Բաբիների ապստամբություններ (1848-1852)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաբիների ապստամբություններ , զանգվածային ապստամբություններ Իրանում ավատատիրական կարգերի դեմ։ Շարժիչ ուժերն էին գյուղացիները, արհեստավորները, քաղաքային չքավորությունը, մանր առևտրականները։ Բաբիների ապստամբությունների կրոնական բնույթն ու նրանց ղեկավարումը բարիների աղանդին պատկանող մանր առևտրականության և հոգևորականության ստորին խավի ներկայացուցիչների կողմից պայմանավորված էր Իրանի հասարակական-տնտեսական և քաղաքական հետամնացությամբ։ Բարիների գաղափարախոսության (բաբիզմ) հիմնադիր Սեյիդ Ալի-Մուհամմեդը, որն իրեն հռչակեց «բաբ» (դուռ դեպի ճշմարտություն), իր գրքում («Բեյան») հայտարարում էր, որ պետք է «վերացնել անարդարությունը երկրի երեսից», հաստատել նոր, արդարացի՝ «բարիների սրբազան թագավորություն», որտեղ բոլոր մարդիկ լինեն հավասար, ապահովել անձի և գույքի անձեռնմխելիությունը։ Առաջին՝ Մազանդարանի ապստամբության ժամանակ (1848 թվականի սեպտեմբեր – 1849 թվականի մայիս) բարիները գրավեցին շեյխ Թաբարսի սրբավայրը և գույքի հավասարության սկզբունքով ստեղծեցին իրենց համայնքը։ Նրանց աջակցում էին արհեստավորները և գյուղացիները։

Չնայած ապստամբները քանիցս ետ մղեցին շահի զորքերի հարձակումները, բայց ի վերջո ստիպված եղան հանձնվել։ Երկրորդ՝ Զենջանի ապստամբությունը (1850 թվականիի հունիս-դեկտեմբեր), ավելի կազմակերպված էր և համառ բնույթ կրեց։ Մասնակցում էին նաև կանայք։ Ապստամբությունը նույնպես դաժանորեն ճնշվեց։ Երրորդ ապստամբությունը (1850 թվականիի հունիս) Նեյրիզում (Հարավային Իրան) ճնշվեց մի քանի օրում, սակայն լեռները քաշված բարիները շարունակեցին դիմադրությունը։ Այս երեք տարանջատ ապստամբությունների անհաջողությունից հետո բարիների շարժումը կորցրեց իր զանգվածային բնույթը, և նրանց պարագլուխները դիմեցին տեռորի։ 1852 թվականի օգոստոսին Նասր-էդ-դին շահի դեմ կատարված անհաջող մահափորձից հետո մահապատժի ենթարկվեցին շատ բարիներ։ Իր հետագա զարգացման ընթացքում բաբիզմը, կորցնելով ազգային բնույթը, վերափոխվեց բեհայիզմի, որը կողմնակից էր պայքարի խաղաղ մեթոդների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 194