Աֆրիկյան գոմեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աֆրիկյան գոմեշ
Serengeti Bueffel1.jpg
Աֆրիկյան արու գոմեշ Տանզանիայում
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Երկսմբակավորներ
Ընտանիք Սնամեջ եղջյուրավորներ
Ենթաընտանիք Գոմեշներ
Ցեղ Syncerus
Տեսակ S. caffer
Լատիներեն անվանում
Syncerus caffer
(Sparrman, 1779)
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Աֆրիկյան գոմեշ[1] կամ սև գոմեշ (լատ.՝ Syncerus caffer[1][2]), գոմեշի տեսակ, որը լայնորեն տարածված է Աֆրիկա մայրցամաքում: Լինելով գոմեշների ենթաընտանիքի տիպիկ ներկայացուցիչ՝ աֆրիկյան գոմեշը բավականին ինքնատիպ է և միակ տեսակով առանձնանում է Syncerus ցեղից (գոմեշների ենթաընտանիքի միակ ներկայացուցիչն է, որը տարածված է Աֆրիկայում):

Աֆրիկյան գոմեշը մեզ հայտնի ամենամեծ ցլի տեսակն է[3]: Խոշոր չափեր ունեցող չափահաս արուների ընդհանուր զանգվածը երբեմն հասնում է 900-1000 կիլոգրամի, իսկ ենթաընտանիքի անհատ ներկայացուցիչներինը՝ 700 կիլոգրամի (ոչ հազվադեպ): Երբեմն հանդիպում են ծեր գոմեշներ, որոնց քաշը հասնում է մինչև 1200 կիլոգրամի[4]: Չափահաս արուների հասակը կազմում է մինչև 1,8 մետր[5], իսկ մարմնի երկարությունը՝ 3-3,4 մետր: Աֆրիկյան գոմեշների որոշ տեսակներ լինում են զգալիորեն ավելի փոքր չափերի: Ի տարբերություն սավաննաներում տարածված տեսակների՝ աֆրիկյան գոմեշի ենթատեսակներից անտառային գոմեշներն ունեն ավելի փոքր մարմնի չափեր։

Աֆրիկայում տարածված այլ խոշոր կենդանիների համեմատ աֆրիկյան գոմեշների պոպուլյացիաները համեմատաբար ավելի լավ են պահպանվել, սակայն այս տեսակի դեպքում ևս զգացվում է մարդու բացասական ազդեցությունը։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծեր գոմեշ Տանզանիայում

Աֆրիկյան գոմեշը պատված է սև կամ մուգ մոխրագույն գույնի նոսր, կոպտավուն բրդով: Տարիքի ավելանալու հետ մեկտեղ կենդանու բուրդը ավելի է նոսրանում, իսկ ավելի ծեր առանձնյակների աչքերի շուրջը հայտնվում են սպիտակավուն շրջանակներ:

Գոմեշն ունի մարմնի հզոր կազմվածք՝ հնդկականի գոմեշի համեմատ մնդավի ավելի փոքր բարձրության հետ աֆրիկյան գոմեշի միջին քաշն ավելի մեծ է: Աֆրիկյան գոմեշի գլուխը ցածրադիր է և նրա գագաթը գտնվում է մեջքի գծից ցածր:

Գոմեշի առջևի սմբակները ավելի մեծ են, քան հետևինը[6]: Առջևի լայն սմբակները օգնում են կենդանուն պահել մարմնի առջևի ծանր հատվածը: Գոմեշները ունեն վրձնաձև մազերով երկար պոչ: Ականջները մեծ են և լայն, իսկ ականջների ծայրերը պատված են երկար բրդով:

Գոմեշի սմբակների հետքը: Ձախից՝ առջևի սմբակի հետքը, որը զգալիորեն ավելի մեծ է հետևի սմբակի հետքից[6]

Ինչպես մյուս նամեջ եղջյուրավորների, այնպես էլ աֆրիկյան գոմեշի մոտ լավ է արտահայտված սեռական դիմորֆիզմը. էգերը ի համեմատ արուների զգալի կերպով ավելի փոքր են: Բացի չափերից, նրանք հաճախ տարբերվում են նաև մարմնի կազմվածքով, ավելի բարակ և կարճ կոտոշներով և երբեմն նաև գունավորմամբ (էգերի բրդի գույնը երբեմն ունենում է նաև շիկակարմրավուն երանգ): Գրեթե ամեն հոտում կարելի է հանդիպել նվազագույնը մեկ շիկակարմիր կամ շագանակագույն գոմեշի:

Աֆրիկյան գոմեշի կոտոշները շատ յուրահատուկ են: Նրանց բնորոշ հիմնական առանձնահատկությունն այն է, որ չափահաս առանձնյակների մոտ կոտոշները սերտաճած են ճակատային հատվածում: Երկու կոտոշների միջև եղած հեռավորությունը աֆրիկյան գոմեշների մոտ բավականին մեծ է: Խոշոր չափերի տեսակների մոտ այդ հեռավորությունը կարող է գերազանցել նույնիսկ 1 մետրը: Ոչ սեռահասուն և տարիքով փոքր գոմեշների մոտ ճակատի կոշտացած «վահանը» բացակայում է և դա ամբողջությամբ ձևավորվում է միայն 5-6 տարին լրանալուց հետո:

Ի համեմատություն՝ կովերի մոտ կոտոշների չափը այս գոմեշների կոտոշների չափերից փոքր են 10-20 տոկոսով, իսկ որպես այդպիսին սերտաճած «վահանը» բացակայում է[7]: Անտառային գոմեշների կոտոշները շատ ավելի փոքր են և թույլ՝ ի տարբերություն սավաննաների գոմեշերը: Անտառային գոմեշների մոտ գրեթե երբեք կոտոշները սերտաճած չեն, իսկ երկարությունը հասնում է մինչև 40 սանտիմետրի[8]: Աֆրիկյան գոմեշներին բնորոշ է շատ վատ տեսողությունը: Իրավիճակը շրջակա միջավայրում նա գնահատում է հիմնականում օգտագործելով նուրբ հոտառական ընկալիչները և որոշ չափով նաև լսողական օրգանները:

Գոմեշների ձայնը լսվում է հազվադեպ: Ինչպես տնային կովը, այնպես էլ աֆրիկյան գոմեշը սկսում է ձայներ արձակել վտանգ զգալու, վիրավոր լինելու կամ ընդհանրապես՝ ծանր վիճակում հայտնվելու պարագայում: Գոմեշները ունեն բավականին զարգացած հաղորդակցման համակարգեր: Այս տեսակը ուսումնասիրող մասնագետները հայտնաբերել են տասնյակ տարբեր ազդանշանային ձայներ, որոնց միջոցով նրանք արտահայտում են ամենատարբեր կենդանական զգացմունքները[7]:

Վտանգ զգալու պարագայում նրանք բառաչում են բարակ ձայնով, ընդ որում, հոտի անդամները լսելով այդ ձայնը անմիջապես օգնության են շտապում[9]: Հաղորդակցության մեջ կարևոր դեր է խաղում պոչի և գլխի շարժումը և այլ նմանատիպ շարժումներ[10]:

Դասակարգում և ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուդանական գոմեշ Ուգանդայում

Աֆրիկյան գոմեշը բավական փոփոխական կենդանի է, որն է առիթ է տվել նախկինում կենդանուն խմբավորել զգալի քանակությամբ ենթատեսակնեով: Մինչ 19-րդ դարը (մինչ վերջնականապես ստեղծվել է գոմեշի ժամանակակից դասակարգումը) որոշ հետազոտողներ առանձնացրել են մինչ 90 առանձին ենթատեսակներ[11]:

Ներկայումս բոլոր այդ տեսակները միավորվում են մեկ տեսակի՝ աֆրիկյան գոմեշի տեսակի մեջ[3][12][13], որն էլ կազմում է 4-5 լավ տարբերակելի ենթատեսակներ.

  • Syncerus caffer caffer — տիպիկ ենթատեսակ, ամենախոշոր ենթատեսակն է: Հատուկ է Հարավային և Արևելյան Աֆրիկայի բնությանը: Այս տեսակի գոմեշները բնակվում են մայրցամաքի ամենահարավում: Առանձնանում են իրենց բնորոշ խոշոր չափերով և կատաղությամբ: Այս գոմեշներին հաճախ նաև անվանում են կապյան գոմեշ (անգլ.՝ Cape buffalo): Այս ենթատեսակի գունավորումը մուգ է, հիմնականում՝ սև:
  • Syncerus caffer nanus, 1785Աֆրիկյան գաճաճ գոմեշ — գաճաճ ենթատեսակ (լատ.՝ nanus — գաճաճ): Գոմեշների այս ենթատեսակը իրոք չափերով շատ փոքր են: Հասակը կազմում է մոտ 120 սանտիմետր, իսկ միջին քաշը՝ 270 կիլոգրամ: Գաճաճ գոմեշը ունի շիկակարմիր գունավորում, իսկ ավելի մուգ տեղամասերն են գլուխը և ուսերը: Ականջների վրայի բուրդը վեր է ածվում վրձնափնջերի: Գաճաճ գոմեշները տարածված են Աֆրիկա մայրցամաքի կենտրոնական և արևմտյան հատվածներում: Որոշ հետազոտողներ գտնվում են, որ այնուամենայնիվ աֆրիկյան գաճաճ գոմեշը համարվում է առանձին տեսակ:
  • S. c. brachyceros կամ սուդանական գոմեշ — զբաղեցնում է միջանկյալ դիրք ընկած աֆրիկյան և գաճաճ գմեշների միջև: Տարածված են Արևմտյան Աֆրիկայում: Չափսերով համեմատաբար փոքր են: Նույնիսկ Կամերունում հայտնաբերվել է գոմեշ, որը իր քաշով կշռել է կապյան գոմեշի կես զանգվածը:
  • S. c. aequinoctialis — տարածվածության արեալը սահմանափակվում է Կենտրոնական Աֆրիկայով: Այս ենթատեսակի առանձնյակները արտքաին տեսքով նման են կապյան գոմեշին, սակայն ունեն փոքր ինչ ավելի վառ գունավորում:
  • S. c. mathewsi կամ լեռնային գոմեշ — տարածված է Արևելյան Աֆրիկայի լեռնային շրջաններում:

Աֆրիկյան գոմեշը միակ ժամանակակից գոմեշի ենթաընտանիքն է, որը տարածված է Աֆրիկայում: Հեռավոր անցյալում՝ Պլեյստոցենի դարաշրջանի (50 000 տարի առաջ) Աֆրիկայում՝ Սահարայի հյուսիսում, տարածված է եղել հսկայական երկարակոտոշ գոմեշը (լատ.՝ Pelorovis antiquus), որից էլ սերում է աֆրիկյան գոմեշը:

Այդ գոմեշները ունեցել են շատ մեծ չափեր՝ 2 մետրանոց վզակոթ և հսկայական կոտոշներ, որոնք հասել են մինչև երեք մետրի: Երկարակոտոշ գոմեշները անհետացել են 8-10 հազար տարի առաջ: Դա համընկել է պլեյստոցենյան մի շարք խոշոր կենդանիների զանգվածային ոչնչացման հետ: Ըստ հետազոտողների՝ ոչնչացումները չեն կարող լինել առանց մարդ արարածի միջնորդության[14]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկյան գոմեշ Զամբիայի արգելոցային տարածքներից մեկում

Աֆրիկյան գոմեշների տարածման շրջանները շատ ընդարձակ են: Դեռևս մեկ ու կես դար առաջ գոմեշները բնակվել են Սահարայի անապատից դեպի հարավ ընկած տարածքներում: Ըստ ժամանակակից հետազոտությունների՝ նրանք կազմում են ամբողջ մայրցամաքի խոշոր սմբակավոր կենսազանգվածի 35 %-ը[15]:

Առավել լավ պահպահնվել են Աֆրիկայի հարավային և արևելյան հատվածներում՝ քիչ քանակությամբ մարդաշատ շրջաններում:

Աֆրիկյան գոմեշը զբաղեցնում է բազմազան կենսատոպեր՝ աֆրիկյան խիտ անտառներից մինչև ընդարձակ սավաննաներ: Լեռնային բարձրադիր շրջաններում հանդիպում են մինչև 3000 մետր բարձրություններում: Առավել տարածված են սավաննաներում, որտեղ կան ջրի, խոտերի և թփերի պաշարներ[3]:

Աֆրիկյան գոմեշների պոպուլյացիաները սերտորեն կապված են ջրի հետ և այդ իսկ պատճառով գրեթե երբեք չեն բնակվում ջրավազաններից հեռու տարածքներում: Նրանք բնակվում են այն տարածքներում, որտեղ տարեկան տեղումների քանակը կազմում է 250 մմ-ից պակաս[16]:

Աֆրիկյան գոմեշները տարածված են Անգոլայում, Բենինում, Բոտսվանայում, Բուրկինա Ֆասոյում, Բուրունդիում, Գաբոնում, Գանայում, Գվինեայում, Գվինեա Բիսաույում, Զամբիայում, Զիմբաբվեում, Կամերունում, Քենիայում, Կոնգոյում, Սուդանում, Տանզանիայում, Տոգոյում, Ուգանդայում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, Չադում, Լիբերիայում, Մալավիում, Մալիում, Մոզամբիկում, Նամիբիայում, Նիգերում, Նիգերիայում, Ռուանդայում, Սենեգալում, Սիերա Լեոնեում, Սոմալիում, Հարավային Սուդանում, Տանզանիայում, Կոտ դ'Իվուարում, Հասարակածային Գվինեայում, Եթովպիայում, ՀԱՀ-ում: Նախկինում տարածված են եղել նաև Գամբիայում և Էրիթրեայում, իսկ Սվազիլենդում գտնվում է ռեինտրոդուկցիոն փուլում[8]:

Կենսակերպ և վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկյան գոմեշի իր կենսակերպով ունի շատ բնորոշ գծեր, որով նման է իր ցեղակից հանդիսացող հնդկական գոմեշին:

Ուշ երեկոյից մինչև լուսաբաց նա արածում է, իսկ օրը հիմնականում անցկացնում է ծառերի ստվերում կանգնելով և նստելով: 19-րդ դարի բրիտանացի հայտնի ճանապարհորդ Ֆրեդերիկ Սելուսը ճշգրիտ կերպով նկարագրել է աֆրիկյան գոմեշի առօրյան.

Aquote1.png Ամենաշոգ ժամերին սև գոմեշը հանգիստ պառկում է և անշարժորեն մնում է նույն տեղում: Ապա նա քնում է, կամ սկսում է որոճալ: Իր պատսպարանը նա կառուցում է ջրփոսերում կամ կեղտափոսերի մեջ, այդ իսկ պատճառով նա հաճախ ծածկվում է հաստ շերտով չորացած կեղտով: Իր կարիքների համար առավել գոհացնող վայր առավել հաճախ նա փնտրում է ձորերում և անտառներում, իսկ բաց հարթավայրերում նա բավարարվում է ինչ որ թփի կամ ծառի ստվերով: Երեկոյան ժամերին նա բարձրանում է արոտավայրեր, և ընդմիջումներով արածում է մինչև վաղ առավոտ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ռ.Ս. Ղազարյան, Գիրք Ա Կաթնասուններ, Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան, Երևան, «Փյունիկ» — 104 էջ։
  2. Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ «Կաթնասուններ». լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։
  3. 3,0 3,1 3,2 «Կենդանիների կյանքը», Ս.Պ. Նաումով և Ա.Պ. Կուզյակին . — Մոսկվա: «Կրթւթյուն», 1971. — Т. 6. — С. 541. — 300 000 экз.
  4. «Գոմեշներ»։ Ակադեմիական բառարան և հանրագիտարան։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-28-ին։ Վերցված է 2012-09-17 
  5. «Աֆրիկյան գոմեշ» (անգլերեն)։ Answers.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-28-ին։ Վերցված է հուլիսի 14, 2010 
  6. 6,0 6,1 «Գոմեշների կենսակերպ» (անգլերեն)։ www.sa-venues.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-28-ին։ Վերցված է հուլիսի 16, 2010 
  7. 7,0 7,1 «Աֆրիկյան կամ կապյան գոմեշ» (անգլերեն)։ www.nature-wildlife.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-28-ին։ Վերցված է հուլիս 16, 2010 
  8. 8,0 8,1 «Syncerus caffer. Աֆրիկյան գոմեշ» (անգլերեն)։ www.ultimateungulate.com — Ձեր ուղեցույցը աշխարհի սմբակավոր կենդանիների մասին։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-28-ին։ Վերցված է մայիսի 22, 2010 
  9. «Տեղեկություններ աֆրիկյան գոմեշի մասին» (անգլերեն)։ Աֆրիկյան վայրի կյանք: Ամեն ինչ աֆրիկյան վայրի կյանքի մասին։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-28-ին։ Վերցված է 2016, օգոստոսի 13 
  10. «Կապյան գոմեշ - Հարավաֆրիկյան գոմեշ» (անգլերեն)։ Աֆրիկա էկո թրևլ։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-28-ին։ Վերցված է օգոստոսի 13, 2016 
  11. Վասիլի Կլիմով։ «Աֆրիյան գոմեշ — սավաննաների հրեշը»։ Որսորդական խրճիթ։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-28-ին։ Վերցված է օգոստոսի 14, 2016 
  12. «Աֆրիկյան գոմեշ — Syncerus caffer» (անգլերեն)։ Arkive — Լուսանկարներ։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-28-ին։ Վերցված է հուլիսի 19, 2010 
  13. «Congo Buffalo Syncerus caffer nanus» (անգլերեն)։ Comparative Placentation։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-28-ին։ Վերցված է հուլիսի 19, 2010 
  14. «Մինչդեռ...» (անգլերեն)։ Մինչդեռ №2։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-08-14-ին։ Վերցված է հուլիսի 18, 2010 
  15. Վ.Ֆ. վան Հոֆթ, Ա.Ֆ. Գրոյեն և Ն. Փրինս։ «Աֆրիկյան գոմեշների գենետիկական կառուցվածքի միտոքոնդրիալ փոփոխականության և հայրական գեների գերակայության մասին» (PDF) (անգլերեն)։ Քլուվերի ակադեմիական հրատարակչություն։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-08-19-ին։ Վերցված է 19 օգոստոսի, 2016 
  16. «Հարավային բուֆալո» (անգլերեն)։ Կապույտ անտառի սաֆարիներ — Վայրի արկածներ քե՛զ համար։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-28-ին