Jump to content

Բախման կանխարգելում (տիեզերական թռիչք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիեզերանավերի բախման կանխարգելում կոչվում է այն գործընթացների ուսումնասիրությունն ու իրագործումը, որոնք նվազեցնում են ուղեծրում գտնվող տիեզերանավերի՝ այլ օբյեկտների հետ պատահական բախման հավանականությունը։ Բախումների կանխարգելման վերաբերյալ ամենատարածված հետազոտություններն ու զարգացումները վերաբերում են մարդու կողմից ստեղծված գեոկենտրոն ուղեծրերում գտնվող արբանյակներին։ Թեման ներառում է ինչպես ուղեծրում տիեզերական աղբի կուտակումից խուսափելու համար մշակված ընթացակարգերը, այնպես էլ բախումների հավանականությունը կանխատեսող վերլուծական մեթոդներն ու այն մանևրերը, որոնց միջոցով տիեզերանավերը հեռացվում են վտանգից։

Մեծ մարմինների (օրինակ՝ Երկիր) շուրջ ուղեծրային արագությունը մեծ է, ինչի հետևանքով ուղեծրային բախումների ժամանակ առաջանում է զգալի կինետիկ էներգիա։ Օրինակ՝ ցածր մերձերկրյա ուղեծրում ~7,8 կմ/վ արագությամբ շարժվող երկու տիեզերանավերի ուղղահայաց բախման դեպքում հարաբերական արագությունը կլինի ~12,2 կմ/վ։ Գիտությանը հայտնի գրեթե ոչ մի պինդ նյութ չի դիմանում այդքան մեծ էներգիայով հարվածին։ Արբանյակի մեծ մասը ակնթարթորեն գոլորշիանում է կամ մասնատվում բազմաթիվ կտորների, որոնք մեծ ուժով ցրվում են բոլոր ուղղություններով։ Հետևաբար ուղեծրում որևէ օբյեկտի հետ բախված տիեզերանավը գրեթե անխուսափելիորեն կրում է կործանարար վնաս կամ ամբողջությամբ ոչնչանում է։

Անհրաժեշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե Երկրի ուղեծրում տիեզերական աղբի կրիտիկական քանակ կուտակվի, ապա հնարավոր է բախումների շղթայական շարք, որը հայտնի է որպես Կեսլերի սինդրոմ։ Նոր բախումները կստեղծեն ավելի փոքր բեկորներ, որոնք էլ ավելի շատ բախումներ կառաջացնեն և այդպես շարունակ։ Ստացված դրական հետադարձ կապի արդյունքում ուղեծրի որոշ շրջաններ կդառնան անանցանելի բախման մեծ ռիսկի պատճառով, և ի վերջո հնարավոր է, որ ամբողջությամբ արգելափակեն դեպի տիեզերք ելքը, քանի որ մեկնարկի պահին պետք կլինի անցնել աղբով լցված ուղեծրային գոտիներով։

2021 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ ԵՏԳ Տիեզերական աղբի գրասենյակը գնահատել է, որ տիեզերքում գտնվող արբանյակների մի փոքր ավելին քան կեսն է դեռ գործում[1]:

Մարդածին արբանյակների քանակի գնահատականը՝ ըստ ԵՏԳ-ի Տիեզերական աղբի գրասենյակի[1]
Երկրի ուղեծիր դուրս բերված արբանյակներ Ուղեծրում մնացած Գործունակ
~12070 ~7500 ~4700

Չնայած Երկրի շուրջը հասանելի տարածքի համեմատ ուղեծիր արձակված արբանյակների քանակը համեմատաբար փոքր է, բայցևայնպես տեղի են ունենում վտանգավոր մոտեցումներ ու երբեմն բախումներ։ 2009 թվականի արբանյակների բախումը ամբողջությամբ ոչնչացրեց երկու տիեզերանավերն էլ և ստեղծեց մոտ 1000 նոր բեկոր (մեծությամբ՝ ավելի քան 10 սմ) և բազմաթիվ ավելի փոքր բեկորներ[2]:

Բացի այդ, Երկրի շուրջն առկա են ավելի փոքր նյութական մասնիկներ, որոնք նույնպես կարող են զգալի վնաս հասցնել արբանյակներին։ Դրանք են՝ միկրոաստղաքարերը, արբանյակների բախումների մնացորդներ կամ փոքր բնական արբանյակներ։

Տիեզերական աղբի քանակի գնահատականները՝ ըստ ԵՏԳ-ի Տիեզերական աղբի գրասենյակի[1]
Պարբերաբար հետևվող բեկորներ Ֆրագմենտացիայի դեպքեր Ուղեծրում գնահատվող բեկորների քանակ
>10 սմ 1-10 սմ 1 մմ - 1 սմ
~22300 >500 >34000 ~900000 >128 միլիոն

Թեև այս օբյեկտները կարող են աննշան թվալ, բայց նույնիսկ մանրագույն մասնիկները՝ ինչպես թափառող ներկի փշրանքները, կարող են վնասել տիեզերանավերը[3]: Սփեյս Շաթլ մի քանի թռիչքներից հետո նման ներկի փշրանքները ստիպել են փոխարինել տիեզերանավի պատուհանների ապակին[4]:

Վերջին տարիներին բազմաթիվ ընկերություններ սկսել են մեծածավալ արբանյակային համաստեղություններ արձակել՝ բարձր արագությամբ կապ և ինտերնետ մատուցելու համար ցածր մերձերկրյա ուղեծրեր։ Դրանցից են SpaceXStarlink-ը և Ամազոն-ի նախատեսած Կոյպեր նախագիծը։ Յուրաքանչյուրն իր մեջ ներառում է տասնյակ հազարավոր արբանյակներ, ինչը զգալիորեն կավելացնի ընդհանուր քանակը և կսրի տիեզերական աղբի խնդիրը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Space debris by the numbers». www.esa.int (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.
  2. «What a mess! Experts ponder space junk problem - USATODAY.com». usatoday30.usatoday.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. Phillip, Anz-Meador; Shoots, Debi (2020 թ․ օգոստոս). «Orbital Debris Quarterly News» (PDF). NASA Johnson Space Center. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. Garcia, Mark (2015 թ․ ապրիլի 13). «Space Debris and Human Spacecraft». NASA. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]