Բասկյան համակարգ
Բասկյան համակարգ կամ Բրոնշտեյնի շախմատ, շախմատային մրցախաղի տեսակ, երբ երկու շախմատիստներ միմյանց հետ խաղում են միաժամանակ մի քանի խաղատախտակների (հիմնականում՝ երկու) վրա՝ փաստորեն, իրար դեմ անցկացնելով միաժամանակյա խաղաշար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համակարգը 1960-ական թվականներին մտահղացել է խորհրդային գրոսմայստեր Դավիդ Բրոնշտեյնը, որը մտահոգված էր դասական շախմատի «տխուր» ժամակարգը բազմազանեցնելու խնդրով։ Այն ժամանակ պարտիայի 40 քայլի համար յուրաքանչյուր կողմին տրվում էր երկուսուկեսական ժամ, գումարած՝ վերախաղարկությունը, որը, որպես կանոն, կայանում էր հաջորդ օրը։ «Իսկ ինչո՞ւ չուրախացնել հանդիսատեսին և մեկ երեկոյի ընթացքում չխաղալ միանգամից չորս, վեց կամ ութ պարտիա, ընդ որում, ոչ թե իրար հետևից, այլ միաժամանակ»,— մտորում էր Բրոնշտեյնը։ Եվ նա անմիջապես աջակցություն ստացավ աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի կողմից[1]։ Առաջին անգամ այս համակարգը կիրառվեց հենց այս երկու գրոսմայստերների մրցախաղում։ Ութ պարտիայից բաղկացած այդ խաղաշարում 5,5-2,5 հաշվով հաղթեց Տալը[2]։ Այն այդպես էլ մնաց Բրոնշտեյնի շախմատով խաղացված գրեթե միակ մրցախաղը։ Հետո այն մոռացվեց և միայն տարիներ անց վերածնվեց Իսպանիայում և վերադարձավ «բասկյան համակարգ» անվանումով։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջերս այս համակարգը երբեմն կիրառվում է որոշ մրցաշարերում։ Խոշորագույն վերջին մրցաշարը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում 2013 թվականի դեկտեմբերին կայացած Համաշխարհային մտավոր խաղերն են, որի «բասկյան համակարգով» մրցաշարին մասնակցել է նաև Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։ Այստեղ մրցակիցներն արագ շախմատի ժամակարգով իրար դեմ խաղացել են միաժամանակ երկու խաղատախտակի վրա՝ մեկում սպիտակ խաղաքարերով, մյուսում՝ սև։ Տղամարդկանց մրցաշարի հաղթող է դարձել ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, իսկ կանանց մրցաշարում՝ աշխարհի չեմպիոն, չինուհի Հու Յիֆանը[3]։