Արևմտյան Հայաստան պետության օրհներգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևմտյան Հայաստան Պետության օրհներգը
Մանրամասնություններ
ԿրիչԱրևմտյան Հայաստան Պետություն
Հաստատվածփետրվարի 4 , 2015
ԿարգախոսՀայը հայի համար
Այլ տարրերՏեքստը՝ «Անդաստան» Դանիել Վարուժան, 1 երաժշտությունը՝ Նուբար Ասլանյանի
ՕգտագործումՀնչեցվում է պետական բոլոր միջոցառումների ժամանակ
Հեղինակային կոլեկտիվ
ԱՀՊ

«Անդաստան», Արևմտյան Հայաստան Պետության օրհներգը 2011 թվականի նոյեմբերին Արևմտյան Հայաստանի ԱԳՆ հանձնակատարի նախաձեռնությամբ հայտարարվեց Արևմտյան Հայաստանի օրհներգի մրցույթ։ Մրցույթին ներկայացվել էին մեկ տասնյակ առաջարկություններ։ Վերջին փուլի համար ընտրվեցին «Զարթնիր լաո», «Երազի իմ երկիր հայրենի» երգերի կատարումը և «Անդաստան» ստեղծագործության նոտաները[1]։ Մրցույթի մասնագիտական խորհուրդը 2012 թվականի մարտի 14-ին հաղթող ճանաչեց և հաստատեց Նուբար Ասլանյանի սիմֆոնիկ նվագախմբի եւ քառաձայն երգչախմբի համար գրված «Անդաստան» ստեղծագործությունը[2]։

2012 թվականի մարտի 30 -ին, մրցույթի արդյունքները պաշտոնապես վերահաստատվեցին ԱԳՆ հանձնակատարի կողմից, որի մեջ ամրագրված է ․ «Անդաստան» օրհներգ՝ օրհներգի անփոփոխ տեքստը արևմտահայ գրող և մտավորական, ցեղասպանության զոհ, Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունն է։ Սիմֆոնիկ նվագախմբի եւ քառաձայն երգչախմբի երաժշտության հեղինակն է Հայաստանի և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր՝ Ն․ Ասլանյանը»[3]։

Օրհներգ Անդաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր Ն․Ասլանյանը ստեղծագործությունը նվիրել է Արևմտյան Հայաստանի կառավարությանը։ Ն․ Ասլանյանի մասին այսպես է գրված Իսրայելի կոմպոզիտորների միության կայքում՝ «Noubar Aslanyan was born in Athens, Greece in 1943, and in 1946 he moved to Armenia. In 1973 he graduated from the Comitass Academy of Music in Yerevan, the composition class of Prof. Griqor Yeghiazaryan. In 1994 he came to Israel and since then he has been living and working here. His musical works have found acknowledgement in various spheres such as performing and education»[4]։ Հեղինակի լավագույն ստեղծագործությունները ներառված են Եվրոպական, Հայաստանի, Ռուսաստանի, Իսրայելի,ԱՄՆ,Կանադայի և Հարավային Կորեային մենակատարների և երաժշտական խմբերի համերգային ծրագրերում։ Նոտաները հրատարակվել է Իսրայելի Երաշժտական Կենտրոնի կողմից-ISRAELI Music Center I.M.C[5]։

Դանիել Վարուժանը(Դանիել Չպուգքյարյան) ծնվել է 1884 թ. Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Ստեղծագործությունները հրատարակվել են չորս ժողովածուներով՝ «Սարսուռներ» 1906 թվական, «Ցեղին սիրտը» 1909 թվական, «Հեթանոս երգեր» 1912 թվական և «Հացին երգը» հետմահու, 1921 թվական։ 1975 թվականին «Անդաստան» բանաստեղծությունը զետեղվել է «Ձոն» բանաստեղծությունների ժողովածուի մեջ։

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա։
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա։

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա։

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա[6] ։

Հեղինակին հաջողվել է պահպանել Անդաստանի ազգային-հոգևոր և հայրենասիրական խորհուրդը, միևնույն ժամանակ հայրենասիրական խորհուրդը դարձնելով աշխարհի չորս կողմերի օրհնության քաղաքակրթական ծես՝ օրհնանք, տալով նրան համամարդկային բնույթ։ Հեղինակը ամենավեհ բարձրունքից օրհնում է աշխարհի չորս կողմերը, ինչպես դա արվել և արվում է բոլոր ժամանակների հոգևորր և քաղաքակիրթ առաջնորդների կողմից ի բարություն մարդկությանը և աշխարհին[7] ։

Անդաստան արարողակարգի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունից մեզ են հասել միջնադարյան Հայաստանի կրոնական բնույթի օրհներգերը՝ շարականները, որոնց մեջ առանձնակի տեղ ունի Անդաստանը։ Անդաստանի կարգը կատարվում է հանդիսավորությամբ և մեծ շուքով, այսինքն հանդես և տոնախմբություն, ապա արարողության ղեկավարը Հանդիսադիրն է` տվյալ եկեղեցու առաջնորդը կամ եպիսկոպոսը կամ էլ տվյալ պահին ներկա ավագ հոգևորականը։ Եկեղեցական կարգով «անդաստան ելանել» կամ «անդաստան օրհնել» նշանակում է եկեղեցու ատյանում շրջելով՝ աշխարհի չորս կողմերն օրհնել։ Արարողության ժամանակ հոգևոր դասը խաչով, խաչվառով, մոմերով, քշոցներով և Ավետարանով, երգելով նախ օրհնում է արևելքը և Հայոց Հայրապետությունը` սուրբ Խաչի և Ավետարանի նշանով, օրվա շնորհով եւ հանուն Սուրբ Երրորդության։ Այնուհետեւ օրհնվում է արևմտյան կողմն աշխարհի և պահպանության խնդրանք է երգվում քրիստոնյա թագավորությունների և ազգերի համար։ Դեմքով դեպի հարավ կանգնելով` օրհնում են հարավային կողմը, երկրները, անդաստանները եւ տարվա պտղաբերությունը։ Դեպի հյուսիս դառնալով՝ օրհնում են աշխարհի հյուսիսային կողմն ու այնտեղ գտնվող վանքերը, մենաստանները, քաղաքներն ու գյուղերը։ Անդաստանի ծեսն ունի մեր Եկեղեցու կողմից մշակված իր արարողակարգը, որին մասնակցում են տվյալ եկեղեցում ծառայող բոլոր եկեղեցական հոգևորականներն առանց բացառության, ըստ եկեղեցական աստիճանավորման[8]։

Ժամանակավոր օրհներգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Հայաստանին նվիրված բազում երգերի մեջ առանձնանում են մի քանիսը, որոնք ընկալվում են որպես օրհներգ, օրհներգ։ Բովանդակային և կատարման առումով օրհներգի գաղափարին ամենամոտը «Զարթնիր լաո» երգն է, Հ․ Ալավերդյանի կատարմամբ։ Մայրը քնած մանկանը հայտնում է, որ սուլթան Համիդը զորք ժողովել, եկել արդեն Մշո բերդն է պատել և ուզում է բռնել նաև իրենց՝ մորը և մանկանը։ Եվ կատարողը կրկին կոչ է անում ՝«Զարթնիր լաո»։ «Զարթնիր լաո» երգը ճանաչված է որպես Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի օրհներգ։ Մինչև «Անդաստան» օրհներգի պաշտոնական կատարումը՝ կառավարությունը որոշում է ընդունել որպես Արևմտյան Հայաստանի օրհներգ հնչեցնել Հ․ Ալավերդյանի կատարմամաբ, «Զարթնիր լաո» ստեղծագործությունը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վարչապետ Տ․Փաշաբեզյանի նամակը Ն․Ասլանյանին,14․02․2012
  2. ԱԳՆ հանձնակատարի կողմից մրցույթի ամփոփման Ակտ, 30․03.2012
  3. Ժողովածու Արևմտյան Հայաստանի արխիվային փաստաթղթերի 2011-2017, Երևան 2017,«Շուշի» հրատարակություն, ISBN 978-9939-9084-8-9
  4. Իսրայելի կոմպոզիտորների միության կայք
  5. ISRAELI Music Center I.M.C
  6. Ձոն բանաստեղծությունների ժողովածու,Երևան,1975
  7. Ս․ Դանիելյան,«Հեթանոսական» գրական շարժման պատմությունից»,Երևան,«Լույս»,1988
  8. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան – պատմ. գիտ. դոկտոր, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր տեսուչ, ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆԴԱՍՏԱՆԻ ԾԵՍԸ
  9. ԱՀ Ազգային ժողովի որոշումը, 04.02.2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]