Արևմտապոնտական լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևմտապոնտական լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա[1]
ԼեռնաշղթաՊոնտական լեռներ
Բարձրություն (ԲԾՄ)2600 մետր[1]
Երկարությունմոտ 400 կմ[1]
Մեծագույն գագաթԴալիթափա[1]

Արևմտապոնտական լեռներ, լեռնահամակարգ Փոքր Ասիա թերակղզու հյուսիսում, Պոնտական լեռների մի հատվածը։ Ձգվում է Սև ծովի հարավային ափով, Սակարիա և Հալիս գետերի միջև։ Երկարությունը մոտ 400 կմ է, ամենաբարձր գագաթն է Դալիթափա լեռը (2600 մ)։ Կազմված է պալեոզոյի մետամորֆային կրաքարերից և թերթաքարերից, որոնք ծածկված են կավճի և պալեոգենի նստվածքային ապարներով[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոգհովիտներում տարածված են նեոգենի գիպսատար կավերը և անթրոպոգենի լճա-գետային նստվածքները։ Կան քարածխի հանքեր (Զոնգուլդակի հանքավայր)։ Արևմտապոնտական լեռների երկայնակի խզումնային գոգհովիտներով տրոհված է երկշարք (տեղ–տեղ եռաշարք) շղթաների։ Դեպի Սև ծովն ուղղված լանջերը միաթեք սարավանդներ և ճյուղավորված ցածրադիր լեռնաշղթաներ են, որոնք վերջանում են խզումնային կառուցվածքի ծովափնյա դարավանդներով։ Կլիման անցողիկ է՝ սևծովայինից միջերկրածովային։ Տարեկան տեղումները՝ 1000-2000 մմ։ Հյուսիսահայաց լանջերի ստորին գոտին (300-500 մ բարձրությամբ) ծածկված է կաղնու անտառներով և մակվիսով, մինչև 1200 մետր՝ միջերկրածովային սաղարթավոր ծառատեսակներով, 1200-1900 մետր՝ եղևնու և եղևենու անտառներով, մերձգագաթնային շրջանները՝ մարգագետիններով։ Հարավային լանջերը չորային են, ֆրիգանային և լեռնատափաստանային բուսածածկույթով։ Գոգավորություններում և հարթավայրերում զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ, մշակում են եգիպտացորեն, բրինձ, ծխախոտ և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 428 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 39