Բանալի (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանալի
ռուս.՝ Ключ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրcomedy of intrigue?, հեքիաթ և ֆանտաստիկա
ՌեժիսորԼև Ատամանով
ՍցենարիստՄիխայիլ Վոլպին
ՀնչյունավորումԱննա Կոմոլովա[1], Գեորգի Վիցին, Ռինա Զելյոնայա, Տատյանա Պելտցեր, Գենադի Դուդնիկ, Վերա Օռլովա, Ելենա Պոնսովա, Վլադիմիր Գրիբկով, Լարիսա Պաշկովա, Վլադիմիր Լեպկո, Սերգեյ Մարտինսոն և Գեորգի Տուսուզով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն57 րոպե
Թվական1961

«Բանալի», խորհրդային լիամետրաժ նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, ստեղծվել է 1961 թվականին, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Լև Ատամանովի կողմից։ Երգիծական հեքիաթը քննում է երջանկության հասկացությունը[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնյա Նիկոլայ Զախարովն ու նրա կինը` Լյալան, որդի են ունենում։ Երբ նրանք երեխային տուն են բերում, նրանց մոտ հանկարծակի հայտնվում են երեք փերիներ` Տյուլպինան, Գիացինտան և Լիլիանան, որոնք երեխային նվեր են բերում` «երջանկության կծիկի» տեսքով։ Նրանց խոսքով, երբ տղան մեծանա, պետք է գնա բաց դաշտ և, արտասանելով կախարդական «թռի՛ր կծիկ, ինչպես թռչնակ, միայն թե ուղիղ, այլ ոչ աջ ու ձախ» խոսքերը և «գնա գտնելու իր երջանկությունը»։ Նվերը մատուցելով` նրանք ուրախանում ու պարում են երիտասարդ ծնողների հետ։ Որոշ ժամանակ անց նրանց հյուր է գալիս Լյալայի հայրը` Սիմյոն Տուլյակովը, ով փորձառու փականագործ էր։ Նրա բերած նվերները աշխատանքային գործիքներ էին։ Իմանալով երեխայի ապագա երջանկության վերաբերյալ ծնողների ծրագրերը` նա զայրանում է` հայտարարելով, որ նրանք երեխային անգործունյա են մեծացնելու և որոշում է դեն նետել կծիկը։ Փերիները, նրան որևէ չարիք չցանկանալով, հասցնում են կանգնեցնել Տուլյակովին` նրան պատի վրայի նկարի վերածելով, որը հետո Զախարովը տանում է Տուլյակովի բնակարան։ Տանը Տուլյակովի գործիքները կենդանանում են և օգնում են փականագործին ազատվել պաստառից։ Նորմալ դրության վերադառնալով` Տուլյակովը որոշում է օգնություն խնդրել իր գիտնական-գյուտարար-ակադեմիկոս ընկեր Պյոտր Վոլշեբնիկովից։ Խորհրդակցելով` փականագործն ու գիտնականը որոշում են, որ Տուլյակովը պետք է հետախուզության գնա «Երջանկության երկիր»։ Տուլյակովի ափի մեջ «երջանկության կծիկի» մասնիկներ գտնելով` Վոլշեբնիկովը լաբորատորիայի պայմաններում սինթեզում է դրանք և ստեղծում ևս մեկ «երջանկության կծիկ»։

Գալով «Երջանկության երկիր» և այնտեղ որոշ ժամանակ անցկացնելուց հետո` Տուլյակովը վերադառնում է և հայտարարում գիտնականին, որ տղային այնտեղ թողնել չի կարելի. «երջանկության երկիրը» դրախտ է անգործների համար, որտեղ մարդը մինչև իր կյանքի վերջին օրերն անկարող է սրտում պահպանել անգամ սերը։ Միևնույ ժամանակ փերիների օգնությամբ տղան սկսում է մեծանալ ոչ թե օրերով, այլ ժամերով (և արդեն եսասիրության նշաններ է ցուցաբերում), ինչն ստիպում է փականագործին ու գիտնականին ավելի արագ մտածել։ Ի վերջո նրանք լուծում են գտնում և «Երջանկության երկրի» դարպասի մոտ են ուղարկում փոքրիկ ռոբոտի (երիտասարդ փերու կերապարանքով), որը դարպասի վրա կողպեք է դնում։ Որոշ ժամանակ անց տղան ինքն է գալիս դարպասի մոտ և պահանջում է ծեր պահակ փերուց իրեն ներս թողնել։ Պահակը պատասխանում է, որ դարպասը կարող է բացվել միայն մեկ բանալիով, որը տղան կստանա «Արագ սխրանքների և հեշտ հաղթանակների թագավորությունում»` մի քանի փորձության դիմաց։ Տղան լսում է պահակի խորհուրդը, գնում է «Արագ սխրանքների թագավորություն», որտեղ «անցնում է» բոլոր փորձությունները (որոնք «հեշտացված էին» ծույլերի համար)։ Ի վերջո նա բարձր ծափահարությունների տակ ստանում է բանալին ու վերադառնում է «Երջանկության երկրի» դարպասի մոտ, սակայն անգամ այս բանալին չի կարողանում բացել կողպեքը։ Փոքրիկ ռոբոտ-փերին խորհուրդ է տալիս գնալ կողպեքը պատրաստած վարպետի մոտ, որպեսզի նա տղային սովորեցնի բանալիներ պատրաստել, քանի որ կողպեքը կբացվի միայն տղայի ձեռքով սարքված բանալիով։

Տղան գալիս է վարպետի (այսինքն` իր պապիկի) մոտ և չարչարվելով իր ձեռքով բանալի է պատրաստում։ Աշխատանքի ընթացքում նրա բնավորությունը փոխվում է, և վերադառնալով «Երջանկության երկիր», նա սկսում է տանջվել կասկածներից։ Այդ ժամանակ Տուլյակովի մոտ է գալիս Վոլշեբնիկովը` բերելով կոտրված ռոբոտ Փոքրիկին, որին գցել էր հարբած ռոբոտ-պոետը։ Սակայն տուլյակովը չի կարողանում այն վերանորոգել. կամ արդեն վատ է տեսնում, կամ էլ շատ էր վշտացած թոռան հետ բաժանումից։ Այդ ժամանակ «Երջանկության երկրից» վերադառնում է տղան և հիշեով պապիկի սովորացրածը, ինքն է վերանորոգում ռոբոտը։

Մուլտֆիլմի ավարտին գյուտարարը հարցնում է Փոքրիկ ռոբոտին. «Եվ ի՞նչ է երջանկությունը»։ Եվ բոլոր գլխավոր հերոսները միասին ձևակերպում են մուլտֆիլմի հիմնական միտքը. «Երջանկությունն այն է, երբ մարդը շատ բան գիտի, շատ բան է կարողանում և այդ ամենը տալիս է մարդկանց»։ Վերջում տղան կծիկը դեն է նետում պատուհանից։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը վերաթողարկվել է VHS ձևաչափով, «Խոշոր պլան» և «Սոյուզ վիդեո» ընկերությունների կողմից, 1990-ական թվականներին։ Մուլտֆիլմը թողարկվել է նաև DVD ձևաչափով։ Պատկերի և ձայնի թվային վերականգնում չի եղել։ Տեսաերիզում ներառված է եղել նաև «Մարդուկին ես եմ նկարել» մուլտֆիլմը։

Ձայն-ռուսական Dolby Digital 1.0 Mono, Տարածաշրջանային կոդ-0 (All), Պատկեր-Standart 4:3 (1,33:1), Գույն-PAL, Ներկայացուցիչ-«Խոշոր պլան»

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Լ. Ատամանովը և սցենարիստ Մ. Վոլպինն օգտագործել են հեքիաթային ձևը` իրենց «Բանալի» մուլտֆիլմում շոշափելու դաստիարակության կենսական հարցեր։ Իսկական վարպետությամբ ու տակտով նրանք ավանդական հեքիաթային կերպարներին տվել են նոր, ժամանակակից բովանդակություն։ Ի՞նչ է երջանկությունը, ինչպե՞ս հասնել դրան, ի՞նչ բանալիով է բացվում դրա ցանկալի դուռը. այս թեմաներին, որոնք հավասարապես հետաքրքիր են և՛ մեծահասակների, և՛ երեխաների համար, նրանք նվիրել են իրենց մուլտֆիլմը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Наталья Василькова. Лев Атаманов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]