter Storz: Der Große Krieg. 100 Objekte aus dem Bayerischen Armeemuseum. Klartext-Verlag, Essen 2014, ISBN 978-3-8375-1174-1.
  • Dieter Storz, Frank Wernitz (Hrsg.): Friedensbeginn? Bayern 1918–1923, Darmstadt 2018 (PDF als kostenloser Download), ISBN 978-3-8062-3900-3.
  • Dieter Storz, Daniel Hohrath (Hrsg.): Nord gegen Süd. Der Deutsche Krieg 1866 Ingolstadt 2016 (PDF als kostenloser Download), ISBN 978-3-00-053589-5.
  • Dieter Storz (Hrsg.): Wilhelm Heiders Erster Weltkrieg. Aufzeichnungen aus Feldzug und Lazarett. Klartext-Verlag, Essen 2014, ISBN 978-3-8375-1270-0.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Ingolstadt: Nach der Landesausstellung kehrt das Bayerische Armeemuseum Epoche für Epoche in das Neue Schloss zurück. In: donaukurier.de. (https://www.donaukurier.de/lokales/ingolstadt/Ingolstadt-Fuer-den-Krieg-bereit;art599,3220520).
  2. ↑ Donaukurier vom 22. September 1993, S. 19
  3. ↑ Stefan Mayr (2011-12-20). «Ingolstadt: Neues Polizeimuseum» (գերմաներեն). Վերցված է 2026-08-02-ին.
  4. ↑ «100 Jahre Erster Weltkrieg». armeemuseum.de. Վերցված է 2023-06-17-ին.
  5. ↑ «Bayerisches Armeemuseum - Home». Վերցված է 2026-08-02-ին.
  6. ↑ Jahresbericht 2010-2014 als PDF-Download Jahresbericht 2015-2019 als PDF-Download
  7. ↑ «Bayerische Landesausstellung 2015 „Napoleon und Bayern"». 2015-12-07. Վերցված է 2023-06-05-ին.
  8. ↑ Donaukurier (2019-06-04). «Neue Dauerausstellung im Schloss eröffnet». Վերցված է 2019-06-04-ին.
  9. ↑ «Das Zelt des Großwesirs - Bayerisches Armeemuseum». Վերցված է 2021-05-01-ին.
  10. ↑ «Neue Publikation – The Bavarian Army Museum: A Selection of Medieval, Renaissance and Baroque Arms and Armour». Bayerisches Armeemuseum. Վերցված է 2018-06-02-ին.
  11. ↑ Bayerisches Armeemuseum. «Die Schatzkammer des bayerischen Armeemuseums». Վերցված է 2021-06-10-ին.
  12. ↑ Bayerisches Armeemuseum. «Die Schatzkammer des Bayerischen Armeemuseums». Վերցված է 2021-06-10-ին.
  13. ↑ Tobias Schönauer. «2025 Krieg und Frieden 1870-1914» (գերմաներեն). Վերցված է 2025-10-03-ին.
  14. ↑ Schoenauer. «Bayerisches Armeemuseum - 2012 Sonderausstellung NS-Polizei» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012-06-29-ին. Վերցված է 2026-08-02-ին.
  15. ↑ Schoenauer. «Bayerisches Armeemuseum - 2012 Sonderausstellung Schein und Sein» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012-06-29-ին. Վերցված է 2026-08-02-ին.
  16. ↑ Schoenauer. «Bayerisches Armeemuseum - 2012 Sonderausstellung Ludwig II» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին. Վերցված է 2026-08-02-ին.
  17. 1 2 3 4 Tobias Schönauer. «2016 Sonderausstellung Andre Butzer ausführlich» (գերմաներեն). Վերցված է 2026-08-02-ին.
  18. ↑ Tobias Schönauer. «2013 Sonderausstellung Jo Röttger» (գերմաներեն). Վերցված է 2026-08-02-ին.
  19. ↑ Tobias Schönauer. «2013 Sonderausstellung Apokalyptik ausführlich» (գերմաներեն). Վերցված է 2026-08-02-ին.
  20. ↑ Tobias Schönauer. «2014 Sonderausstellung Who cares ausführlich» (գերմաներեն). Վերցված է 2026-08-02-ին.
  21. ↑ Tobias Schönauer. «2014 Schulprojekt Erster Weltkrieg» (գերմաներեն). Վերցված է 2026-08-02-ին.
  22. ↑ Tobias Schönauer. «2014 Sonderausstellung Kriegsbeginn ausführlich» (գերմաներեն). Վերցված է 2026-08-02-ին.
  23. ↑ «Ingolstadt 1914-1918». Վերցված է 2026-08-02-ին.
  24. ↑ Tobias Schönauer. «2014 Sonderausstellung Kleinformat ausführlich» (գերմաներեն). Վերցված է 2026-08-02-ին.
  25. ↑ Tobias Schönauer. «2015 Sonderausstellung Tribal wars ausführlich» (գերմաներեն). Վերցված է 2026-08-02-ին.
  26. ↑ Tobias Schönauer. «2015 Napoleon ausführlich» (գերմաներեն). Վերցված է 2026-08-02-ին.
  27. ↑ Tobias Schönauer. «2017 Sonderausstellung Gebirgstruppe ausführlich» (գերմաներեն). Վերցված է 2026-08-02-ին.
  28. ↑ «Im Visier des Fotografen. Alte Waffen in neuem Licht» (գերմաներեն). Վերցված է 2018-09-12-ին.
  29. 1 2 «Soldatenbilder 1650-1820. Gemälde aus dem Depot des Bayerischen Armeemuseums». Վերցված է 2021-04-06-ին.
  30. ↑ «2022 Sonderausstellung: Donbas. Krieg in Europa - Bayerisches Armeemuseum». Վերցված է 2022-01-22-ին.
  31. ↑ Tobias Schönauer. «2023 Sonderausstellung Zeughaus ausführlicher» (գերմաներեն). Վերցված է 2023-10-15-ին.
  32. ↑ Freunde des Armeemuseums machen Front. In: donaukurier.de. (https://www.donaukurier.de/lokales/ingolstadt/Freunde-des-Armeemuseums-machen-Front;art599,2168133).
  33. ↑ Förderverein hat Klärungsbedarf. In: Augsburger Allgemeine. 2017-10-17 (Online).
  34. ↑ Ingolstadt: Wechsel an der Spitze der Freunde des Bayerischen Armeemuseums. In: donaukurier.de. (https://www.donaukurier.de/lokales/ingolstadt/Ingolstadt-Auf-Dumann-folgt-Aichner;art599,3253358).
  35. ↑ Christian Silvester: Ingolstadt: Förderverein des Bayerischen Armeemuseums verbreitet revisionistische und rechtsradikale Texte. In: donaukurier.de. 2017-10-06 (Online).
  36. ↑ Förderverein hat Klärungsbedarf. In: Augsburger Allgemeine. 2017-10-17 (Online).
  37. ↑ Christian Silvester: Ingolstadt: Förderverein des Bayerischen Armeemuseums verbreitet revisionistische und rechtsradikale Texte. In: donaukurier.de. 2017-10-06 (Online).
  38. ↑ Förderverein hat Klärungsbedarf. In: Augsburger Allgemeine. 2017-10-17 (Online).