Բալզամիկ քացախ
![]() | |
Տեսակ | համեմունք |
Ենթատեսակ | Քացախ |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Բալզամիկ քացախ կամ բալզամիկ (իտալերեն՝ Aceto balsamico), խաղողի քաղցրահյութից տակառներում հնեցված թթու և քաղցր [1] համեմունք, որը ստեղծվել է Իտալիայի Մոդենա նահանգում։ Բալզամիկի սկզբնական տեսակից պատրաստում են նաև Ռեջջո նել Էմիլիա նահանգում։
Բալզամիկ քացախը ավելի նրբահամ է, հարուստ է բուրավետ երանգներով և ավանդաբար սննդի քացախների մեջ ավելի արժեքավոր է։ Չնայած քացախ անվանը, այն պատրաստման ձևով զգալիորեն տարբերվում է սովորական սննդային քացախից։
Կովկասում և Իրանում բալզամիկ քացախի համարժեքը դոշաբն է։ ԱՄՆ-ում բալզամիկի համարժեքները պատրաստում են կոկոսից, թզից, մանդարինից, սև հաղարջից, կակաոյի հատիկներից և այլն։
Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասական բալզամիկ քացախը շատ մուգ է, ունենում է մրգային համ և շատ թանձր է։ Գոյություն ունի նաև բալզամիկ քացախի ավելի պարզ և ավելի էժան տարբերակը, որը պատրաստվում է կարմիր գինուց պատրաստված քացախից՝ գինու քացախից։ Նման բալզամիկ քացախը ավելի բաց գույնի է և տարբերվում է համով։
Բալզամիկ քացախը կիրառվում է աղցաններ, մարինատներ, աղանդեր և ապուրներ պատրաստելիս։ Այս համեմունքի մի քանի կաթիլը պանրին, ելակի աղցանին, սովորական ձվածեղին, նույնիսկ պաղպաղակին յուրահատուկ համային երանգ է տալիս։
Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի տարբերություն սովորական գինու քացախի պատրաստման պարզ մեթոդին, որը պատրաստվում է մանրացրած խաղողը 3 ամսով շաքարով և ջրով հնեցնելով, բալզամիկ քացախը ստանում են խաղողի քաղցրահյութից։ Թարմ խաղողի (սովորաբար սպիտակ տեսակ) քամված հյութը եփում են մինչև թանձրանալը, մինչև խիտ և մուգ գույնի սիրոպ դառնալը։ Միևնույն ժամանակ նրանում մեծանում է օքսիմեթիլֆուրֆուրոլի քանակությունը։ Ավելի էժան տեսակներում սիրոպներին ավելացնում են գինու քացախ («ֆլորան հարստացնելու և քացախաթթվի խմորումն արագացնելու համար»)։
Սիրոպը պահելու համար օգտագործում են երեք տեսակի տակառներ՝ ամենափոքրերը հացենուց և կաղնուց են, միջինները շագանակենուց և բալենուց են, իսկ մեծերը թթենուց են։ Հասունացած բալզամիկ քացախի ամենափոքր տակառի մի մասը (10-12 %) հանվում է վաճառքի, ազատված ծավալը լցնում են մեծությամբ երկրորդ տակառից, երկրորդը լցնում են երրորդից և այդպես շարունակ։ Յուրաքանչյուր արտադրող օգտագործում է իր համեմունքները։ Քացախի հասունացման ժամկետը ամենաքիչը 3 տարի է, իսկ նրա լավագույն տեսակները պահում են մինչև 100 տարի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Giudici, Paolo, 1952-։ «Balsamic vinegars : tradition, technology, trade»։ Վերցված է 2020-09-06
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բալզամիկ քացախ կատեգորիայում։ |