Արևային էներգիան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևային էներգիան մեծապես հասանելի է Հայաստանում, ինչը կապված է իր աշխարհագրական դիրքից, ինչպես նաև նրանից, որ այն զարգացող պետություն է։

Արևային կամ արեգակնային էներգիան արևից եկող էներգիան է, որը վերածվում է ջերմային կամ էլեկտրական էներգիայի։ Այն ամենամաքուր և առատ վերականգնվող էներգիայի աղբյուրն է և արևային էներգիայի շատ հարուստ պաշար աշխարհում ունի ԱՄՆ-ն։ Արևային տեխնոլոգիաները կարող են օգտագործել այս էներգիայի տեսակը տարբեր նպատակներով, ներառյալ էլեկտրաէներգիայի արտադրության, լուսավորության և ներքին հարմարավետ միջավայրի ապահովման, ինչպես նաև կենցաղում, առևտրի, արդյունաբերության մեջ օգտագործվող ջրի տաքացման համար[1]։

Էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրությունը ամբողջ աշխարհում զարգացման նոր փուլ է անցել, և Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման քաղաքականությունից ելնելով՝ անհրաժեշտ է ավանդական էներգիայի հետ հավասար ստեղծել անհրաժեշտ տնտեսական լծակներ վերականգնվող էներգիայի արդյունավետության զարգացման համար։ Կայուն զարգացման հայեցակարգի շրջանակներում վերականգնվող էներգիայի զարգացմանը տրվող առաջնայնությունն ու գերակայությունները տրվում են ելնելով շրջակա միջավայրի համար վերականգնվող էներգիայի անվնաս և հնարավորինս անվտանգ լինելու հանգամանքից[2]։

Հայաստանի Հանրապետությունը չունի բավարար տեղական հանածո էներգետիկ վառելիքի բնական պաշարներ և ներկայումս իր էներգիայի արտադրման կարիքների միայն 35%-ը կարող է լրացնել ներքին ռեսուրսներով։ Այդ իսկ պատճառով, Հայաստանը էներգիայի արտադրման պրոցեսում կարող է օգտագործել վերականգնվող էներգետիկայի զարգացման այնպիսի գերակա ուղղություններ, ինչպիսիք են մեծ ու փոքր հիդրոէլեկտրակայանները, կենսազանգվածը, մեծաքանակ արևայինէներգիան, ինչպես նաև բարձր և միջին քամու արագություն ունեցող լեռնանցները[2]:

Արևային էներգիա

Երկարաժամկետ հատվածում վերականգնվող էներգիայի արտադրությունը դրական ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա, քանի որ այն կրճատում է հանածո վառելիքի վրա հիմնված էներգաարտադրությունը, որն էլ իր հերթին ստեղծում է նախապայմաններ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման համար։ Միաժամանակ վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ՝ հողային և ջրային ռեսուրսների ապառման, ջերմային աղտոտման, աղմուկի և թափոնների կրճատման համար։ Անշուշտ, անժխտելի է նաև այն փաստը, որ վերականգնվող էներգետիկայի տեխնոլոգիաների կառուցման և շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասկան ազդեցություններ տեղի չեն ունենում[2]։

Փոքր հէկ-երի նախագծերի հիմնական ազդեցությունը կապված է գետերի սանիտարահիգիենիկ վիճակի հետ, քանի որ ՓՀԿԷ-երի աղբորսիչ ճաղավանդակների մոտ դրված են հարմարանքներ, որտեղով աղբորսիչի վրա կուտակված աղբը կարող է սահել և հեշտությամբ կրկին հայտնվել ջրում, ինչի հետևանքով տեղի է ունենում բացասական ազդեցություն գետերի ջրային էկոհամակարգերի և հատկապես ձկնային աշխարհի վրա։ Մյուս կողմից ՓՀԿԷ-ի պատվարն արգելք է հանդիսանում գետում տարածված ձկնատեսակների հոսանքին ի վեր բարձրացնելու համար[2]։

Հողմակայանների ազդեցության գործոններից են ձայնային ալիքները և աղմուկը, ՀՈԷԿ-երի համար հողատարածքների առանձնացումը, ազդեցությունը տեսարանի վրա, բախումները թռչունների հետ և էլեկտրամագնիսական ալիքների ինտերֆերենցը։ Հողմակները աղմուկ ու վիբրացիա են ստեղծում հողում, ու ոչ միայն իրենց տեղակայման շրջանում, այլ նաև մի քանի կիլոմետր շառավղով[2]։

Կենսագազի ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ հաճախ բուսատեսակների աճեցման նպատակով հատվում են հսկայական անտառներ։ Կենսագազի ստացման ժամանակ առաջանում են արտանետումներ, մասնավորապես, մարդու առողջության համար վնասակար մանրէն և կարող է վնաս հասցնել էկոհամակարգերին՝ առաջացնելով մթնոլորտային օդի վնասակար նյութեր[2]։

Ելնելով վերոհիշյալ բացասական ազդեցություններից՝ առավել նպատակահարմար է ստանալ ավելի անվնաս և անվտանգ արևային էներգիա։ Այս տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունն ունի զգալի առավելություն, քանի որ այն գտնվում է հասարակածային գոտուն մոտ, հանրապետության շրջանների զգալի տարածքներ ունեն բնակլիմայական բարենպաստ պայմաններ, որոնք հնարավորություն են տալիս լայնորեն օգտագործել արեգակնային էներգիան[2]։

Արևային վահանակները Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տանիքին

ՀՀ տարածքում արևային ճառագայթների հոսքի ուսումնասիրությամբ զբաղվել և զբաղվում են Հայհիդրոմետի մի շարք օդերևութաբանական կայաններ։ Այս ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս որոշակի տվյալների հիման վրա գնահատել Հայաստանի տարածքի ճառագայթման ռեժիմը։ Ըստ 2007թ. USAID-ի ծրագրի՝ ՀՀ պայմաններում արեգակնային ֆոտոէլեկտրական կայանի ներդրումային կապիտալ ծախսերը է կվտ-ի համար կազմում է 2520 ԱՄՆ դոլար։ Արեգակնային էներգիայի օգտագործման տնտեսապես և տեխնիկապես հասանելի հզորություն՝ մինչև 100 ՄՎտ, հնարավոր է ապահովել մինչև 2020թ.՝ իրագործելով 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր։ Արեգակնային ֆոտոէլեկտրական կայանի 100 ՄՎտ հզորության դեպքում տարեկան էլեկտրաէներգիայի քանակը կկազմի 270 մլն կվտ ժ.՝ նվազեցնելով ածխաթթու գազի տարեկան արտանետումը 42960 տոննայով։ Ընդունելով արեգակնային ֆոտոէլեկտրական կայանքների հետգնման հաշվարկային ժամկետը 13,5 տարի (0,07 ԱՄՆ դոլարի համարժեք դրամի սակագնի դեպքում), նկատի ունենալով տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում արժեքի նվազումը 25%՝ արեգակնային էներգիայի օգտագործման աճը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ. մինչև 2010թ.՝ 10 ՄՎտ, 2015թ.՝ 25 ՄՎտ, 2020թ.՝ 65 ՄՎտ[2]։

Հայաստանի Հանրապետությունն իր աշխարհագրական պայմանների շնորհիվ ունի արեգակնային էներգիայի զգալի ներուժ՝ արևափայլի տարեկան մոտ 2500 ժամ տևողություն և 1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտ ժ., իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է 1850 կվտ. ժ/մ2 տարի ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով[2]։

Հայաստանում արևային էներգիայի յուրացումը ընթանում է 2 ուղղությամբ՝

2017թ. օգոստոսին մեկնարկվեց «Էներգաարդյունավետության» վարկային ծրագիր, որի շրջանակներում ընդգրկված են հանրապետության չգազաֆիկացված համայնքները կազմում են մեր երկրի 5%-ը։ Նման համայնքների համար Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը իր շրջանառու միջողների հաշվին ստեղծել է փաթեթ, որի շրջանակներում առաջարկվում է ֆիզիկական անձանց համագործակցել վարկային կազմակերպությունների հետ և ունենալ 7-8% տարեկան տոկոսադրույքով և 8 տարի մարման ժամկետով արևային վահանակներ և ջրատաքացուցիչներ տեղադրելու հնարավորություն[2]։

2018թ. փետրվար ամսվա դրությամբ «Էներգաարդնունավետության» վարկային խրագրի շրջանակներում, որտեղ տեղադրվել են ֆոտովոլտային էլեկտրական համակարգեր։

Արագածոտնի մարզում տեղադրվել են 4 ֆոտովոլտային էլեկտրական համակարգեր, որոնց արդյունքում էներգախնայողությունը կազմել է 18384 կվտ ժ., դրամախնայողությունը՝ 826912,32 ՀՀԴ, իսկ ածխաթթու գազի արտանետումները կրճատվել են 8,162496 տոննայով։ Համանման կերպով Գեղարքունիքի մարզում տեղադրվել են 4 ֆոտովոլտային էլեկտրական համակարգեր։ Արդյունքում՝ էներգախնայողությունը կազմել է 15344 կվտ ժ., դրամախնայողությունը՝ 690173,12 ՀՀԴ, իսկ ածխաթթու գազի արտանետումները՝ կրճատվել 6,812736 տոննայով։ Սյունիքի մարզում տեղադրված 1 ֆոտովոլտային էլեկտրական կայանի արդյունքում էներգախնայողության և դրամախնայողության ցուցանիշները կազմել են համապատասխանաբար՝ 5088 կվտ ժ. և 228858,24 ՀՀԴ, իսկ ածխաթթու գազի արտանետումները կրճատվել են 2,259072 տոննայով։ Հաջորդ մարզը, որտեղ տեղադրվել են ֆոտովոլտային էլեկտրական համակարգեր, ինչի արդյունքում էներգախնայողությունը կազմել է 8336 կվտ ժ., դրամախնայողությունը՝ 374953,28 ՀՀԴ, իսկ ածխաթթու գազը կրճատվել է 3,701184 տոննայով[2]։

«Էներգաարդյունավետության» վարկային ծրագրի շրջանակներում ֆոտովոլտային էլեկտրական համակարգերի տեղադրման հետ զուգահեռ տեղադրվել են նաև արևային ջրատաքացման համակարգեր ՀՀ տարբեր մարզերում։ Արագածոտնի մարզում տեղադրվել են 59 արևային ջրատաքացման համակարգեր, ինչի արդյունքում էներգախնայողությունը կազմել է 157800 կվտ/ժ., դրամախնայողությունը՝ 7097844 ՀՀԴ, իսկ ածխաթթու գազի արտանետումները կրճատվել են 70,0632 տոննայով։ Արարատի մարզում տեղադրված 33 արևային ջրատաքացուցիչների տեղադրման արդյունքում էներգախնայողության և դրամախնայողության ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 85800 կվտ ժ. և 3859284 ՀՀԴ, ինչի արդյունքում ածխաթթու գազի արտանետումները կրճատվել են 38,1 տոննայով։ Արմավիրի մարզում նույնպես տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, որոնք 2 են, սակայն դրանց թվաքանակի սակավ լինելու հետ մեկտեղ մարզում նույնպես նկատվում են դրական տեղաշարժեր, մասնավորապես Արմավիրի մարզում էներգախնայողության ցուցանիշը կազմում է 4200 կվտ/ժ., դրամախնայողության ցուցանիշը՝ 188616 ՀՀԴ, իսկ ածխաթթու գազի արտանետումները կրճատվել են 1,9 տոննայով։ Հաջորդ մարզը, որտեղ տեղադրվել են արևային ձրատաքացման համակարգեր, Գեղարքունիքն է։ Այստեղ տեղադրվել են այդպիսի 50 ջրատաքացման համակարգեր, ինչի արդյունքում էներգախնայողության ցուցանիշը կազմել է 155800 կվտ/ժ., դրամախնայողության ցուցանիշը՝ 7007884 ՀՀԴ, իսկ ածխաթթու գազի արտանետումները՝ կրճատվել 69,2 տոննայով։ Լոռու մարզում տեղադրված 2 ջրատաքացման համակարգերի հետևանքով էներգախնայողությունը կազմել է 5300 կվտ/ժ., դրամախնայողությունը՝ 238394 ՀՀԴ, ինչի արդյունքում ածխաթթու գազի արտանետման ծավալները կրճատվել են 2,4 տոննայով։ 34 ջրատաքացուցիչներ, որոնք տեղադրվել են Շիրակի մարզում, հանգեցրել են այն բանին, որ նման համակարգերի կիրառման արդյունքում մարզում էներգախնայողության ցուցանիշը կազմել է 88700 կվտ/ժ., դրամախնայողության ցուցանիշը կազմել է 3989726 ՀՀԴ, ադյունքում՝ ածխաթթու գազը կրճատվել է 39,4 տոննայով։ Սյունիքի մարզում տեղադրվել են 39 արևային ջրատաքացման համակարգեր, ինչի արդյունքում էներգախնայողության ցուցանիշը կազմել է 116200 կվտ/ժ., դրամախնայողության ցուցանիշը՝ 5226676 ՀՀԴ, իսկ ածխաթու գազի արտանետման ծավալները կրճատվել են 51,6 տոննայով։ Շուրջ 129 արևային ջրատաքացման համակարգեր տեղադրվել են Վայոց Ձորի մարզում, որտեղ դրական փոփոխությունները ակնհայտ կերպով են արտահայտված։ Այստեղ էներգախնայողության ցուցանիշը կազմել է 331200 կվտ/ժ., դրամախնայողության ցուցանիշը՝ 14897376 ՀՀԴ, ինչի արդյունքում ածխաթթու գազի արտանետումները կրճատվել են 147,0528 տոննայով[2]:

Արևային վահանակներ (պանելներ) Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կտուրի վրա

«Էներգաարդյունավետ» վարկային ծրագրի դրական միտումները կանխորոշելու նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ «ՀՀ չգազաֆիկացված համայնքները ջերմային էներգիայով ապահովելու» ծրագրի շրջանակներում ամբողջովին անվճար ռեսուրսների տրամադրման արդյունքում Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում շուրջ 80 տան տանիքներում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, և 29 տան տանիքներում՝ արևային ֆոտովոլտային համակարգեր։ Միաժամանակ բնակիչներին տրամադրվել են նաև էներգախնայող լեդ լամպեր։ Ընդհանուր ներդրման ծավալը կազմել է շուրջ շուրջ 40 մլն դրամ։ Ծրագրի շրջանակներում վարչապետի հովանավորչության ներքո ՀՀ-ում, կարելի է ասել, կազմավորվեց առաջին «արևային» և «էներգախնայող» գյուղը՝ Լեռնամերձը[2]։

Հայաստանում արագորեն զարգանում է արևային ջերմային էներգետիկան։ Ըստ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տվյալների՝ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է  տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով)։ Մասնավոր հատվածի կողմից ներմուծվում են ինչպես արևային ջրատաքացուցիչ համակարգերի առանձին մասեր, դրանց հետագա հավաքակցման նպատակով, այնպես էլ ամբողջական համակարգեր։ Ներկայումս ՀՀ-ում արևային ջրատաքացուցիչների տեղակայանքների կիրառումը բերում է ոչ միայն էներգախնայողության, այլ նաև դառել է տնտեսապես շահավետ[3]։

Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում 2017թ. օգոստոսին մեկնարկել է «Էներգաարդյունավետ» վարկային ծրագիրը, որի շրջանակներում 2019թ. մայիսի 31-ին դրությամբ տեղադրվել են թվով 2685 արևային ջրատաքացուցիչ և 101 արևային ֆոտովոլտային համակարգեր[3]։

Արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևային էներգիայի զարգացման խթանման նպատակով «Արևային ֆոտովոլտային (ՖՎ) կայանի կառուցման ներդրումային ծրագրի» առաջին փուլով նախատեսված է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մասրիկ տեղանքում կառուցել Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայան՝ 55 ՄՎտ պիկային հզորությամբ։ Այնուհետև հաջորդելու են ևս 5 կայանների կառուցումը՝ ընդհանուր մոտ 60 ՄՎտ հզորությամբ։ 2018 թ. մարտի 21-ին ավարտվել է ՀՀ-ում Մասրիկ-1 55 ՄՎտ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի համար հայտարարված միջազգային մրցույթը։ Մրցույթի պայմանների համաձայն նվազագույն սակագին է ներկայացրել նիդեռլանդական «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչըս» և իսպանական «ԷֆԷսԷլ Սոլար» ընկերություններից կազմված կոնսորցիումը։ Այն կազմում է 4.19 դոլար ցենտ 1 կՎտxժ-ի համար (մոտ 20.11 ՀՀ դրամ) առանց ԱԱՀ-ի։ 2018թ. հուլիսի 18-ին՝ ստորագրվեց «Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին» ՀՀ կառավարության աջակցության համաձայնագիրը։ 2018 թվականի հոկտեմբերի 25-ին «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ն (կառուցապատող) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (ՀԾԿՀ) ստացել է էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության լիցենզիա, իսկ ներդրումների ծավալը գնահատվել է մոտ 58 մլն ԱՄՆ դոլար[3]։

Մինչև 5 ՄՎտ հզորությամբ արևային ՖՎ կայաններում էլեկտաէներգիայի արտադրության համար 27 կազմակերպություններ (գումարային մոտ 63 ՄՎտ հզորությամբ) արդեն լիցենզավորվել են, որից 10-ը (գումարային շուրջ 8.01 ՄՎտ հզորությամբ) արդեն գործարկվել են:ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության առաջարկությամբ ՀԾԿՀ-ն իր որոշումներով ամրագրել է ոլորտի կարգավորմանն ուղղված նոր դրույթներ, մասնավորապես սահմանվել են տարեկան գումարային հզորությունների հետևյալ առավելագույն չափաքանակները և սակագնային նոր քաղաքականությունը.

  1. Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար, արևային էլեկտրակայանների մասով՝ գումարային մինչև 50 ՄՎտ դրվածքային հզորություն։ Իսկ 2019 թվականի ընթացքում ևս 50 ՄՎտ դրվածքային հզորություն, միևնույն ժամանակ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ընդհանուր տրամադրված լիցենզիաներով չլրացված հզորությունները 2019 թվականի ընթացքում լրացնելու հնարավորությամբ։
  2. Մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար, վերականգնվող էներգետիկ այլ ռեսուրսներ օգտագործող էլեկտրակայանների մասով լիցենզիաները տրամադրել առանց գումարային հզորության սահմանափակման[3]։

Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 159-Ն որոշման 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը արևային էլեկտրակայանների համար, որոնք ունեն մինչև 5 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորություն սահմանվել է 24,233 ՀՀ դրամ սակագին, իսկ 5 ՄՎտ-ը գերազանցող արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաներ տրամադրվում են պետություն-մասնավոր գործընկերություն գործարքների շրջանակում։ Այդ սակագինը սահմանվում և վերանայվում է ըստ հանձնաժողովի կողմից 2015 թվականի ապրիլի 22-ի թիվ 88-Ն որոշմամբ ընդունված հստակ մեթոդիկայի։ Վերոնշյալ մեթոդիկայի համաձայն յուրաքանչյուր տարեվերջին ինդեքսավորվում է արևային ՖՎ էլեկտրակայանների համար սահմանված սակագինը՝ կախված դոլարի համեմատ ՀՀ դրամի տատանումներից, որոշակի ժամանակահատվածի համար և կախված Հայաստանում սպառողական գների փոփոխությունից[3]։

Վերականգնվող էներգետիկան ՀՀ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ապահովման գործում զգալի նշանակություն ունի սեփական էներգահամակարգի անկախության աստիճանի բարձրացումը։ Հայաստանի պայմաններում դա ենթադրում է ներկրվող վառելիքից կախվածության նվազեցում, որն իր հերթին դրականորեն կանդրադառնա Հայաստանի Հայաստանի վճարային հաշվեկշռի, միջազգային ասպարեզում նրա մրցունակության ցուցանիշների, բարձրացման և անվտանգության վրա։

Կարևորվում է վերականգնվող էներգիայի ներուժի բացահայտման և այն տնտեսության մեջ արդյունավետ կիրառելու հիմնախնդիրը։ Չունենալով սեփական էներգակիրներ և լինելով քաղաքական շրջափակման մեջ՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի արդյունավետ զարգացման համար մեծ նշանակություն է ձեռք բերում վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը։ Մասնավորապես վերականգնվող էներգետիկայի շրջանակներում զգալի ներուժ են պարունակում ջրաէներգետիկան, կենսագազը, արեգակնային և հողմային էներգիան։ Չնայած ծախսատարությանը՝ Հայաստանում գիտահետազոտական աշխատանքներ են տարվում նաև ջրածնային էներգիայի զարգացման և կիրառման ուղղությամբ։

Վերականգնվող էներգետիկայի զարգացման դրդապատճառները ծագեցին դեռևս նախորդ դարի 70-ական թվականներին՝ համաշխարհային էներգետիկ ճգնաժամի խորացման և դրանից բխող բացասական տնտեսական հետևանքների հաղթահարման համատեքստում։ Արդյունքում՝ սկսած 1975թ. զարգացած երկրնորում մշակվեցին և ներդրվեցին մի շարք ծրագրեր, որոնք վերաբերեւմ էին ինչպես վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրմանը, այնպես էլ էներգախնայողությանը։ Միավորված Ազգերի կազմակերպության՝ 1992թ. Ռիո Դը Ժանեյրոյում կայացած Շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանսի և 2002թ. Յոհանեսբուրգում կայացած կայուն զարգացման համաշխարհային գագաթաժողովի արդյունքնորի համաձայն՝ մշակվեցին մի շարք բնապահպանական կոնվենցիաներ, որոնք հիմնականում ուղղված էին մթնոլորտի աղտոտվածության պատճառով երկիր մոլորակի կլիմայի փոփոխության հիմնախնդրի լուծմանը[4]։ Կարևորվում էին այլընտրանքային վերականգնվող էներգիայի զարգացման խթանումը և դրա ներդրումը տնտեսության մեջ[5]։

Արտադրական ուժերի զարգացման որոշակի աստիճանում բնական պայմանները կարող են դառնալ ռեսուրսներ և օգտագործվել որպես այլընտրանքային աղբյուրներ մարդկանց կենսագործունեությունն ապահովելու համար:Ինչպես հայտնի է, էներգիայի այլընտրանքային աղբյուրները դրանք վերարտադրվող 7 շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրներն են, որոնք լինում են վերականգնվող և չվերականգնվող։ Այլընտրանքային էներգիայի աղբյուրների նկատմամբ ուշադրությունը պայմանավորված է նրանով, որ ամբողջ աշխարհում նավթն ու գազը սպառվում են, բացի այդ միջուկային և ջերմային էներգետիկան բացասական ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի վրա։ Միայն բնակչության կողմից տարեկան օգտագործվում է երկրում արտադրված ողջ էներգիայի 50%։ Հայաստանի նման երկրի համար, որը բնութագրվում է աղքատ էներգետիկ ռեսուրսներով, նշված ցուցանիշը կարող է բավականին լուրջ տնտեսական լարվածության աղբյուր հանդիսանալ։ ՀՀ-ում 2015թ. դրությամբ էլեկտրական էներգիայի արտադրության առավել խոշոր աղբյուր է բնական գազը(42,3%), այնուհետեւ` հիդրոէներգիան (28,9%), ապա` միջուկային էներգիան (28,8%)[5]։

Աշխարհում և Հայաստանում բնական գազն առաջնային աղբյուր է ջերմաէներգիայի արտադրության ոլորտում։ Համաշխարհային մակարդակով ջերմաէներգիայի արտադրության ոլորտում գլխավոր վերականգնվող էներգաաղբյուրներն են կենսազանգվածը և թափոնները։ Էներգիայի վերականգնվող աղբյուրները, չնայած աճի զգալի տեմպերին, առայժմ շատ փոքր տոկոսային մասնակցություն ունեն էներգիայի արտադրության գործում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ի տարբերություն չվերականգնվողների, վերականգնվող էներգիան կձգտի ինքնարժեքի նվազեցման, որքան իր օգտագործման մասշտաբները մեծանան։ Ընդհանուր առմամբ, ինչքան շատ օգտագործվի վերականգվող էներգիան, այնքան էժան կլինի այն և միշտ ավելի մասշտաբային՝ հաջորդող սերունդների համար։ Հիմնվելով Միջազգային էներգետիկ գործակալության տվյալների վրա՝ կարելի է փաստել, որ աշխարհում արտադրված ջերմությունը վերականգնված աղբյուրներից կազմում է 6%, որտեղ չափաբաժնի մեծ մասն ընկնում է կենսավառելիքի վրա[6], իսկ էլեկտրաեներգիայի արտադրությունը վերականգնված աղբյուրներից (բացառությամբ ՀԷԿ-երի) կազմում է 5%։ Նշված տվյալները կարելի է ներկայացնել գրաֆիկական վերլուծությամբ։

Վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաներին են վերաբերվում նաև արևային ջերմային կոլեկտորները, որոնք օգտագործում են Արեգակի էներգիան` ջուրը կամ մեկ այլ հեղուկ անմիջապես փոխարկեպում են էլեկտրականի PV-պանելների միջոցով։ Այսպես, 2013 թվականի դրությամբ աշխարհի ամենահզոր PV էլեկտրակայան նախագիծը ԱՄՆ Արիզոնա նահանգում կառուցվող AquaCallente արեւային ֆոտովոլտայիկ էլեկտրակայանն է(հզորությունը` 397 ՄՎտ), որը համարժեք է Հայսատանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանի մեկ էներգաբլոկի հզորությանը[7]։ Յուրաքանչյուր 20 րոպեի ընթացքում երկրին հասնող արեւային էներգիայի քանակը հավասար է էներգիայի սպառող հիմնական երկրների մեկ տարվա ընթացքում օգտագործած հանածո վառելանյութից ստացված էներգիային։ Այսօր արեգակնային էներգիայի դերը համաշխահային էներգետիկ համակարգում կազմում է 0,1%։ Աշխարհի ամենահզոր արևային էլեկտրակայանը գտնվում է Հնդկաստանում։ Արևային էներգիան լավ կիռարություն ունի Իսրայելում, որտեղ բազմահարկ շենքերի մոտ 95% ջուր տաքացնելու համար կիրառում են հատուկ արևային տաքացուցիչներ, ինչը հանգեցնում է մոտ 4% էներգախնայողության՝ ամբողջ երկրի մասշտաբով[7]։ Հայաստանում այս ոլորտը դեռ զարգացման փուլում է։ Մշակված են ծրագրեր արևային էներգետիկայի զարգացման համար։ Իրականացված չափումները բացահայտել են, որ Հայաստանում կա 6...7 հազ. ՄՎ ներուժ։ Նախատեսվում է Հայաստանի վեց տարբեր կետերում կառուցել մետեոկայաններ, որոնց սնուցման աղբյուրը լինելու են ֆոտովոլտայիկ էլեմենտները(ՖՎ)[5]։

Հաջորդ տեխնոլոգիան հողմային տուրբիններն են, որոնք օգտագործում են քամու ուժն էլեկտրաէներգիայի ստացման համար և տեղակայվում են ցամաքում և ծովում։ Գոյություն ունեն բազաթիվ տեսակի և չափերի հողմատուրբիններ։ Կան նույնիսկ փոքր չափերի հողմատուրբիններ` նախատեսված մեկ անհատական տնտեսության համար։ Վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաներին են վերաբերվում նաև հիդրոէլեկտրակայանները։ Աշխարհում ամենահզոր հիդրոէլեկտրակայանը Չինաստանի «Երեք կիրճեր»-ն է, որն ունի 22,5 ԳՎտ հզորություն, որը 6,5 անգամ ավելի շատ է, քան Հայաստանի բոլոր էլեկտրակայանների (ատոմային,հիդրավլիկ,բնական գազի գործող և այլն) գումարային հզորությունը։ Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության 30%-ից ավելին ապահովում են վերակագնվող աղբյուրներից[8]։ Վերակագնվող էներգիայի ոլորտում այսօր Հայաստանում օգտագործում են հիմնականում հիդրոռեսուրսները։ ՀՀ տարածքում կան 162 փոքր ՀԷԿ, ինչպես նաև երկու խոշոր հիդրոէլեկտրակայանների համալիրները՝ Սևան-Հրազդան ու Որոտան ՀԷԿ-ի համալիրները։ Հարկ է նշել, որ բնապահպանական տեսանկյաունից ՀԷԿ-ը բացասական ազդեցություն ունեն էկոհամակարգի վրա։ Օրինակ` կարող են խանգարել ձկների տեղաշարժին, որը կենսատեսակի վերարտադրության հիմնական գրավականն է։ Պետք է նշել, որ գոյություն ունեն նախագծային լուծումներ, որոնք նվազագույնի կհասցնեն անգամ փոքր ՀԷԿ-ի կողմից բնությանը հասցնող վնասները։ Քաղաքաշինության համար ավելի գրավիչ է երկրաջերմային էներգիայի օգտագործումը ջերմապոմպային էներգակայանքներում` ինչպես բնակելի տների, այնպես էլ հասարակական շենքերի համար։ Կախված տվյալ վայրի աշխարհագրականվայրից, հողի ջերմաստիճանը մակերևույթից մոտ մեկ մետր խորությունների վրա մնում է համեմատաբար հաստատուն` 7-ից 21° տիրույթում։ Ի տարբերություն օդի ջերմաստիճանի զգալիորեն փոփոխմանը բնահողի ջերմաստիճանի հաստատուն բնույթը կարող է օգտագործվել կրճատելու համար կացարանների կամ ջերմոցների ջեռուցման և հովացման ծախսերը։ Գոյություն ունեն ստորգետնյա ջերմության կորզման տարբեր եղանականեր` փակ հորիզոնական և փակ ուղղաձիգ համակարգեր։ Ամբողջ աշխարհում մոտ 80 տոկոս դեպքում երկրաջերմային էներգիան ստանում են ստորգետնյա ջրերից։ Տեսականորեն, Երկրի երկրաջերմային պաշարները բավական են մարդկանց կարիքների բավարարման համար, սակայն մեր օրերում դրանց քիչ մասն է օգտագործվում։ Դա պայմանավորված է կիրառվող տեխնոլոգիաների և իրականացվող աշխատանքների բարձրարժեքից:Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էներգիայի երկրաջերմային աղբյուրները երկրի մակարդակով Իսլանդիայում կազմում են 30%, Ֆիլիպիններում` 27%, ԱՄՆ-ում` 1%։ Այսօր երկրաջերմային պաշարներն օգտագործված են գյուղատնտեսության, արդյունաբերության բնակոմունալ տնտեսություններում[5]։

Ֆիլիպիններն աշխարհում երկրաջերմային էներգիա արտադրող առաջատար երկրներից է, որը գործուն կերպով օգտագործում է երկրաբանական խորքերում գտնվող վերականգնվող էներգիան` բարելավելու համար երկրի տնտեսությունը և մարդկանց ապրուստը։ Երկրի շրջակա հրաբխային ապարները ճարտարագետներն օգտագործում են վերգետնյա էներգիայի արդյունահանման նպատակով[9]:Մասնագետները պնդում են, որ վերականգնվող ու էկոլոգիապես մաքուր հոսանք ստանալու այս ձևը գրեթե երկու անգամ ավելի ցածր ինքնարժեք ունի։ Ըստ նրանց` էներգիայի նման աղբյուրի արդյունահանումը բավականին յուրահատուկ է, բայց տնտեսապես ու շրջակա միջավայրի պահպանության առումով չափազանց արդյունավետ։ Հայաստանը ևս գտնվում է ակտիվ հրաբխային գոտում ու ժամանակին Համաշխարհային բանկի կողմից Սյունիքում և Գեղարքունիքում տարվել են հետազոտական աշխատանքներ և հայտնաբերվել երկրաջերմային էներգիայի աղբյուրներ։ Վերականգնվող էներգիայի տեսակներից է կենսագազը,որի արտադրության համար պիտանի են կենդանական, բուսական, քաղաքային և նույնիսկ կենսաբանական թափոնները[5]։

Հայաստանում կենսագազը հավաքվում է միայն Նուբարաշենի պինդ կենցաղային թափոնների աղբավայրում, սակայն առայժմ չի օգտագործվում որպես էներգիայի աղբյուր, ինչպես ի սկզբանե որոշված էր։ Գոմաղբից ստացվող կենսագազի և կենտրոնացած գազամատակարարման տարբերությունները եթե համեմատենք, ապա առաջինի պարագայում ստացվում է անվճար գազ, այսինքն՝ մարդը վճարում է միայն նախնական սարքավորումը ձեռքբ երելու համար։ Հայաստանի գյուղերում կուտակվող գոմաղբի քանակն ամբողջությամբ բավարար է գյուղի ինքնագազամատակարարման խնդիրը լուծելու համար։ Ընդ որում, ստացվող կենսագազում մեթանի քանակը ավելի շատ է լինում,քան երկրի ընդերքից արդյունահանվող գազը։ Արտասահմանում գոմաղբը դարձել է կոմերցիոն ապրանք. կենսագազի ստացումից հետո մնացած մշակված գոմաղբը շատ ավելի օգտակար պարարտանյութ է դառնում, որի կիլոգրամը տնտեսվարողները վաճառում են 4...5 դոլարով։ Սա պատճառ է,որ կարելի է պնդել ՀՀ-ում այս նշված ուղղությունը պետք է զարգանա և ստեղծվեն բարենպաստ տնտեսական պայմաններ դրանք իրագործելու համար[10]։

Հայտնի է, որ տնտեսական աճի տեմպերը սերտորեն կապված են էներգիայի սպառման աճի տեմպերի հետ,սակայն կանխատեսումները ցույց են տալիս,որ էներգասպառումը շարունակում է աճել ի տարբերություն տնտեսության աճին։ Ռեսուրսների սպառման և շրջակա միջավայրի բացասական օգտագործման մտահոգությունների պատճառով վերակագնվող էներգիայի օգտագործումը ներկայացնում է մի տարբերակ, որը հաճախ գերադասելի է չվերակագնվող էներգիայի օգտագործումից։ Վերլուծությունների հիման վրա առանձնացնենք մի շարք առավելություններ, որոնք կնպաստեն վերակագնվող էներգիայի զարգացմանը ՀՀ-ում և թույլ կտան.

  • կրճատել կախվածությունը քաղաքականապես և տնտեսապես անկայուն համաշխարհային շուկաներից, ինչպիսիք են բնական գազի և ածխի շուկաները,
  • խնայողությունները և տնօրինվող կապիտալ պաշարները հնարավոր կլինի ներդնել ավելի արդյունավետ ոլորտներում,
  • պահպանել շրջակա բնական միջավայրը վնասակար ազդեցությունից ի տարբերություն չվերակագնվող հանածո ռեսուրսների արդյունահանումից և փոխակերպումից,
  • նպաստել նոր արդյունավետ ոլորտների ներդրումային քաղաքականության զարգացման վրա, որը կհանգեցնի ՀՀ տնտեսության աճին,
  • գիտական և արդյունաբերական ներուժի համագործակցման նոր ոլորտի ստեղծմանը, որը հիմնված կլինի առկա բնական պայմանների և այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացման վրա։

Հարկ է նշել, որ ամեն լուծում ունի թե՛ դրական, և թե՛ բացասական կողմեր ՀՀ համար և յուրաքանչյուր ուղղությունն ընտրելիս պետք է գնահատել որոշման հետ կապված օգուտները և ծախսերի մեծությունները և կայացնել հաշվարկներով հիմնավորված որոշումներ, քանի որ ինչպես ցույց են տալիս միջազգային փորձը և օրինակները, ոչ բոլոր ուղղություններն են ընդունելի մեր հանրապետության համար[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Solar Power https://www.seia.org/initiatives/about-solar-energy
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրությունը Հայաստանի Հանրապետությունում, Խուկեյան Զ.Գ., Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան (Հայաստան,Երևան)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Արևային էներգետիկա».
  4. Rio Declaration on Environment and Development UNEP, April 15, 2002
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, Զ.Զ. Մանվելյան, ISSN 1829-4200 ՃՇՀԱՀ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2016. Հ.IV (63)
  6. Միջազգայինէներգետիկգործակալություն,2014 թ.
  7. 7,0 7,1 Կանաչճարտարապետություն. Էներգաարդյունավետությունեւվերականգնվողէներգիա/ Ա.Ամիրխանյան, ՍեկոյանՏ., ՀամբարձումյանՌ., ՀամբարյանԱ.-Երեւան։ ՄԱԶԾ,2015. –410 էջ
  8. http://energy.gov/services/smartgrid-information(չաշխատող հղում)
  9. ՂազարյանԷ. Այլընտրանքային էներգիայի աղբյուրներ. -Երեւան, ՀՊՃՀ, 2014
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.