Բաղդադի գողը (ֆիլմ, 1940)
Բաղդադի գողը անգլ.՝ The Thief of Bagdad | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ[1][2], ֆլեշբեք ֆիլմ, ընտանեկան ֆիլմ, ֆիլմ-հեքիաթ և արկածային ֆիլմ |
Հիմք | Բաղդադի գողը |
Թվական | 1940 և դեկտեմբերի 25, 1940[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մայքլ Փաուել[1][4], Թիմ Ուիլան, Ալեքսանդր Կորդա, Զոլտան Կորդա, Ուիլյամ Քեմերոն Մենզիս և Լյուդվիգ Բերգեր[1][4][2] |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Կորդա, Զոլտան Կորդա և Ուիլյամ Քեմերոն Մենզիս |
Սցենարի հեղինակ | Լայոշ Բիրո և Մայլզ Մալեսոն |
Դերակատարներ | Կոնրադ Ֆեյդտ[5][4], Սաբու Դաստագիր, Ջոն Ջասթին[5][4][2], Ջուն Դյուպրե[5][4], Ռեքս Ինգրեմ[5], Գլինիս Ջոնս[5], Մայլզ Մալեսոն[5], Ադելաիդա Հոլ[5], Ռեքս Ինգրամ[6] և Լեսլի Ֆիլիպս[6] |
Օպերատոր | Ժորժ Պերինալ |
Երաժշտություն | Միկլոշ Ռոժա |
Մոնտաժ | Չարլզ Քրայթոն |
Պատմվածքի վայր | Բաղդադ |
Կինոընկերություն | London Films |
Տևողություն | 102 րոպե |
The Thief of Bagdad (1940 film) Վիքիպահեստում |
Բաղդադի գողը (անգլ.՝ The Thief of Bagdad), գունավոր գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1940 թվականին՝ «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուի հիման վրա։ Կինոնկարը ունեցել է հսկայական հաջողություն և սիրվել է հանդիսատեսի կողմից։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չար վեզիր և կախարդ Ջաֆարը որոշել էր գահընկեց անել Բաղդադի բարի թագավոր Ահմադին և բազմել նրա գահին։ Այդ նպատակով, նա համոզում է Ահմադին` հագնել աղքատի շորեր և թափառել Բաղդադի փողոցներով, ինչպես որ սիրում էր անել նրա պապը` Հարուն ալ-Ռաշիդը։ Այնուհետև նա հրամայում է ձերբակալել և մահապատժի ենթարկել Ահմադին, որպես ինքնակոչի` ով «փորձում է» ներկայանալ թագավոր։
Բանտում, սպասելով իր մահապատժին, Ահմադը հանդիպում է գողության համար բանտում գտնվող Աբու անունով տղային, ով կազմակերպում է իրենց փախուստը։ Նրանք միասին ուղևորվում են Բասրա, որտեղ Ահմադը ձեռք է բերում արքայադստեր սերը։ Անսպասելիորեն Բասրա է գալիս նաև Ջաֆարը, ով նույնպես ցանկանում է խնդրել արքայադստեր ձեռքը։ Նա արքայադստեր հորը, ով սիրում էր զանազան մեխանիկական խաղալիքներ և ուներ հավաքածու, նվիրում է կախարդական թռչող ձի, իսկ փոխարենը ստանում է արքայադստեր հետ ամուսնանալու համաձայնությունը։ Հանդիպելով Ահմադին, Ջաֆարը կախարդանքով կուրացնում է նրան, իսկ Աբուին շուն է դարձնում։ Միաժամանակ նա հայտնում է, որ կախարդանքը կվերանա այն դեպքում, երբ արքայադուստրը կլինի իր` Ջաֆարի գրկում։
Արքայադուստրը թաքնվում է կախարդից և նավով հեռանում, բայց շուտով ծովահենների կողմից գերեվարվում և վաճառվում է ստրկության, ինչպես հետո պարզվում է` Ջաֆարին։ Սակայն արքայադուստրը ընկնում է խոր քնի մեջ և նրան կարող է արթնացնել միայն Ահմադը։ Ջաֆարը կազմակերպում է սիրահարների հանդիպումը և երբ արքայադուստրը արթնանում է, նրան տանում է Բաղդադ։ Որպեսզի հանի կախարդանքը, արքայադուստրը համաձայնվում է Ջաֆարի գրկում լինել։ Ահմադի տեսողությունը վերականգնվում է և նա, Աբուի հետ միասին փորձում է հասնել Ջաֆարի նավին։ Սակայն Ջաֆարի կախարդանքով փոթորիկ է սկսվում և նրանք ենթարկվում են նավաբեկության։ Ալիքները Աբուին և Ահմադին քշում են տարբեր կղզիներ։
Թափառելով իր կղզում, Աբուն ապակյա շիշ է գտնում, որից դուրս է գալիս հսկայական ջինը։ Դարերով շշում մնալով, նա դարձել էր դաժան և փորձում է սպանել Աբուին, սակայն հնարամիտ գողը կարողանում է համոզել և ջինը կրկին մտնում է շշի մեջ։ Վերջապես ջինը խնդրում է բաց թողնել իրեն` խոստանալով, որ Աբուին վնաս չի պատճառի և ազատության դիմաց կկատարի նրա երեք ցանկությունները։ Իր առաջին ցանկությամբ հագեցնելով քաղցը, Աբուն ցանկանում է իմանալ, թե որտեղ է Ահմադը։ Ջինը պատասխանում է, որ դրա համար հարկավոր է ունենալ Ամենատես փայլակնը, որը գտնվում է աշխարհի ամենաբարձր լեռան վրա գտնվող տաճարում։ Ջինի ուսին նստելով, Աբուն թռչում է դեպի այդ լեռը, սպանում է հրեշավոր սարդ-պահապանին և տիրանում Ամենատես փայլակնին։ Պարզելով Ահմադի գտնվելու վայրը, ջինը այնտեղ է տանում Աբուին։ Այդպիսով, երկրորդ ցանկությունը նույնպես կատարված է։
Ամենատես փայլակնը Ահմադին ցույց է տալիս, որ Ջաֆարը ի զորու չէ գրավել արքայադստեր սիրտը և որոշել է դա անել կախարդանքով։ Նա արքայադստեր հետ վերադառնում է Բասրա, սպանում նրա հորը, իսկ արքայադստերը տալիս մոռացության Կապույտ վարդը, որի արդյունքում արքայադուստրը մոռանում է իր անցյալը։ Աբուն անզգուշորեն ցանկություն է հայտնում, որ Ահմադը հայտնվի այնտեղ և վերադարձնի արքայադստեր հիշողությունը` իրենց սիրո մասին։ Ջինը կատարում է այդ ցանկությունը և ցնծությամբ գոչելով. «Ազատ եմ», անհետանում է, թողնելով Աբուին կղզու վրա։
Ջաֆարի ծառաները բռնում են Ահմադին և նետում բանտ։ Արքայադուստրը, ում հիշողությունը վերականգնվել էր, միանում է Ահմադին։ Առավոտյան նշանակված է մահապատիժ։ Այդ ամենը Ամենատես փայլակնով տեսնում է նաև Աբուն և հուսահատության պահին կոտրելով փայլակնը, հայտնվում է հեքիաթային երկրում։ Աբուն, ինչպես ինքն է խոստովանում, իր կյանքում վերջին անգամ, գողանում է հեքիաթային երկրի թագավորին պատկանող թռչող գորգը և կախարդական ինքնանետը ձեռքին, սլանում է Ահմադին օգնության։ Նա հասնում է մահապատժի պահին, սպանում է դահճին և ազատում սիրահարներին։ Բասրայի ժողովուրդը ապստամբում է բռնակալի դեմ։ Ջաֆարը փորձում է թռչող ձիով փախչել, սակայն Աբուի նետը հասնում է նրան։
Ահմադը վերադառնում է գահին։ Նա պատրաստվում է Աբուին դպրոց ուղարկել և նրան իմաստուն վեզիր դարձնել։ Վախենալով նման ապագայից, Աբուն նստում է թռչող գորգին և ուղևորվում նոր արկածներ որոնելու։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Կերպար |
---|---|
Ջոն Ջասթին | Ահմադ |
Սաբու Դաստագիր | Աբու |
Կոնրադ Ֆեյդտ | Ջաֆար |
Ջուն Դյուպրե | արքայադուստր |
Ռեքս Ինգրեմ | ջին |
Մայլս Մալեսոն | Բասրայի սուլթանը |
Մորտոն Սելտեն | հեքիաթային երկրի արքան |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Լյուդվիգ Բերգեր, Մայքլ Փաուել, Թիմ Ուհելան | ռեժիսոր |
Ալեքսանդր Կորդա | պրոդյուսեր |
Լայոշ Բիրո, Մայլս Մալեսոն | սցենարիստ |
Օսմոնդ Բորեդեյլ, Ժորժ Պերինալ | օպերատոր |
Միկլոշ Ռոժա | կոմպոզիտոր |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինոնկարը ներկայացվել է «Օսկար» մրցանակի` չորս անվանակարգերում, սակայն ստացել է երեքը. «Լավագույն օպերատորական աշխատանք», «Նկարչի լավագույն աշխատանք», «Լավագույն տեսողական էֆեկտներ»։ Չորրորդը` «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգն էր[7]։
- ԽՍՀՄ-ում ֆիլմը համարում էին ռազմավար, սակայն դա իրականում այդպես չէր։ «Բաղդադի գողը», «Լեդի Համիլթոն» (1941թ.) և «Ջունգլիների գիրքը» (1942թ.) կինոնկարները, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, անձամբ Ալեքսանդր Կորդան նվիրել էր ԽՍՀՄ-ին, ի նշան երախտագիտության` նացիզմի դեմ պայքարի գործում կատարած ներդրումների համար[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0033152/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film605611.html
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=7072.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 http://www.imdb.com/title/tt0033152/fullcredits
- ↑ 6,0 6,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Присуждение «Оскара» в 1941 году». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ (1943 год в кино) Արխիվացված 2015-09-24 Wayback Machine: «И. Г. Большаков обратился к зам. наркома иностранных дел СССР А. Я. Вышинскому с предложением отметить 50-летие американского кинорежиссёра Александра Корды „в знак внимания к крупному художнику, подарившему нам три фильма“. Корда, выражая свою солидарность в борьбе советского народа с фашистскими захватчиками, подарил СССР свои фильмы „Леди Гамильтон“, „Багдадский вор“ и „Книга джунглей“» (РГАЛИ, ф. 2456, оп. 4, д. 81, л. 30).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաղդադի գողը (ֆիլմ, 1940)» հոդվածին։ |
|