Բազմածաղիկ հասմիկ (լատին․՝ Jasminum polyanthum), հասմիկազգիների ցեղատեսակի մշտականաչ փաթաթվող թուփ է, պատկանում է ձիթենազգիներ ընտանիքին։ Հասմիկազգիներից ամենաշատ տարածված սենյակային բույսն է, հայտնի է նաև անգլ.՝ Jasminum polyanthum անունով։
Բույսի բարձրությունը 1-ից 10 մետր է։ Տերևներն իրար հանդիպակաց են, խճճված, փետրավոր։ Տերևակոթը 0,4-2 սմ է, տերևները՝ 5-7 սմ։ Ծաղիկները սպիտակ են, աստղաձև, հոտավետ։ Տերևանութից վերև առկա են լինում 5-50 հատ ծաղկաբողբոջներ։ Ծաղկատերևը մախաթանման է 1-6 մմ, ծաղկաոտիկը 0,5-2,5 մմ։ Պտուղները սև են, համարյա գնդաձև, 6-11 մմ տրամագծով։ Ծաղկում է փետրվարիցօգոստոս ընկած ժամանակահատվածում։
Ծաղկաբուծության մեջ 1993 թվականին բազմածաղիկ հասմիկը մրցանակ է շահել Award of Garden Merit (AGM) անգլիական թագավորական այգեգործական ընկերության կողմից[2]։ Սիրում է կիսաստվերոտ միջավայր, հարավային մասերում գտնվող պատուհանագոգերի վրա բույսի տերևները կարող են արևից վնասվել։ Ամռանը կարելի է աճեցնել բացօթյա տարածքում, իսկ ձմռանը սենյակային ջերմաստիճանը պետք է +10 աստիճանից ցածր չլինի։ Փետրվար ամսին խորհուրդ է տրվում կտրել երկար ընձյուղների մեկ երրորդը։ Սննդատու միջավայրը՝ թույլ թթվային բնահողն է, որը պետք է կազմված լինի տերևային և ճիմային հողից, տորֆից, ավազից՝ 3։2։1։1 հարաբերակցությամբ։ Բնահողի չորացման դեպքում կարող են տերևները թափվել։ Բույսը բազմանում է պատվաստի միջոցով՝ 3 անգամ հանգուցամիջելով բնափայտի վերջութային ընձյուղները։ Արմատակալումը տեղի է ունենում 3 շաբաթվա ընթացքում[3]։ Կարող է աճեցվել բաց հողի վրա 8-ից 11 աստիճան ցրտադիմացկունության սանդղակ ունեցող շրջաններում։ Օգտագործվում է պատերի և ցանկապատների գեղազարդման նպատակով[4]։
Բուժական նպատակով օգտագործվում են բույսի բոլոր մասերը։ Տերևներն օգտագործվում են կրծքի կաթը նվազեցնելու նպատակով, որպես բուժիչ միջոց կարող են տաք թրջոցներ դրվել մաշկի վերքերի վրա։ Արմատները հում տեսքով օգտագործվում են գլխացավերի և անքնության ժամանակ։ Ավանդական արևելյան բժշկության մեջ խորհուրդ է տրվում օգտագործել վիրահատություններից առաջ։ Համարվում է, որ բույսի 2-ից 3 սմ արմատի գինեթուրմը 1 օրով իջեցնում է ցավային զգացողությունը, 5 սմ-ի դեպքում՝ 2 օրով։ Եթերային յուղերն օգտագործվում են իբրև հակադեպրեսանտներ։ Յուղն օգտագործվում է բուժիչ լոգանքների համար և մկանային ցավերի ժամանակ ավելացնում են մերսման համար պատրաստված յուղերի մեջ։ Ծաղիկներն օգտագործում են թեյի մեջ՝ բույրի համար։