Աֆրիկայի ազգերի գավաթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աֆրիկայի ազգերի գավաթ 1957 (այլ կիրառումներ)
Աֆրիկայի գավաթ |
---|
African Cup of Nations |
Հիմնադրվել է |
1957 |
Մայրցամաք |
Աֆրիկա |
Թիմերի քանակը |
16 (եզրափակչում), մինչև 55 (ընդամենը) |
Ընթացիկ չեմպիոն |
![]() |
Առավելագույն թվով տիտղոսներ |
![]() |
Պաշտոնական կայք |
ԿԱՖ |
Աֆրիկայի ազգերի գավաթ (Աֆրիկայի Գավաթ) (ֆր.՝ Coupe d'Afrique des nations, CAN, անգլ.՝ Africa Cup of Nations), կարևոր մրցակցություն ազգային հավաքականների միջև՝ Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿԱՖ) հովանու ներքո: Առաջին մրցաշարն անցկացվել է 1957 թվականին, այսինքն գավաթն անցկացվել է այնքան ժամանակ, որքան գոյություն ունի ԿԱՖ-ը: Սկզբում մասնակիցների թիվը մեծ չի եղել, սակայն աստիճանաբար մրցաշարը կլանել է ողջ Աֆրիկյան մայրցամաքը: 1968 թվականից մրցաշարն անցկացվում է պարբերաբար՝ երկու տարին մեկ անգամ: Հաղթողը իրավունք է ստանում մասնակցելու Կոնֆեդերացիաների Գավաթին: 2013 թվականից սկսած մրցաշարը սկսեց անցկացվել կենտ տարիներին՝ դադարելով անցկացվել այն տարիներին, երբ անցկացվում են աշխարհի առաջնությունները:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին մրցաշարերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին մրցաշարն անցկացվել է 1957 թվականին Խարթումում՝ ընդամենը երեք հավաքականների մասնակցությամբ՝ Եգիպտոս, Սուդան եւ Եթովպիա: Մրցաշարը հաղթեցին եգիպտացիները։ Եզրափակչում նրանք 4:0 հաշվով պարտության մատնեցին Եթովպիային, ընդ որում՝ բոլոր չորս գնդակներն էլ հեղինակեց Էլ Դիբան: Մրցաշարին պետք է մասնակցեր նաև Հարավային Աֆրիկայի թիմը: Այն պետք է կիսաեզրափակչում խաղար Եթովպիայի հետ, բայց հարավաֆրիկացիները ցանկանում էին ուղարկել թիմ, որի մեջ լինեին միայն սպիտակ խաղացողներ, կա՛մ միայն սև: ԿԱՖ-ը պահանջում էր ուղարկել խառը թիմ: Ի վերջո, Հարավային Աֆրիկան որակազրկվեց և հեռացվեց ԿԱՖ-ից:
Նույն երեք թիմերը համաձայնվեցին մասնակցել երկրորդ առաջնությանը, որն անցկացվեց Եգիպտոսում 1959 թվականին:Թիմերը խաղում էին շրջանային մրցակարգով, չեմպիոններ կրկին դարձան եգիպտացիները։ Նրանք հաղթեցին Եթովպիային 4:0 հաշվով (Գորին հեթ-տրիկ ձևակերպեց) և Սուդանին՝ 2:1 հաշվով:
1962 թվականի մրցաշարին Եթովպիայում առաջին անգամ մասնակցեցին Թունիսի և Ուգանդայի հավաքականները: Այս անգամ չեմպիոն դարձավ Եթովպիայի հավաքականը՝ եզրափակչում լրացուցիչ ժամանակում 4:2 հաշվով հաղթելով եգիպտացիներին և խանգարելով նրանց հաղթել իրենց երրորդ տիտղոսը:
1963 թվականին Գանայում կայացած առաջնությանն առաջին անգամ մասնակցեցին Գանայի և Նիգերիայի հավաքականները: Վեց թիմերը բաժանվեցին երկու խմբի, իսկ եզրափակիչ դուրս եկան Գանայի և Սուդանի հավաքականները: Տերերը հաղթեցին 3:0 հաշվով: Մոտ 10 դարի Գանան գերակայեց Աֆրիկայում՝ 2 անգամ դառնալով չեմպիոն և 2 անգամ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:
1965 թվականին Թունիսում Գանայի թիմը կրկին դարձավ չեմպիոն։ Եզրափակչի լրացուցիչ ժամանակում նրանք հաղթեցին տանտերերին՝ 3:2 հաշվով: Նույն թվականին, որպեսզի արագացվի աֆրիկյան ֆուտբոլի զարգացումը, մտցվեց նոր կանոն. յուրաքանչյուր երկիր կարող է թույլատրել երկու խաղացողների հանդես գալ այլ ոչաֆրիկյան երկրներում:
1968 թվականի մրցաշարին մասնակիցների թիվը հասավ 22-ի: Առաջնության եզրափակիչ փուլ դուրս եկավ 8 թիմ, իսկ եզրափակչում Ադիս Սբեբայում հանդիպեցին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (հետագայում երկիրը կոչվել է Զաիր) և Գանայի հավաքականները: Կոնգոյի թիմը սենսացիոն հաղթանակ տարավ 1:0 հաշվով, իսկ միակ գնդակը հեղինակեց Կալալան:
Գանան եզրափակչում կրկին խաղաց 1970 թվականին Խարթումում, բայց զիջեց Սուդանին 0:1 հաշվով:
1970-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1972 թ. Յաունդեում հաղթեց Կոնգոյի հավաքականը: Եզրափակչում Կոնգոն 3:2 հաշվով հաղթեց Մալիի հավաքականին: 1974 թվականին եզրափակչում հանդիպեցին Զաիրի և Զամբիայի հավաքականները: Առաջին խաղն ավարտվեց ոչ-ոքի ՝ 2:2, իսկ պատասխան խաղում Զաիրը հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Ի դեպ, սա առաջին պատասխան խաղն էր Աֆրիկայի ազգերի գավաթի պատմության մեջ: Զաիրի հարձակվող Նդիայը խփեց չորս գնդակ այդ խաղերում: Իսկ մի քանի ամիս անց Զաիրի հավաքականը մասնակցեց աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին:
Գվինեան արձանագրել է մի շարք հաղթանակներ ակումբային մակարդակով 1970-ական թվականներին, սակայն Աֆրիկայի գավաթի խաղերում այն չի արտացոլվել: Գվինեայի հավաքականը հաղթանակին մոտ էր 1976 թվականի մրցաշարում, որը անցկացվել էր Եթովպիայում: Նույն թվականին կիսաեզրափակչի և եզրափակիչի չորս լավագույն թիմերը խաղում էին շրջանային համակարգով: Որպեսզի գրավեին առաջին տեղը, Գվինեային անհրաժեշտ էր հաղթել վերջին խաղում, որտեղ մրցակիցը Մարոկկոն էր: Շերիֆը գվինեացիներին առաջ մղեց 33-րդ րոպեին, սակայն խաղից չորս րոպե առաջ Բաբան հավասարեցրեց հաշիվը: Խաղն այդպես էլ ավարտվեց, և Մարոկկոն դարձավ չեմպիոն:
Այնուամենայնիվ, Մարոկկոյի հավաքականը մյուս Հյուսիսային Աֆրիկայի թիմերի նման, ոչ այնքան հաջող է հանդես գալիս Աֆրիկայի ազգերի գավաթում: Չնայած մասնակցել է աշխարհի առաջնության չորս եզրափակիչ մրցաշարերում, 1976 թվականի տիտղոսը Մարոկկոյի համար մնում է միակ հաղթանակը առաջնությունում։
Նիգերիան առաջին անգամ նվաճեց գավաթը 1980 թվականին: Կիսաեզրափակիչ, բացի նրանից, դուրս էին եկել նաև Ալժիրի, Եգիպտոսի և Մարոկկոյի հավաքականները: Եվ Հյուսիսային Աֆրիկայի թիմերը կրկին չհասան հաջողության: Եզրափակչում նիգերիացիները 80 000 երկրպագուների աջակցությամբ հաղթեցին Ալժիրի հավաքականին 3:0 հաշվով՝ շնորհիվ Օդեգբամի դուբլին և Լավալի գոլին:
1980-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գանան վերադարձրեց Աֆրիկայի Գավաթի լավագույն թիմի տիտղոսը 1982 թվականին Լիբիայում: Երկու ֆուտբոլիստների կանոնը չեղյալ է հայտարարվել, քանի որ արդեն չափից շատ աֆրիկացիներ էին ընդգրկվել Եվրոպայում: Բացման հանդիպմանը Լիբիան հաղթեց Գանային 2:0 հաշվին, ապա այդ նույն թիմերը հանդիպեցին եզրափակչում։ Այդ խաղը մեծ փորձություն էր Գանայի հավաքականի խաղացողների համար: Սկզբում նրանք պահում էին ոչ ոքի՝ 1:1 հաշիվը, ապա հաղթեցին 7:6 հաշվով՝ հետխաղյա 11-մետրանոցների շնորհիվ:
1984 թ. Կոտ դ'Իվուարում իր առաջին տիտղոսը նվաճեց Կամերունը: Կիսաեզրափակչում նրանք հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեցին Ալժիրին, իսկ եզրափակիչում՝ Նիգերիային՝ 3:1 հաշվով:
1986 թվականի մրցաշարը Եգիպտոսում աչքի է ընկել բազմաթիվ միջադեպերով՝ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս: Այսպես, մրցաշարից մեկ շաբաթ առաջ Եգիպտոսում ապստամբեցին զորակոչիկները: Մտցվեց պարետային ժամ, և սա դառավ իրական սպառնալիք մրցաշարը չեղյալ համարելու համար: Բարեբախտաբար, պարետային ժամը չեղյալ հայտարարվեց, ու մրցաշարը կայացավ: Ճիշտ է, հնարավոր զանգվածային անկարգությունների կարգավորման համար մարզադաշտը շրջապատծ էր տանկերով և զրահամեքենաներով:
Ինչ վերաբերում է բուն ֆուտբոլին՝ շատ ֆուտբոլիստներ և մարզիչներ քննադատեցին մրցավարական անձնակազմին: Օրինակ՝ Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Ժոզե Ֆարիան խաղերից մեկի մասին ասել է, որ այնտեղ եղել է ավելի շատ կոպտություն, քան ռեգբիստների խաղում՝ Անգլիայի և Ֆրանսիայի միջև, որը տեղի էր ունեցել, միևնույն ժամանակ: Գավաթին գործող չեմպիոն Կամերունի հավաքականը կրկին հասավ եզրափակիչ, որտեղ հանդիպեց տանտերերին՝ եգիպտացիներին: Ողջ մրցաշարում թմերը խաղում էին պաշտպանողական մարտավարությամբ, և այս խաղը նույնպես բացառություն չէր: Հիմնական և լրացուցիչ ժամանակներում գնդակ չխփվեց, իսկ հետխաղյա 11-մետրանոցներով եգիպտացիները հաղթեցին 5:4 հաշվով:
Կամերունցիները վերադարձրին իրենց չեմպիոնական կոչումը միայն 1988թ. Մարոկկոյում: Կիսաեզրափակիչում նրանք 1:0 հաշվով հաղթեցին տանտերերին, իսկ նիգերիացիները միայն 11-մետրանոց հարվածաշարով կարողացան հաղթանակի հասնել Ալժիրի հավաքականի նկատմամբ: 50 000 երկրպագուներ Կասաբլանկայում ականատես դարձան Կամերունի 1:0 հաշվով հաղթանակին: Միակ գոլը հեղինակեց Էմանուել Կունդեն 55-րդ րոպեին:
1990-ին Ալժիրում նիգերիացիները կրկին խաղացին եզրափակչում։ Սակայն նրանց մրցակիցն էր տանտերերի թիմը, որին աջակցում էին 80 000 հանդիսատես: Ուջանիի գոլը 38-րդ րոպեին հաղթանակ պարգևեց ալժիրցիներին: Իսկ նիգերիացիներին մնում էր միայն գանգատվել վատ բախտից, քանի որ վերջիններս 4 անգամ դուրս էին եկել եզրափակիչ, բայց հաղթել էին միայն 1 անգամ:
1990-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականին հաղթողների ցուցակում հայտնվեց նոր անուն՝ Կոտ դ'Իվուար: Մրցաշարն առաջին անգամ անցկացվում էր Սենեգալում, իսկ մասնակիցների թիվը ավելացվել էր 12-ով: Դրա պատճառ էր հանդիսանում տարեցտարի մրցաշարին մասնակցելու ցանկություն ունեցող հավաքականների աճը: Նույնիսկ այնպիսի փոքր երկրներ, ինչպիսիք էին Բուրկինա Ֆասոն, Սվազիլենդը և Սեյշելները, ցանկանում էին իրինց ուժերը փորձել Աֆրիկայի ազգերի գավաթում: Կիսաեզրափակչում կոտ դ՝Իվուարցիները հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեցին Կամերունի թիմին: Իսկ եզրափակչում նրանց դեմ խաղում էր իրենց արևելյան հարևանը՝ Գանայի հավաքականը: Հիմնական և լրացուցիչ ժամանակում հաշիվը չէր բացվել, իսկ հետխաղյա 11-մետրանոցներով Կոտ դ՝Իվուարի հավաքականը հաղթեց 11:10 հաշվով:
1993 թվականի ապրիլին Զամբիան վերապրեց ողբերգություն։ Ինքնաթիռը, որով ազգային հավաքականը թռչում էր Մավրիկիոսից Սենեգալ՝ անցկացնելու հանդիպում աշխարհի առաջնությունում, ընկավ Գաբոնի մոտակայքում: Բոլոր 30 ուղևորները, այդ թվում՝ 11 ֆուտբոլիստներ, զոհվեցին։ Բայց ինքնաթիռում չէին մի քանի խաղացողներ, ովքեր հանդես էին գալիս Եվրոպայում: Նրանք դարձան նոր թիմի կորիզը, որը կարողացավ դուրս գալ եզրափակիչ 1994 թվականի Թունիսի մրցաշարում: Երկրպագուների մեծ մասը երկրպագում էր Զամբիային, սակայն եզրափակչում նրանք պարտվեցին Նիգերիայի հավաքականին: Նիգերիացիները դուրս էին եկել առաջնության եզրափակիչ չորրորդ անգամ վերջին 10 տարիների ընթացքում և վերջապես հասել հաջողության:
1996 թվականին թիմերի քանակը ավելացվեց մինչև 16: Առաջնությունը հաղթեց Հարավային Աֆրիկայի թիմը, որի վրայից հանվել էր մասնակցության արգելքը՝ դրված 1957 թվականին:
1998 թվականին հարավաֆրիկացիները նորից դուրս եկան եզրափակիչ: Բեննի Մակկարտին ճանաչվեց առաջնության լավագույն խաղացող և կիսեց առաջնության լավագույն ռմբարկուի կոչումը: Սակայն եզրափակչում նա աչքի չընկավ, իսկ ՀԱՀ-ը պարտվեց Եգիպտոսին 0:2 հաշվով:
2000-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականին Մալիում Կամերունը, հաղթելով Սենեգալին, դարձավ չեմպիոն:Հաջորդ երկու առաջնություններում՝ 2004 և 2006 թվականներին, հաղթեցին առաջնության հյուրընկալող թիմերը՝ համապատասխանաբար Թունիսը և Եգիպտոսը: 2008 թվականին Եգիպտոսը կրկնեց իր հաջողությունը՝ նորից չեմպիոն դառնալով:
2010-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին Անգոլայում Եգիպտոսը նվաճեց իր 7-րդ եւ 3-րդ անընդմեջ տիտղոսը: 2012 թվականի մրցաշարում հաղթեց Զամբիան, իսկ 2013 թվականին հաղթանակ տարավ Նիգերիան: 2015 թվականին հաղթանակի հասավ Կոտ դ՛Իվուարը: