Բասսի նեղուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բասսի նեղուց
en/Bass Strait
ԵրկիրԱվստրալիա
Բաժանում էԱվստրալիան և Թասմանիա կղզին
Առավելագույն խորություն155 մ
Երկարություն500 կմ
Լայնություն250 կմ

Բասսի նեղուց[1] (Բասսի նեղուց; անգլ.՝ Bass Strait), նեղուց, որը բաժանում է Ավստրալիան և Թասմանիա կղզին և իրար է կապում Հնդկական և Խաղաղ օվկիանոսները։ Նեղուցը անվանակոչվել է ի պատիվ Ջորջ Բասսի, Մեթյու Ֆլինդերսի էքսպեդիցիայի նավի բժշկի, որը նավարկում էր Վան-Դիմենի Երկրի (Թասմանիայի նախկին անվանումն է) շուրջը «Նորֆոլկ» նավով՝ 1798–1799 թվականներին։

Սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային հիդրոգրաֆիական կազմակերպությունը (անգլ.՝ International Hydrographic Organization(IHO)) Բասսի նեղուցի սահմանները ներկայացնում է հետևյալ կերպ՝ արևմուտքում՝ Մեծ Ավստրալիական ծոցի արևելյան հատվածն է, Ավստրալիա հրվանդանից մինչև Քինգ կղզին և դրանից մինչև Գրիմ հրվանդան, հյուսիս–արևմտյան մասում՝ Թասմանիայի եզրային հատվածներն են, արևելքում՝ Թասմանի ծովի արևմտյան մասի և Էդիսոն հրվանդանի ու Գաբո կղզու միջև ընկած հատվածը, հասնելով մինչև Իստ Սիստերո (148°արլ․ե․) կղզի, այնուհետև, 148–րդ միջօրեականով՝ մինչև Ֆլինդերս կղզի։ Այս կղզուց անցնում է այն գիծը, որը տանում է դեպի Վանսիտտարտ ծանծաղուտից մինչև Քեյփ–Բարրեն կղզին, և Բարրեն հրվանդանից ( Քեյփ–Բարրեն կղզու արևելյան ծայրակետը) մինչև Էդդիսթոուն հրվանդան (41° հրվ․լ․)՝ Թասմանիայում։

Որոշ կառավարական մարմիններ գտնում են, որ նեղուցը համարվում է Խաղաղ օվկիանոսի[2] մաս՝ ըստ 2002 թվականին հրատարակված «Ծովերի և օվկիանոսների սահմանները» աշխատության։

Ավստրալիական հիդրոգրաֆիական ծառայությունը այն չի համարում Հարավային օվկիանոսի մաս, և հայտարարում է, որ այն գտնվում է Թասմանի ծովում[3]։ Բասսի նեղուցի մի մասը, որը գտնվում է Ֆյուրնո և Թասմանիա կղզիների միջև, կոչվում է Բենգսի նեղուց՝ ի պատիվ Ջոզեֆ Բենգսի։

Հայտնագործումը և հետազոտումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանաբար, նեղուցը հայտնագործվել է Աբել Թասմանի կողմից, երբ նա քարտեզագրում էր Թասմանիայի ափամերձ գոտին 1642 թվականին։ Դեկտեմբերի 5–ին Թասմանը ուղևորվում է կղզու արևելյան մասով դեպի հյուսիս՝ տեսնելու, թե մինչև ուր է այն ձգվում։ Երբ ափը թեքվում է դեպի հյուսիս–արևմուտք՝ Էդդիսթոուն[4] հրվանդանի մոտ, նա փորձում է շարունակել ճանապարհը , բայց նրա նավերը ենթարկվում են ուժեղ քամիների, որոնք փչում էին Բասսսի նեղուցից (այժմ դրանք կոչվում են «ագռավների կռնչոց»)[5]։ Քանի որ Թասմանի հիմնական խնդիրը Հարավայի մայրցամաքի հայտնագործումն էր, ոչ թե կղզու հետազոտումը, նա շրջվում է դեպի արևելք և շարունակում փնտրտուքները[6]։

Մոտ 14000 տարի առաջ Բասսի նեղուցի տեղում գոյություն է ունեցել Բասսի հարթավայրը (Bassian Plain)

Հաջորդ եվրոպացին, որը մտել է նեղուց, կապիտան Ջեյմս Կուկն էր՝ իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ, «Ինդեվորե»–ով՝ 1770 թվականին։ Հմուտ և տաղանդավոր հիդրոգրաֆը՝ Կուկը, անմիջապես նկատում է նեղուցը, բայց գիտեր, որ պետք է գաղտնի պահի հայտնագործությունը։ Ճանապարհորդությունն ընթանում էր Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի լարված հարաբերությունների շրջանում, Յոթնամյա պատերազմում Մեծ Բրիտանիայի հաջողության , այնուհետև ֆրանսիացիների հաջողությունների՝ 1778–1783 թվականների Անգլո–ֆրանսիական պատերազմի[7] ժամանակաշրջանում։ Բրիտանական Ադմիրալությունը հրատարակում է բանավոր հրահանգներ՝ գաղտնի պահել ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող հայտնագործությունները, որոնք կարող են սպառնալ երկրի անվտանգությանը, օրինակ, ափամերձ կղզիները, որոնց դեմ թշնամին կարող է ռազմական գործողություններ իրականացնել և դիմել ագրեսիայի։ Այդ պատճառով Կուկը օրագրում կոդավորում է իր հայտնագործությունը[8] և քարտեզում գծագրում է սխալ ափագիծ, մինչև հորինված Հիքս[9] հրվանդան։ Կուկի քարտեզագրական կեղծիքն աշխատում է, և Թասմանիայի մեկուսացումը շարունակվում է ևս երեք տասնամյակ։ Երբ Բասսի նեղուցի հայտնագործման լուրը 1798 թվականին հասնում է Եվրոպա, ֆրանսիական կառավարությունը այնտեղ է ուղարկում հետախուզական արշավախումբ՝ Նիկոլյա Բոդենի գլխավորությամբ։ Դա ստիպում է Քինգի նահանգապետին Սիդնեյից Թասմանիա ուղարկել երկու նավ, որպեսզի Հոբարտում[10] կայազոր տեղակայի։ Նեղուցի գոյության մասին փաստը հիմնավորվում է 1797 թվականին «Սիդնեյի ծոց» նավի նավապետի կողմից, երբ նա հասնում էՍիդնեյ այն բանից հետո, երբ իր բեռնված նավը դիտավորությամբ նստեցնում է ծանծաղուտի վրա՝ Պահպանության կղզու մոտ, նեղուցի արևելյան մասում։ Նա հայտնում է, որ ուժեղ հարավ–արևմտյան քամին, ինչպես նաև նեղուցներն ու հոսանքները թույլ են տալիս ենթադրել, որ կղզին գտնվում է ջրուղում, որը միացնում է Խաղաղ օվկիանոսը և Հնդկական օվկիանոսի հարավային մասը։ 1797 թվականի օգոստոսին Հանթերի նահանգապետը գրում է Ջոզեֆ Բենգսին, որ հավանաբար նեղուցը գոյություն ունի[11]։ Նեղուցը կոչվել է Ջորջ Բասսի պատվին, այն բանից հետո, երբ նա և Մեթյու Ֆլինդերսը հատում են այն, երբ նավարկում էին Վան–Դիմեն Երկրի շուրջը։ Ֆլինդերսի առաջարկությամբ Նոր Հարավային Ուելսի նահանգապետ Ջոն Հանթերը 1800 թվականին Վան–Դիմեն Երկրի և մայրցամաքի միջև ընկած ջրային տարածքը անվանում է «Բասսի նեղուց»[12]։

Աշխարհագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասսի նեղուցը ունի մոտ 250 կմ լայնություն և 500 կմ երկարություն՝ 60 մետր միջին խորության վրա։ Ամենալայն հատվածը՝ մոտ 350 կմ, ընկած է Թասմանիայի հյուսիս–արևելյան վերջավորության վրա գտնվող Պորտլենդ հրվանդանի և Ավստրալիայի մայրցամաքային մասի՝ Հիքս հրվանդանի միջև։ Բասսի նեղուցի ստորջրյա հետախուզության ժամանակ Ջեննինգսը[13] նկարագրում է Բասսի նեղուցի բաթիմետրիկ ավազանը՝ ոչ խորը իջվածք մոտ 120 կմ լայնությամբ և 400 կմ երկարությամբ, ավելի քան 65000 կմ² տարածք՝ նեղուցի կենտրոնական մասում։ Բասսի նեղուցի ամենամեծ խորությունը գտնվում է Ֆլինդերս և Սիստեր կղզիների միջև, այն հասնում է 155 մետրի։ Երկու սարահարթերը, որոնք գտնվում են նեղուցի արևելյան և արևմտյան մասերում, կազմված են պալեոզոյան շրջանի գրանիտային հիմքից։ Այդ սարահարթերը սահմանազատում են Բասսի նեղուցը հարևան ավազաններից։ Բասսի նեղուցի՝ մինչև 50 մետր խորության վերընթաց մասով, կապված են Ֆլյուրնո կղզիների խմբին, որոնցից ամենամեծը համարվում է Ֆլինդերս կղզին (մաքսիմալ բարձրությունը 760 մետր)։

Բասիի Նեղուցի ափերի ամենակարճ հեռավորությունը
Քինգ կղզու շեմի խորությունը մոտ 50 մետր է և իր մեջ ներառում է Թեյլ ծանծաղուտը (40 մետր), ինչպես նաև Կինգ կղզին։ Ստորջրյա ավազաբլուրները և լեռնաշղթաները մակընթացային հոսքերի ժամանակ ծածկում են մոտ 6000 կմ² մակերեսով Բասսի նեղուցի հատակը[14]։  

Պլիստոցենի շրջանում Բասսի նեղուցի կենտրոնական մասը՝ ծովի մակարդակից ցածր, շրջապատված է եղել ցամաքի բարձրացված շեմերով՝ ձևավորելով մեծ ծանծաղ լիճ։ Դա տեղի է ունեցել վերջին սառցապատման շրջանում՝ 18000 տարի մ․թ․ա․, երբ ավազանն ամբողջությամբ մեկուսացված էր։ Ծովի մակարդակի բարձրացման ժամանակ ավազանն ամբողջովին ջրասույզ է լինում՝ մոտ 8000 տարի մ․թ․ա․, երբ ձևավորվում է Բասսի նեղուցը, իսկ Թասմանիան դառնում է առանձին կղզի[15]։

Կղզիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասսի նեղուցում գտնվում են ավելի քան 50 կղզիներ։ Հիմնական կղզիները ներառում են՝

Նեղուցի արևմտյան մաս՝
  • Քինգ կղզի
  • Տրի-Խամմոկ կղզի
  • Հանթեր կղզի
  • Ռոբբինս կղզի
Հարավ-արևելյան մաս՝
  • Ֆյուրնո կղզի
    • Ֆլինդերս կղզի
    • Քեյփ-Բարրեն կղզի
    • Կլարկ կղզի
    • Սիստեր կղզիների խումբ
    • Մի քանի այլ կղզիներ
Հյուսիս-արևելյան մաս՝
  • Քենթ խումբ
    • Դիլ կղզի
    • 3 փոքր կղզիներ
  • Հոգան կղզի
  • Կուրտիս կղզի

Պահպանվող տարածքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասսի նեղուցում գտնվում են համադաշնության մի քանի ծովային արգելոցներ։ Առավել խոշոր երկու արգելոցները՝ Ֆլինդերսը և Զեեանը տարածվում են Նեղուցի սահմաններից անդին։ Առավել փոքրերը սովորաբար ունենում են պահպանության որոշակի կարգավիճակ։ Մասնավորապես, Քենտ Ազգային պարկը ընդգրկում է Թասմանիա կղզու Քենտ–Գրուպը, ինչպես նաև շրջակա պետական ջրային տարածքները, որոնք համարվում են առանձնացված ծովային արգելոցներ։Ազգային պարկը ամբողջովին պահպանվում է Համադաշնության Բիգլ Ծովային արգելոցի կողմից։ Վիկտորիա նահանգը ևս ունի մի քանի ծովային ազգային պարկեր Բասսի նեղուցում և դրանք բոլորը մայրցամաքի ափագծի շրջանում են։

Բնական ռեսուրսները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասսի նեղուցի արևելյան մասում՝ այսպես կոչված Հիպպսլենդի ավազանում, հայտնաբերված են նավթի և գազի մի շարք հանքավայրեր։ Ամենախոշոր հանքավայրերը բացվել են 1960–ական թվականներին և տեղաբաշխված են ափագծից 50–65 կմ հեռավորության վրա, խորութունը՝ մոտ 70 մ[16]։ Այդ նավթային հանքավայրերից են՝ «Halibut Field», 1967 թվականին բացված, «Cobia Field», 1972 թվականին բացված, «Mackerel Field» և «Fortescue Field»,1978 թվականին բացված[16]։ Բնական գազի խոշոր խոշոր հանքավայրերն են՝ «Whiptail field», «Barracouta Field», «Snapper Field» և «Marlin Field[16]»։ Նավթը և գազը արդյունահանում են կավճի ժամանակաշրջանի շերտերից, որոնք առաջացել են Ավստրալիայի և Անտարկտիդայի առաջացման ժամանակ[16]։ Արևմտյան ավազանը, որը հայտնի է ինչպես «Օտվեյի ավազան», բացվել է 1990–ական թվականններին Պորտ–Քեմփբելից։ Նրա շահագործումը սկսվել է 2005 թվականին։ Նավթը և գազը նավթամուղներով և գազամուղներով տեղափոխվում են Լանգֆուրդի, Ալթոնի, Վիկտորիայի, Ջիլոնգի, ինչպես նաև Նոր Հարավային Ուելսի նավթավերամշակման և գազավերամշակման գործարաններ։ Բնական գազի խողովակաշարերը «Օտվեյի ավազան»–ից ձգվում են Պորտ–Քեմբելլի մերձակա մի շարք վերամշակման կետեր։

2017 թվականի հունիսին Վիկտորիայի կառավարությունը հայտարարում է Ավսրալիայում առաջին օֆշորային հողմային էլեկտրակայանի[17] նախագծի մշակման մասին։ Նախատեսվում է, որ էլեկտրակայանը, որը կարող է ունենալ մինչև 250 հողմային գեներատորներ՝ 574 կմ² մակերեսի սահմաններում, պետք է ապահովի 8000 ԳՎտժ էլեկտրաէներգիա, որը կազմում է Վիկտորիայի էներգասպառման մոտ 18%–ը և կարող է «Հեզելվուդ» էլեկտրակայանին փոխարինել, որը փակվել էր 2017 թվականի սկզբին։

Նավագնացությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական օվկիանոսի հարավ–արևելյան մասի և Թասմանի ծովի միջև ուժեղ հոսանքները նեղուցում առաջացնում են հզոր ալիքներ։ Նախկինում Թասմանիայի և Ավստրալիայի ափերի մոտ հազարավոր նավաբեկություններ էին լինում։ Ներկայումս դրանց թիվը խիստ կրճատվել է՝ շնորհիվ ժամանակակից նավագնացության և հզոր նավերի։ Նեղուցով անցնող շատ նավերի անհետացումից հետո հետք անգամ չի մնացել։ Չնայած բոլոր միֆերին և անհավատալի պատմություններին, ծովահենների մասին լեգենդներին, Բերմուդյան եռանկյունու նման երևույթներին, այդ բոլոր նավաբեկությունների և անհետացումների հիմնական պատճառ են հանդիսանում հաճախակի փոթորիկները և նեղուցի ժայռոտ ափերը։ Թասմանիան շրջապատող այլ ջրերի նման, Բասսի նեղուցը ևս համարվում է դաժան, որովհետև այնտեղ ևս տեղի են ունեցել մեծ թվով նավաբեկություններ, շատ նավեր անհետացել են XIX դարի ընթացքում։ 1848 թվականին Դիլ կղզում տեղադրվել է փարոս՝ նեղուցի արևելյան ափի նավերի օգնության համար, իսկ արևմտյան մասում՝ Օտվեյ հրվանդանում է տեղադրվում փարոս, հետո նաև Քինգ կղզու հյուսիսային մասում՝ Ուիկհեմ հրվանդանում՝ 1861 թվականին։Չնայած նեղուցի անցման ժամանակ հանդիպող դժվարություններին, Բասսի նեղուցը ապահովել է XIX դարի սկզբում Եվրոպայից և Հնդկաստանից դեպի Սիդնեյ նավերի անվտանգ երթևեկությունը։ Նեղուցը նաև կրճատել է մինչև Սիդնեյ ճանապարհը մոտ 700 ծովային մղոնով[11]։

Ինֆրակառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիացիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասսի նեղուցը անցնելու ամենաարագ և հաճախ նաև ամենաէժան միջոցը օդայինն է։ Թասմանիայի հիմնական օդանավակայաններն են համարվում Հոբարտի միջազգային օդանավակայանը և Լոնսեստոնի օդանավակայանը, որտեղ հիմնական ավիաընկերություններն են Jetstar Airways և Virgin Australia։ Qantas և Tigerair Australia ընկերությունները ևս իրենց ծառայություննեն են մատուցում։ Թասմանիայի հյուսիսում ոչ մեծ օդանավակայաններ սպասարկվում են տեղական ընկերությունների կողմից՝ Regional Express Airlines, QantasLink կամ King Island Airlines.

Բասսի նեղուցի ինֆրակառուցվածքը

Լաստանավային փոխադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին ծովային տրանսպորտը Թասմանիայում սպասարկվում է երկու ուղևորատար լաստանավային փոխադրումների միջոցով։ Նավերը ամեն օր երթևեկում են երկու հակառակ ուղղություններով՝ Դեվոնպորտ և Մելբուռն։ Ամառային սեզոնին իրականացվում են փոխադրումներ նաև գիշերային ժամերին[18]։

Էներգիան և կապը[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականից շահագործվում է Բասսի նեղուցով անցնող ստորջրյա էլեկտրական մալուխը։ Այն կարող է տեղափոխել մինչև 630 մեգավատտ էլեկտրաէներգիա։ Առաջին ստորջրյա մալուխը Բասսի նեղուցով անց է կացվել 1859 թվականին։ Այն սկսվել է Օտվեյ հրվանդանից, հետո անցել Քինգ կղզով, ավարտվել Սթենլի հրվանդանի մոտ՝ Թասմանիայում։ Սակայն որոշ ժամանակ անց առաջանում են խնդիրներ և արդյունքում 1861 թվականին մալուխն ամբողջովին շարքից դուրս է գալիս։ Ներկայումս Թասմանիան մայրցամաքին միացած է երկու թելքաօպտիկական մալուխներով՝ Telstra։ 2006 թվականից՝ բարձրավոլտ հաստատուն հոսանքագծով՝ Basslink։

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին Բասսի նեղուցի վրա տեղի ունեցավ Ավստրալիայի պատմության ամենահայտնի ՉԹՕ դեպքերից մեկը։ Ֆրեդերիկ Վալենտիչը, որն իր ոչ մեծ ինքնաթիռով թռչում էր Բասսի նեղուցի վրայով, հաղորդում է տեղի օդանավակայան, որ իր ինքնաթիռի շուրջ պտտվում է ինչ–որ անհասկանալի օբյեկտ։Այնուհետև, օդանավակայանի աշխատակիցները լսում են մետաղական սղոցող ձայն, որից հետո տիրում է լռություն։ Վալենտիչը իր ինքնաթիռի հետ միասին անհետանում են, և դրանից հետո ո՛չ Վալենտիչին և ո՛չ էլ նրա ինքնաթիռը երբևէ չեն տեսնում։

Պարբերաբար վերահրատարակվող Ջեկ Լոնիի[19] գրքում նկարագրված են բոլոր անհետացումները։

Բասսի նեղուցի հատումը առանց շարժիչների միջոցներով[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասսի նեղուցը պարբերաբար հատում են առագաստանավեր, այդ թվում ամենամյա առագաստանավային ռեգատի ժամանակ Մելբուռնից դեպի Հոբարտ։ Սիդնեյից դեպի Հոբարտ ռեգատը սովորաբար անցնում է նեղուցից դեպի արևելք, բայց դա կախված է լինում եղանակային պայմաններից։

Ավստրալիացի առագաստանավորդ Մայքլ Բլեկբերնը՝ 2000 թվականի Սիդնեյի ամառային օլիմպիադայի բրոնզե մեդալակիրը, 2005 թվականի մարտին սահմանում է ռեկորդ, երբ հատում է նեղուցը 13 ժամում՝ «Լազեր» առագաստանավով[20]։ Թիավարորդ Դեվիդ Բոուենը Mount Martha–ից 1971 թվականին հատում է Բասսի նեղուցը 20 ֆուտանոց նավով։ Դուրս գալով Դեվոնպորտից, նա հասնում է մինչև Ուիլսոն[21]։ Tammy van Wisse–ը 1996 թվականին լողալով հատում է նեղուցի մի հատվածը՝ Քինգ կղզուց մինչև Ապոլլոն ծոցը՝ մոտ 100 կմ տարածությունն անցնելով 17 ժամ և 46 րոպեում[22][23]։ 1971 թվականին Ռոդ Հարրիսը և Պիտեր Ռիչարդսը հատում են Բասսի նեղուցը քայաքներով։ Դրանից հետո շատերն սկսեցին հատել նեղուցը քայաքներով, նեղուցի արևելյան մասով, կղզուց՝ կղզի[24][25][26]։ Ավելի քիչ են եղել նեղուցի հատումները քայաքներով Քինգ կղզու միջով, պատճառը՝ 100 կիլոմետրանոց հատվածն է Վիկամ հրվանդանի և Ապոլլոն նեղուցի միջև։ Էնդրյու Մակուլին առաջին մարդն է, որը առանց կանգառի հատել է Բասսի նեղուցը ծովային քայաքով 2003 թվականին։ Նա իրականացնում է ևս երկու այդպիսի անցումներ նեղուցով, մինչ զոհվելը՝ 2007 թվականին, երբ փորձում էր հատել Թասմանի ծովը[27]։ Քայթսյորֆերները ևս իրականացրել են Բասսի նեղուցով հատումներ[28][29]։ Նեղուցի հատումը բայդարկայով իրականացվել է 2014 թվականի փետրվարի 25–ից մարտի 4–ը՝ Ջեկ Բարկի, Բրեդ Գալլիի և Զեբ Ուոլշի կողմից, Վիլսոնս–Պրոմոնտորից մինչև Պորտլենդ հրվանդան[30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 40.
  2. «Marine Gazetteer Placedetails». VLIZ. Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.
  3. «Названия и границы океанов и морей вокруг Австралии (Eng)» (PDF). Австралийская гидрографическая служба. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013-05-29 г.-ին.
  4. G.Schilder Australia unveiled. — Amsterdam: Theatrum Orbis Terrarum Ltd., 1976. — С. 170. — ISBN 9022199975
  5. V.Francois Oud en nieuw Oost-Indien. — Dordrecht: J. van Braam. — С. vol.3, p.47. — ISBN 9789051942347
  6. Lying for the Admiralty, էջ 105
  7. Lying for the Admiralty, էջ 80—93
  8. J.C.Beaglehole Journals vol.I. — Cambridge: Hakluyt Society, 1968. — С. 299. — ISBN 0851157440
  9. Lying for the Admiralty, էջ 148—154
  10. Lying for the Admiralty, էջ 155—162
  11. 11,0 11,1 G.Blainey Tyranny of Distance: How Distance Shaped Australia's History. — Melbourne: Sun Books, 1966. — С. 73—74.
  12. Matthew Flinders(1814). A Voyage to Terra Australis
  13. Jennings, J. N. (1958). The submarine topography of Bass Strait. Proceedings of the Royal Society of Victoria, 1971, p.49-71.
  14. Malikides, M., Harris, P. T., Jenkins, C. J., & Keene, J. B. (1988). Carbonate sandwaves in Bass Strait. Australian Journal of Earth Science, 35, 303—311
  15. Blom, W. M., & Alsop, D. B. (1988). Carbonate mud sedimentation on a temperate shelf: Bass Basin, southeast Australia. Sedimentary Geology,pp. 269—280
  16. 16,0 16,1 16,2 16,3 Hendrich, J.H. and other Fortescue Field, Gippsland Basin, Offshore Australia, In Giant Oil and Gas Fields of the Decade. — American Association of Petroleum Geologists, 1978—1988. — С. 484—485. — ISBN 0891813330
  17. «First offshore wind farm». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  18. Peter Plowman (2004) Ferry to Tasmania: A short history Dural, N.S.W. : Rosenberg Publishing. 1-877058-27-0
  19. Jack Loney, Mysteries of the Bass Strait Triangle, Neptune Press, 1st ed. 1980. 3rd ed. 1984 5th ed. 1993 (0-909131-53-8) and later editions,
  20. «Blackburn's Bass Strait Laser Sailing Record». Laser Sailing Tips. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  21. «Lone Rower Safe Ashore». news.google.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին. By Patrick Boyce «The Age» 22 March 1971.
  22. H.Kempton (2009 թ․ սեպտեմբերի 2). «Pair to 'fly' across Bass Strait». The Mercury (Hobart). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  23. «Bass Strait». Tammy van Wisse. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  24. «Bass Strait Crossing by sea kayak» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 29-ին.
  25. «Bass Strait Crossing». Paddle with Sim. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
  26. «Solo Bass Strait Crossing». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 4-ին.
  27. «Andrew McAuley was not crazy or reckless but crossing the Tasman Sea in a kayak was a calculated, planned gamble he lost». Melbourne: The Age. 2007 թ․ փետրվարի 16.
  28. «Australian kitesurfers cross the Bass Strait for the first time». Surfertoday.com. 2009 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
  29. «Natalie Clarke kite crosses the Bass Strait in record time». Surfertoday.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
  30. «Australians cross Bass Strait on paddleboards in 'world first'». ABC News. 2014 թ․ մարտի 5.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բասսի նեղուց» հոդվածին։