Աֆարների և իսաների ֆրանսիական տերիտորիա
Աֆարների և իսաների ֆրանսիական տերիտորիա, (Ֆրանսիական Սոմալիի Ափ), երկիր Աֆրիկայի հյուսիս–արևելքում, Ֆրանսիայի տիրույթը («անդրծովյան տերիտորիա»)՝ «ընդլայնված ինքնավարության» կարգավիճակով։ Արևելքից ողողվում է Բաբ Էլ–Մանդեբի և Ադենի ծոցի ջրերով։ Տարածությունը 22 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 137 հզ․ (1972)՝ աֆարներ, իսաներ, գադաբուրսիներ, խաբարավալներ, կան նաև արաբներ ու եվրոպացիներ։ Հավատացյալների մեծ մասը մուսուլման–սունիթներ են։ Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, վարչական կենտրոնը՝ Ջիբութին։ Ֆրանսիական գերագույն կոմիսարը վարում է երկրի արտաքին, պաշտպանության, ֆինանսական և արդարադատության գործերը։ Կառավարական խորհուրդըն ընտրում է դեպուտատների պալատը, իսկ դեպուտատների պալատը՝ բնակչությունը։ Հիմնական կուսակցություններն են՝ Աֆարների դեմոկրատական միավորումը և օպոզիցիոն Աֆրիկական ժողովրդական միությունը։
Երկրի ռելիեֆը գերազանցապես լեռնային է (մինչև 1715 մ)։ Խոր իջվածքները հաճախ փոխարկվում են ուղղաձիգ բարձրությունների ու լեռնաշղթաների։ Կլիման շոգ է, չոր։ Հունվարի միջին ջերմաստիճանը 30°Cէ, հուլիսինը՝ 35°С։ Տարեկան տեղումները 130 մմ են (Ջիբութի)։ Մշտահոս գետեր չկան։ Խոշոր լճերից են Ասալը և Աբեն։ Բուսականությունը կիսաանապատային է, մանրաճմային հացազգիների գերակշռությամբ։ Բնակչության հիմնական զբաղմունքը քոչվորական և կիսաքոչվորական անասնապահությունն է, զբաղվում են նաև ձկնորսությամբ։ Տարեկան հավաքում են մոտ 1000 տ սուրճ։ Կան նավաշինարաններ, հեղուկ գազի գործարան, մսի սառցասպանդանոց, կաշվի ձեռնարկություններ։ Ծովից արդյունահանում են աղ, մարգարիտ, որսում սպունգ, կորալ։ Ջիբութին, որը երկաթուղով կապված է Ադիս Աբեբայի հետ, ֆրանսիական ռազմածովային բազա է, միջազգային օդանավակայան։ Արտաքին առևտուրը հիմնականում կատարվում է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ։ Դրամական միավորը՝ ջիբութիական ֆրանկը:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1967 թվականը տարածքը կոչվում էր Սոմալիի ֆրանսիական ափ (ֆր.՝ Côte française des Somalis): 1977 թվականին անցկացվեց հանրաքվե ֆրանսիական զորքերի և գաղութային վարչակազմի դուրսբերման վերաբերյալ, որի արդյունքում ընտրողների 99.8%-ը քվեարկեց Ֆրանսիայից անջատվելու օգտին, որից հետո Աֆարների և Իսսաների ֆրանսիական տարածքը դադարեց գոյություն ունենալուց, և դրա փոխարեն հայտնվեց Ջիբութիի Հանրապետությունը՝ նախագահ Հասան Գուլեդ Ապտիդոնի գլխավորությամբ, ով աջակցեց և քարոզեց տարածքի բնակչությանը Ֆրանսիայից դուրս գալու համար:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 169)։ |