Աֆրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երաժիշտ Բիլի Պրեստոնը աֆրո սանրվածքով 1974 թվականին

Աֆրո (անգլ.՝ afro), փարթամ, ծավալային սանրվածք, որը տարածված էր 1970-ական թվականներին աֆրոամերիկացիների շրջանում։ Սանրվածքը ստացվում է մազերը արմատներից սանրելու միջոցով, ինչը թույլ է տալիս մեծացնել մազերի ծավալը՝ դրանց տալով ամպի կամ գնդակի նման կլորավուն տեսք[1][2][3][4]։ Բնատուր գանգուր կամ ուղիղ մազեր ունեցող մարդկանց դեպքում սանրվածքը որպես կանոն ստացվում է կրեմների, գելերի կամ այլ ֆիքսող հեղուկների միջոցով, որոնք օգնում են մազերին պահպանել ձևը։ Աֆրոամերիկացիների շրջանում սանրվածքը տարածված էր հատկապես 1960-1970-ական թվականներին[2][4]։

Սանրվածքի անունով է կոչվել աֆրո երաժշտական ոճը, որի հիմնադիր է համարվում «Toto» երաժշտական խումբը։ Այն ամբողջ աշխարհին հայտնի է իր «Africa» ստեղծագործությամբ։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրո բառը ծագում է «աֆրոամերիկացի» հասկացությունից[5]։ Երբեմն սանրվածքը անվանում են նաև «բնական»։ Մասնավորապես, այդպես են կոչում աֆրոյի այն տեսակները, որոնց դեպքում մազերի կտրվածքը կարճ է և ավելի բարդ, քանի որ մեծ մասամբ մազերի տեսքը պայմանավորված է ոչ թե քիմիական նյութերի միջամտությամբ, այլ բնական գանգուրներով[2][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարնում Թեյլորի «Չերքեզ գեղեցկուհիներից» մեկը աֆրո սանրվածքով

Ամերիկայում ստրկության ժամանակաշրջանում (մինչև 1860-ական թվականները) աֆրոամերիկացիներն այդպես էին սանրում իրենց մազերը՝ ցանկանալով նմանվել իշխող սպիտակամորթ բնակչությանը, որոնց կողքին ապրում էին[5]։ Չնայած անվանմանը, այս սանրվածքը մերձարևելյան ծագում ունի և բավականին բարդություններ է իր մեջ պարունակում նեգրոիդ ռասսայի համար՝ կապված նրանց մազերի թուլության, նոսրության և կարճության հետ։ Այդ իսկ պատճառով որոշակի տարածվածություն ունեն աֆրոկեղծամները։ Նմանատիպ սանրվածքները բնորոշ են նաև Օվկիանիայի և Ավստրալիայի բուն բնակչությանը։

Չերքեզ գեղեցկուհիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականներին չերքեզ գեղեցկուհիները ևս ունեին աֆրո սանրվածքի նման սանրվածքներ։ Երբեմն նրանց անվանում էին նաև «մամռավարս աղջիկներ»։ Նրանք կանանց խումբ էին, որոնք Բարնումի և այլոց շրջիկ կրկեսներում հանդես էին գալիս ԱՄՆ-ի տարածքում։ Այդ կանայք պնդում էին, որ իրենք Հյուսիսային Կովկասի չերքեզների ժառանգներ են, թուրքական հարեմներում իրենց գերությունից գնել և որպես կովկասյան ռասսայի մաքուր ներկայացուցիչների ազատել է սպիտակամորթ հանդիսատեսը[6][7]։

Աֆրոամերիկյան սանրվածքներ․ մինչև 1960-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազերի ձևի համաշխարհային բաշխվածություն

Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության ստրկատիրական ժամանակաշրջանում աֆրոամերիկացիների մեծամասնությունը իր վարսերը հարդարում էր՝ ընդօրինակելով գերակշիռ մաս կազմող սպիտակամորթների վարսահարդարումը[5][8]։ Աֆրոամերիկացիների մազերը, որոնց բնորոշ են խիտ ոլորապտույտ գանգուրները, բնութագրվում էին որպես կոշտ, կոպիտ, բրդյա կամ բամբակյա[8][9]։ Այս բնութագիրը հակադրվում էր եվրոպական-ամերիկյան գեղեցկության չափանիշներին և ի վերջո հանգեցրեց գանգուր մազերի նկատմամբ բացասական վերաբերմունքի տարածմանը։ Վերջինս էլ իր հերթին պատճառ հանդիսացավ աֆրոամերիկացիների շրջանում գանգուր մազերի հարթեցման պրակտիկայի տարածման համար[8]։ Նրանք, ովքեր նախընտրում էին արհեստական միջամտությամբ չձևափոխել իրենց մազերի արտաքին տեսքը, հաճախ դրանք հարդարում էին ձիգ հավաքելով կամ հյուսելով[8]։ Սանրվածքների վերոնշյալ բոլոր տեսակների կիրառումը իր մեջ կրում է մազի լիսեռը վնասելու վտանգ, ինչը կարող է հանգեցնել մազաթափության[10]։

1960-1970-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականի հոկտեմբերին Անժելա Դեվիսը (կենտրոնում, առանց ակնոցի) մտնում է Կալիֆոռնիայի համալսարանի Ռոյս սրաh՝ իր առաջին դասախոսությունն անցկացնելու

Սևամորթների իրավունքների համար պայքարը աֆրոամերիկացիների հասարակությանը նույնականացման նոր զգացողություն հաղորդեց, ինչը հանգեցրեց անձնական ոճի վերանայմանն ու սևամորթների գեղեկությունը գնահատելուն։ Դա մարմնավորվեց «Սևը գեղեցիկ է» շարժմամբ.[9]։ Մշակութային այս շարժումը խորհրդանշական էր նաև չհարդարված, բնական սանրվածքների վերադարձի համար։ Աֆրոն վերածվեց հզոր քաղաքական խորհրդանիշի, որն արտացոլում էր սևամորթների հպարտությունը և հրաժարումը սպիտակամորթների սանրվածքները կրկնօրինակելուց[5][8][9]։ Շատ աֆրոամերիկացիների համար Աֆրո սանրվածքը նաև վերականգնող կապ էր արտահայտում Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկաների միջև[2]։ Որոշ քննադատներ համարում են, որ Աֆրո սանրվածքը ամենևին էլ աֆրիկական ծագում չունի[2][11]։ Մշակութային քննադատ Կոբենա Մերսերը իր «Բարի գալուստ Ջունգլի․ Սևամորթների մշակութային ուսմունքների նոր դիրքեր» գրքում հավաստում էր, որ ժամանակակից աֆրիկյան հասարակությունը 20-րդ դարի կեսերին որևէ սանրվածքի չէր տալիս «աֆրիկայասկիզբ» բնորոշումը, այլ ընդհակառակը՝ նրանք դրանք վերագրում էին «Առաջին աշխարհին»[2]։

Աֆրոն ընդունված էր ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում։ Այն սանրվածք է, որը հեշտ է ինքնուրույն խնամել առանց վարսահարդարների հաճախակի, երբեմն էլ՝ թանկարժեք միջամտությունների։ Այն ժամանակ, երբ Աֆրոն այդքան ագրեսիվ տեսք չուներ, ոմանք սկսեցին օգտագործել Աֆրոյի առավել ծավալային տարբերակը, որը ստացվում էր գանգուր մազերը սանրելու կամ գզելու միջոցով։

1960-ականների կեսերին Աֆրո սանրվածքը սկսեց առավել կոպիտ տեսք ստանալ։ Այդպիսին էին հատկապես «Սև հովազ» կուսակցության անդամների սանրվածքները, որոնք մեծ տարածում էին գտել։ 1960-ականների առաջընթացը շարունակվեց նաև 1970-ականներին և սիրված սանրվածքը՝ ինչպես աֆրոամերիկյան համայնքի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, սկսեց աստիճանաբար դառնալ ավելի երկար։ Արդյունքում, 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին նկատվում էր սանրվածքի երկարության աճ։ Աֆրո սանրվածք կրում էին նաև այն ժամանակների շատ արտիստներ և հասարակական-քաղաքական գործիչներ, որոնց թվում էին ակտիվիստ Անջելա Դեվիսը, դերասան Պամ Գրիերը, ռոք երաժիշտ Ջիմի Հենդրիքսը, երգչուհի Միրիամ Մակեբան և «Ջեքսոն 5» երաժշտական խմբի անդամները[12]։

1990-2000-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ աղջիկը կրում է մազերի մի քանի շերտից կազմված սանրվածք, որը կոչվում է Աֆրո-փնջիկ

Աֆրոն վերածնվել է ինչպես 1990-ականներին, այնպես էլ 2000-ականներին[3][13]։ Աֆրոները տարբեր ձևեր էին ստանում, ներառյալ փնջիկները, հյուսերը, ընդ որում, այդ սանրվածքները կարող էին լինել կարճ կտրվածքով բնական վարսերից կամ էլ հսկայական Աֆրո կեղծամներից[13]։

2019 թվականի հուլիսի 3-ին Կալիֆոռնիան դարձավ ԱՄՆ-ի առաջին նահանգը, որն օրենքով արգելեց բնական մազերի տեսքով պայմանավորված խտրականությունը։ Նահանգապետ Գեվին Նյուսոմը ընդունեց օրենք՝ առ այն, որ գործատուները և դպրոցներն իրավունք չունեն մարդկանց խտրականության ենթարկելու Աֆրո սանրվածք, փնջիկներով սանրվածքներ, գանգուր կամ ալիքաձև մազեր ունենալու հիմքով[14]։ Հաջորդիվ նմանատիպ օրենք ընդունվեց նաև Նյու Յորքում, համաձայն որի՝ «արգելվում է բնական վարսերի կամ սանրվածքների հիմքով ռասսայական խտրականությունը»[15]։

Նմանատիպ սանրվածքներ միջազգային մակարդակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրո սանրվածք

«Ջեֆրոն» (անգլ.՝ Jewfro, բառն առաջացել է անգլերեն «Jew»՝ հրեա և «afro»՝ աֆրիկյան բառերից) վերաբերում է այն հրեաներին, որոնք ունեն Աֆրո սանրվածք[16]։

Հասկացությունը վերագրվում է 1960-1970-ական թվականներին, երբ բազմաթիվ «ծավալային» սանրվածքներ սկսեցին համարվել սպորտային։

«Լոս Անջելես Թայմս» պարբերականը ֆուտբոլային աստղ Սքոթ Մարկուսին անվանել է «ծաղկե երեխա», որը գլխի շուրջ «ոսկե-շագանակագույն գանգուրներ ունի», ինչն էլ հենց համարվում է հրեական Աֆրո[17]։

«Թայմս» պարբերականը 1971 թվականի հոդվածներից մեկում Հարվարդի համալսարանի բասկետբոլի «ճաղատների» թիմի խաղացող Բրայան Նյումարկի մասին գրել է, թե «նրա մազերը վերջին անգամ կտրել են նախորդ տարվա մայիսին, և, որ նրա ընկերները համարում են, թե նրա սանրվածքը Աֆրոյի զարմիկն է»։ Իսկ Բրուքլինում հրեա երեխաներից մեկի սանրվածքը անվանել են «Isro»[18]։

Սանր «Աֆրո-վարպետ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աֆրո-վարպետ» սանրը ստեղծվել է 1972 թվականին Ռիչմոնդաբնակ վարսահարդարներից մեկի՝ Ֆրենկ Հարվիի կողմից։ Սանրի երկար ատամը նախատեսված է մազերի ամենախորը արմատներին հասնելու և դրանք ուղղելու համար, ինչը թույլ է տալիս վարսերին համապատասխան տեսք և ձև հաղորդել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Garland, Phyl, “Is The Afro On Its Way Out?”, Ebony, Feb 1973 Last retrieved Feb 20, 2010
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Mercer, Kobena, Welcome to the jungle: new positions in Black cultural studies, Routledge, 1994, p. 104-113 Last retrieved Feb 20, 2010
  3. 3,0 3,1 Hair Designing - A Complete Course, by Various, Global Media, 2007, section 2 Archived 2014-12-06 at the Wayback Machine. Last retrieved Feb 20, 2010
  4. 4,0 4,1 4,2 "Modern Living: Beyond the Afro", Time, Oct 25, 1971 Last retrieved Feb 20, 2010
  5. 5,0 5,1 5,2 5,3 Sherrow, Victoria, Encyclopedia of hair: a cultural history, Greenwood Publishing Group, 2006, pp. 21–23. Rretrieved February 20, 2010.
  6. Linda Frost, Never One Nation: Freaks, Savages, and Whiteness in U.S. Popular Culture, 1850-1877, University of Minnesota Press, 2005, pp. 68-88.
  7. The Circassian beauty archive A collection of historic Images - Circassian Beauties Archived July 3, 2008, at the Wayback Machine.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Moore Campbell, Bebe, "What happened to the Afro?", Ebony, June 1982. Retrieved February 20, 2010.
  9. 9,0 9,1 9,2 Boyce Davies, Carole, Encyclopedia of the African diaspora: origins, experiences, and culture, Volume 1, ABC-CLIO, 2008, pp. 493-495. Retrieved February 20, 2010.
  10. Gittens, Sandra, African-Caribbean Hairdressing, Cengage Learning EMEA, 2002, p. 256. Retrieved February 20, 2010.
  11. Rielly, Edward J., The 1960s, Greenwood Publishing Group, 2003, p. 86. Retrieved February 20, 2010.
  12. Jaggi Maya (April 29, 2000)։ «The return of Mama Africa»։ The Guardian 
  13. 13,0 13,1 Irvine, Martha, "The Afro Strikes Back", Associated Press, March 8, 2002. Retrieved February 20, 2010.
  14. «California bans racial discrimination based on hair in schools and workplaces»։ JURIST։ Վերցված է 2019-07-03 
  15. «New York bans discrimination against natural hair»։ TheHill։ 2019-07-13։ Վերցված է 2019-07-18 
  16. Shkolnikova Svetlana (January–February 2011)։ «The Jewfro Grows Up and Out»։ Moment Magazine։ Արխիվացված է օրիգինալից April 13, 2014-ին 
  17. Dan Hafner, "Louisville's 'Flower Child'; Barefooted Punter Arrives in Shoes and Mod Outfit", Los Angeles Times, December 17, 1970. Sec III, p. G1.
  18. Stephen E. Rubin, "Tempo; Judith Rossner's novel success is hard to put down", Chicago Tribune, September 17, 1977, p. 11.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]