Բաբ Ալիի ցույց (1895)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բաբը Ալիի ցույց (1895)ից)
Բաբը Ալիի ցույցը
Թվական1895 թ․ սեպտեմբերի 18 (30)
ՎայրԿոստանդնուպոլիս
ՊատճառՀայկական նահանգներում բարենորոգումներն իրականացնելու պահանջ
ՄասնակիցներՀնչակյաններ, թուրքական զորք

Բաբը Ալիի ցույց, հայերի քաղաքական խաղաղ ցույց, որը տեղի է ունեցել 1895 թվականի սեպտեմբերի 18(30)-ին Կոստանդնուպոլսում՝ սուլթանի նստավայր Բաբը Ալիի շրջակայքում, (այստեղից էլ՝ անվանումը)՝ ի պաշտպանություն 1895 թվականի «Մայիսյան բարենորոգումների»։ Ցույցը կազմակերպել էին հնչակյանները (Մ. Հացագործյան, Ա. Կամսարական, Վ. Արզումանյան, Լ. Մկրտչյան և ուրիշներ), ովքեր ցուցարարների նկատմամբ հնարավոր հաշվեհարդարը կանխելու համար ցույցի մասին նախապես հայտնել էին թուրքական իշխանություններին և եվրոպական երկրների դեսպաններին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլթանա տերությունների քաղաքականությանությունների և առաջին հերթին Մեծ Բրիտանիայի քաղաքական և հասարակական գործիչների ելույթները որևէ դրական ազդեցություն չունեցան Օսմանյան կայսրությունում հայերի կյանքի որակի բարելավման վրա։ Եվրոպական դիվանագիտության գործուն միջնորդությունից և տարբեր գործիչների հայտարարություններից ոգևորված՝ հայ հասարակական-քաղաքական շրջանակները հանդես եկան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հակահայկական քաղաքականության դեմ[1]։

1895 թ. սեպտեմբերի 16(28)–ին՝ Կ.Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները նամակներ են ստանում «Հնչակյան հայ հեղափոխական կոմիտեից», որով տեղեկացվում էր, թե մայրաքաղաքի հայ բնակչությունը որոշել է դուրս գալ խաղաղ ցույցի՝ հայկական նահանգներում բարենորոգումներն իրականացնելու իր ցանկությունն արտահայտելու նպատակով։ Փաստաթղթում հույս էր հայտնվում, որ նկատի առնելով ցույցի խաղաղ բնույթը` իշխանությունները չեն օգտագործի ոստիկանությունն ու բանակը ցուցարարների դեմ[1]։ Հնչակյանները հայտնելով ցույցի խաղաղ բնույթի մասին՝ զգուշացրին, որ զինվորական մարմինների միջամտությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ, որի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է օսմանյան կառավարության վրա։ Այդ հայտարարության թուրքերեն օրինակը ուղարկվեց գերագույն դատարանի նախագահին և դատախազին[2]։

Սեպտեմբերի 18(30)–ին Կ. Պոլսի Հայոց մայր եկեղեցու բակում հնչակյանները կազմակերպում են բողոքի խաղաղ ցույց, որին մասնակցում է շուրջ 4 հազար մարդ։ Բարենորոգումների մայիսյան ծրագրի իրագործման պահանջով` ցուցարարների թափորը՝ բաղկացած մշեցի, վանեցի, բաղեշցի պանդուխտներից, պոլսեցի արհեստավորերից, կանանցից և աղջիկներից, շարժվեց դեպի Բաբը Ալի՝ սուլթանի նստավայրը։ Ցուցարարներն իրենց հետ տանում են սուլթանին ուղղված պահանջագիրը, հատկապես նշում է, որ Բ․ Դուռը կառավարական սկզբունք է դարձրել «բնաջինջ ընել հայերը և պարապել իրենց հայրենիքը»։ Պահանջագիրը բողոքում էր գոյություն ունեցող անարդարության դեմ և խնդիր դնում ապահովել հայ ժողովրդի խաղաղ կյանքը, վերջ տալ անօրենություններին։ Այդ պահանջները «անհրաժեշտ է թե՛ հայերուն ընդհանուր ապահովության ու բարեկեցության համար,- ասվում էր պահանջագրում,- և թե՛ այն տարբեր ժողովուրդներուն համար, որոնք մեր երկիրը կը բնակին և որոնց հետ մեր շահերը նույնն են»։ Ցույցից առաջ օրիորդ Մարի Պեյլերյանը մի հուզիչ ճառով կոչ է անում պատրիարք Իզմիրյանին և խնդրում դիմել եվրոպական տերություններին՝ հայերին ծանր վիճակից փրկելու համար։ Եվ ապա ամբոխը ՝ «Ձայնը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն» երգելով, շարժվում է դեպի սուլթանի պալատը[2]։

Ոստիկանությունը կանգնեցնում է ցուցարարներին և պահանջում ցրվել։ Հայերը մերժում են պահանջը` խնդրելով երկու հոգու թույլատրել պահանջագիրը հանձնել արքունիք։ Այդ ժամանակ արքունի թիկնապահ Սերեվեթ բեյը շտապ մոտենում է Բաբը Ալիի հազարապետին և նրան է հանձնում ցուցարարներին գնդակահարելու հրամանը։ Հրամանը ստանալուց անմիջապես հետո տեղի է ունենում փոխհրաձգություն, որի հետևանքով սպանվում են շուրջ 15 ոստիկան և 60 հայ[1]։ Փոխհրաձգության ժամանակ գավառցի 18-ամյա Աբրահամը ատրճանակի կրակոցով ձիուց ցած է գլորում արքունի թիկնապահ Սերվեթ բեյին։ Թուրքական կառավարությունը , տեղյակ լինելով իրադրությանը, վաղօրոք ռազմական պատրաստություն էր տեսել։ Թուրքական զորքը շրջապատում է ցուցարարների ու նրանց միացած խոշոր բազմության ճանապարհը և սկսում է սոսկալի ջարդը։ Ցուցարարները պատպանվում և դիմադրում են։ Բերա Ղալաթիա թաղամասերը տակն ու վրա են լինում։ Սպանվում է զորքի հրամանատարը։ Ամբողջ քաղաքում հայերի ընդհանուր ջարդ է սկսվում, որին զոհ է գնում մոտ 2000 հայ։Ոստիկանությունը ցրում է ցույցը, ձերբակալում շուրջ 500 հայերի, հազարից ավելի մարդու պաշարում պատրիարքարանի եկեղեցում։ Չնայած կարգուկանոնը հաստատելու մասին պաշտոնական հայտարարություններին` սպանությունները շարունակվում են։ Մահակներով զինված ամբոխը բռնում էր հայերին փողոցներում և ոստիկանների ներկայությամբ շատերին ծեծելով սպանում։

Այդ օրերին իր կառավարությանն ուղղված գաղտնի զեկուցագրում Օսմանյան կայսրությունում Գերմանիայի դեսպանը գրում է, որ «թուրքական իշխանությունները պատասխանատու են Ստամբուլի մուսուլման բնակչության արյունալի անկարգությունների համար։ Փոխանակ նախօրոք հայտարարված հայկական ցույցը կանխվեր զորքի պարզ միջամտությամբ, իշխանությունները գիտակցաբար թույլ տվեցին որ այն տեղի ունենա` միաժամանակ ոստիկանության միջոցով խաժամուժը զինելով գաղտնի զենքով, մասնավորապես ամուր մահակներով»  Ջարդի զոհ դարձավ ավելի քան 2 հազար, իսկ ըստ որոշ աղբյուրների` մինչև 6 հազար հայ։

Օսմանյան կայսրությունում Ֆրանսիայի դեսպան Փոլ Քամբոնը հետևյալ կերպ է նկարագրում տեղի ունեցածը, «Մենք այժմ ականատես ենք այնպիսի իրադարձությունների, որոնք, կարծում եմ, պատմական կարևորություն են ձեռք բերելու։ Հայերը ցույցեր են սկսել, որոնք ոստիկանության կողմից ճնշվում են ամենայն դաժանությամբ։ Թուրքերի` Կոստանդնուպոլիս մուտք գործելուց ի վեր առաջին անգամ է, որ օսմանյան քրիստոնյաները դիմադրություն են ցույց տալիս թուրքական զորքին։ Սոֆթաներն ու մոլլաները զանգվածաբար դուրս են եկել` ոստիկանության հետ մեկտեղ հայերին հալածելու նպատակով։ Կատարվածը նողկանք է առաջացնում. սպանվել են որևէ վտանգ չներկայացնող անզեն մարդիկ, գերիներ կան ոստիկանության նախարարության բակում, թալանվել են տներ և այլն։ Հայերն ամենուր պատսպարվել են եկեղեցիներում, որոնք շրջապատված են զորքի կողմից։ Մուսուլմանների մոլեռանդությունը գլուխ է բարձրացրել, և այդ իրադարձությունները չեն կարող անհետևանք մնալ երկրի ներսում։ Ամենայն հավանականությամբ դեռ կլսենք մուսուլմանների և քրիստոնյաների միջև զարգացող հակամարտությունների մասին Ասիայում և դեռ նոր զանգվածային ջարդերի ականատեսը կլինենք»[1]։

Սեպտեմբերի 21(Հոկտեմբերի 2)-ի առավոտյան Կ. Պոլսում Ավստրո-Հունգարիայի դեսպանի տանը տեղի է ունենում 6 տերությունների դեսպանների հանդիպումը, որտեղ որոշվում է հանդես գալ համատեղ հայտարարությամբ մայրաքաղաքում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ։ Հետագա արյունահեղությունից խուսափելու նպատակով դեսպանները պահանջում են քաղաքում կարգ ու կանոնը վերականգնել միայն կառավարական ուժերի միջոցով, բողոքում են հայերի վրա հարձակում գործող անհատներին քաջալերելու, ինչպես նաև ոստիկանության կողմից ձերբակալվածների դաժան սպանությունների դեմ։

Դեսպանների բողոքը Բարձր դուռն ընդունում է անտարբերությամբ՝ հայտարարելով, թե ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը։ Ըստ արտաքին գործերի նախարարի` հուզումները հրահրել է Հայ պատրիարքը, իսկ կառավարությունը ձեռնարկել է բոլոր միջոցները կարգուկանոն ու հասարակական անտանգությունն ապահովելու ուղղությամբ։

Այս բոլորը հետևանք էր այն բանի, որ եվրոպական դիվանագիտությունը ոչ մի գործնական քայլ չարեց։ Թուրքական կառավարոթյունը համոզված, որ մեծ տերությունների միջամտությունը դիվանագիտական ձևականություններից այն կողմ չէր անցնելու, ահավոր ջարդեր կազմակերպոց հենց մայրաքաղաքում՝ բազմաթիվ երկրների դիվանագետների աչքի առջև։Ջարդերից հետո, մեծ տերությունների դեսպանները մի ողորմելի և ոչինչ չասող դիմում ուղարկեցին Թուրքիայի արտաքին գործերի մինիստրին։ Սուլթանը երկրում ծավալվող ընդհանուր զայրույթը կասեցնելու համար 1895 թվականի հոկտեմբերի 18-ին համաձայնեց ստորագրել մայիսի 11-ի ծրագիրը, մտցնելով նրա մեջ այնպիսի փոփոխություններ, որոնք տեղ էին թողնում բռնությունների համար։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլթանը ձևի համար Շաքիր փաշային նշանակեց նույնպես բարենորոգումներ անցկացնող կոմիսար, սակայն նա ոչ միայն չկատարեց իր խոստումը, այլ նոր, ահավոր ջարդեր կազմակերպեց։ Ժամանակին շատերը սուլթանի կողմից հրատարակած բարենորոգումների հրովարտակը որակեցին որպես ընդհանուր կոտորածի յուրատեսակ ազդանշան։ Իսկ բարենորոգումների գործն իրենց հսկողության տակ վերցրած պետությունները հայ ժողովրդին որևէ օգնություն ցույց չտվին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայոց պատմություն. Երևան: Զանգակ-97. 2010. էջեր 527–529. ISBN 978-99941-1-903-5.
  2. 2,0 2,1 2,2 Հայ ժողովրդի պատմություն. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ. 1981. էջ 249.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։