Աֆրիկյան կորեկ, նեգրական կորեկ, մարգարտակորեկ (լատ.՝ Pennisetum thyphoieum Rich), հացազգիների ընտանիքի միամյա բույս, 1-3 մ բարձրությամբ։ Արտաքին տեսքով նման է եգիպտացորենին և սորգոյին։ Ցողունը լավ տերևավորված է, տերևները (50-80 սմ երկարությամբ, 4-5 սմ լայնությամբ) խիստ կախված են, ծաղկաբույլը՝ ամուր, հասկանման։ Արմատային համակարգը մազարմատային է (մինչև 150 արմատ), 2-3 մ թափանցում է հողի մեջ։ Հայրենիքը Աֆրիկան է։ Տարածված է Աֆրիկայի, Ասիայիերաշտի ենթակա շրջաններում։ Հեռանկարային է Ուկրաինայի, Հյուսիսային Կովկասի, Մերձվոլգայի, Միջին Ասիայի համար։ Աֆրիկյան կորեկի հատիկը հարուստ է սպիտակուցներով և ճարպերով, դրանից պատրաստում են ալյուր, ձավար, խմիչք (գարեջուր հիշեցնող), ստանում սպիրտ, օսլա։ Խոտը և կանաչ զանգվածը լավ կեր է։ Բերքատու է, հատիկի բերքը՝ 8-10 ց/հա, երբեմն՝ 40 ց/հա, կանաչ զանգվածինը՝ 80-200 ց/հա, չոր խոտինը՝ 30-60ց/հա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 181)։