Բառիմաստի փոփոխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բառիմաստի փոփոխություն, բառի իմաստի փոփոխությունը(մետասեմիա//Semantic change),բառապաշարի հարստացման ներքին կարևոր ,երկրում կատարվող սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային, գիտական, տեխնիկայի փոփոխություներով պայմանավորված միջոց, որ տեղի է ունենում տարբեր պատճառներով։ Արդյունքը՝ բառիմաստի նեղացում, ընդյալնում, շրջում, համաբանության[1] ։

Բառիմաստի փոփոխություն, պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառիմաստի նեղացում իմաստափոխական երևույթ, իմաստային դաշտի փոքրացում։

  • կորում է հիմնական, նախնական իմաստը, օրինակ՝ քաջ բառի՝ խիզախ, լավ, ընտիր գրաբարյան նշանակության փոխարեն ունենք խիզախ իմաստը և պահպանված մի քանի ձևեր(քաջառողջություն, քաջատեղյակ, քաջ գիտենալ), վերարկու՝ վրայից գցվող ինչ- որ բան իմաստը գրաբարում էր, իսկ այժմ միայն ձմեռային հագուստ իմաստը։
    • ձեռք է բերվում ավելի նեղ իմաստ․ օրինակ՝ հավ բառը գրաբարում նշանակել է ընդհանրապես թռչուն (հոգնակի թիվ ուղղականը` հավք), ժամանակակից հայերենում այն ձեռք է բերել թռչունի մի տեսակի իմաստը, օթոց -ը գրաբարում ուներ գորգ, ծածկոց, բազմոց, վրան նստելու բարձ, շալ իմաստները, որից պահպանվել են բազմոց, ծածկոց նշանակությունները։

Բառիմաստի ընդլայնում իմաստափոխական երևույթ, բառի իմաստային դաշտի ընդարձակում, ընդլայնում։

  • բառի գլխավոր իմաստային դաշտի ընդլայնում, օրինակ` կառավարել նախկինում նշանակել է կառք վարել, ժամանակակից հայերենում այն ունի ղեկավարել իմաստը, նետել բառը նշանակել է նետ արձակել, հետո՝ շպրտել, նետել իմաստները, մարշալ՝ նախկինում նշանակել է ձիապան, ապա զինվորական բարձրագույն պաշտոնի անվանում[2]։
    • հատուկ անունները դառնում են հասարակ անուն, օրինակ նիկոտին անունը ծագել է առաջինը ծխախոտ ներմուծած Նիկոտի անունից, բորդո՝ մուգ կարմիր նշանակությունն ունի այժմ, առաջացել է Բորդո տեղանունից, որտեղ կարմիր գինի են արտադրել։

Հ. Աճառյանը բառիմաստի ընդլայնման պատճառներից մեկն էր համարում «իմաստի բարձրացումը կամ ազնվացումը»[3]։

Բառիմաստի շրջում իմաստափոխական երևույթ, հիմնական, նախնական իմաստի փոխարեն հակառակ իմաստի առաջացում։ Դեղ բառից առաջացել է դեղել/ թունավորել իմաստները, մեղք/ հանցանք բառը խիղճ, գութ իմաստներն ունի/« Մեղք է խեղճ մարդը»/: Ածանցման արդյունքում որոշ բառերում բառիմաստի շրջում է տեղի ունենում՝ իմաստակ/ իմաստ± ակ/ նշանակում է տգետ,պանրիկ՝ ոչ թե փոքր պանիր, այլ որևէ միջուկով կաթնաշոռ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լիլիթ Արզումանյան, Կանթեղ I, Գիտական հոդվածների ժողովածու․-Գիրք4(45),․-Երևան,էջ 79
  2. Կանթեղ 1։ Գիտական հոդվածների ժողովածու (խմբ. Արզումանյան Լ․), Երևան, «Ասողիկ», 2010, էջ 85-86 — 268 էջ։
  3. Հ. Աճառյան, Լիակատար քերականություն,հատոր 5, Երևան, 2005թ., էջ 50-51

Բառիմաստի շրջում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառիմաստի շրջման արդյունքում բառի մեջ տրամագծորեն հակառակ իմաստի կամ իմաստների աջառացումն է։ Օրինակ՝ պարապ նշանակում է ազատ, անգործ, այնինչ պարապել նշանակում է մի բանով զբաղվել, գործ անել։

Բառիմաստի փոփոխությունները հայերենում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաբարը ներկայանում է իբրև բարձր մշակման ենթարկված գրական լեզու։ Լեզուն իր զարգացման գործընթացում օգտվում է ժողովրդի խոսակցական լեզվից, օտար լեզուներից, լեզվի հին շրջանի բառաշերտից. ձուլում է իր մեջ և հարստացնում է բառաֆոնդը՝ համապատասխան տվյալ շրջանի իր զարգացման միտումներին ու ոճաբանական պահանջներին։ Ինչպես Վ. Առաքելյանն է նշում. «Բառապաշարի կանոնիկացման հետ կապված է իմաստաբանական կանոնիկացումը։ Գրական լեզուն իր զարգացման ընթացքում ճշտում և սահմանաբացում է իմաստները՝ վերացնելով իմաստաբանական անորոշությունները»։ Մեր հին լեզվի բառապաշարի գերակշռող մասը հարատևելով հարստացրել է մեր նոր գրական լեզուն և դարձել նրա բառապաշարի հիմնական բառաֆոնդի կորիզը։ Բառի նախկին իմաստի և նոր իմաստի հարաբերությունները ցույց են տալիս բառիմաստի պատմական զարգացումը և նրա հետևանքները։

Իմաստափոխությունը պատմական երևույթ է և իրականանում է ժամանակի ընթացքում։ Կան բառեր, որոնք պահպանել են իրենց հիմնական իմաստները, մի շարք բառեր գործածվում են նոր նշանակություններով, որոշ բազմիմաստ բառեր կորցրել են այս կամ այն երկրորդական նշանակությունը։ Գրաբարյան բառերի մի մասը իմաստային տարբեր զարգացումներ է ունեցել միջին գրական հայերենում, արևմտահայ և արևելահայ գրական լեզուներում, մի քանի տասնյակ բառարաններում։ Ժամանակակից հայերենի պատմական իմաստաբանության համար կարևոր նշանակություն ունեն գրաբարյան իմաստափոխությունները, որովհետև մեր լեզվի բառապաշարը հիմնականում գրական ժառանգությամբ գալիս է գրաբարից։ Պրոֆեսոր Էդ. Աղայանը գրաբարից աշխարհաբարին անցած գրաբարյան և ժամանակակից իմաստների հարաբերակցությունը ամփոփում է հետևյալ կերպ.

  • Բառի գրաբարյան բոլոր նշանակությունները պահպանվել են և կենսունակ են մեր գրական լեզվում։
  • Բառի գրաբարյան իմաստների մեծագույն մասը պահպանվել է, բայց մեկ կամ մի քանի իմաստներ կա՛մ չեն պահպանվել, կա՛մ էլ մասնակի փոփոխությունների են ենթարկվել։
  • Բառի բազմաթիվ իմաստները պահպանվել են, բայց ոչ առաջնային, նախնական ուղղակի իմաստը։

Իմաստափոխության նշված երևույթները դրսևորվել են նաև Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» գրքից առանձնացված օրինակներում։ Պրոֆեսոր Էդ. Աղայանը նշում է. «Գործածվելով այլ առարկայի /երևույթի և այլն/ համար բառը ձեռք է բերում դրա հասկացությունը. այսինքն ստանում է մի նոր իմաստ, ըստ որում այդ նոր իմաստը կարող է բառի արդեն ունեցած հասկացության ընդարձակումը լինել, կարող է բոլորովին նոր հասկացություն լինել, կարող է բառի ունեցած իմաստին զուգորդել, նրա հետ միաժամանակ գոյություն ունենալ, կարող է փոխարինել նրան և այլն»։

Բառիմաստի պատմական զարգացումը առաջ է բերում հետևյալ փոփոխությունները՝ բառիմաստի ընդլայնում, նեղացում, իմաստների բևեռացում, իմաստների փոխհաջորդում և այլն։ Գրաբարից աշխարհաբարին անցման շրջանը բնորոշվում է նաև համանունության, հոմանիշային շարքերի վերացման կամ նվազման երևույթներով։

Բառերի նոր իմաստներ ձեռք բերելու գործընթացների մեջ հատկանշական է բառիմաստի աստիճանական ճյուղավորումը, տարբերացումը և մասնավորումը, որոնք հատկապես էական նշանակություն ունեն հոմանիշների շարքերի կազմության համար։

Հոմանիշների մեջ գոյություն ունեցող նրբիմաստային բոլոր տարբերությունները առաջանում են բառի իմաստային փոփոխությունների հետևանքով։ Ստորև բերենք հոմանիշների այնպիսի օրինակներ, որոնք բառիմաստի զանազան տեղաշարժերի շնորհիվ, այսինքն՝ բառի ունեցած նշանակության հետ երևան եկած նոր իմաստների, ինչպես նաև նոր իմաստի առաջացման հետ հին իմաստների մթագնման պատճառով ժամանակակից գրական հայերենում հոմանշային շարք չեն կազմում։

Բառի իմաստային փոփոխությունները ավելի պարզորոշ են երևում, երբ քննության ենք առնում առանձին բառերի իմաստային դրսևորումները թե՛ գրաբար, թե՛ աշխարհաբար տարբերակներում։ Բառիմաստի փոփոխությամբ նոր բառիմաստների առաջացումը լեզվի բառապաշարի հարստացման ներքին կարևորագույն միջոցներից է։ Համարյա աննկատելի կատարվող բառերի իմաստային փոփոխությունները որոշ ժամանակից հետո վեր են ածվում որոշակի որակական տարբերության։ Գրաբարյան բառերի մի մասը իմաստային տարբեր արտահայտություններ է գտել ժամանակակից գրական հայերենում։ Բառիմաստի փոփոխությունները բազմատեսակ են, դրանցից յուրաքանչյուրը հիմնված է որոշ երևույթների վրա. այսինքն՝ այդ փոփոխությունները առաջ բերող պատճառները բազմազան են։ Իմաստափոխությունների ընթացքը գիտական արժեք կներկայացնի այն դեպքում միայն, երբ դրանք քննարկվում են կոնկրետ որոշարկված, պատմական իրական տվյալների հիման վրա և այդ փոփոխությունները պայմանավորող երևույթների բացահայտմամբ։ Բառիմաստը տրամաբանական կապը պահել է իր հիմնական իմաստների հետ։ Չնայած բառի այս նշանակությամբ հանդես գալը կարող ենք համարել նաև դիպվածային, զուտ հեղինակային, եթե առաջնորդվենք զուտ բառարանային բացատրությամբ, քանի որ Նոր Հայկազյան բառարանը բառի բարձր իմաստը չի նշում։

Ժամանակակից գրական հայերեն իմաստափոխությունների իմաստափոխական հիմունքները բազմաթիվ են և բազմազան։ Բառի նախկին իմաստի և նոր իմաստի հարաբերությունները ցույց են տալիս բառիմաստի պատմական զարգացումը և դրա հետևանքները։ Իմաստափոխությունը տեղի է ունենում առանց դադարի, շարունակաբար և նման գործընթացում, եթե որոշ իմաստներ կորչում են և մնում բնորոշ միայն հին լեզվին, ապա մյուս կողմից նոր իմաստներ են առաջ գալիս։ Զարգացող ժամանակակից հայոց լեզուն ոչ միայն գրաբարի բառերի իմաստների մեծագույն մասն է ժառանգում, այլև իր բառային կազմը բազմաքանակ իմաստներով է զարգացնում։ Իմաստափոխությունը պատկանում է լեզվի « խոցելի» կողմերի թվին։ Բառիմաստի փոփոխությունները կատարվում են օրինաչափորեն և ոչ թե անբացատրելի պատահականություններով։ Նրանց մեջ իրենց արտացոլումն են գտնում փաստեր, որոնք կապված են մշակույթի, գիտության և այլնի զարգացման հետ, փաստեր, որոնք արմատավորվում են մարդու հոգեբանական բնույթի մեջ, արտահայտում են մտածողության ընդհանուր կատեգորիաները և վերջապես փաստեր, որոնք պայմանավորված են լեզվի կառուցվածքով կամ ներքին զարգացման օրենքներով։ Բայց միևնույն ժամանակ այդ օրինաչափությունները որոշակի են ու բազմազան, և չի կարելի դրանցից որևէ մեկը դիտել որպես բացարձակ օրենք բոլոր լեզուների, բոլոր ժամանակների ու բոլոր բառերի համար։