Բաթումի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաթումի հայկական տպագրություն, 20-րդ դարի սկզբին Բաթումում գործող տպարաններից 4-ը լույս են ընծայել հայերեն գրքեր։ Առաջին տպարանը հիմնադրել է Ն. Գուրոկյանը (Գուրսկի)․ տպագրած անդրանիկ հրատարակություններն են «Հաշիւ Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցւոյ երեցփոխ Ս. Յարութիւնեանի 1898 թւից 1901 թիւը» գրքույկը, «Ընթերցողների ուշադրութեանը մատուցանում է Մեսրոպ Մելեանը» (1901 թվական) հրապարակախոսական նյութերի ժողովածուն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1904 թվականին լույս է տեսել Գ. Բալասանյանի «Որբիկների արցունքները» բանաստեղծությունների գրքույկը և «Պստիկ Մհեր» դյուցազներգա-պատմական պոեմը, 1906 թվականին՝ Վ. Գարշինի «Ազդանշանը» պատմվածքը, Ի. Սիզովի «Ի՞նչ է ազատութիւնը» աշխատությունը (երկուսի թարգմանությունը՝ Ս. Հարությունյանի)՝ «Յօգուտ Բաթումի հայ բանուորների» խորագրով, նաև Ս. Հարությունյանի «Գաղափարի մարդը» (1906 թվական) գրքույկը՝ ««Պայքարի» ժողովրդական գրադարան» մատենաշարով և այլն։ Բաթումի մյուս տպարանը պատկանել է Խ. Շմաևսկուն։ Այստեղ հիշյալ մատենաշարով 1906 թվականին տպագրվել են Ա. Աննենսկայայի «Ի՞նչ է հասարակապետութիւնը» աշխատությունը (թարգմանությունը՝ Ս. Հարությունյանի), Ն. Մաքսիմովի «Աշխատանքի տօնը», 1917 թվականին՝ «Կանոնադրութիւն բաբերդցիների հայրենակցական միութեան» գրքույկները։ «Պրոսվեշչենիե» տպարանում 1909 թվականին տպագրվել է Ե. Չիրիկովի «Կեանքի շէմքին» (թարգմանությունը՝ Հ. Խաչատրյանի) գիրքը։ 1917 թվականին մի խումբ հայ բոլշևիկներ հիմնադրել են հայկական ընդհատակյա տպարան։ 1917-1918 թվականներին Հ. Հակոբյանի, Ս. Խանոյանի, Ա. Սարուխանյանի, Ս. Զուրաբյանի, Գ. Գրիգորյանի նախաձեռնությամբ այստեղ տպագրվել է «Բանուոր եւ զինուոր» հայերեն թերթը (չի պահպանվել)։ Բաթումում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո այստեղ տպագրվել են Աջարիայի «Կոմունիստ» (1921 թվական) և «Բաթումի բանւոր» (1922 թվական) պարբերականները։ Հետագայում Բաթումում հայերեն ոչինչ չի տպագրվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։