Բազիս և վերնաշենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բազիս և վերնաշենք, պատմական մատերիալիզմի կատեգորիաներ, որոնք բացահայտում են հասարակական հարաբերությունների ամբողջական համակարգում արտադրական և քաղաքական, իրավական ու գաղափարական հարաբերությունների փոխադարձ կապը։ Արտադրական, տնտեսական հարաբերությունների ամբողջությունը համարվում է հասարակության բազիսը, նրա հիմքը, քաղաքական, իրավական և գաղափարական հարաբերությունների և դրանց համապատասխան հաստատությունների ամբողջությունը՝ վերնաշենքը։ Բազիս և վերնաշենքի դասական սահմանումը տվել է Մարքսը. «Իրենց կյանքի հասարակական արտադրության ժամանակ մարդիկ մտնում են որոշակի, անհրաժեշտ, իրենց կամքից անկախ հարաբերությունների՝ արտադրական հարաբերությունների մեջ, որոնք համապատասխանում են իրենց նյութական արտադրողական ուժերի զարգացման որոշակի աստիճանին։ Այդ արտադրական հարաբերությունների ամբողջությունը կազմում է հասարակության տնտեսական կառուցվածք, այն իրական բազիսը, որի վրա բարձրանում է իրավական և քաղաքական վերնաշենքը և որին համապատասխանում են հասարակական գիտակցության որոշ ձևերը»[1]։ Բազիսը հասարակության տնտեսական կարգն է՝ արտադրության միջոցների սեփականության, դասակարգերի ու սոցիալական խմբերի տնտեսական հարաբերությունների ամբողջությունը։ Սակայն, տնտեսությունն ինքնին քաղաքական, իրավական, կրոնական, բարոյական և այլ գաղափարներ ու դրանց համապատասխանող հաստատություններ չի ստեղծում։ Դրանք ստեղծում են մարդիկ, բայց ոչ կամայական ձևով, այլ գոյություն ունեցող հասարակական, տնտեսական հարաբերություններին համապատասխան։ Հասարակության տնտեսական բազիսն ունի պատմականորեն փոփոխվող բնույթ։ Արտադրողական ուժերի և արտադրահարաբերությունների միջև հակասությունը հանգեցնում է նոր արտադրահարաբերությունների առաջացմանը, որոնք պայմաններ են ստեղծում արտադրողական ուժերի ավելի արագ զարգացման համար։ Տնտեսական հիմքի փոփոխվելու հետ միասին շատ կամ քիչ արագ հեղաշրջում է տեղի ունենում ամբողջ վիթխարի վերնաշենքում (նույն տեղում, էջ 689–690)։ Դասակարգային հասարակության արտադրական հարաբերությունների հակամարտ բնույթը արտահայտվում է վերնաշենքային հարաբերությունների՝ քաղաքական և գաղափարական հայացքների պայքարում։ Բազիս և վերնաշենքի կապը ունի դիալեկտիկական բնույթ։ Վերնաշենքը, ձևավորվելով և զարգանալով տվյալ բազիսի վրա, ձեռք է բերում հարաբերական ինքնուրույնություն և էապես ազդում է բազիսի վրա՝ խթանելով նրա զարգացմանը, եթե այն առաջադիմական է, կամ արգելակելով զարգացումը, եթե այն հետադիմական է։ Սակայն, վերնաշենքի ոչ բոլոր տարրերն են միատեսակ ազդում բազիսի վրա։ Այդ ազդեցությունը լինում է կամ ուղղակի (օրինակ քաղաքական և իրավական հարաբերություններ), կամ միջնորդավորված (օրինակ 4 փիլիսոփայություն)։ Սոցիալական հեղաշրջումների ընթացքում նախկին տնտեսակարգի հետ միասին վերացվում են նաև նրա վերնաշենքային հարաբերությունները։ Միաժամանակ պահպանվում է հոգևոր մշակույթի և բարոյականության ասպարեզում եղած ողջ առաջադիմականը, հասարակության զարգացմանը նպաստող համամարդկայինը։ Նոր հասարակարգին են փոխանցվում նաև հին վերնաշենքային հարաբերությունների որոշ հետադիմական մնացուկներ, որոնք, սակայն, աստիճանաբար հաղթահարվում և վերացվում են։ Բազիս և վերնաշենք հասկացությունները, այս կամ այն հասարակության ուսումնասիրության համար, ունեն մեթոդաբանական նշանակություն, դրանք որոշակիացնում են հասարակության մատերիալիստական ըմբռնումը, ցույց տալիս հասարակության նյութական և գաղափարական բաղադրամասերի փոխկապվածությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կառլ Մարքսը Քաղաքատնտեսության քննադատության շուրջը, Կառլ Մարքս և Ֆրիդրիխ Էնգելս, Ընտիր երկեր երեք հատորով, հ․ 1, էջ 689
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 210