Բազմոտանիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բազմոտանիներ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Ենթաթագավորություն  Իսկական բազմաբջիջներ (Eumetazoa)
Ինֆրաթագավորություն Նախաբերաններ (Protostomia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Բազմոտանիներ (Myriapoda)
Latreille, 1802

Բազմոտանիներ (լատին․՝ Myriapoda), հոդվածոտանիների տիպի ցամաքային կենդանիների 4 դասի ընդհանուր անվանումը։ Լայնորեն տարածված է շուրջ 50 հազար տեսակ, Հայաստանում առավել հայտնի են Կոխի հազարոտնուկը, հայկական զրահակիրը, սովորական ճանճորսը։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը որդանման է՝ բաղկացած գլխից և երկար հատվածավորված իրանից։ Չափերը 0,5 մմ 0,3մ են, հատվածների թիվը՝ 170 և ավելի։ Գրեթե բոլոր հատվածները կրում են 1-2 զույգ ոտքեր (այստեղից՝ անվանումը)։ Գլխի վրա տեղադրված են երկար, չճյուղավորված բեղիկները և բերանային օրգանները։ Որոշ տեսակների մարմինը ծածկող խիտինային կուտիկուլան ընկղմված է կրով։

Ներքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնչում Են տրաքեաներով։ Արյունատար համակարգը բաց տիպի է։ Արտաթորությունը կատարվում է մալպիգյան խողովակներով, ավշային հանգույցներով և ճարպային մարմնի օգնությամբ։ Նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից, փորի նյարդային շղթայից։ Հոտառության և շոշափելիքի օրգանները տեղադրված են բեղիկների վրա։ Ունեն պարզ աչքեր, տեսողությունը վատ է զարգացած։

Ապրում են քողարկված՝ հողի ճեղքերում, քարերի, բուսական մնացորդների, ծառերի կեղևի տակ։ Վարում են գիշերային կյանք։ Կան բուսակեր և կենդանակեր տեսակներ։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանասեռ են։ Բազմանում են սեռական ճանապարհով։ Զարգացումն ընթանում է թերի կամ լրիվ կերպարանափոխությամբ։ Ապրում են մի քանի ամսից մինչև 5-6 տարի։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակներ գյուղատնտեսական, ջերմոցային բույսերի վնասատուներ են։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազմոտանիներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազմոտանիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 218