Աֆղանստանի աշխարհագրություն
Աֆղանստանի աշխարհագրություն | |
---|---|
Տեսակ | աշխարհագրական դիրքի աշխարհագրություն |
Երկիր | Աֆղանստան[1] |
Աֆղանստան, պետություն Հարավային Ասիայում, գտնվում է արևելյան երկայնության 60°30'- 75° միջօրեականների, և հյուսիսային լայնության 20°21'- 38°30' զուգահեռականների միջև, զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի հյուսիսարևելյան մասը։
Ռելիեֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆղանստանը համարվում է լեռնային երկիր, քանի որ լեռները և սարահարթերը զբաղեցնում են Աֆղանստանի տարածքի 80 %-ը, տարածված են քարային անապատները և չոր տափաստանները։ Լեռնահամակարգերը ձգվում են տարածքի ողջ երկայնքով՝ հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք ուղղությամբ[2]։
Մակերևույթի ձևերի ընդհանրացման հիման վրա առանձնացնում են 3 ֆիզիկաաշխարհագրական շրջաններ՝
- կենտրոնական լեռնային
- հյուսիսային հարթավայրային
- հարավարևմտյան պլատո։
Ամենախոշոր լեռնագրական միավորը Հինդուկուշի լեռնաշղթան է, որը ձգվում է Քաբուլից մոտ 160 կմ դեպի հյուսիս և ըստ էության հանդիսանում է Հիմալայների շարունակությունը։ Հինդուկուշի մասն են կազմում Բաբա, Բայան, Շեֆիդ-Կուհ կամ Պարոպամիզի լեռնաշղթաները։ Այս լեռնաշղթաներն իրենց հերթին ճյուղավորվում են տարբեր ուղղություններով ձգվող ավելի փոքր լեռնաբազուկների. Սիահ-Կուհ, Հեսար, Մալմանդ, Կհակբադ և այլն։ Աֆղանստանի և Պակիստանի սահմանագծով ձգվող լեռները խոչընդոտում են Հնդկական օվկիանոսից եկող խոնավ օդային զանգվածների հոսքը՝ նպաստելով կլիմայի չորայնությանն ու ցամաքայնությանը։
Կենտրոնական լեռնային շրջանի մակերեսը կազմում է 414 000 կմ², որին բնորոշ են խոր և նեղ կիրճերը, հովիտները, 6400մ բացարձակ բարձրությունը գերազանցող բարձր լեռները, ինչպես նաև՝ 3600-4600 մ բացարձակ բարձրության վրա գտնվող լեռնանցքերը։ Շատ լեռնանցքեր ունեն ստրատեգիական նշանակություն։ Այդպիսիք են Քաբուլից հյուսիս-արևմուտք՝ Բաբա և Հինդուկուշ լեռնաշղթաների միջև գտնվող Շեբարի լեռնանցքը, և Քաբուլից հարավ-արևելք՝ Պակիստան-Աֆղանստան սահմանին գտնվող Խայբերի լեռնանցքը։
Հյուսիսային հարթավայրային շրջանը ձգվում է արևելյան սահմանի երկայնքով՝ Աֆղանստան-Իրան սահմանից մինչև Պամիր(Աֆղանստան-Տաջիկստան սահման)՝ ընդգրկելով նախալեռնային գոտին։ Այն զբաղեցնում է 103 000 կմ² մակերես՝ ձգվելով դեպի Ամուդարյայի գետահովիտ։ Հյուսիսային հարթավայրային շրջանները ավելի խիտ են բնակեցված, ծովի մակարդակից միջին բացարձակ բարձրությունը կազմում է 600մ։ Այստեղ է գտնվում Բակտրիական հարթավայրը, որի զգալի մասը զբաղեցնում են կիսաանապատները։
Երկրի հարավարևմուտքում տարածվում է Գազնիական պլատոն, որը զբաղեցնում է 130 000 կմ² և ունի մոտ 900մ բացարձակ բարձրություն։ Պլատոյի տարածքի մեծ մասը զբաղեցված է անապատներով և կիսաանապատներով, որոնցից առանձնանում են կավախճաքարային Դեշտե Մարգոն և Դաշտե Լութը։ Հարավում ձգվում է ավազային Ռեգիստան խոշոր անապատը[3]։
Ներքին ջրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի տարածքի գերակշիռ մասը պատկանում է ներքին հոսքի ավազանին։ Հնդկական օվկիանոսի ավազանին է պատկանում տարածքի փոքր մասը՝ մոտ 83 000 կմ²։ Հնդկական օվկիանոսի ավազանի ամենամեծ գետը Ինդոսի աջակողմյան վտակ Քաբուլն է։ Մնացած խոշոր գետերը սկիզբ են առնում կենտրոնական լեռնային շրջաններից, սակայն չորային կլիմայի պատճառով հաճախ կորչում են անապատային շրջաններում։ Որոշ փոքր գետեր էլ թափվում են Բանդե Ամիր, Զորկուլ, Շիվա և այլ փոքր լճեր։ Աֆղանստանի հյուսիս-արևելքով հոսող գետերը պատկանում են Ամուդարյայի(Փյանջ) ավազանին։ Արևելքում՝ Իրանական բարձրավանդակի շրջանում, գտնվում են մի քանի խոշոր աղի լճեր, որոնցից են Նամակզարը, Խամուն Պուն, Գոդզարեն[4]։ Փոքր լճեր կան նաև կենտրոնական և արևմտյան լեռնային շրջաններում։
Ներքին հոսքի ավազանի ամենամեծ գետը Հիլմենդն է, որը սկիզբ է առնում Քաբուլից 80 կմ արևմուտք՝ Բաբա լեռնաշղթայից, ունի 1400 կմ երկարություն, հոսում է դեպի հարավ-արևմուտք՝ մինչև Իրանի սահման։ Հիլմենդի խոշոր վտակը Արգանդաբն է, որը սկիզբ է առնում Գազնի քաղաքից ոչ հեռու գտնվող բլուրներից և հոսում է դեպի հարավ-արևմուտք՝ թափվելով Հիլմենդ գետ։ Հիլմենդի վրա կառուցված Քաջաքի ջրամբարի ջուրն օգտագործվում է ոռոգման և Քաջաքիի հէկ-ի գործարկման նպատակով[5]։ Ամուդարյա(Փյանջ) գետը սկիզբ է առնում երկրի ծայր հյուսիսում գտնվող Պամիրի լեռնաշղթայից, և մոտ 965 կմ սահմանագծով կազմում է Աֆղանստանի հյուսիսային սահմանը։ Այն վերին հոսանքի շրջանում արագահոս լեռնային գետ է, որը միջին հոսանքի շրջանում (Ֆայզաբադից մոտ 96 կմ դեպի հյուսիս-արևմուտք), Կոկչա գետի հետ միախառնվելուց հետո, դառնում է ավելի դանդաղահոս։
Ամուդարյայի մյուս խոշոր վտակը Կունդուզն է, որն ավելի հայտնի է Սուրհաբ և Բամիան անուններով։
Հյուսիս-արևմուտքի խոշոր գետերից են Հերիրուդը և Մուրղաբը, որոնք սկիզբ են առնում կենտրոնական լեռնային շրջաններից, հոսում են դեպի արևմուտք և հյուսիս-արևմուտք ուղղությամբ և կորչում են Կարակումի ավազուտներում (Թուրքմենստանի տարածքում)։
Երկրաբանություն և օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի տարածքի մեծ մասը գտնվում է Ալպ-Հիմալայան գեոսինկլինալային գոտում, Միջերկրածովյան ծալքավոր մարզում։ Հյուսիսում՝ Թուրանական պլատֆորմի տարածման սահմաններում, հանդիպում են առանձին բյուրեղային մերկացումներ։ Դրանք առավել բնորոշ են Հինդուկուշի և Պարոպամիզի ծալքավոր լեռներին։ Այստեղ հայտնի են ոսկու, երկաթաքարի, պղնձի, վոլֆրամի և այլ մետաղների խոշոր հանքավայրեր և երևակումներ։ Բակտրիական հարթավայրի տարածքում և Հինդուկուշի հյուսիսային նախալեռնային գոտում գերակշռում են նստվածքային և հրաբխային ծագման ապարները, որոնցից առավել տարածված են քարածուխը, ծծումբը, գիպսը, նավթը և գազը։ Աֆղանստանի տարածքի մեծ մասը ձևավորվել է Մեզոզոյան, իսկ լեռնային արևելքը՝ Ալպյան լեռնակազմության փուլում։ Արևելյան և հյուսիս-արևելյան շրջաններին բնորոշ են մինչքեմբրյան հասակի ռելիեֆի ձևերը, որոնց բյուրեղային կարծր հիմքը տեղ-տեղ մերկացել է՝ առաջացնելով Հիլմենդ-Արգանդաբի, Քաբուլի, Պամիր-Նուրիստանի վահանները։ Այդ վահանների վերին փխրուն շերտը հիմնականում կազմված է նստվածքային և հրաբխային ծագման նյութերից։ Բնորոշ են պղնձի, ոսկու, լազուրիտի, անագի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հանքավայրերը (հատկապես՝ Բադախշանի շրջանում)[6]։ Աֆղանստանի տարածքն աչքի է ընկնում սեյսմիկ ակտիվությամբ, որի վկայությունն են Բադախշանի, Բելուջիստանի և Քաբուլի շրջաններում հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը։ Չնայած երկրում երկաթաքարի, պղնձի, քրոմիտների, ոսկու և անագի մեծ տարածվածությանը, արդյունահանման ծավալները փոքր են, քանի որ հանքավայրերը հիմնականում գտնվում են լեռնային դժվարանցանելի շրջաններում։ Ոչ մետաղային օգտակար հանածոներից արդյունահանում են ծծումբ, լիթիում, կոբալտ, կերակրի աղ և լազուրիտ։ Աֆղանստանն աշխարհում առաջինն է լազուրիտի արդյունահանման և արտահանման ծավալներով։ Բնական գազի և նավթի խոշոր հանքավայրը Շիբիրգանի հանքավայրն է՝ 136 մլրդ մ³ ծավալով, որտեղ դեռևս շարունակվում են հետախուզական-որոնողական աշխատանքները[7]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆղանստանի կլիման չափավոր ցամաքային է՝ ջերմաստիճանի օրական և տարեկան տատանման մեծ լայնույթով։ Հունվարյան միջին ջերմաստիճանը 0°- -8 °C է, իսկ հուլիսյանը՝ +24°- +32 °C: Քաբուլում ամռանը դիտվում է +25°С, իսկ ձմռանը՝ — 3 °C: Հյուսիս-արևելյան բարձր լեռնային շրջաններին բնորոշ են խստաշունչ ձմեռները՝ −20С° միջին ջերմաստիճանով։ Տեղումների տարեկան քանակն աճում է արևմուտքից արևելք ուղղությամբ՝ 400-800 մմ։ Պակիստան-Աֆղանստան սահմանային հատվածի լեռների հողմահայաց լանջերի վրա մեծ է մուսոնների ազդեցությունը։ Տեղումների տարեկան առավելագույն քանակ դիտվում է ամռանը, Սալանգ բնակավայրում՝ 1350 մմ։ Հարթավայրերն ավելի չոր են՝ մոտ 200 մմ տեղումների միջին քանակով։ Տեղումների նվազագույն քանակ դիտվում է երկրի արևմտյան և հարավարևմյան շրջաններում՝ 75 մմ, որոնք էլ Աֆղանստանի ամենաչոր շրջաններն են։
Հողեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախալեռնային և լեռնային գոտիներին բնորոշ են շագանակագույն հողերը, գորշ հողերը և մոխրագույն հողերը։ Լեռնային շրջաններում, որտեղ տարրեկան տեղումների քանակը գերազանցում է 700 մմ-ը, հանդիպում են սևահողեր և լեռնամարգագետնային հողեր։ Աֆղանստանի հարավ-արևմտյան չորային շրջաններին բնորոշ են հումուսով աղքատ անապատային հողերը, շատ են աղուտները։ Ամենաբերրի սևահողային շրջանը գտնվում է երկրի հյուսիսում։
Օրգանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի հարթավայրային շրջաններում տիրապետում են անապատները, որտեղ աճում են աղաբույսը, օշանը և օշինդրը։ Սարահարթերի մակերևույթը զբաղեցված է չոր տափաստաններով։ Անտառապատ է տարածքի մոտ 5 %-ը՝ Հինդուկուշի միջին լեռնային գոտին։ 2400-3500մ բարձրության վրա աճում են փշատերև ծառատեսակները. հիմալայան սոճին, մայրին, եղևնին, եղևինը։ Գետահովտային շրջաններին բնորոշ են տուգայները կամ գետահովտային անտառները։ Այստեղ աճում են տուրանգային բարդին, ուռենին, պամիրի բարդին, սպիտակ բարդին, դափնետերև բարդին, տամարիսկը, չիչխանը և այլն։ Կենդանական աշխարհը ևս բազմազան է։ Հարթավայրային շրջաններում մեծ տարածում ունեն գծավոր բորենին, կուլանը, շնագայլը, սայգակը, ջեյրանը, տափաստանային աղվեսը, գայլը, նապաստակը, ավազամկներն ու դաշտամկները։ Լեռնային շրջաններում հանդիպում են ձյունահովազը, լեռնային այծը, քարայծը, արջը և այլն։ Տուգայներում տարածված են եղեգնակատուն և վարազը։ Անապատների և կիսաանապատների բնորոշ կենդանատեսակներն են վարանը, ավազային գեկկոնը, ագաման, գյուրզան, կոբրան, էֆան, կարիճը և քարաքուրտի սարդը։ Թռչնատեսակներից հայտնի են ուրուրը, բազեն, արծիվը, հիմալայան անգղը, հնդկական լագար-բազեն, անտառային կաչաղակը, ֆլամինգոն և այլն։
Բնապահպանական հիմնախնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆղանստանի տարածքին բնորոշ բնապահպանական հիմնախնդիրը պայմանավորված են վերջին տասնամյակների ռազմաքաղաքական իրադարձություններով։ Արոտավայրերը մեծապես տուժել են գերարածեցումից, ինչը պայմանավորված է բնակչության բարձր բնական աճով։ Շատ հաճախ տնտեսական և բնապահպանական տեսանկյունից երևույթը տարբեր կերպ է դիտարկվում, քանի որ բնակչության 80%-ի համար ապրուստի հիմնական միջոցը անասնապահությունն է[8]։ 2007 թվականին Համաշխարհային Առողջապահական Կազմակերպության զեկույցում նշվում է, որ ոչաֆրիկական երկրների շարքում Աֆղանստանը զբաղեցնում է վերջին տեղը՝ շրջակա միջավայրի աղտոտվածությամբ պայմանավորված մահացության բարձր ցուցանիշով[9]։ Մյուս բնապահպանական հիմնախնդիրը անտառահատումներն են, քանի որ Աֆղանստանում այն առավելապես ծառայում է որպես վառելանյութ և ոչ թե փայտանյութ։ Բացի այդ պետական նախաձեռնությամբ հաճախ անտառահատումներ իրականացվում են արոտավայրերն ու հողահանդակները ընդարձակելու նպատակով։ Մեծ բաժին ունի նաև ապօրինի անտառահատումը, որը վերահսկվում է նաև ամերիկյան ԶՈՒ կողմից։ Լայնածավալ անտառահատումների պատճառով հողածածկում նվազել է բնական բուսազանգվածը, զարգացել է էրոզիան, ինչի արդյունքում անապատացման ենթական մակերեսը մեծացել է։ Սրա պատճառով աճել է ջրհեղեղների հավանականությունը, շատացել են սողանքնային երևույթները, հատկապես՝ գերբնակեցված գյուղատնտեսական շրջաններում։ Դա սպառնալիք է և գյուղատնտեսությանը և բնակչությանը։ Մյուս կարևոր խնդիրը օդի աղտոտվածությունն է, որի հիմնական պատճառը տրանսպորտային արտանետումներն են ու փայտանյութի այրումը։ Սակայն, քանի որ երկրում բացակայում է ծանր արդյունաբերությունը և տրանսպորտը ծանրաբեռնված չէ, Աֆղանստանում այն որպես հիմնախնդիր չի առանձնացվում։ Հաջորդ բնապահպանական հիմնախնդիրը ջրամաքրիչ կայանների բացակայությունն, ինչը կենսական անհրաժեշտություն է մայրաքաղաք Քաբուլում և խոշոր քաղաքներում, որտեղ կենտրոնացած են երկրի բնակչության մոտ 26.3%-ը։ Խոշոր քաղաքներում հաճախ են դիտվում սուր աղիքային համաճարակներ՝ պայմանավորված աղիքային ցուպիկի և այլ վտանգավոր բակտերիաների տարածվածությամբ։ Քաղաքների մյուս հիմնախնդիրները կենցաղային աղբն է, որը չի տեսակավորվում և չի վերամշակվում։ Հաճախ աղբը հավաքում և կուտակում են մերձքաղաքային գոտիներում՝ նպաստելով մոտակա ջրավազանների և ստորերկրյա ջրերի աղտոտմանը, գարշահոտության տարածմանը։
-
Պակտիա նահանգի լեռնագրություն
-
Ճանապարհ Քաբուլի և Սուրոբիի միջև
-
Բաբա լեռնաշղթա
-
Աֆղանստան-Տաջիկստան սահման
-
Խայբերի լեռնանցք
-
Գազնի բնակավայրը Գազնիական պլատոյում
-
Հիլմենդ գետը և Քաջաքի ջրամբար
-
Կունդուզ գետ
-
Աֆղանստան-Տաջիկստան սահմանը և Ամուդարյա գետ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jeux — 1913.
- ↑ geography.su http://geography.su/books/item/f00/s00/z0000048/st006.shtml. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Text "[1979]" ignored (օգնություն) - ↑ Afghanistan in Britannica
- ↑ «Афганистан карта на русском языке, география описание страны». world-karta.ru. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2012 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Горная энциклопедия
- ↑ «Афганистан». www.mining-enc.ru. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Post-Conflict Environmental Assessment: Afghanistan» (PDF). United Nations Environment Programme. 2003. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն)