Բախչիսարայի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բախչիսարայի պալատ
Երկիր` Ուկրաինա
Ճարտարապետական ոճ`օսմանյան ճարտարապետական ոճ
Հիմնող`Sahib I Giray?
Քարտեզ
Քարտեզ

Բախչիսարայի պալատ կամ Հանսարայ (Ղրիմի թաթարերեն՝ Hansaray; թուրքերեն՝ Han Sarayı, ուկրաիներեն՝ Ханський палац в Бахчисараї), խանի պալատ Ղրիմի Բախչիսարայ քաղաքում։ Այն կառուցվել է 16-րդ դարում և դարձել Ղրիմի խաների իրավահաջորդության տունը։ Պարսպապատ տարածքը պարունակում է մզկիթ, հարեմ, գերեզմանոց, բնակելի տարածքներ և այգիներ։ Պալատի ինտերիերից տպավորություն է, թե այդտեղ ապրում են և արտացոլում է 16-րդ դարի ավանդական Ղրիմի թաթարական ոճը։ Այն Եվրոպայում հայտնաբերված ամենահայտնի իսլամական պալատներից մեկն է ի թիվս Ստամբուլի սուլթանական և Իսպանիայի Ալհամբրայի պալատների։

2022 թվականի դեկտեմբերին ռուսական ուժերը ապամոնտաժել են պալատի տանիքը և գունավոր վիտրաժների անսամբլը[1]։ Այս քայլը ուկրաինական կողմը որակել է որպես մշակութային ժառանգության դեմ շարունակվող հարձակման մաս[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը մտնում է Բախչիսարայի պատմամշակութային և հնագիտական արգելոց-թանգարանի կազմում։ Պալատում են գտնվում Ղրիմի թաթարների պատմության և մշակույթի թանգարանը և արվեստի թանգարանը[3]։ Պալատական համալիրի տարածքը զբաղեցնում է 4,3 հա։ Նախկինում պալատական համալիրի տարածքը կազմում էր 18 հեկտար[4]։ Պալատը գտնվում է Չուրուկ-Սու գետի ձախ ափին։ Պալատական համալիրը ներառում է հյուսիսային և հարավային դարպասները, Պալատականների մասնաշենքը, պալատական հրապարակը, գլխավոր մասնաշենքը, հարեմը, խանի խոհանոցն ու ախոռը, գրադարանի մասնաշենքը, բազեի աշտարակը, խանի մզկիթը, Պարսկական այգին, խանական գերեզմանատունը, Դիլյարա-բիկեչ դամբարանը (թյուրբե), Հյուսիսային և Հարավային թյուրբե դամբարանները, տապանաքարի ռոտոնդան, Սարի-Գյուզելի բաղնիքը, երեք կամուրջներով ամբարտակ, այգիներ և զբոսայգիներ, Եկատերինյան մղոնը[5] և այլ օբյեկտներ։

Պալատի ճարտարապետական ոճը շարունակում է 16-17-րդ դարերի օսմանյան ճարտարապետության ավանդույթները։ Հիմնական ճարտարապետական գաղափարը երկրի վրա Եդեմի պարտեզի իսլամական գաղափարի մարմնավորումն է։ «Բախչիսարայը» ղրիմի թաթարերենից թարգմանվում է որպես «պալատ-պարտեզ» (bağça - այգի, saray - պալատ)։ Պալատի ներսում կան բազմաթիվ բակեր՝ ծառերով, ծաղիկներով և շատրվաններով։ Կառույցները թեթև են, զարդարված նկարներով, պատուհանները ծածկված են բաց վանդակաճաղերով։ Պալատի տարածքում կա Հայրենական մեծ պատերազմում զոհված խորհրդային զինվորների գերեզմանոց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բախչիսարայ քաղաքը և պալատը պատվիրվել են Ղրիմի խանի դինաստիայի կողմից, որը 16-րդ դարի առաջին կեսին Սալաչիքից այստեղ է տեղափոխել իր մայրաքաղաքը։ Պալատի համալիր դիզայնը և մինարեթները կառուցվել են 16-րդ դարում օսման, պարսիկ և իտալացի ճարտարապետների կողմից։ Հետագայում առաջացած մասնակի վնասները վերակառուցվել են, սակայն կառույցը դեռևս պահպանել է իր սկզբնական ձևի նմանությունը։ Որոշ շենքեր, որոնք ներկայումս գտնվում են պալատում, կցակառուցվել են ավելի ուշ, այն դեպքում, երբ սկզբնական շենքերից որոշները փլուզվել են 18-րդ դարում[6]։

Դևլեթ I Գերայի օրոք կառուցվել է խանի թյուրբեն, Իսլյամ III Գերայի օրոք՝ ժողովների դահլիճը և ևս մեկ թյուրբե, Բահադիր I Գերայի օրոք՝ լրացուցիչ սրահ պաշտոնական ընդունելությունների համար, իսկ Կապլան I Գերայի ժամանակ՝ Ոսկե շատրվանը։ Սելյամետ II Գերայի օրոք կառուցվել է ամառային տաղավար, Արսլան Գերայի օրոք՝ մեդրեսե, և վերջապես, Կիրիմ Գերայի օրոք կառուցվել է Դիլյարա-բիկեչ թյուրբեն (1764), տեղափոխվել է Բախչիսարայի շատրվանը, ինչպես նաև իրանցի ճարտարապետ Օմերի կողմից կատարվել է ներքին հարկաբաժինների հարուստ ձևավորում։

1736 թվականին Ռուսաստանի հետ Ղրիմի խանության պատերազմի ժամանակ Բախչիսարայը գրավվեց ֆելդմարշալ Քրիստոֆ Մյուննիխի զորքերի կողմից։ Մինիչը հրամայեց այրել Խանի մայրաքաղաքն ու պալատը։ Մինչ այդ, սակայն, նա կապիտան Մանշտեյնին հանձնարարել էր կատարել պալատի նկարագրությունը (այն պահպանվել է մինչ օրս), և միայն դրանից հետո հրկիզվել է խանի նստավայրը։ Հրդեհը ոչնչացրել է փայտե շինությունների մեծ մասը, որից հետո պալատը գրեթե ամբողջությամբ վերակառուցվել է[7]։ XIV դարի սկզբնական շենքերից մնացել են ժողովների և դատարանի դահլիճը, Փոքր և Մեծ պալատական մզկիթները, Ալևիզի շքամուտքը (պորտալը)[8][9]։ Սելյամետ Գերայը, իսկ հետո Կիրիմ Գերայը զբաղվել են պալատի վերականգնմամբ[10]։ Ըստ Ֆ. Բրունի, վերանորոգումը շատ առումներով գերազանցում էր հին սենյակները շքեղությամբ, քանի որ «Կոստանդնուպոլսից ուղարկվեցին շինանյութեր, ճարտարապետներ և ներկարարներ», որոնք հիմնականում կրկնօրինակում էին Կոստանդնուպոլսի պալատների շքեղ ինտերիերը։ Դե Սեգուրը նշել է, որ նոր «Խանի պալատը կառուցվել է Կոստանդնուպոլսի օրինակով, թեև ավելի փոքր մասշտաբով»[8][9]։ Հետաքրքիր է, որ Ստամբուլի օսմանյան պալատներից այս ժամանակաշրջանի նման խոշոր կառույցները չեն պահպանվել մինչ օրս, քանի որ նման փայտե կառույցները ժամանակավոր շինություններ էին[8]։

Ղրիմը Ռուսական կայսրությանը միացնելուց հետո պալատը գտնվում էր Ներքին գործերի նախարարության իրավասության ներքո։ Հետագա վերակառուցումները և՛ փոխեցին օսմանյան ինտերիերը, և՛ նոր նշանակալից հուշարձաններ ավելացրին։

Եկատերինյան մղոնը Բախչիսարայում

1787 թվականի մայիսի 20-ին Եկատերինա II-ը այցելեց պալատ։ Նրա ժամանումով պալատի վերանորոգումը ղեկավարում էր արքայազն Պոտյոմկինը, ով, ինչպես եվրոպացիների մեծ մասը, համարում էր, որ դասական օսմանյան ինտերիերը բավականաչափ շքեղ չէ կայսերական անձանց համար և կատարեց մի քանի սենյակների լայնածավալ վերանորոգում էկլեկտիկ ոճով` միախառնելով արևելյան և եվրոպական ոճերը[8][9]։ Պալատի մի շարք ամենահայտնի հուշարձանները պատկանում են պալատի այս վերակառուցմանը, այդ թվում՝ հանրահայտ «Արցունքի շատրվանը» Դիլյարա-բիկեչ թյուրբեից տեղափոխվել է շատրվանի բակ, իսկ Չուրուկ-Սուի կամրջի մոտ տեղադրվել է Եկատերինյան մղոն։ Կայսրուհու համար էկլեկտիկ ոճով սրահներից մեկը վերածվել է ընդունելության սենյակի, իսկ մյուսը՝ ննջարանի։ Այդ նպատակով փակվել են մի շարք պատուհաններ, առաստաղը ոսկեզօծվել է, առաստաղից կախվել է 18-րդ դարի ռուս վարպետների կողմից պատրաստված բյուրեղյա ջահ, և ստեղծվել է անկողնախորշ[11]։ Կահույք է բերվրել Պետերբուրգից, Մոսկվայից, Կոստանդնուպոլսից։ Կահույքի մի մասը տեղական արտադրության էր[10]։ Թանգարանի էքսպոզիցիայում պահպանվել են Եկատերինա II-ի ճամփորդական սեղանը, մահճակալը, որի վրա նա քնում էր և այլ կահույք[12]։ Կայսրուհու ժամանման կապակցությամբ պալատի վերանորոգման աշխատանքներով զբաղվել են ավելի քան 60 վարպետներ և 50 բանվորներ։ Բարելավման համար հատկացվել է 24247 ռուբլի[10]։ Եկատերինա II-ը երեք օր անցկացրել է պալատում։ Ուղևորության ընթացքում նրան ուղեկցում էին Ավստրիայի կայսր Ժոզեֆ II-ը, Ֆրանսիայի դեսպան դը Սեգուրը, Անգլիայի և Ավստրիայի դեսպանները, ինչպես նաև բարձրաստիճան անձինք։ 1818 թվականին Եկատերինյան մղոնի երկու կողմերում ռուսերեն և թաթարերեն գրություն է արվել.

Վեհանձն Կայսրուհի Եկատերինա II-ը բարեհաճել է գտնվել Բախչիսարայում 1787 թվականի մայիսի 14-ին։
Խանի պալատը, լուսանկարիչ` Ջոզեֆ դե Բայ, 1906 թվական

1798 թվականին ճարտարապետ Վիլյամ Գեստեն կազմել է պալատի հատակագիծը[10]։ 1820 թվականի սեպտեմբերի 7-ին Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը գեներալ Ռաևսկու ընտանիքի հետ այցելել է պալատ։ Դելվիգին ուղղված նրա նամակում կա պալատ այցելելու նկարագրությունը.

Ես հիվանդ եկա Բախչիսարայ։ Նախկինում լսել էի սիրահարված խանի տարօրինակ հուշարձանի մասին։ Կ** դա ինձ բանաստեղծորեն նկարագրեց՝ անվանելով la fontaine des larmes [արցունքների աղբյուր]։ Մտնելով պալատ՝ տեսա փչացած շատրվան. ջուրը կաթում էր ժանգոտ երկաթե խողովակից. Ես շրջում էի պալատում մեծապես վրդովված այն անտեսումից, որում այն քայքայվում էր, և որոշ սենյակների կիսաեվրոպական ձևափոխություններից։ Ն.Ն.-ն ինձ գրեթե բռնի ուժով տարավ խարխուլ աստիճաններով դեպի հարեմի ավերակները և դեպի խանի գերեզմանատուն[13]։

1818 թվականին Ալեքսանդր I-ն այցելեց պալատ, նրա գալով քանդվեցին հարեմի խարխուլ շենքերը, ինչի արդյունքում մնաց միայն երեք սենյականոց կից շինությունը[14]։ 1822 թվականին ճարտարապետ Իվան Կոլոդինի ղեկավարությամբ պալատը վերանորոգվել է։ Այս վերանորոգման արդյունքում պալատի սկզբնական տեսքը աղավաղվել է. քանդվել են Ձմեռային պալատը, բաղնիքի համալիրը և այլ շինություններ[4][10]։

1837 թվականի սեպտեմբերի 9-ին Ալեքսանդր II-ն է այցելել պալատ՝ իր ուսուցիչ Վասիլի Անդրեևիչ Ժուկովսկու ուղեկցությամբ։ 1854-1855 թվականների Ղրիմի պատերազմի ժամանակ պալատում տեղակայվել է հիվանդանոց, որտեղ հաճախ էր այցելում Նիկոլայ Իվանովիչ Պիրոգովը[4]։

1908 թվականին պալատում բացվել է թանգարան[15]։ 1912 թվականին Նիկոլայ II-ն իր ընտանիքի հետ այցելեց պալատ։

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո պալատում բացվել է Ղրիմի թաթարների պատմության և մշակույթի թանգարան։ 1917 թվականից արվեստաբան և ազգագրագետ Ուսեին Աբդրեֆևիչ Բոդանինսկին դարձավ դրա տնօրենը[15]։ Պալատը դարձավ քաղաքական գործունեության կենտրոն։ Նոյեմբերի 26-ին (դեկտեմբերի 9-ին) Խանի պալատում բացվել է Ղրիմի թաթարների Կուրուլթայը։ Այն ստանձնեց մուսուլմանական գործադիր կոմիտեի բոլոր լիազորությունները, հռչակեց Ղրիմի Ժողովրդական Հանրապետության ստեղծումը, ընդունեց նրա Սահմանադրությունը և պետական խորհրդանիշները, որից հետո իրեն հռչակեց Ղրիմի Ժողովրդական Հանրապետության խորհրդարան։ Կառավարությունը գլխավորել է Նոման Չելեբիջիխանը[16][17]։

1919 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի հարավի զինված ուժերի (ВСЮР) իշխանության հաստատումից հետո «Դ. Ս. Իվանենկոյի կողմից» Ղրիմի Իրազեկման գործակալության (ОСВАГ) քարոզչության բաժնի ղեկավարին ուղղված հաշվետվությունում ազգային թանգարանի մասին գրում է, որ «կուրուլտայները... պալատին քաղաքական կենտրոնի անցանկալի նշանակում են տվել…»: Իշխանությունները տնօրենի պաշտոնից հեռացրին Ուսեին Բոդանինսկուն և նրա փոխարեն նշանակեցին պետական խորհրդական Պլակսինին[17]։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո 1920 թվականին Հուսեին Բոդանսկին կրկին դարձել է Բախչիսարայի պալատի տնօրեն մինչև 1934թ., հետագայում բռնաճնշվել և գնդակահարվել[15]։

1930-ական թվականներին ճարտարապետ Պ. Ի. Գոլանդսկու ղեկավարությամբ պալատը վերանորոգվել է։ Այս վերանորոգման ժամանակ պալատն արտաքինից սպիտակեցվել է կրաքարով[10]։

1943 թվականին պալատի տարածքում տեղակայվել են գերմանական պաշտպանության ոստիկանության (Schutzmannschaft) 149-րդ գումարտակի ստորաբաժանումները[19]։ 1944 թվականին, քաղաքի ազատագրումից հետո, պալատում տեղակայվել են վիրաբուժական շարժական դաշտային հոսպիտալներ[20]։

1955 թվականից այն Բախչիսարայի պատմահնագիտական թանգարանն է, իսկ 1979 թվականից՝ պատմաճարտարապետական թանգարանը։ 1961-1964 թվականներին կատարվել է պալատի որմնանկարների և ճարտարապետական դետալների գիտական վերականգնումը, որն իրականացրել է Ուկրաինական ԽՍՀ Գոսստրոյի գիտավերականգնողական բաժինը։ Այս վերականգնման ժամանակ պալատի տեսքը մոտեցվել է բնօրինակին։ Դեմիր-Կապի պորտալից հանվել են ներկերի շերտեր, հեռացվել են Մեծ Խանի մզկիթի որմնանկարների ուշ շերտերը, մաքրվել են ամառային տաղավարում Օմերի որմնանկարները, վերականգնվել են Դիվան սրահի առաստաղները[10]։ Պալատական համալիրն իր սկզբնական վիճակին վերադարձնելու աշխատանքները շարունակվել են[12]։

2015 թվականի հոկտեմբերից Ռուսաստանը Խանի պալատը դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է հայտարարել[21]։

2017 թվականին պալատը վերականգնվել է, որն իրականացրել է մոսկովյան Atta Group ընկերությունը, որը պատմական պահպանության ոլորտում քիչ փորձ ունի[22][23]։ Գործընթացի շրջանակներում պալատի դարավոր կաղնու գերանները հանվել և փոխարինվել են բետոնով, բնօրինակ սալիկները հանվել են, մինչդեռ 18-րդ դարի որմնանկարները վնասվել են բարձր ճնշման ջրի հոսքից[22]։ Բացի այդ, շենքի ճակատային մասում ճաքեր են առաջացել, ճնշմամբ մաքրման ժամանակ ծեփը թափվել է[24]։ Ի պատասխան ենթադրյալ վնասների՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի ծանուցում է ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որը տնօրինում է Համաշխարհային ժառանգության օբյեկտները, քանի որ Բախչիսարայի վայրը 2003 թվականին ավելացվել է կազմակերպության Համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցանկում[25][26]։

Պալատական համալիրի շենքեր ու օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բախչիսարայի պալատի հատակագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

0 - Պալատի հրապարակ
1 - Հյուսիսային դարպաս և աշտարակ
2 - Պալատականների կորպուս
3 - Խանի մեծ մզկիթ
4 - Սարի-Գյուզելի բաղնիք
5 - Խանի գերեզմանատուն
6 - Հյուսիսային թյուրբե
7 - Հարավային թյուրբե
8 - Մենգլի II Գիրայի ռոտոնդա
9 - Ախոռի շենք
10 - Գրադարանի շենք
11 - Հարավային դարպաս
12 - Այգու տեռասներ
13 - Դիլարա-բիկեչի թյուրբե
14 - Պարսկական այգի
15 - Բազեի աշտարակ
16 - Հարեմի կորպուս
17 - լողավազանի բակ
18 - Ամառային տաղավար (առաջին հարկում) և Ոսկե կաբինետ (երկրորդ հարկում)
19 - Խանի փոքր մզկիթ
20 - Ոսկե շատրվան
21 - Շատրվանի բակ
22 - Դիվանի սրահ
23 - Արցունքների շատրվան
24 - Դեմիր-Կապի պորտալ
25 - Բնակելի տարածքներ
26 - Խոհանոցային շենք

Պալատի հյուսիսային մուտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային մուտքը (Ղրիմի թաթարերեն՝ Darbehane Qapı) պալատի չորս մուտքերից մեկն է (ներկայումս պահպանվել են միայն երկուսը)։ Չուրուկ-Սու գետի վրայով կամուրջը տանում է դեպի պալատի դարպասները։ Դարպասները փայտից են, ծածկված են կռած երկաթով։ Նրանք կամարակապ են, կամարն ունի երկու միահյուսված օձերի կամ վիշապների պատկեր։ Ըստ լեգենդի՝ Սահիբ I Գիրայը գետի ափին հանդիպել է երկու կռվող օձի և նրանցից մեկը բուժվել է գետի ջրում, ինչն էլ դարձել է այս վայրում պալատի հիմնադրման պատճառը[27]։ Այս դարպասը ներկայումս ծառայում է որպես պալատի գլխավոր մուտք։

«Darbehane Qapı»-ն թարգմանաբար նշանակում է «դրամահատարանի դարպասներ» (Ղրիմի թաթարերեն՝ darbehane - դրամահատարան, Ղրիմի թաթարերեն՝ qapı - դուռ, դարպաս)։ Այս անունը առաջացել է այն պատճառով, որ դրամահատարանը (դարբեխանե) գտնվում էր դարպասի դիմաց։

Դարպասների աջից և ձախից գտնվում են Պալատականների կորպուսի շենքերը։ Դարպասից ներս դարպասի աշտարակն է, որը պահակակետի նշանակություն ուներ։ Դարպասի աշտարակի արտաքին պատերը ներկված են գունագեղ զարդանախշերով, իսկ պատուհանները գունավոր ապակիներից են։

Դարպասը, դարպասի աշտարակը և պալատը շրջապատող պատերը կառուցվել են միայն 1611 թվականին։ Մինչ այդ պալատը պաշտպանական կառույցներ չի ունեցել, քանի որ այն ի սկզբանե չէր համարվում ամրոց, իսկ ամրությունները գտնվում էին Քըրք-Յեր (կամ Չուֆութ Կալե, Qırq Yer- քառասուն կողպեք) ամրոցում[28]։ Պատեր կառուցելու անհրաժեշտություն առաջացել է միայն Դոնի կազակների հաճախակի ռազմական արշավներից հետո Ղրիմի և Թամանի թերակղզիներում։ Շինարարությունը ղեկավարել է Սուլեյման փաշան[27]։

Խանի և նրա պահակախմբի (գապի խալկի, Ղրիմի թաթարերեն՝ qapı halqı - «դռան մարդիկ», «դռնապաններ») շքախումբը տեղավորված էր Պալատականների կորպուսի շենքերում։ Երբ Ղրիմը դարձավ Ռուսական կայսրության կազմում, հյուրերին սկսեցին տեղավորել Պալատականների շենքում։ Ներկայումս թանգարանի ադմինիստրացիան գտնվում է Պալատականների կորպուսի արևելյան շենքում, իսկ ցուցահանդեսները՝ արևմտյան շենքում։

Պալատի հրապարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի հրապարակը Խանի նստավայրի կոմպոզիցիոն կենտրոնն է[30]։ Բոլոր շինությունները` Դարպասի աշտարակով հյուսիսային դարպասը, Պալատականների կորպուսը, Խանի մեծ մզկիթը, Խանի գերեզմանատունը[31], ախոռները, հարավային դարպասը, բազեի աշտարակը, բնակելի տարածքները, դեսպանատան բակի դարպասը նայում են դեպի հրապարակ։ Պալատի հրապարակից հարավ պարտեզի սանդղավանդներն են, որոնք լավ տեսանելի են հրապարակից։

Ներկայումս տարածքը քարապատված է և ծառապատված։ Ղրիմի խանության օրոք սալահատակ ու բուսածածկ չկար, իսկ հրապարակը ծածկված էր ավազով։ Ռազմական արշավից առաջ բանակը հավաքվում էր այդտեղ ողջերթի խոսքերի համար, տեղի էին ունենում հանդիսավոր արարողություններ, ինչպես նաև դեսպաններին և հյուրերին դիմավորում էին այդտեղ։

Խանական մեծ մզկիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինարեթ

Խանական մեծ մզկիթը (Ղրիմի թաթարերեն՝ Büyük Han Cami) գտնվում է Պալատի հրապարակում՝ հյուսիսային դարպասից արևելք։ Այն Ղրիմի ամենամեծ մզկիթներից է և Խանի պալատի առաջին շենքերից մեկը[32]։ Մզկիթը կառուցվել է 1532 թվականին Սահիբ I Գիրայի կողմից և կրել է նրա անունը 17-րդ դարում[32]։

Մզկիթի շենքը ծավալուն է, պատերի ներքևում սլաքային արկադով[33] և մայոլիկայի ներդիրներով[11]։ Մզկիթի տանիքը պատված է կարմիր սալիկներով[32]։

Մզկիթը բաղկացած է եռանավ քառակուսի աղոթասրահից, որը ծածկված է գլանաձև տանիքով, գավիթով և դեպի արևելք և արևմուտք նայող սյուներից։ Երկու սիմետրիկ ութանկյուն մինարեթներ բարձրանում են սյունասրահների միջով. դրանք ունեն քսանութ մետր բարձրություն և ունեն կոնաձև գագաթ և եզրագծեր։ Մզկիթի հյուսիս-արևելյան անկյունին ամրացված է քառակուսի ձևի գմբեթով սրբագործման տաղավար։ Ենթադրվում է, որ 1750 թվականին խան Արսլան Գիրայի կողմից կառուցված մեդրեսեն նախկինում միացել է արևելյան պատին։ Մզկիթ մուտքը դեպի հյուսիս ուղղված շքամուտքից է։

Մզկիթի ներսում մի մեծ դահլիճ է՝ բարձր սյուներով։ Հարավային պատին գունավոր ապակիներով պատուհաններ են և միհրաբ։ Ներսից մզկիթի արևելյան, հարավային և արևմտյան պատերի վերին աստիճանի պարագծի երկայնքով կա լայն պատշգամբ (երգչախմբի համար), որը հենված է սյուների վրա։ Պատշգամբում տեղադրված է խանի ապակեպատ օթյակը, որը զարդանախշ է, զարդարված ջնարակված սալիկներով և զարդարված վիտրաժներով։ Երկու պարուրաձև սանդուղքները տանում են դեպի պատշգամբ, բացի այդ, բակից առանձին մուտք կա դեպի Խանի օթյակ։

Գիտնականները պնդում են, որ մզկիթը սկզբում ծածկված է եղել տարբեր չափերի գմբեթներով[34]։

Մզկիթի գլխավոր մուտքը գտնվում է Չուրուկ-Սու գետի կողմից։ Այս կողմի ճակատը նախապես մարմարապատ է եղել։ Մզկիթի արևելյան պատին կա աբդեսթխանե (ծիսական աբդեսթ ձեռնալվայի համար)՝ շադիրվանով (շատրվան)։ Պատերին պատկերված են արաբերենով մի քանի գեղագրական արձանագրություններ, որոնք հայտնվել են 18-րդ դարում։ Արձանագրությունները սև գույնի են կանաչ գծանկարներով և մեջբերումներ են Ղուրանից։ Նաև պատի գեղագրական արձանագրությունների մեջ հիշատակվում է մզկիթը նորոգող և զարդարող Քըրըմ Գիրայի անունը.

Մզկիթի պատին գեղագրական արձանագրություն՝ ի պատիվ Ղրիմի` Քըրըմ Գիրայի վերանորոգման
Օրհնյալ լինի Նորին Մեծություն Քըրըմ Գերայ խանի նորոգությունը։

Մզկիթն ունի սրածայր տանիքներով երկու տասնակողմ մինարեթներ, որոնք պսակված են բրոնզե ալեմներով (կիսալուսիններ)։ Մինարեթների բարձրությունը 28 մետր է։ Մինարեթների ներսում քարե պարուրաձև աստիճանները տանում են դեպի վեր։ Մինարեթների աշտարակները կառուցված են սրբատաշ քարե սալերից, որոնք ամրացված են կապարե ներդիրներով[11]։

1736 թվականին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1735-1739) մզկիթը վնասվել է հրդեհից և հետագայում վերականգնվել Խան Սելամեթ II Գիրայի (1740-1743) օրոք։

1750-ական թվականներին Արսլան Գիրայը մզկիթի բակում հիմնել է մեդրեսե, որը չի պահպանվել։ Խորհրդային տարիներին մզկիթը փակ էր։ Նրա վերին մասում գտնվում էր թանգարանային հնագիտության բաժնի էքսպոզիցիան, իսկ ստորին մասում՝ լապիդարիումը (ճարտարապետական մանրամասների, բեկորների, արձանագրություններով ու պատկերներով քարերի դարանը)[14]։ Ներկայումս այն կրկին բաց է հավատացյալների համար։

Սարի-Գյուզելի բաղնիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարի-Գյուզելի բաղնիք 1532 թվականի կառույց Բախչիսարայում

Սարի-Գյուզելի բաղնիքների համալիրը Խանի պալատի հնագույն շենքերից է, որը կառուցել է Սահիբ I Գիրայը 1532 թվականին։ Ղրիմի թաթարերենից «Sarı Güzel»-ը թարգմանվում է որպես «դեղին գեղեցկություն» (Ղրիմի թաթարերեն՝ sarı - դեղին, այսինքն՝ բաց մաշկ, güzel՝ գեղեցիկ, գեղեցկուհի)։ Բաղնիքները գտնվում են Խանի մեծ մզկիթից դեպի արևելք։

Բաղնիքը թուրքական կառուցվածք ունի։ Նկուղում վառարանով տաքացվող տաք օդը, բարձրանալով, տաքացնում էր կարճ սյուների վրա տեղադրված հատակի սալերը։ Տաք և սառը ջուրը բաղնիք էր հոսում կապարե խողովակներով։ Պատերի երկայնքով քարե նստարաններ և լվացարաններ են տեղադրված[35]։ Կար արական և իգական բաժանմունք, որոնցից յուրաքանչյուրը ծածկված էր առանձին գմբեթով և ուներ ծածկված բակ` շատրվանով[14]։ Օդափոխության և լուսավորության համար ծառայել են գմբեթներում աստղերի և կիսալուսնի տեսքով անցքերը։ Տղամարդկանց հատվածի վերևում գրված է.

Այս հիանալի կառույցը կառուցել է արդար սուլթան Սահիբ Գիրայ խանը, Հաջի Գիրայ խանի որդու Մենգլի Գիրայ խանի որդին։ 939 թվական[36]

ղրիմի թաթարերեն` بو مقام اعلانی يصابتی سلطان عادل صاحب کرای خان بن منکلی کرای خان بن خاجی کرای خان تاريخ سنة ۹۳۹

- Bu maqam-ı a'lânı yasabtı sultan-ı 'adil Sahib Geray han bin Mengli Geray han bin Hacı Geray han. Tarih sene-i 939.

Բաղնիքի համալիրը շարունակել է գործել ըստ նշանակության մինչև 1924 թվականը, որից հետո տարածքը վթարային է եղել։ Այն վերականգնվում է[37]։

Խանական գերեզմանատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանի դամբարանները Բախչիսարայի պալատում. 1891 թվականի լուսանկար

Խանական գերեզմանատունը (Ղրիմի թաթարերեն՝ Mezarlıq) գտնվում է Խանի մեծ մզկիթից հարավ։ Գերեզմանոցում առաջին թաղումը թվագրվում է 16-րդ դարով։ Պահպանվել են մարմարից և կրաքարից 98 հուշարձան[38]։

Գերեզմանոցում թաղված են ինը խաներ՝ Դևլեթ I Գիրայ, Գազի II Գիրայ, Իսլյամ III Գիրայ, Մեհմեդ IV Գիրայ, Հաջի Սելիմ I Գիրայ, Մենգլի II Գիրայ, Սելիմ II Գիրայ, Արսլան Գիրայ, Քիրիմ Գիրայ։ Պահպանվել են Մեհմեդ IV Գիրայի, Մենգլի II Գիրայի, Սելիմ II Գիրայի, Արսլան Գիրայի և Քըրըմ Գիրայի տապանաքարերը։ Բացի այդ, գերեզմանոցում թաղված են խանի ընտանիքների 45 անդամներ[38], ինչպես նաև բարձրագույն պալատական ազնվականության ներկայացուցիչներ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 320 մարդ[14]։

Հյուսիսային և հարավային Թյուրբե

Խանի գերեզմանատան հուշարձանները միանման են[38]. սարկոֆագ՝ ծայրերում երկու ստելաներով։ Տղամարդկանց ստելան վերևից պսակված է չալմայով, իսկ կանանցը՝ ֆեսով։ Հուշարձաններից շատերը զարդարված են դեկորատիվ փորագրություններով, իսկ գլխով ստելաների վրա քանդակված են նաև տապանագրեր։ Մենգլի II Գիրայի դամբարանի վերևում ութ սյուներով և կամարակապ ծածկերով ռոտոնդա է կառուցվել, որի մեջտեղում փորագրված մարմարե տապանաքար է։

Դևլեթ I Գիրայի և Իսլյամ III Գիրայի համար կառուցվել են երկու ութանկյուն դամբարաններ (Ղրիմի թաթարերեն՝ dürbe), որոնք պատրաստված են սրբատաշ կրաքարից և ծածկված գմբեթով։ Գմբեթները ծածկված են տանիքի երկաթով, իսկ մինչև 1863 թվականը դրանք ծածկված են եղել կապարով[14]։ Հյուսիսային թյուրբեն պատկանում է Դևլեթ I Գերային։ Նրանում թաղված է վեց մարդ։ Հարավայինը՝ Իսլյամ III Գերային, այնտեղ թաղված է ինը մարդ[39]։

Ախոռի կորպուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախոռի շենքը բաղկացած է մի քանի շենքերից։ Այն գտնվում է Խանի գերեզմանատան և գրադարանի շենքերի միջև։ Ախոռները եղել են առաջին հարկում։ Երկրորդ հարկը վերապահված էր ձիապանների համար։ Շենքը վերակառուցվել է 1850-ական թվականներին։

19-րդ դարում ձիանոցների կորպուսը բնակեցվել է հաշմանդամ զինվորներով[40]

Դիլյարա-բիկեչի թյուրբե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլո Բոսոլի. «Բախչիսարայ». 1820-ական թվականներ. առաջին պլանում Դիլյարի-բիկեչ թյուրբեն է[41]

Դիլյարա-բիկեչ թյուրբեն Դիլյարայի դամբարանն է (Ղրիմի թաթարերեն՝ Dilâra bikeç Dürbesı): Ղրիմի թաթարերեն՝ bikeç - հնում` հարսնացու. Ղրիմում բիկեչ կոչվում էին բարձրաստիճան արքունիքի կարգադրիչները, տնտեսուհիները (խաները կարող էին միաժամանակ ունենալ մինչև չորս այդպիսի ծառա)։

Ըստ լեգենդի, Դիլյարան եղել է Ղրիմի խան Գիրայի սիրելի կինը։ Շենքը կառուցվել է 1764 թվականին պարտեզի տեռասների հեռավոր անկյունում։ Դամբարանի մուտքի վերևում նախկինում տեղադրվել էր «Աղոթք հանգուցյալ Դիլյարա-բիկեչի հոգու հանգստության համար» մակագրությամբ սալաքար։ «Արցունքների շատրվանը» սկզբնապես տեղադրվել է թյուրբեի մոտ, այնուհետև 1783 թվականին տեղափոխվել է շատրվանի բակ[42]։

Թյուրբե շինությունը ութանկյուն է և ծածկված է գմբեթով, որի վերևում կիսալուսին է։ 2007 թվականին վերականգնումից հետո գմբեթը կրկին ծածկվել է կապարի ծածկույթով։ Շինության բոլոր պատերի վրա երկու շարքով բացվածք-կամարներով պատուհաններ են եղել։ Ութանիստի վերևի և ներքևի կողերում ռելիեֆային քիվագոտիներ են, որոնք ընդգծում են կամարներով պատրաստված ձևի հատվածայնությունը[10]։

Պարսկական այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսկական այգին գտնվում է հարեմից հարավ և շրջապատված է բարձր պարսպով։ Այգում եղել են տաղավարներ, շատրվաններ, բաղնիքներ։ Հարեմից դեպի այգի կա լայն դարպաս։ Այգու անկյունում կանգնած է Բազեի աշտարակն է։

Բազեի աշտարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազեի աշտարակ

Բազեի աշտարակը (Ղրիմի թաթարերեն՝ Toğan qullesi) գտնվում է Պարսկական այգու հարեմից հարավ։ Աշտարակը կառուցվել է 1760-ական թվականներին[14]։ «Բազե» անվանումը պայմանավորված է նրանով, որ աշտարակի առաջին հարկում գիշատիչ թռչուններ էին պահվում[43]։

Աշտարակը երկհարկանի է և ներսից դատարկ։ Աշտարակի առաջին հարկը կառուցված է կավե շաղախով ամրացված և սվաղված քարից խորանարդի տեսքով։ Աշտարակի վերին հարկը պատրաստված է վեցանկյունի տեսքով՝ պատված տախտակներով և ծածկված կղմինդրով։ Աշտարակի բարձրությունը 15 մետրից ավելի է։ Վերևում տեղադրված է դիտահարթակ՝ փայտե ճաղավանդակներով պատուհաններով, դեպի ուր տանում է փայտե պարուրաձև սանդուղքը։

Բազեի աշտարակը միացվել է հարեմի շենքի կողին[33]։ Դրանից հարեմի բնակիչները կարող էին դիտել պալատի հրապարակը, իսկ ներքինիները՝ հարեմը[14]։

Դեմիր-Կապի պորտալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմիր-կապի պորտալ կամ ճակատամուտք (Ղրիմի թաթարերեն՝ Demir Qapı), «դեսպանական» դռներ, Ալևիզի պորտալ, որը պալատի ամենահին թվագրված մասն է։ Պորտալը ծառայել է որպես պալատի գլխավոր մուտք, որով դեսպանները Դեսպանական բակից հասել են Շատրվանի բակ։ Պորտալը պատրաստվել է 1503-1504 թվականներին խանի համար ճարտարապետ Իտալացի ճարտարապետ Ալևիզի կողմից, ով աշխատել է Ղրիմում Մոսկվա գնալու ճանապարհին, որտեղ նրան ուղարկել են Իվան III-ի հրավերով՝ կառուցելու Մոսկվայի Հրեշտակապետաց տաճարը և մի շարք այլ տաճարներ։ Դեմիր-Կապի պորտալը ստեղծվել է Բախչիսարայում խանի պալատի կառուցումից առաջ և, հնարավոր է, եղել է նախորդ խանի Դևլեթ-Սարայի նստավայրում, այնուհետև տեղափոխվել է Բախչիսարայ[44]։

Պորտալի զանգվածային դուռը երկաթապատ է։ «Demir Qapı» անունը Ղրիմի թաթարերենից թարգմանվում է որպես «երկաթե դուռ» (Ղրիմի թաթարերեն՝ demir - երկաթ, երկաթե, Ղրիմի թաթարերեն՝ qapı - դուռ)։ Դուռը երկու կողմերից շրջանակում են Կորինթոսյան օրդերի խոյակներով որմնասյուները։ Սյուների վերևում արխիտրավ է, դեկորատիվ ֆրիզ և քիվ։ Քիվի անկյուններում ծաղկային նախշով ակրոտերիաներ են, իսկ քիվի վերևում՝ կիսաշրջանաձև տիմպան (քանդակազարդ ճակատամաս), որի վերևում տեղակայված են նաև ակրոտերիաներ[10]։

Պորտալը պատրաստված է փորագրված կրաքարե բլոկներից՝ լոմբարդ-վենետիկյան վերածննդի ոճով։ Այնտեղ պատկերված են կաղնու տերևներ, ծաղիկներ, կաղիններ, մետաղադրամներ, մարգարիտների թելեր։ Դռան վերևում կա կամար՝ զարդարված ծաղկավոր ոլորքներով և ծաղիկներով։ Նաև պորտալը զարդարված է արաբերեն երկու մակագրություններով, որոնք քանդակված են քարից և ոսկեզօծ են։

Տիմպանի ներսում շրջանագծի մեջ փորագրված առաջին մակագրությունում ասվում է.

Այս պալատի տերը և այս շրջանի տիրակալն է, ամենամեծ, ամենաազնիվ ինքնիշխան Մենգլի Գիրայ խանը, Հաջի Գիրայ խանի որդին, Աստված ողորմի նրան և նրա ծնողներին երկու աշխարհներում։

Այս արձանագրության կենտրոնում Գերայների դինաստիայի խորհրդանիշն է` Տարակ-տամղա (

սանր-դրոշմ)։

Ֆրիզի երկրորդ մակագրության մեջ ասվում է.

Այս վեհ շեմն ու այս վեհ դուռը կառուցվել են երկու մայրցամաքների տիրակալի և երկու ծովերի խականի հրամանով, ինքնիշխանի, ինքնիշխանի որդու, Մենգլի Գիրայ խանի, ինքնիշխան Հաջի Գերայ խանի որդու հրամանով։ 909 (1503)։

Դիվանի սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանի սրահը (Ղրիմի թաթարերեն՝ Divan hanesı) նախատեսված էր Պետական խորհրդի (Divan) նիստերի համար։ Խանի համար հարավային պատի կենտրոնում տեղադրվել է գահ՝ ծածկված գունավոր մահուդով և ոսկե ասեղնագործությամբ[45]։ Գահից աջ ու ձախ ցածր բազմոցներ էին դրված խանի մերձավորների համար։ Դիվանի անդամ բեկերի համար պատերի երկայնքով երկար նստարաններ էին դրված։

Դիվանի սրահի մուտքի վերևի հյուսիսային պատին կա մի նեղ վանդակապատ պատշգամբ (երգչախումբ), որով, ըստ ավանդության, խանը գաղտնալսում էր դիվանի ժողովները, երբ դրանք անցկացվում էին իր բացակայությամբ[45]։ Նման պատշգամբ նախկինում եղել է հարավային պատին։

Առաստաղը՝ փայտյա, հավաքովի էր[11]։ Բոլոր պատերում երկու շարքով պատուհաններ էին արված և զարդարված վիտրաժներով։ Արևելյան պատի պատուհանները պահպանվել են մինչ օրս։

Ֆելդմարշալ Մյունխենի կողմից պալատի հրկիզումից առաջ դիվանի սրահի հատակը սալահատված էր մարմարե սալերով, սրահի կենտրոնում տեղադրված էր քառակուսի ջրավազան՝ շատրվանով, իսկ պատերը զարդարված էին ճենապակյա սալիկներով[11]։ 1742 թվականին վերականգնվել են Դիվանի սրահի տարածքները[14]։ Սկզբում պատի և առաստաղի նկարներն ընդօրինակում էին մարմարը և պատկերում էին խաղողի ողկույզներ։ Ներկայիս սրահը զարդարող որմնանկարները ստեղծվել են 19-րդ դարում։

1917 թվականին Դիվանի սրահում Ղրիմի թաթարների կուրուլթայը հռչակեց անկախ Ղրիմի թաթարական կառավարության ստեղծումը[45]։

Ամառային տաղավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանգստի համար նախատեսված լողավազանի բակում կառուցվել է Ամառային տաղավար։ Տաղավարի կենտրոնում քառակուսի լողավազան է՝ սպիտակ մարմարե փորագիր շատրվանով։ Պատերի երկայնքով բազմոցներ են։ Սկզբում ամառանոցը բաց էր և մեկ հարկանի։ Սյուները ծածկված էին բաղեղով։ 1821-1831 թվականներին նրա սյուների միջև փայտե առաստաղներ են պատրաստվել և ապակեպատվել վիտրաժներով[46]։ Կառուցվել է նաև երկրորդ հարկը, որտեղ գտնվում է Ոսկե կաբինետը։ Ամառանոցի փորագրված առաստաղը պատրաստել են վարպետներ Միխայիլ Կլադոն և Վասիլի Դորոֆեևը[11]։

1962 թվականին իրականացվել է ամառային տաղավարի վերականգնումը, որի ընթացքում հայտնաբերվել է նրա բնօրինակ նկարազարդումը։ Այս որմնանկարում պատկերված են տներ, օդային կամուրջներ, նոճիների խմբեր, տաղավարներ[14]։

Ոսկե կաբինետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե կաբինետի տեսքը դրսից

Ոսկե կաբինետը գտնվում է ամառային տաղավարի վերևի երկրորդ հարկում։ Դրա դիզայնը իրանցի ճարտարապետ Օմերի աշխատանքի արդյունքն է։ Ոսկե կաբինետի առաստաղը փորագրված փայտից է, որին ամրացված է բյուրեղյա ջահ։ Ընդհանուր առմամբ գրասենյակում կա 24 պատուհան՝ գունավոր ապակիներով ապակեպատված և երեք պատերի վրա երկու հարկերով։ Պատուհանների տակ թավշեպատ բազմոցներ են։

Պատերին ալեբաստե սվաղային ձուլվածքներ են[33], որոնց վրա պատկերված են մրգային ծաղկամաններ։ Երեք պատերի ուղղությամբ քիվի երկայնքով ձգվում է արաբերեն բանաստեղծական գրություն՝ ի պատիվ Ղրիմի Գիրայի[47]։ Պատերից մեկի երկայնքով պահարաններ են սպասքներով, ադ պատի վրա կա բուխարի և մուտքի դուռ[48]։ Շքամուտքի դռան վերև՝ ապակեպատ միջնահարկում, մոմից ձմեռային այգու կոմպոզիցիա[11] կա՝ պատրաստված արհեստական մանրանկար ծառերից, ծաղիկներից ու թռչուններից։ Ղրիմի գերմանական օկուպացիայի ժամանակ նա անհետացել է[47]։

Խանական փոքր մզկիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհրաբ Փոքր մզկիթում

Խանական փոքր մզկիթը (Ղրիմի թաթարերեն՝ Kiçik Han Cami) գտնվում է գլխավոր շենքում և նախատեսված էր Խանի ընտանիքի անդամների և մերձավոր բարձրաստիճան անձանց համար։ Փոքր մզկիթի կառուցումը թվագրվում է 16-րդ դարով, իսկ որմնանկարները՝ 17-18-րդ դարերով։ Մզկիթի որմնանկարներում օգտագործված են միայն ծաղկային և դեկորատիվ զարդանախշեր։ Գմբեթը առագաստային է՝ հենված ութանիստ թմբուկի վրա՝ պատրաստված աղյուսից, որը նկարել է վարպետ Օմերը 18-րդ դարի վերջին։

Հարավային պատում աղոթքի համար առանձնացված որմնախորշ` միհրաբ կա, որի վերին մասում փորագրված են յոթ զարդաքանդակներ՝ խորհրդանշելով դրախտի յոթ մակարդակները[49]։ Միհրաբի վերևում կա վիտրաժ, որի վրա պատկերված է Սուլեյմանի կնիքը (վեցանկյուն)։ Փոքր մզկիթի պատերին հայտնաբերվել են առագաստներով, ձիերով և հեծյալներով նավակների քերծված պատկերներ[33]։

Ոսկե շատրվան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե շատրվանը պատրաստված է մարմարից և գտնվում է շատրվանի բակում՝ Խանական փոքր մզկիթի մուտքի մոտ։ Օգտագործվում էր աբդեստի` ձեռնա-ոտնալվայի ծեսի համար[50]։

Շատրվանը կոչվում է «ոսկե» այն պատճառով, որ այն պատված է դրախտի այգին խորհրդանշող ոսկեզօծ փորագրված զարդանախշով։ Զարդանախշում օգտագործվում են ծաղկային մոտիվներ՝ ծաղիկներ, տերևներ, մրգեր, վազ։ Շատրվանի մեջտեղում փորագրված է մի մեծ վարդադրվագ, որը խորհրդանշում է հավերժական կյանքը։ «Ոսկե շատրվանի» զարդանախշը օգտագործվել է 2001 թվականին Բախչիսարայի պալատի պատվին Ուկրաինայի Ազգային բանկի թողարկված մետաղադրամի դիմերեսին[51]։

Բացի զարդանախշից, շատրվանը զարդարված է նաև արաբերեն երկու գրությամբ։ Շատրվանի վերին մակագրությունն ասում է, որ շատրվանը կառուցվել է 1733 թվականին Խան Կապլան I Գերայի օրոք.

Կապլան Գերայ խանը, Էլ-Հաջ Սելիմ Գերայ խանի որդին, թող Ալլահը ողորմի նրան և նրա ծնողներին, 1146 թվական[52]։

Ներքևի մակագրությունը մեջբերում է Ղուրանից (76:21).

Եվ Տերը նրանց մաքուր ջուր խմեցրեց։

Արցունքների շատրվան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արցունքների շատրվան» Բախչիսարայում

«Արցունքների շատրվանը» ստեղծվել է 1764 թվականին իրանցի ճարտարապետ Օմերի կողմից։ Այն տեղադրվել է Դիլյարա-բիկեչի թյուրբեում[53]։ Ժամանակի ընթացքում հին վայրում շատրվանը սնուցող աղբյուրը չորացավ։ Եկատերինա II-ի Խանի պալատ գալստյան կապակցությամբ, շատրվանը տեղափոխվեց Շատրվանների բակ, որտեղ այն մնում է մինչ օրս։ Նման շատրվան կա նաև պալատի ավազանների բակում։

Ըստ լեգենդի՝ Դիլյարան Քըրըմ Գերայի սիրելի կինն էր, ով թունավորվել էր իր հակառակորդի կողմից։ Նրա կնոջ պատվին ստեղծված շատրվանը պետք է խորհրդանշեր խանի վիշտը։ Այս լեգենդը հիմք է հանդիսացել Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը»[54] պոեմի համար, որի շնորհիվ շատրվանը լայն ճանաչում է ձեռք բերել։

Շատրվանը պատրաստված է սելսեբիլի տիպով[55][56]։ Կենտրոնում մարմարե ծաղիկ է, որից ջուրը կաթում է մեծ վերին ամանի մեջ՝ արցունքի նմանվող։ Մեծ ամանի միջից ջուրը մտնում է երկու փոքր չափերով ամանների մեջ, այնտեղից՝ կրկին մեծի մեջ և այդպես մի քանի անգամ։ Թասը ջրով լցնելը խորհրդանշում է սիրտը վիշտով լցնելը, իսկ թասերի չափերի փոփոխությունը՝ այն, որ վիշտը կա՛մ սաստկանում է, կա՛մ մեղմանում[53]։

Շատրվանի ստորոտում փորագրված է պարույր, որը խորհրդանշում է հավերժությունը։ Շատրվանի վերին մասում փորագրված է բանաստեղծ Շեյխիայի բանաստեղծությունը՝ ի պատիվ Ղրիմի խան Գիրայի, իսկ շատրվանի ստորին մասում Ղուրանի 76-րդ սուրայի 18-րդ տողը.

Դրախտում արդարները ջուր կխմեն Սելսեբիլ կոչվող աղբյուրից։

Հարեմի կորպուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարեմը (Ղրիմի թաթարերեն՝ Arem) տեղավորված էր չորս մեծ շենքերում։ 18-րդ դարում այն ուներ 73 սենյակ։ 1818 թվականին, երբ Ալեքսանդր I-ը եկավ պալատ, քանդվեց երեք կիսավեր շինություն (70 սենյակ)։ Պահպանվել են միայն երեք սենյականոց կողային շինություն և տաղավար, որոնք պահպանվել են մինչ օրս։ Կողաշենքը հետագայում վերականգնվել է, և զբոսաշրջիկների համար բացվել են դիտելու համար պատշգամբներ՝ նրա լայն պատշգամբաձև շինվածքում։ Կողաշենքում վերստեղծվել են 17-19-րդ դարերի Ղրիմի թաթարական հարուստ տան ինտերիերը՝ բուֆետ, բնակելի սենյակ և հյուրասենյակ[57]։

Հարեմը շրջապատված է քարից պատրաստված պատերով, որոնց բարձրությունը հասնում է ութ մետրի[14]։ Բազեի աշտարակը հարում է հարավային պատին, որտեղից հարեմի բնակիչները տեսնում էին պալատի հրապարակը։ Նաև հարավային պատում կա Պարսկական այգի տանող լայն դարպաս։

Բնակելի տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակելի հատվածը դրսից

Բնակելի տարածքները հիմնական շենքի երկրորդ հարկում են։ Երկրորդ հարկում են նաև Դեսպանական սրահը, Սրճարանը և Ոսկե կաբինետը։

Սենյակներն ունեն փորագրված առաստաղներ և վիտրաժներ, կան նաև բուխարիներ։ Տարածքի ձևավորումը և դասավորությունը զգալիորեն փոխվել են Ղրիմը Ռուսական կայսրությանը միացնելուց հետո։

Պալատների սենյակներում ցուցադրված են Ղրիմի թաթարների կենցաղային իրեր։ Առանձին ներկայացված են «Խանի ճաշասենյակը» և «Խանի ննջասենյակը»։ Ննջասենյակն ունի անկողնախորշ։

Դեսպանական բակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեսպանական բակում դեսպաններն սպասում էին իրենց ընդունելությանը։ Նրանք Պալատի հրապարակի դարպասներով մտնում էին բակ, որտեղից «դեսպանական» դռներով (Դեմիր-Կապի պորտալ) և շատրվանների բակով մտնում Դիվանի սրահ։

Դեսպանատան բակում այգի կա` տոսախի թփերով և բարդիներով։ Այստեղ տեղադրված են նաև երկու շատրվաններ, որոնցից մեկը գտնվում է կենտրոնում, երկրորդը՝ քարից փորագրածը, շենքի մոտ։

Բակից հարավ գտնվում են շքամուտքի սենյակները, իսկ հյուսիսում՝ խաների առանձնասենյակները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինություններ
Ներքին հարդարում
Արվեստի գործեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Russian Invaders Destroy Golden Cabinet in Khan's Palace in Occupied Crimea", Kyiv Post, 17 December 2022
  2. "'It's cultural genocide': Ukraine's Culture Minister trying to salvage the country's artifacts", EuroNews, 13 September 2022
  3. О музее см. «Художественный музей Бахчисарайского государственного историко-культурного заповедника». Крым туристический. Министерство курортов и туризма Крыма. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
  4. 4,0 4,1 4,2 Олекса Гайворонский. «Очерк истории ханского дворца». Официальный сайт музея. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
  5. «Шукач | Екатерининская верста (Волосское)». www.shukach.com. Վերցված է 2023 թ․ մայիսի 6-ին.
  6. ArchNet.org - Tatar Khans' Palace Complex, 2005
  7. Олекса Гайворонский. Страна Крым. Крымское ханство в лицах и событиях. Книга 1. — Симферополь: Доля, 2004. — 94 с. — ISBN 966-8584-60-0 «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 16. Վերցված է 2009 թ․ մարտի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  8. 8,0 8,1 8,2 8,3 Бахчисарай и дворцы Крыма. — Litres, 2017-01-12. — 313 с. — ISBN 9785425069931
  9. 9,0 9,1 9,2 «Ханский дворец (Бахчисарай) — путеводитель по отдыху в Крыму». jalita.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 Е. В. Нагаевская. Дворец-музей // Бахчисарай (путеводитель). — Симферополь: Таврия, 1979. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 18. Վերցված է 2009 թ․ մարտի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Юрий Данилевский. «Бахчисарай — виртуальная экскурсия». Туристическая планета Крым. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
  12. 12,0 12,1 «Бахчисарайский Дворец-музей — претендент в список ЮНЕСКО». Республиканский комитет по охране культурного наследия Автономной Республики Крым. 2004 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
  13. Пушкин А. С. «История Пугачева. Исторические статьи и материалы; Воспоминания и дневники». Библиотека Максима Мошкова. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 15-ին.
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 В. Гарагуля. «Бахчисарайский дворец». Жемчужина Крым. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
  15. 15,0 15,1 15,2 Эминов Р.Р. Бахчисарайский дворец-музей: история создания и формирования коллекций (1917–1945) / отв. ред. И.В. Зайцев.. — М.: Связь Эпох, 2017. — 368 с.
  16. Селим АЛИ (2012 - 2018). «Первый Курултай крымскотатарского народа». Ана юрт. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  17. 17,0 17,1 Зарубин А. Г. Из истории Бахчисарайского дворца-музея // Проблемы истории и археологии Крыма. Сборник научных трудов. —Симферополь, 1994. — С. 210-213.
  18. Հեծելազորայինների մի մասը ծովային բաճկոններով են, որը ցույց է տալիս Սևաստոպոլի Կարմիր գվարդիայի հիմնական կազմը:
  19. Романько, Олег Валентинович Крым под пятой Гитлера. Немецкая оккупационная политика в Крыму 1941—1944 гг. — М.: Вече, 2011. — 448 с. — 3000 экз. — ISBN 978-5-9533-4510-1
  20. «Бахчисарайский историко-культурный и археологический музей-заповедник — 70-летию Великой победы: братское кладбище советских воинов на территории Ханского дворца» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  21. «ПРАВИТЕЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ РАСПОРЯЖЕНИЕ от 17 октября 2015 г. No 2073-р» (PDF) (ռուսերեն). 2015 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  22. 22,0 22,1 Wesolowsky, Tony (2018 թ․ փետրվարի 18). «Facelift Or Farce? 'Restoration' Of Palace Shocks Crimean Tatars». RadioFreeEurope. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
  23. Coynash, Halya. «Russia is destroying 16th Century Crimean Tatar Khan's Palace in occupied Crimea». RISU. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
  24. «Ukraine to appeal to UNESCO over the damage to Bakhchysarai Khan Palace in the Russian-annexed Crimea». UAWire. 2017 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
  25. «Bagçesaray Palace of the Crimean Khans». UNESCO World Heritage Centre. UNESCO. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
  26. Busol, Kateryna (2020 թ․ փետրվարի 4). «Crimea's Occupation Exemplifies the Threat of Attacks on Cultural Heritage». Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
  27. 27,0 27,1 Олекса Гайворонский. Драконы на страже Хансарая // Qasevet. —Симферополь, 2007. — № 32. Архивировано из первоисточника 9 Հուլիսի 2015.
  28. Олекса Гайворонский. «Стилистика построек». Официальный сайт музея. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  29. Также ещё нет южного дюрбе
  30. Олекса Гайворонский. «Дворцовая площадь». Официальный сайт музея. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  31. «Кладбище ханов (ханский дворец, Бахчисарай) — путеводитель по отдыху в Крыму». jalita.com (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  32. 32,0 32,1 32,2 Олекса Гайворонский. «Большая Ханская мечеть». Официальный сайт музея. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  33. 33,0 33,1 33,2 33,3 «Ханский дворец в Бахчисарае». Лето — это отдых в Крыму!. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  34. «Tatar Khans' Palace». ArchNet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
  35. «Ханский дворец в Бахчисарае». Крымский Берег. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
  36. 1532 թվական ըստ Գրիգորյան օրացույցի
  37. Олекса Гайворонский. «Баня Сары-Гюзель». Официальный сайт музея. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  38. 38,0 38,1 38,2 Олекса Гайворонский. «Ханское кладбище». Официальный сайт музея. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  39. Олекса Гайворонский. «Ханское кладбище». Официальный сайт музея. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին., по другому источнику: В. Гарагуля. «Бахчисарайский дворец». Жемчужина Крым. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին. — 15 человек
  40. В. Н. Борисов. Посещение Императором Александром II Бахчисарая и частей Крымской армии под Севастополем 28—31 октября (9—12 ноября) 1855 года // Историческое наследие Крыма. — 2006. — № 16.(չաշխատող հղում)
  41. Հետին պլանում երևում են Բազեի աշտարակը, խանի երկու դիուրբեները և Խանի մեծ մզկիթի մինարեթները։
  42. Олекса Гайворонский. «Дюрбе Диляры-Бикеч». Официальный сайт музея. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  43. Олекса Гайворонский. «Соколиная башня». Официальный сайт музея. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  44. Олекса Гайворонский. «Портал Демир-Капы». Официальный сайт музея. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  45. 45,0 45,1 45,2 Олекса Гайворонский. «Зал Дивана». Официальный сайт музея. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  46. Олекса Гайворонский. «Летняя беседка». Официальный сайт музея. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  47. 47,0 47,1 Олекса Гайворонский. «Жилые покои дворца». Официальный сайт музея. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  48. См. «фотографию». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 26-ին.
  49. Олекса Гайворонский. «Малая ханская мечеть». Официальный сайт музея. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  50. Олекса Гайворонский. «Золотой фонтан». Официальный сайт музея. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  51. «Пам'ятна монета «Ханський палац у Бахчисараї»» (ուկրաիներեն). Национальный банк Украины. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  52. 1733 թվականին ըստ գրիգորյան օրացույցի
  53. 53,0 53,1 Олекса Гайворонский. ««Фонтан слёз» (сельсебиль)». Официальный сайт музея. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  54. «Բախչիսարայի շատրվանը» պոեմայից Վիքիդարանում
  55. Սելսեբիլը (կամ սալասաբիլը), որը նաև հայտնի է որպես շադիրվան, շատրվանի տեսակ է, որն առավելագույնի է հասցնում ջրի մակերեսը։ Օգտագործվում է շենքերի գոլորշիացմամբ սառեցման, խմելու ջրի հովացման և օդափոխության և դեկորացիայի համար (օգտագործվել է նաև գաղտնալսումը կանխելու համար)։ Ջուրը կարող է հոսել բարակ շերտով, հաճախ ալիքաձև մակերևույթի վրայով՝ բազմաթիվ փոքրիկ ջրվեժներով։ Դրա օգտագործումը տարածվում է հարավային Իսպանիայից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք մինչև հյուսիսային Հնդկաստան։ Սելսեբիլը նաև դրախտի աղբյուրներից է, որից, ըստ իսլամի, ջուր են խմում հավատքի համար ընկած արդարների հոգիները։
  56. Юлия Исрафилова. Фонтан слез плачет, потому что… засорился // «Первая Крымская». —Симферополь, 16-22 марта 2007. — № 166. Архивировано из первоисточника 17 Մայիսի 2009.
  57. Олекса Гайворонский. «Гаремный корпус». Официальный сайт музея. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]