Jump to content

Բաբկեն Ապատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբկեն Ապատյան
իսպ.՝ Papken Abadian, արմտ. հայ.՝ Բաբգէն Ապատեան և անգլ.՝ Babken Apatyan
Դիմանկար
Բաբկեն Ապատյանը (աջից)` դեռևս Վարդապետ, առաջին անգամ Հայաստանում
Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգեն Ա-ի Ամենայն հայոց կաթողիկոս ձեռնդրվելու երրորդ տարեդարձի հոբելյանական հանդիսություններին
(1958 թվական, Մայր աթոռ սուրբ Էջմիածին)[1]
Ծնվել էդեկտեմբեր 1918
ԾննդավայրՀալեպ, Սիրիա կամ Այնթապ, Թուրքիա
Մահացել էապրիլի 24, 1978(1978-04-24)[2][3] (59 տարեկան)
Մահվան վայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
ԳերեզմանՍուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար
Քաղաքացիություն Բուենոս Այրես
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի և Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակություն
ԿրթությունԿրթասիրաց վարժարան և Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան
Մասնագիտությունարքեպիսկոպոս, հոգևորական, հասարակական գործիչ, ուսուցիչ, թարգմանիչ, հոգևոր հովիվ և խմբագիր
Զբաղեցրած պաշտոններարքեպիսկոպոս և Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակություն

Բաբկեն (Հովսեփ) Ապատյան (իսպ.՝ Papken Abadian, դեկտեմբեր 1918, Հալեպ, Սիրիա և Այնթապ, Թուրքիա - ապրիլի 24, 1978(1978-04-24)[2][3], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայացուցիչ Իսրայելում (1948-1958), եպիսկոպոս արքեպիսկոպոս (1964)[4], Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակ (Բրազիլիայի, Արգենտինայի և Ուրուգվայի, Չիլիի) և Արգենտինայի հոգևոր առաջնորդ (1959-1978):

Տ. Բաբկեն արք. Ապատյանի առաջնորդանիստը եղել է Բուենոս Այրեսում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում:

Եղել է եկեղեցաշեն, կրթական, մշակութային նվիրապետական գործիչ, «Հայ կեդրոն» ամսագրի խմբագիր: Երկար տարիներ որպես վարդապետ` աշխատակցել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի պաշտոնաթերթ «Սիոն» ամսագրին, աշխատակցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսության պաշտոնաթերթ «Էջմիածին» ամսագրին կրոնափիլիսոփայական, մատենագրական ուսումնասիրություններով:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովսեփ Ապատյանը ծնվել է 1918 թվականի դեկտեմբերին[5][6] (1917)[7], Հալեպում, տարագրության ճանապարհին, բնիկ այնթապցի Սամուել և Լութֆիա Ապատյանների ընտանիքում։ Օսմանյան կայսրության անհաջողություններից գոտեպնդված հայերի թվում` Հալեպից հայրենադարձվել է Այնթապ, բայց 1919 թվականի աշնանը Այնթապում թուրք ազգայնականների ակտիվացումից հետո մազապուրծ` 1920 թվականից վերջնականապես հաստատվել է Հալեպում։

Նախնական կրթությունը ստացել է Հալեպում այնթապցիների հիմնած[8] Կրթասիրաց երկսեռ վարժարանում, որը հաջողությամբ ավարտել է 1932 թվականին։ Այնթափի ինքնապաշտպանության 88-ամյակին նվիրված խոսքում Թորոս Թորոնյանն Այնթապի «միասնակամ, հեռատես, խիզախ, քաղաքական ու պատերազմական ​ռազմավարութեան գիտակ ժողովրդի» մասին խոսելով մատնանշել է նաև հոգևոր և կրթասեր առաջնորդներին, որ թողել են անկոտրում այնթապցու սերունդները։

Նվիրյալ ու բազմաշխատ այնթապահայ եկեղեցականներից են եղել Նորայր Արք. Պողարեանը, Բաբկեն արք. Ապատյանը և Շահե Արք. Գասպարեանը[8]։
- Թորոս Թորանյան, «Ինչու Այնթապը Կիլիկիայի Աթենք կոչվեցավ», Հալէպ, 21 մարտ, 2008 ​

1932 թվականի սեպտեմբերին տեսուչ Տիրան Ներսոյանի (1904-1989) օրոք Հովսեփն ընդունվել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան և Ընծայարան՝ պատրիարքարանին կից գիշերօթիկ ուսումնական հաստատություն, որտեղ որպես ժառանգավորներ ընդունվում էին Մեծ Եղեռնից որբացած խելացի պատանիները և այստեղ բացված Աստվածաբանական սեմինարիայում պատրաստում էին հոգևորականներ։ «Ժրամիտ և լուրջ էր և միշտ առաջինն էր դասարանում»: Նրա ուսուցիչներն էին Թորգոմ պատրիարք Գուշակյանը, Տիրան սրբազանը և Եղիշե պատրիարքը, Հակոբ Օշական և  Շահան Պերպերյան ուսուցչապետերը, Սերովբե սրբազանը և այլոք[7]: Ստացել է բազմակողմանի եկեղեցագիտական մասնագիտական, հայագիտական և իմաստասիրական հիմնական կրթություն[6]:

Ձեռնադրություն և հոգևոր ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին գերազանցությամբ ավարտել է Ժառանգավորաց վարժարանի քառամյա բաժինը և 11 ընկերների հետ միասին ձեռնադրվել է կուսակրոն սարկավագ, Տ. Թորգոմ պատրիարքի օրհնությամբ։ Այդպիսով իր կյանքն ու գործունեությունը կապել է Երուսաղեմի միաբանության հետ: Ըստ այդ սերնդի ձեռնադրման` դասարանը կոչվել է «Ողջակեզ դասարան»։

1939 թվականին, ավարտելով Ընծայարանի եռամյա դասընթացը, այլ հինգ ընկերների հետ միասին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, Տ. Մեսրոպ Պատրիարքի օրհնությամբ և ի հիշատակ այնթապցի Տ. Բաբկեն Կաթողիկոս Կյուլեսերյանի, օծվել է` վերակոչվելով  Տ. Բաբկեն Աբեղա։ Այդուհետ, չնայած իր երիտասարդ տարիքի, 1939 թվականի դեկտեմբերից մինչև 1942 թվականի դեկտեմբերը ստացել է պատասխանատու վարչական-վանական պաշտոններ` նշանակվելով Երուսաղեմի Ս. Աթոռի ելևմտից (ծախսերի ու եկամուտների) տեսուչ:

1943 թվականի սեպտեմբերից տեսուչ է նշանակվել Յաֆայի (Յոպպե) Հայոց Ս. Նիկողայոս և Ռամլեի Հայոց Ս. Գևորգ վանքերի վանահայրության տեսչական պաշտոններում` որպես ընդհանուր և ելևմտից տեսուչ, միաժամանակ ստանձնելով Յաֆայի Հակոբյանց մայր տաճարի Գլխադրի հայոց վարժարանի կրթական տեսուչի պաշտոնը մինչև 1948 թվականի մայիս: Այդ տարիներին Վարժարանի բարձր դասարաններում դասավանդել է քրիստոնեական և գրաբար լեզու։ «Մեծ ձեռներեցությամբ և պատասխանատվությամբ է վարել այդ պաշտոնները, մանավանդ 1947 թվականին սկիզբ առած Արաբ-իսրայելական պատերազմի շփոթ ու դժվար օրերին»[7]:

Վարդապետության գիտական աստիճան է ստացել 1945 թվականին, Տ. Կյուրեղ Պատրիարքի ձեռամբ։

Տեր Բաբկեն վարդապետ Ապատյանն իր տեսչության տարիներին ծավալել է կրոնական, մշակութային, շինարարական բեղուն գործունեություն, վայելել է ժողովրդի սերն ու հարգանքը, ըստ արժանվույն գնահատվել վանական իշխանության կողմից: Երկրի համար ծանր տարիներին վարչական պաշտոնավարման դժվարին պայմաններում Վարդապետն իր կոչմանը համապատասխան զբաղվել է նաև գիր ու գրականությամբ, ուսուչական, թարգմանական աշխատանքներով: Երուսաղեմի Հայոց Պատրիարքության պաշտոնաթերթ «Սիոն» ամսագրում հրապարակվել են նրա բազմաթիվ հոդվածները փիլիսոփայական, կրոնական, մատենագրական հետաքրքիր թեմաների շուրջ[9]: Իսկ հետագայում գրական գործունեություն է ծավալել թղթակցելով նաև Բուենոս Այրեսում լույս տեսնող Հարավային Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցուկենտրոնական վարչության պաշտոնաթերթ «Հայ Կեդրոն» ամսագրին:

1948 թվականին Պաղեստինի քաղաքական կացության ընդհանուր փոփոխությունը խիստ ազդել է հայ գաղութի տնտեսական և ազգային կյանքի վրա։ Բաբկեն Ապատյանը 1948-1958 թվականներին նշանակվել է նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայացուցիչ Իսրայելի կառավարության մոտ:

1954 թվականի դեկտեմբերի 27-ին ուղևորվել է Կալկաթա, շուրջ չորս ամիս հոգևոր առաքելությամբ եղել է Հնդկաստանում, պատարագելով և քարոզելով Հնդկաստանի հայերին: Այդ ուղևորության մասին նրա հոդվածաշարը տպվել «Սիոն», և վերատպվել է «Էջմիածին» ամսագրերում[10]:

1955 թվականին որպես Յաֆայի հոգևոր հովիվ շնորհավորել է Բուլղարիայի և Ռումինիայի հայոց թեմերի առաջնորդ Վազգեն Ա Բուխարեստցու Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելու և օծման առթիվ[11]:

1958 թվականի հոկտեմբերին Տ. Բաբկեն վարդապետն առաջին անգամ ուխտագնացություն է կատարել դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստան` Վեհափառ հայրապետ Վազգեն Ա-ի հրավերով, Ամենայն Հայոց կաթողիկոս ձեռնադրվելու երրորդ տարեդարձի հոբելյանական հանդիսությունների առթիվ[1]:

Եպիսկոպոս. Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի մայիսի 10-ին, «իր ուժերի ծաղկման և գործունեության հասուն շրջանում»[5] տեր Բաբկեն սրբազանը եպիսկոպոս է ձեռնադրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարում` Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա-ի ձեռամբ[12], և նշանակվել է Հարավային Ամերիկայի երեք երկրների` Ուրուգվայի, Բրազիլիայի, Արգենտինայի Հայոց թեմերի հայրապետական պատվիրակ: Այդուհետ նա հաստատվել է Բուենոս Այրեսում[13][14] և մինչև կյանքի վերջն (1959-1978) առաջնորդել է թեմը[15]:

1960 թվականին Վազգեն Ա-ն առաջին անգամ հայրապետական այցով եղել է Հյուսիսայի և Հարավային Ամերիկաներում. Նյու Յորք, Կալիֆորնիա, Արգենտինա, Լիսաբոն: Հուլիսի 29-ից մինչև սեպտեմբերի 9-ը Կաթողիկոսն Արգենտինայում է հյուրընկալվել: Բուենոս Այրեսում նրան ընդունել է Տ. Բաբկեն արք. Ապատյանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա-ն իր հայրապետական խոսքն ու օրհնանքն է ուղղել հայոց թեմի. կրոնական արարողությունը կենտրոնացած էր Սուրբ Մարիամի և հայ մայրերի մայրության վրա։ Նույն երեկոյան Մայրերի օրը նշվել է Բուենոս Այրեսի Հայկական կենտրոնում, որտեղ մեծարվել է կաթողիկոս Վազգեն Ա-ի մայրը (որն իր որդու հետ ապրում էր Սուրբ Էջմիածնի վեհարանում), և որի նկարազարդ դիմանկարը նվիրաբերվել է Նորին Սրբությանը որպես նվեր վեհամայր Սիրանույշ Պալճյանին[1]։

Արգենտինյան այցելության ժամանակ Նորին Սրբություն Վազգեն Ա-ն Տ. Բաբկեն Ապատյանի հետ միասին հանդիպումներ է ունեցել նաև Հ.Մ.Ը.Մ սկաուտական խմբերի հետ[16][17]:

Շուրջ քսան տարի վարել է թեմը` վայելելով հարգանք: Եղել է լուրջ և աշխատասեր մտավորական, սիրել է գիրք ու գրականություն և հասարակական կյանքի թոհուբոհի մեջ դրանցում գտել իր սփոփանքը[7]:
- «Սիոն», 1978, ԾԲ Տարի 4-6, էջեր 146-148

Արքեպիսկոպոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականի հուլիսի 26-ին հանդիսավորությամբ նշվել է Հարավային Ամերիկայի Հայոց Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Բաբգեն եպիսկոպոս Ապատյանի քահանայության 25 -ամյակը[18]: Նույն թվականի հուլիսի 27-ին Բաբկեն Ապատյանը Արքության աստիճան է ստացել Վազգեն Ա-ի ձեռամբ[19][20]: 1965 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը մասնակցել է Վազգեն Ա-ի գահակալության 10-րդ տարեդարձի հանդիսություններին` գլխավորելով Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակությունը[21]:

1969 թվականին գլխավորել է Հայաստան հրավիրված Հարավային Ամերիկայի թեմի Արգենտինայի պատվիրակությունը: Առաջին անգամ մասնակցել է Սուրբ մեռոնի օրհնությանը: Այդ օրերին տեղի են ունեցել նաև Վեհափառ հայարպետի ծննդյան 60-ամյակի հանդիսություններ[22]:

1974 թվականի հուլիսի 16-ից հուլիսի 25-ը եղբայրական հրավերով հայկական պատվիրակության կազմում այցելել է Մոսկվա, Կիև, Զագորսկ` Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Պիմենի հրավերով: Մասնավորապես, Վազգեն Ա-ի գլխավորությամբ, Երուսաղեմի պատրիարք Եղիշե սրբազան, Շահե արք. Աճեմյան և մի քանի բարձրաստիճան հոգևորականների հետ մասնակցել է Ռուս ուղղափառ եկեղեցու սուրբ Սերգի Ռադոնեժցիի տոնակատարություններին[23]:

Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը (1990-2025) իր քահանայական ձեռնադրության 50-ամյակի խոսքում անդրադարձել է Բաբկեն արք. Ապատյանի առաջնորդության օրոք Արգենտինյան թեմի կրոնական ներգրավվածությանը:

Ինչ վերաբերում է էկումենիզմին, ապա այն ժամանակ մենք մեծ ներգրավվածություն չունեինք: Ապատյանի օրոք կապ կար հույն և ռուսական եկեղեցիների հետ»[24]:
- Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյան, 2021 թվական, հուլիսի 27

Հայաստան այցելություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1958 թվականի հոկտեմբերին Տ. Բաբկեն վարդապետն առաջին անգամ ուխտագնացություն է կատարել դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստան` ներկա լինելու Վեհափառ հայրապետ Վազգեն Ա-ի կաթողիկոսության երրորդ տարեդարձի հոբելյանական հանդիսություններին[1]:
  • 1969 թվականին գլխավորել է Հայաստան հրավիրված Հարավային Ամերիկայի թեմի Արգենտինայի պատվիրակությունը, մասնակցել Սուրբ մեռոնի օրհնությանը[22]:
  • 1972 թվականի մարտի 12-ից մարտի 28-ը ժամանել է Հայաստան, մարտի 25-ին Ծաղկազարդին վարել է հավատավոր պատարագը և քարոզը, ընդունել է Արամ Խաչատրյանին, միջազգային մրցույթների դափնեկիր Կարինե Գևորգյանի և Նիկոլայ Պետրովի հետ[23]:111:
  • 1974 հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն այցելել է Հայաստան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մասնակցել է հանդիսավոր պատարագին, հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան հոգևորականների և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի անդամների հետ: Հուլիսի 27-ին ուխտագնացությամբ եղել է Եղեգնաձորի ս. Խաչ վանքում[23]:13-18:
  • Իսկ 1975 թվականի հոկտեմբերի 4-ին Բաբկեն արք. Ապատյանը կրկին Հայաստան է այցելել` նախագահելու Վազգեն Ա-ի վեհամոր` Սիրանույշ Պալճյանի (1884-1974, հոկտեմբերի 4) տարելիցի հոգեհանգստյան արարողությունը, որը տեղի է ունեցել Գայանե վանքի միաբանության գերեզմանատանը[25]:
  • 1976 թվականին կրկին մասնակցել է Սուրբ մեռոնի օրհնությանը: Նախորդ այցելության ժամանակ նա իմացել էր, որ Հայաստանում բնակվում են ցեղասպանությունից մազապուրծ իր հորեղբոր` Արամ Ապատյանի (1987-1937) և նրա կնոջ` Վարդանուշ Ապատյանի (1902-1995) երեխաները` Հայկազ (1922-1975), Ազատ (1925-2002), Ռոզա Ապատյանները (1924-1010) իրենց ընտանիքներով: Հյուրընկալվել է նրանց` Հայաստան հետագա այցելությունների ժամանակ կրկին հանդիպելու ցանկությամբ: Սակայն անսպասելի մահն այդ կապն ընդհատել է:
Հայ նահատակների հուշարձանը Մոնտեվիդեոյի «Հայաստան»[26] հրապարակում

1978 թվականի ապրիլի 24-ին Մոնտեվիդեոյում նախագահել է Մեծ Եղեռնի հանդիսությունները, նահատակների հուշարձանին ծաղկեպսակ է դրել, նույն երեկոյան հարգանքի փակման խոսքն ասելու պահին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից` 60 տարին դեռ չբոլորած:

Հողին է հանձնվել Բուենոս Այրեսի ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի շրջափակում[7]։

Համակ շնորհ էր այն արդարև, իր բարքին, իր զգացումներին, իր ընկերականության և սիրո, հարաբերությունների ազնվության մեջ: Հեզ ու խաղաղ էր բնավորությամբ, սակայն ընդվզեցնող ելույթների առջև հաճախ սուրբ սրտմտությամբ պայթելու պատրաստ: Իբրև եկեղեցական իր գործունեության մեջ պարագաները կշռել գիտեր, նպատակը միջոցներուն չզոհելու ողջամտությամբ[7]:
- «Սիոն», 1978, դամբանական

Հանգուցյալ Տ. Բաբկեն եպիսկոպոսի օծման և թաղման արարողություններին ներկա են եղել ԱՄՆ-ի արևելյան թեմի առաջնորդ Տ. Թորգոմ արք. Մանուկյանը, Մարսելի հայրապետական պատվիրակի փոխանորդ Տ. Հակոբ եպիսկոպոս Վարդանյանը: Ապրիլի 30-ին Մայր տաճարում Վեհափառ հայրապետի նախագահությամբ կատարվել է հոգեհանգիստ: Վեհափառը հանդես է եկել սրտառուչ դամբանականով[6]:

Եկեղեցաշեն գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնտեվիդեոյի առաջին հայկական եկեղեցին կառուցվել է գաղթական այնթապցիների կողմից և օծվել է հայ կաթողիկոս Ներսես Շնորհալու անունով։ 1965 թվականին բարերար Միսաք Կույումջյանի շնորհիվ Եկեղեցու կողքին կառուցվել է հայկական դպրոց։ Եկեղեցին և դպրոցն օծել է Հարավային Ամերիկայի հայրապետական ​​​​պատվիրակ, արքեպիսկոպոս Բաբկեն Ապատյանը[1]։

1965 թվականի դեկտեմբերի 12-ին Վիսենտե Լոպեսի (Բուենոս Այրես (պրովինցիա)) Սուրբ Գևորգ եկեղեցու հիմնաքարը դրվել է մեծ արարողությամբ, որը նախագահում էր արքեպիսկոպոս Բաբկեն Ապատյանը: 1968 թվականի հունիսի 30-ին, եկեղեցին և միաժանամակ կառուցված կից հայկական դպրոցն օծվել է Նորին Սրբություն Վազգեն Ա-ի կողմից՝ Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակ արքեպիսկոպոս Բաբկեն Ապատյանի ներկայությամբ, բազմամարդ պատարագով: Ներկա էին Վրաստանի, Ռումինիայի և Բուլղարիայի թեմերի առաջնորդները, Հարություն ծայրագույն վարդապետ Մուշյանը, այլ հոգևորականներ, սարկավագներ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարիերգչախումբը[27]։

Հոգևորական աստիճաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 The Armenian Apostolic Church In Recent Times 1955 - 1995, էջեր 55, 57, 58, 102
  2. 2,0 2,1 2,2 Հանգիստ տեր Բաբգեն արքեպիսկոպոս Ապատյանի (1918-1978)
  3. 3,0 3,1 3,2 Հատիտյան Ա. Հանգիստ տեր Բաբգեն արքեպիսկոպոս Ապատյանի (1918-1978) (հայ.)Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1944. — էջ 19—22.
  4. 1965 -ի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը Վազգեն Ա-ի գահակալության 10-րդ տարեդարձի հանդիսությունների հրավիրյալների ցանկ
  5. 5,0 5,1 Գերաշնորհ Տ. Բաբգեն Եպիսկոպոս Ապատյան, Ս. Էջմիածնի Հայրապետական աթոռ, «Էջմիածին», 1959-05-31, Էջմիածին, [Բաբկեն Ապատյանին եպիսկոպոս շնորհելու մայր Աթոռի շնորհավորանքը]
  6. 6,0 6,1 6,2 Հանգիստ տեր Բաբգեն արքեպիսկոպոս Ապատյանի (1918-1978), Էջմիածին (ամսագիր), 1978, ապրիլ, էջեր 19-22
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Հանգիստ գերաշնորհ. տ. Բաբգեն արքեպիսկոպոս Ապատեանի». Սիոն, 1978, ԾԲ Տարի, 4-6: 146, 147, 148.: Մահախոսական և կենսագրական Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության պաշտոնաթերթ Սիոն ամսագրում
  8. 8,0 8,1 Թորոս Թորանյան. «Պատիվ այնթապահայության և․․․ խոսք արկածահարեալէս. 1915-ի ցեղասպանությունից հետո այնթապահայը` սփյուռքահայ». hy.wikisource.org. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 31-ին.
  9. Ապատեան, Բաբգէն վրդ (1955 թ․ օգոստոսի 15). «Տպաւորութիւններ Հնդկաստանէն». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. Բաբգէն վրդ. Ապատեան (1955-1956). «Տպաւորութիւններ Հնդկաստանէն». arar.sci.am (Սիոն (ամսագիր)). Երուսաղէմ. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 30-ին.
  11. Բաբկեն Ապատյան, Իսրայելի հայկական գաղութի անունից 1955 թվականին Վազգեն Ա-ի Ս. Էջմիածնի Ս. Գահի ընտրության և օծման առիթի շնորհավորական խոսք, «Էջմիածին», էջ 16
  12. Ամենայն Հայոց Հայրապետի կոնդակը Հարավային Ամերիկայի Հայոց նորընտիր Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Բաբգեն Եպիսկոպոս Ապատյանին «Էջմիածին», 1959, համար 5, էջ 6-7
  13. «ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԹԵՄ», Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան
  14. «Ամենայն Հայոց Հայրապետի կոնդակը Հարավային Ամերիկայի Հայոց նորընտիր Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Բաբգեն Եպիսկոպոս Ապատյանին». 1959 թ․ մայիսի 30. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  15. «San Gregorio El Iluminador. Catedral de la Iglesia Apostólica Armenia - Sardarabad». www.sardarabad.com.ar (իսպաներեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 31-ին.. Հարավային Ամերիկայի Հայոց Հայրապետական պատվիրակների թվարկվածների մեջ` իսպ.՝ Arzobispo Papken Abadian (1959-1978)
  16. «Արարատ» սկաուտական խմբի հիմնադրման 50-ամյակ (1956-2006), էջ 26. Բուենոս Այրեսի «Արիական հունձք» թերթի 1960 թվականի հրապարակումից
  17. Centro Armenio de Argentina. «Լուսանկար՝ 1960 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս, Նորին Սրբություն Վազգեն Ա-ի Արգենտինա կատարած առաջին այցի ժամանակ (1960 թվական)». www.facebook.com. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 31-ին.
  18. Հարավային Ամերիկայի Հայոց Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Բաբգեն արքեպիսկոպոս Ապատյանի քահանայության 25 -ամյակը Էջմիածին, 1964, հուլիսի 26 էջ 9-11
  19. Ամենայն Հայոց Հայրապետի կոնդակը Հարավային Ամերիկայի Հայոց Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Բաբգեն արքեպիսկոպոս Ապատյանին Արքության պատիվ շնորհելու մասին  Ծայրագույն պատրիարք և կաթողիկոս ամենայն հայոց Վազգեն Ա, 1964, հուլիսի 27
  20. Հայրապետական բարձր գնահատություն. Արքության պատվի տվչություն, «Էջմիածին», 1964, էջ 26
  21. 1965 -ի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը Վազգեն Ա-ի գահակալության 10-րդ տարեդարձի հանդիսությունների հրավիրյալների և հյուրերի ցանկ
  22. 22,0 22,1 1969 թվականին Սրբալույս մեռոնի օրհնության և Վեհափառ հայարպետի ծննդյան 60-ամյակի հանդիսություններին մասնակցող պատգամավորների և հյուրերի ցանկ. Հարավային Ամերիկայի թեմ. Արգենտինա, Էջմիածին, 1969, էջ 46
  23. 23,0 23,1 23,2 Հաղորդագրություն Ռուսաստանի Պիմեն պատրիարքի հրավերով Հայ եկեղեցու պատվիրակության մասնակցությունը Ռուս ուղղափառ եկեղեցու ս. Սերգի Ռադոնեժցիի տոնակատարությանը, Մոսկվա, Կիև հրավերքի մասին: «Էջմիածին» 1974, հուլիսի 16-25
  24. «Arzobispo Kissag Mouradian en el 50º aniversario de su ordenación sacerdotal:» (իսպաներեն). 2021 թվականի հուլիսի 27. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 31-ին.
  25. Տիրամայր Սիրանույշ Պալճյանի մահվան տարելիցը, Էջմիածին (ամսագիր), 1975, էջեր 16, 17
  26. «Montevideo, Uruguay, Armenian Genocide Memorial». www.armenian-genocide.org. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 31-ին.
  27. «30 DE JUNIO, 11 HS.: MISA Y MADAGH POR EL 45º ANIVERSARIO DE LA IGLESIA ARMENIA DE VICENTE LÓPEZ» (իսպաներեն). Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 4-ին. [2013, հունիսի 30. Պատարագ և մատաղ Վիսենտե Լոպեսի հայկական եկեղեցու 45-ամյակին]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]