Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1994 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված պատարագի ժամանակ ասել է.

Օրհնություն մեր օրերի ազատագրական պայքարի ճանապարհին զոհված հայորդիներին, որոնք նախընտրեցին ազատ մեռնել, քան ստրուկ ապրել։ Նրանք անմահացան «իմացյալ մահով»։ Մեր սրտագին աղոթքն է, որ բարին Աստված քաղցրությամբ ընդունի նրանց արդար հոգիները հավերժական կյանքի բարձունքներում և զորավիգ մնա մեր ազգի բոլոր քաջարի զավակներին, որպեսզի նրանք հավատարիմ իրենց զոհված եղբայրների ուխտին, շարունակեն ազատության սրբազան պայքարը՝ իրականացում հայրենանվեր իդեալների։

Դեռևս 1988 թվականի փետրվարյան իրադարձությունների հորձանուտում ծնված ինքնապաշտպանության գաղափարը զարգացող իրադարձությունների ճնշմամբ աստիճանաբար դարձել է առարկայական անհրաժեշտություն։

Ղարաբաղյան շարժման սկզբնափուլում Հայաստանում և Արցախում ընկերային, թաղային սկզբունքով տարերայնորեն կազմավորվեցին առաջին կամավորական և աշխարհազորային ինքնապաշտպանական ջոկատները, որոնցում ընդգրկվում էին 14 տարեկանից մինչև հիսունն անց տղամարդիկ, առանձին դեպքերում՝ նաև կանայք։ Արցախի կամավորականների համար բեկումնային հանդիսացավ այն, որ նրանց շարքերը համալրվեցին Սասունի, Մուշի, Կարինի, Մուսա լեռան, Վանի հերոսական պաշտպանության մասնակիցների այսօրվա ժառանգները, ովքեր իրենց մարտական ոգին միախառնեցին արցախյանին՝ հեղաշրջելով ազատամարտիկի ոգին, նորովի իմաստավորեցին նրանց պայքարը։ ժամանակի և իրականության պարտադրանքով զինվորական համազգեստ հագած հազարավոր հայորդիներ առնականացան Ղարաբաղյան շարժման ալիքի վրա, հասունացան՝ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերում։ Եվ կռվեցին «Գիտակցված մահն անմահություն է» երդումը շուրթերին։

Հաղթանակը նվաճվեց ազատամարտիկների կամքի, համառության, գոյատևելու, ապրելու աննահանջ ցանկության, տանջանքների ու ընդվզումների գնով։ Բոլոր ապրողներիս սրբազան պարտքն է յուրաքանչյուր զոհվածի ընդունել իբրև հերոսի։

Պատերազմում զոհվեցին շուրջ 6500 ազատամարտիկ։ Նրանցից 6-ն արժանացան Հայաստանի Ազգային հերոսի, 4-ը՝ «Արցախի հերոսի» կոչումների, ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրվել են 34, 2-րդ աստիճանով՝ 39, ԼՂՀ 1-ին աստիճանով՝ 73,2-րդ աստիճանով՝ 326, ՀՀ «Արիության», ԼՂՀ «Արիության համար», «Շուշիի ազատագրման համար» և այլ մեդալներով շուրջ 4500 ազատամարտիկ։ ՀՀ և ԼՂՀ գրեթե բոլոր բնակավայրերում տեղադրված են նրանց հիշատակը հավերժացնող հուշարձաններ, խաչքարեր, տապանաքարեր, կառուցվել հուշահամալիրներ։ Նրանց անուններով կոչվել են դպրոցներ, դասարաններ, փողոցներ, նկարահանվել ֆիլմեր, գրվել գրքեր, ստեղծվել երգեր։ Ստորև տրվող ցուցակում ներկայացված են Արցախում և ՀՀ տարբեր շրջաններում զոհվածները՝ 1988-1994 թվականի մայիսը ընկած ժամանակահատվածում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։