Բայի ժամանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բայի ժամանակ, քերականական կարգ, որը հատուկ է բայի դիմավոր ձևերին և ցույց է տալիս խոսելու պահի կամ սրա նկատմամբ վերցված որևէ անցյալ կամ ապառնի ժամանակակետի հարաբերումը գործողությանը կամ եղելությանը։

Ժամանակակից հայերենի բայն աչքի է ընկնում ժամանակային ձևերի հարստությամբ։ Հիմնական երեք ժամանակները՝ ներկա, անցյալ, ապառնի, ցույց են տալիս խոսելու պահին կատարվող, նախորդած կամ հաջորդող գործողություններ և ունեն իրենց տարատեսակները։ Դրանք բաշխվում են ըստ եղանակների, սահմանական եղանակն ունի 9 ժամանակ՝ ներկա, անցյալ անկատար, ապառնի, անցյալ ապառնի, վաղակատար, անցյալ վաղակատար, անցյալ կատարյալ, կրավորական վիճակ ցույց տվող չեզոք բայերի համար՝ նաև հարակատար և անցյալ հարակատար։

Ըղձական, ենթադրական և հարկադրական եղանակներն ունեն երկուական ժամանակ՝ ապառնի և անցյալ։

Հրամայականն ունի միայն մեկ ժամանակ՝ ապառնի։

Որոշ լեզուներում բացակայում են ապառնի ժամանակի հատուկ ձևերը։ Ժամանակակից հայերենի բայի ժամանակները ըստ կազմության բաժանվում են երկու խմբի՝ համադրական և վերլուծական։ Համադրական ժամանակները կազմվում են բայահիմքերից՝ վերջավորությունների հավելումով, իսկ վերլուծական ժամանակները՝ դերբայներով (անկատար, ապառնի, վաղակատար, մասամբ նաև՝ հարակատար) և օժանդակ բայի ներկա ու անցյալ ժամանակներով։

Ժամանակակից հայերենում գործածվում են նաև երկրորդական վերլուծական ժամանակներ, որոնք կազմվում են զուգընթացական, հարակատար ու ապառնի դերբայներով և լինել բայի խոնարհված ձևերով։ Գրաբարում ևս բայի ժամանակները ըստ կազմության բաժանվում են երկու խմբի՝ համադրական և վերլուծական, որոնք բաշխված են ըստ եղանակների հետևյալ կերպ, սահմանական եղանակ՝ ներկա, անցյալ անկատար, անցյալ կատարյալ, վաղակատար–հարակատար ներկա, անցյալ, բաղադրյալ ապառնի և անցյալ ապառնի. ստորադասական եղանակ՝ առաջին ապառնի, երկրորդ ապառնի, բաղադրյալ երկու ապառնիներ, հրամայական եղանակ՝ ներկա (բուն հրամայական), ապառնի (հորդորական և արգելական հրամայականներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 272